5/10/15. Պայթյուններ ԲՀԿ շտաբներում, նոր IPAP, Խաչատուրովը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար - Mediamax.am

exclusive
4768 դիտում

5/10/15. Պայթյուններ ԲՀԿ շտաբներում, նոր IPAP, Խաչատուրովը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


Յուրի Խաչատուրովը
Յուրի Խաչատուրովը
ԲՀԿ գրասենյակներից մեկը՝ պայթյունից հետո
ԲՀԿ գրասենյակներից մեկը՝ պայթյունից հետո

Լուսանկարը` Ֆոտոլուր

Դենիել Ֆրիդը
Դենիել Ֆրիդը

Լուսանկարը` REUTERS

Զոհրաբ Մնացականյանը
Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-17

 

Պայթյունները ԲՀԿ գրասենյակներում

 

Ապրիլի 12-ին ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանին զեկուցել են գիշերը Ավանում եւ Զեյթունում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակներում տեղի ունեցած պայթյունների մասին:

 

Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ «նախագահը հանձնարարել է իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հնարավորինս սեղմ ժամկետներում հանցագործությունը բացահայտելու, նաեւ առաջիկայում նման դրսեւորումները կանխելու համար»:

 

«Երկրում ստեղծված են բոլոր պայմանները` քաղաքակիրթ քաղաքական պայքար ծավալելու համար: Խստիվ դատապարտելով այս հանցագործությունը, գնահատում ենք այն որպես իրավիճակը ապակայունացնելու, ընտրությունների նախաշեմին անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու փորձ», - հայտարարել էր նախագահի մամուլի քարտուղարը:

ԲՀԿ գրասենյակներից մեկը՝ պայթյունից հետո ԲՀԿ գրասենյակներից մեկը՝ պայթյունից հետո

Լուսանկարը` Ֆոտոլուր

ԲՀԿ-ի հայտարարությունում, մասնավորապես, ասված էր.

 

«Այդ ոճրագործությունն ուղղված է ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի», այլ ամբողջ երկրի դեմ: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին սա մի փորձ է ապակայունացնել իրավիճակը, տեղափոխել քաղաքական պայքարը այլ հարթություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել էր, որ չի ընդունում ծայրահեղական մոտեցումները քաղաքական դաշտում: Մենք այսօր էլ բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում ծավալել բացառապես քաղաքակիրթ պայքար, այնպես, ինչպես հարիր է ժողովրդավարական երկրի քաղաքական ուժերին»:

 

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ասել էր, որ պայթյունները «միանշանակ վկայում են. կան մարդիկ, ում ձեռնտու չէ նորմալ ընտրությունների անցկացումը»:

«Որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ լինեն՝ նրանք թշնամիներ են», - նշել էր վարչապետը:

 

«Պատերազմը կքանդի այն ամենն, ինչին ձգտում է հասնել Ադրբեջանը»

 

Ապրիլի 11-ին Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը հայտարարել էր, որ «պատերազմը կքանդի այն ամենն, ինչին ձգտում է հասնել Ադրբեջանը»։

Դենիել Ֆրիդը Դենիել Ֆրիդը

Լուսանկարը` REUTERS

«Ադրբեջանը հասել է որոշ առաջընթացի ժողովրդավարության ոլորտում, սակայն դեռ պետք է անի շատ ավելին: Ուժեղ երկիրը ունենում է ուժեղ ազատ մամուլ, ուժեղ ընդդիմություն եւ ուժեղ կենտրոնական ինստիտուտներ, ու Ադրբեջանը, ինչպես եւ Հայաստանը, ունեն բոլոր հնարավորությունները շատ բաների հասնել 21-րդ դարում, չնայած դրանց տնտեսությունների էական տարբերություններին»,- նշել էր Դենիել Ֆրիդը:

 

Սահակյանի խոստովանությունը

 

Ապրիլի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Բակո Սահակյանը հայտարարել էր, որ «մեծ է նախագահի պաշտոնում իմ թեկնածության առաջադրման հավանականությունը»։

 

«Դա շատ կարեւոր որոշում է ցանկացած մարդու համար, ով գիտակցում է, որ նախագահի պաշտոնն ավելի շուտ հսկայական պատասխանատվություն է, քան քաղաքական առավելություն», - ասել էր Բակո Սահակյանը «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-17

 

Իրան-Հայաստան նավթամթերատարի տեխնիկական կանոնակարգը

 

Ապրիլի 12-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը:

 

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ այս որոշումն առնչվում է Իրան-Հայաստան կառուցվելիք նավթամթերատարին, եւ «մենք պարտավոր ենք ի սկզբանե հաստատել տեխնիկական կանոնները»:

 

Նավթամթերատարը այդպես էլ չկառուցվեց։

 

Կոնսենսուս

 

Ապրիլի 16-ին Հայաստանի փոխարտգործնախարար, ԵՄ-ի հետ հայկական կողմի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը ասել էր, որ Եվրամիության հետ մերձեցման հարցում Հայաստանի հասարակությունում կոնսենսուս գոյություն ունի:

 

«Այս ամենն արվում է մեզ համար: Սա որդեգրած քաղաքականություն է, որի նպատակն է կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխանող պետություն», - շեշտել էր դիվանագետը:

Զոհրաբ Մնացականյանը Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Խրիստեան, իր հերթին, նշել էր, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացման համար անհրաժեշտ է ոչ միայն իշխանությունների քաղաքական կամքը, այլեւ հասարակության օժանդակությունը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-17

 

ՆԱՏՕ-ի հետ գործընկերության նոր ծրագիր

 

Ապրիլի 12-ին Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն հաստատել էին 2017-2019 թթ. Անհատական գործընկերության գործողությունների 5-րդ ծրագիրը (ԱԳԳԾ)։

 

ԱԳՆ-ում նշել էին, որ սկսած 2006-ից՝ ԱԳԳԾ-ն նպատակաուղղված է աջակցելու Հայաստանին պաշտպանության եւ անվտանգության ոլորտների բարեփոխումների անցկացմանը, Հայաստանի խաղաղապահ ուժերի փոխգործակցելիության կարողությունների եւ հնարավորությունների զարգացմանը։

 

Յուրի Խաչատուրովը՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար

 

Ապրիլի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար էր ընտրվել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը։

Յուրի Խաչատուրովը Յուրի Խաչատուրովը

 

Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Խաչատուրովի ընտրությունը կայացել էր Բիշքեկում ՀԱՊԿ-ի անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին