5/10/15. Բաղըշի հնարքները, Միլսի ակնարկը, Տոնոյանի նոր պաշտոնը - Mediamax.am

exclusive
3706 դիտում

5/10/15. Բաղըշի հնարքները, Միլսի ակնարկը, Տոնոյանի նոր պաշտոնը


Էգեմեն Բաղըշը
Էգեմեն Բաղըշը

Լուսանկարը` REUTERS

Դավիթ Տոնոյանը եւ Կարեն Կարապետյանը
Դավիթ Տոնոյանը եւ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռիչարդ Միլսը
Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում
Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-6

 

Պաշտպանական բարեփոխումներ

 

Փետրվարի 5-ին Երեւանում մեկնարկել էր միջազգային սեմինար՝ նվիրված պաշտպանական բարեփոխումներին։ Կազմակերպիչներն էին Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւ Ջորջ Մարշալի անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնը։

 

Մարշալի կենտրոնի ներկայացուցիչ, պաշտոնաթող գեներալ-մայոր Հորսթ Շմալֆելդը նշել էր Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումների կարեւորությունը՝ Պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի Գլխավոր շտաբի գործառույթների սահմանազատման, ինչպես նաեւ ռազմական ոլորտի կառավարման քաղաքացիական անձնակազմի մասնակցության առումով։

 

Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը տեղեկացրել էր, որ 2007 թվականի ընթացքում կընդունվի Հայաստանի պաշտպանական դոկտրինը, իսկ Զինված ուժերի Ռազմավարական վերանայումը նախատեսվում է իրականացնել 2008-2010թթ։ Հայաստանի զինված ուժերի գործնական բարեփոխումները կավարտվեն մինչեւ 2015 թվականը, նշել էր նա։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-6

 

«Եթե հիմնավորվի»

 

Փետրվարի 6-ին Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել էր, որ եթե «1915թ. հայերի տեղահանումը Անատոլիայից պատմականորեն եւ գիտականորեն հիմնավորվի որպես «ցեղասպանություն», Թուրքիան ներողություն կխնդրի դրա համար:

Էգեմեն Բաղըշը Էգեմեն Բաղըշը

Լուսանկարը` REUTERS

Էգեմեն Բաղըշը նշել էր, որ ամեն ժողովուրդ ունի պատմության մութ էջեր: Նրա խոսքով, պարզելու համար` արդյո՞ք այդ դեպքերը եղել են ցեղասպանություն, թե ոչ, խնդիրը պետք է օբյեկտիվորեն ուսումնասիրել:

    

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-6

 

«Կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան»

 

Փետրվարի 1-ն Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելը «սնուցում է կոռուպցիան»։

 

«ԼՂ խնդրի կարգավորված չլինելու պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների եւ մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն», - ասել էր դեսպանը, ելույթ ունենալով Հայ-ամերիկյան առեւտրի պալատի անդամների առջեւ։

Ռիչարդ Միլսը Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` Ֆոտոլուր

ԱՄՆ դեսպանը նկատել էր, որ «քառօրյա պատերազմի օրերին եւ հաջորդիվ հանրային բանավեճերում ուրվագծվել է այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում»:

 

«Կառավարությունը պետք է ամրապնդի ու լիազորություններ տա հանրային հաստատություններին բոլոր մակարդակներում եւ հստակ ուղերձ հղի վերեւից, որ կոռուպցիան այսուհետ չի հանդուրժվելու եւ որ ոչ ոք օրենքից վեր չէ»,- ասել էր Միլսը։

 

 «Մենք երբեք չենք գնում զիջումների ճնշման տակ»

 

Փետրվարի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «քաղաքական գործիչը պետք է քաղաքացիական արիություն ունենա»:

 

«Եթե դա չկա՝ անիմաստ է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վախկոտ մարդիկ քաղաքականությունում թիթեռի կամ ձնծաղիկի կյանք են ունենում: Անվախ մարդ աշխարհում չկա: Անվախ են միայն ապուշները, սակայն երբ տագնապը դառնում է վախ, դա է վատը: Երբ այդ տագնապի ազդեցության տակ փոխում ես որոշումներդ, դառնում ես վախկոտ մարդ: Չի կարելի, երբեք չի կարելի ճնշման կամ վախի ազդեցության տակ փոխել որոշումներ», - ասել էր Հայաստանի նախագահը՝ ելույթ ունենալով ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում։

Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Միացյալ Նահանգների նախագահներից մեկն ասել է՝ երբեք մի վախեցեք զիջումներից կամ բանակցություններից, բայց երբեք մի գնացեք զիջումների կամ բանակցությունների ճնշման տակ: Քենեդին Միացյալ Նահանգների լավագույն նախագահներից մեկն էր, իմ կարծիքով, եւ կարծում եմ, որ նրա ասածները շատ համահունչ են այսօրվա մեր իրականությանը: Լեռնային Ղարաբաղի խնդրով մենք երբեք որեւէ ճնշման տակ որեւէ զիջում չենք անում: Մենք պատրաստ ենք փոխզիջումներ անելու, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի, բայց որեւէ ճնշում՝ լինի դա արտաքին թե ներքին, չի կարող ազդել»,-ընդգծել էր Սերժ Սարգսյանը:

 

Դավիթ Տոնոյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար

 

Փետրվարի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր էր ստորագրել Դավիթ Տոնոյանին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Դավիթ Տոնոյանը եւ Կարեն Կարապետյանը Դավիթ Տոնոյանը եւ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանը նշանակվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին