5/10/15. Սարգսյանը՝ վարչապետ, Կարապետյանի «Նոր Հայաստանը», «դանդաղ գործողության ռումբ» - Mediamax.am

exclusive
4563 դիտում

5/10/15. Սարգսյանը՝ վարչապետ, Կարապետյանի «Նոր Հայաստանը», «դանդաղ գործողության ռումբ»


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀԿ

Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը
Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 2004 թվականին
Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 2004 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Տիգրան Սարգսյանը եւ Շտեֆան Ֆյուլեն
Տիգրան Սարգսյանը եւ Շտեֆան Ֆյուլեն

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-10

 

Սերժ Սարգսյանը՝ վարչապետ

 

Ապրիլի 4-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն հրամանագիր էր ստորագրել 53-ամյա Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետ նշանակելու մասին։

 

Ապրիլի 5-ին Ռոբերտ Քոչարյանը կառավարության անդամներին ներկայացրել էր վարչապետին եւ ասել.

 

«Հավանաբար, Սերժ Սարգսյանին ներկայացնելու կարիք չկա։ Հիշեցնեմ միայն, որ նա կառավարության անդամ է 1993 թվականից, եւ այս ընթացքում կես տարի աշխատել էր նախագահի աշխատակազմում։ Շուրջ 8,5 տարի նա եղել էր պաշտպանության նախարար՝ ղեկավարելով հայկական բանակը, որով մենք բոլորս հպարտ ենք։ Դժվար է գնահատել Սերժ Սարգսյանի ներդրումը բանակի կայացման գործում։

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 2004 թվականին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 2004 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նրան անձամբ ճանաչում եմ վաղուց. Սերժ Սարգսյանը աշխատասեր, պարկեշտ եւ հետեւողական մարդ է։ Վստահ եմ, որ այս վճռորոշ ժամանակաշրջանում նա կկարողանա ղեկավարել կառավարությունը, առավել եւս, որ նման փորձ ունեցող այլ մարդիկ փաստացի չունենք»։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-10

 

Համագործակցության ձեւեր՝ առանց Մաքսային միությանը անդամակցելու

 

Ապրիլի 4-ին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ Հայաստանը համագործակցության ձեւեր է փնտրում՝ առանց Մաքսային միությանն անդամակցելու:

 

«Համաշխարհային պրակտիկայում չկա օրինակ, երբ երկիրը, սահման չունենալով, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլիներ: Մաքսային միության իմաստն այն է, որպեսզի ապրանքների փոխանակումն իրականացվի առանց մաքսային ստուգման: Մեր պարագայում դա հնարավոր չէ, քանի որ մենք պետք է անցնենք հարեւան պետության տարածքով եւ հավելյալ խնդիրներ կունենանք՝ կապված մաքսային տուրքերի եւ հարկերի բարձրացման հետ: Տնտեսական առումով դա աննպատակահարմար է: Մեր ռուսաստանցի գործընկերներն ըմբռնումով են մոտենում այս  հարցին: Մենք համագործակցության ձեւեր ենք փնտրում առանց անդամակցելու Մաքսային միությանը: Ըստ երեւույթին, արժե մտածել ինչ-որ նոր պլատֆորմի կամ էլ Հայաստանի համար հատուկ կարգավիճակի մասին»,- ասել էր Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը եւ Շտեֆան Ֆյուլեն Տիգրան Սարգսյանը եւ Շտեֆան Ֆյուլեն

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նա նաեւ նշել էր, որ Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը նպատակ ունի թուլացնել Ռուսաստանի դիրքերը:

 

«Հայաստանը փորք երկիր է: Այն չի կարող խաղալ դիվանագիտության հետ: Մեր բոլոր համագործակցության ծրագրերի մասին՝ լինի դա ԵՄ-ի, ՆԱՏՕ-Ի, ԱՄՆ, Իրանի, Չինաստանի հետ, մեր ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը, տեղյակ է եւ ըմբռնումով է մոտենում: Եթե այս հարցին նայենք Երեւանի տեսանկյունից, ապա ակնհայտ կդառնա, որ, հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական իրավիճակը եւ հարեւանների հետ խնդիրները, մենք գործընկերային հարաբերությունների զարգացման այլընտրանք չունենք: Բայց մենք ոչինչ չենք թաքցնում մեր գործընկերներից եւ դրանում է մեր ուժը»,- ասել էր Տիգրան Սարգսյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-10

 

«Ընդդիմությունը կօգտվի գործիքակազմի ողջ համալիրից»

 

Ապրիլի 4-ին Հայաստանի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարություն էր տարածել ապրիլի 2-ին կայացած Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված էր.

 

«Երեկ կարեւորագույն օր էր մեր պետության կյանքում։ Մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկախացումից ի վեր։ Այսօր մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմանադրական բարեփոխումների իրականացման, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին։

 

Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա:  Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որևէ ազդեցիկ քաղաքական ուժ,  որը դուրս մնացած լիներ ընտրապայքարից: Դա եւս մեկ վկայություն էր այն բանի, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունը ընթանում է  ճիշտ ճանապարհով:    

 

Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է»։

 

«Դանդաղ գործողության ռումբ»

 

Ապրիլի 4-ին ԵԼՔ դաշինքն հայտարարություն էր ընդունել ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված էր.

 

«Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում եւ ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե»։

Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայտարարության մեջ նաեւ նշված էր.

 

«Ընտրակաշառքների բաժանման եւ վերցման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ եւ այդ երեւույթի նկատմամբ ձեւավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է»։

 

Վարչապետը խոստանում է «Նոր Հայաստան» ստեղծել

 

Ապրիլի 4-ին վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Կարեն Կարապետյանը Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀԿ

«Առջեւում մեզ սպասվում է հետեւողական եւ քրտնաջան աշխատանք: Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից: Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք Նոր Հայաստան, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում»,- հայտարարել էր վարչապետը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին