5/10/15. Սեմնեբիի «պայծառատեսությունը», Շիրակի կոչը, նոր նշանակումները - Mediamax.am

exclusive
4902 դիտում

5/10/15. Սեմնեբիի «պայծառատեսությունը», Շիրակի կոչը, նոր նշանակումները


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Ժակ Շիրակը եւ Ռոբերտ Քոչարյանը՝ Ֆրանսիայի հրապարակի բացմանը
Ժակ Շիրակը եւ Ռոբերտ Քոչարյանը՝ Ֆրանսիայի հրապարակի բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հանս-Յոխան Շմիդտը
Հանս-Յոխան Շմիդտը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Օլլի Ռենը եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գլխավոր բանակցող Ալի Բաբաջանը 2006 թվականին
Օլլի Ռենը եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գլխավոր բանակցող Ալի Բաբաջանը 2006 թվականին

Լուսանկարը` REUTERS

Պիտեր Սեմնեբին եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Պիտեր Սեմնեբին եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3

 

«Բաց թողեցին չափազանց կարեւոր հնարավորություն»

 

Սեպտեմբերի 27-ին Հարավային Կովկասում Եվրոպական Միության Հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր, որ «այս տարի Հայաստանը եւ Ադրբեջանը բաց թողեցին չափազանց կարեւոր հնարավորություն» ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար:

 

«Եթե խոսելու լինեմ Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ Ներկայացուցչի պաշտոնում իմ առաջին կես տարվա ամենամեծ հիասթափության մասին, ապա կհիշատակեմ ԼՂ հակամարտության լուծմանը հասնելու Հայաստանի եւ Ադրբեջանի անկարողությունը: Կարծում եմ, որ բաց թողնվեց շատ կարեւոր հնարավորություն», - ասել էր Պիտեր Սեմնեբին։

 

«Չեմ ցանկանում մեղադրել կողմերից ոչ մեկին, սակայն Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է մտածեն այն վտանգների եւ կորուստների մասին, որոնք պարունակում է չլուծված հակամարտությունը: Հայաստանի դեպքում հսկայական կորուստներն ակնհայտ են: Հայաստանի հարաբերական մեկուսացումը ԼՂ հակամարտության ուղիղ հետեւանքն է», - ասել էր Սեմնեբին։

Պիտեր Սեմնեբին եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Պիտեր Սեմնեբին եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ներգրավումը խոշոր տարածաշրջանային նախագծերում չէր մեծացնի փոխզիջումների գնալու Երեւանի պատրաստակամությունը, Պիտեր Սեմնեբին ասել էր.

 

«Ես չեմ խոսում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իդեալական իրավիճակը, այլ արձանագրում եմ փաստը: Սա իրականություն է, որի հետ Հայաստանը ստիպված է հաշվի նստել, եւ սա այն գինն է, որը Հայաստանը պետք է հաշվի առնի` նժարի վրա դնելով ներկա իրավիճակի պահպանման բոլոր առավելությունները եւ թերությունները: Իհարկե, իր գինը կունենա նաեւ կարգավորումը, որը ենթադրում է ցավագին փոխզիջումներ, եւ այն հարկ կլինի համեմատել մեկուսացման շարունակման ռիսկերի հետ: Ես մեծ հույսեր ունեմ, որ ի վերջո Հայաստանի ղեկավարները եւ ժողովուրդը կգան այն եզրակացության, որ ավելի շահեկան կլինի լուծել հակամարտությունը, չնայած այն գնին, որը հարկ կլինի վճարել դրա համար»։

ԵՄ Հատուկ Ներկայացուցիչը ասել էր, որ կոշտ հռետորության աճ է նկատում Ադրբեջանի ներքին բանավեճերում, «իսկ դա կարող է հանգեցնել նրան, որ ցանկացած միջադեպ կողմերի շփման գծի վրա կարող է վերածվել ավելի լուրջ առճակատման»։

 

Օլլի Ռենը կոչը

 

Սեպտեմբերի 26-ին Եվրամիության ընդայնման հարցերով Հանձնակատար Օլլի Ռենը կոչ էր արել Թուքիային հստակ քայլեր ձեռնարկել`Հայաստանի հետ հաշտեցման համար:

Օլլի Ռենը եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գլխավոր բանակցող Ալի Բաբաջանը 2006 թվականին Օլլի Ռենը եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գլխավոր բանակցող Ալի Բաբաջանը 2006 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Թուրքիայում անհրաժեշտ է ունենալ մտքերի բաց ու կառուցողական փոխանակություն` ներառելով ամենազգայուն հարցերը: Դա անհրաժեշտ է ինչպես Թուրքիայում ժողովրդավարական գործընթացների շարունակման համար, այնպես էլ իր հարեւանների, այդ թվում` Հայաստանի հետ հաշտեցման համար: Հաշտեցումը մի սկզբունք է, որը միաժամանակ հանդիսանում է եվրոպական ինտեգրացիայի նախագծի սկիզբը եւ արդյունքը: Այդ պատճառով ես կոչ եմ անում Թուրքիային հստակ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ», - հայտարարել էր Օլլի Ռենը, ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում ՝ Թուրքիայի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ:

 

«Ազնիվ եւ ողջամիտ»

 

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկներն անվանել էր «ազնիվ, հավասարակշռված եւ ողջամիտ»:

 

Այս մասին Ֆրանսիայի նախագահն ասել էր սեպտեմբերի 28-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակված հարցազրույցում:

 

Ժակ Շիրակն ասել էր, որ «մենք բազմիցս շատ մոտ ենք եղել խաղաղության պայմանագրի կնքմանը՝ Փարիզում, Քի Վեսթում, Ռամբույեում»:

 

«Ես ասել էի նախագահներ Քոչարյանին եւ Ալիեւին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ինձ թվում են ազնիվ, հավասարակշռված եւ ողջամիտ: Ցանկանում եմ, որ Երեւանում եւ Բաքվում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ խիզախություն դրսեւորվեր», - ասել էր Ֆրանսիայի նախագահը:

 

Ժակ Շիրակն ընդգծել էր, որ «այսօր Մեծ ութնյակի երկրները եւ միջազգային հանրությունը պատրաստ են հանդես գալ որպես խաղաղության պայմանագրի երաշխավորներ»: «Ի՞նչ կլինի վաղը: Պետք չէ բաց թողնել այս հնարավորությունը», - ասել էր Ֆրանսիայի նախագահը:

 

Ֆրանսիայի հրապարակ

 

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը բացել էին Ֆրանսիայի հրապարակը Երեւանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա եւ Մաշտոց պողոտաների հատման կետում:

Ժակ Շիրակը եւ Ռոբերտ Քոչարյանը՝ Ֆրանսիայի հրապարակի բացմանը Ժակ Շիրակը եւ Ռոբերտ Քոչարյանը՝ Ֆրանսիայի հրապարակի բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ֆրանսիայի ժողովրդի անունից Ժակ Շիրակը երախտագիտություն էր հայտնել Հայաստանի իշխանություններին՝ հրապարակը անվանակոչելու որոշման համար: Նրա խոսքով, այս հրապարակը կդառնա հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների լավագույն խորհրդանիշը: Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ իր պետական այցը Երեւան «Հայաստանի եւ նրա ապագայի նկատմամբ իմ վստահության վկայությունն է»:

 

Խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին՝ Ժակ Շիրակը կոչ էր արել Երեւանին ու Բաքվին կատարել «վերջին քայլերը», որոնք անհրաժեշտ են խաղաղություն հաստատելու համար: «Այսօր ես հավատում եմ խաղաղություն կնքելու հնարավորությանը», - ընդգծել էր Ֆրանսիայի նախագահը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3

 

«Օլիգոպոլիայի հիմքերը»

 

Սեպտեմբերի 27-ին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխան Շմիդտն ասել էր, որ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության օրոք են դրվել այն «օլիգոպոլիայի» հիմքերը, որի քննադատությամբ հաճախ հանդես է գալիս Հայաստանի առաջին նախագահը:

 

Հանս-Յոխան Շմիդտի խոսքերով, Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատում է միայն այն ընտրությունները, որոնք անց են կացվել Հայաստանում իր պաշտոնավարումից հետո:

Հանս-Յոխան Շմիդտը Հանս-Յոխան Շմիդտը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Մի անգամ ես հարցերի նրա օգնականին`իսկ ի՞նչ կասեք ձեր ղեկավարության օրոք անցկացված ընտրությունների, 1995-1996 թվականներին տեղի ունեցած հետապնդումների մասին, եւ հետեւյալ պատասխանը ստացա` «Իսկ որտեղի՞ց Ձեզ այդ տեղեկատվությունը»: Բայց պետք է անկեղծ լինել», - ասել է դեսպանը:

 

 

«Իհարկե, ոչ ոք չի սիրում «օլիգարխ» կամ «օլիգոպոլիա» բառերը, սակայն հենց Տեր- Պետրոսյանի ղեկավարության օրոք են դրվել Հայաստանի տնտեսության «օլիգոպոլ» հիմքերը, եւ դա պետք է ընդունել», - եզրափակել էր Հանս-Յոխան Շմիդտը:

 

Ռոբերտ Քոչարյան. «Չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն»

 

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում չէր բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն:

 

Ռոբերտ Քոչարյանն այդ մասին ասել էր՝ մեկնաբանելով այն փաստը, որ քաղաքականություն իր վերադառնալու հարցը դարձել է Հայաստանի ներքաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը, իսկ 2012 թվականին ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի առաջադրվելու փաստը բուռն քննարկումներ եւ բանավեճերի առարկա է դարձել`Հայաստանի ներքաղաքական գործընթացների ու երկրորդ նախագահի քաղաքական հեռանկարների վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից:

 

«Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եւ դա տեղի է ունենում Հայաստանի Անկախության քսանամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նուն հարթության մեջ պրոյեկցվեն դրսից:

 

Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեեւ շատ մոտ եւ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետեւյալ երեք գործոնները.

 

1. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավվման բացակայությունը, եւ, որպես հետեւանք` փակուղային

տրամադրու¬թյուն¬ների եւ արտագաղթի աճը;

 

2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը;

 

3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը:

 

Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում», - ասել էր Քոչարյանը։

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3

 

Նոր նախարարներ

 

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոր նախարարների նշանակման հրամանագրեր էր ստորագրել:

 

Էկոնոմիկայի նախարար էր նշանակվել էր Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար՝ Լեւոն Ալթունյանը, բնապահպանության նախարար՝ Արծվիկ Մինասյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար՝ Հրաչյա Ռոստոմյանը, մշակույթի նախարար՝ Արմեն Ամիրյանը:

 

«Առանց «ստվերի» դեմ պայքարի «երկիրը երկիր չենք դարձնի»»

 

Սեպտեմբերի 28-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն գործարարների հետ հանդիպմանն ասել էր, որ «եթե ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»:

 

«Մենք խնդիր ենք դրել՝ փոխել սկզբունքային վերաբերմունքը դեպի գործարարը: Մենք ամեն ինչով աշխատելու ենք ցույց տալ, որ ձեր գործընկերն ենք: Մենք պատրաստ ենք կանոնավոր կերպով արձագանքել բոլոր բարձրացված խնդիրներին եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի համատեղ աշխատանքը լինի առավելագույնս թափանցիկ», - ասել էր Կարեն Կարապետյանը:

 

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն»

 

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն կարգավորել ԼՂ հակամարտությունը:

 

«Այսօր աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ: Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջան-Հայաստանը, որտեղ հիմա չեք կարող առաջընթաց տեսնել, որովհետեւ առաջնորդները պատրաստ չեն եւ լարվածություն կա», - ասել էր ԱՄՆ պետքարտուղարը:

 

Վիգեն Սարգսյանի եւ Արմեն Գեւորգյանի նոր պաշտոնները

 

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան հրամանագրերով Վիգեն Սարգսյանն ազատվել էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ նշանակվել պաշտպանության նախարար:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Գեւորգյանն ազատվել էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար:

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիգեն Սարգսյանին արդեն նախկին պաշտոնում կատարած աշխատանքի համար եւ անկեղծորեն ուզում եմ ասել, որ այդ պաշտոնում դրսեւորվել են Վիգեն Սարգսյանի կազմակերպչական ունակությունները»,-ասել էր Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Վիգե՛ն, մեկ անգամ եւս շնորհավորում եմ եւ հաջողություն եմ մաղթում: Ավելորդ է ասել, որ քո աշխատանքի արդյունքներով են նաեւ պայմանավորված լինելու մեր երկրի առաջընթացը եւ, իհարկե, պաշտպանունակության հետագա ամրապնդումը»,-ասել էր նախագահը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Նախագահը համոզմունք էր հայտնել, որ Արմեն Գեւորգյանը ինչպես նախկին պաշտոնում, նոր աշխատանքում եւս կդրսեւորի իր կամային հատկանիշները:

 

«Արմեն Գեւորգյանը կարողանալու է մի աստիճան եւս բարձրացնել այն հնարավորությունները, որն ունի մեր պետությունը»,- ասել էր նախագահը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին