5/10/15. Բրայզայի «պատուհանը», Ֆյուլեի «ավելի լուրջ» դերը, Ալիեւի կշտամբանքը - Mediamax.am

exclusive
4612 դիտում

5/10/15. Բրայզայի «պատուհանը», Ֆյուլեի «ավելի լուրջ» դերը, Ալիեւի կշտամբանքը


Սերժ Սարգսյանը եւ Արթուր Դավթյանը 2016թ. սեպտեմբերի 19-ին
Սերժ Սարգսյանը եւ Արթուր Դավթյանը 2016թ. սեպտեմբերի 19-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Մեթյու Բրայզան եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Մեթյու Բրայզան եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Մարտին Շահբազյան

Շտեֆան Ֆյուլեն
Շտեֆան Ֆյուլեն

Լուսանկարը` Ֆոտոլուր

Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Քլոդ Յունքերը
Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Քլոդ Յունքերը

Լուսանկարը` REUTERS

Կարեն Կարապետյանը 2016թ. սեպտեմբերի 15-ին
Կարեն Կարապետյանը 2016թ. սեպտեմբերի 15-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-19

 

«Հնարավորությունների պատուհանը» բաց է մնում

 

Սեպտեմբերի 15-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Մեդիամաքսին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «ԼՂ հակամարտությունը կարգավորելու «հնարավորությունների պատուհանն» անկասկած բաց է»։

 

Պատասխանելով այն հարցին, թե մտադիր են արդյո՞ք միջնորդները կողմերի հետ քննարկել որեւէ նոր գաղափարներ` համաձայնության ձեռքբերումը հնարավոր դարձնելու համար, Մեթյու Բրայզան ասել էր.

 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են հիմնական սկզբունքները, եւ մենք սպասում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պատասխանին: Նրանք պետք է ինքնուրույն որոշեն` ցանկանում են արդյոք փոփոխել այդ հիմնական սկզբունքները»։

 

«Ակնհայտ է, որ կողմերից ոչ մեկը համաձայն չէ հիմնական սկզբունքների հետ: Հակառակ դեպքում երկու կողմերը, կամ դրանցից մեկը կհայտարարեր, թե լիովին համաձայն է դրանց հետ: Ոչ ոք այդպես չի ասում: Մի կողմն ասում է, որ «մենք խնդիրներ ունենք այդ սկզբունքների հետ», մյուսը` «մենք սկզբունքորեն համաձայն ենք դրանց հետ, սակայն ունենք մի քանի աննշան փոփոխություններ»: Ոչ ոք չի ասում. «մենք համաձայն ենք այս սկզբունքների հետ»,- ասել էր Բրայզան։

Մեթյու Բրայզան եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեթյու Բրայզան եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Մարտին Շահբազյան

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու միջնորդների առաջարկը, Մեթյու Բրայզան նշել էր, որ «հիմնական սկզբունքները պարունակող փաստաթղթում օգտագործված է  հետեւյալ տերմինաբանությունը. «հանրաքվե/ բնակչության քվեարկություն»»։

 

«Ադրբեջանն ասում է, որ ի նկատի ունի ոչ թե հանրաքվե, այլ բնակչության քվեարկություն` վկայակոչելով իր Սահմանադրությունը, որտեղ ասվում է, որ հանրաքվեին պետք է մասնակցեն երկրի բոլոր քաղաքացիները: Իմ կարծիքով, հայկական կողմին չի գոհացնում այդ տարբերակը, որի դեպքում քվեարկությանը կմասնակցի Ադրբեջանի ողջ բնակչությունը: Այսպիսով, մենք պետք է գտնենք խելամիտ ուղի եւ այնպես մշակենք քվեարկության գործընթացը, որպեսզի այն համապատասխանի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերին», - ասել էր ամերիկացի դիվանագետը։

 

Նա կարծիք էր հայտնել, որ Քելբաջարի շրջանը կարող է վերադարձվել Ադրբեջանին կողմերի միջեւ վստահության մթնոլորտի հաստատումից հետո:

 

«Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի իրեն վերադարձնեն բոլոր յոթ շրջանները: Ինձ դժվար է ասել, թե որքան արագ կլուծվի կոնկրետ այս հարցը: Կարծում եմ, որ Քելբաջարի վերադարձման ժամկետը կախված է նրանից, թե որքան արագ կողմերը կսկսեն փոխվստահություն ստեղծել: Վստահության որոշակի մակարդակի վերականգնման դեպքում միանգամայն իրատեսական կլինի խոսել Քելբաջարն Ադրբեջանին վերադարձնելու մասին` այնպիսի տարրերի դիմաց, ինչպիսիք են հանրաքվեն/բնակչության քվեարկությունը, կամ Լաչինի միջանցքին վերաբերող երաշխիքները, որոնք ձգտում է ստանալ Հայաստանը», - ասել էր Մեթյու Բրայզան։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-19

 

ԵՄ-ն ցանկանում է ավելի լուրջ դեր խաղալ

 

Սեպտեմբերի 17-ին ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ «Եվրամիությունը աստիճանաբար ավելացնելու է իր դերը այնպիսի խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը եւ Մերձդնեստրը»:

Շտեֆան Ֆյուլեն Շտեֆան Ֆյուլեն

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Մենք սկսում ենք այս տարածաշրջաններում վստահության վերականգման ծրագիրը եւ ավելի լուրջ դեր ենք ստանձնելու այս խնդիրների լուծման գործում», - ասել էր Ֆյուլեն։

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-19

 

Կարապետյանի առաջին հանձնարարականները

 

Սեպտեմբերի 15-ին կառավարության նիստը վարել էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը։

 

Խոսքն ուղղելով ՊԵԿ ղեկավար Հովիկ Հովսեփյանին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր հարկային ստուգումներ իրականացնելիս մանր եւ փոքր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքում:

Կարեն Կարապետյանը 2016թ. սեպտեմբերի 15-ին Կարեն Կարապետյանը 2016թ. սեպտեմբերի 15-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Մեր գերատեսչություններն առաջին հերթին պետք է կատարեն իրենց նախատեսվող ֆունկցիաները եւ, ելնելով դրանից, ապահովեն ոչ կարգապահ եւ արտոնյալ համարվող խոշոր արտադրողների ու ներմուծողների կողմից հարկադիր կարգապահության անվերապահ կատարումը: Հարկային ստուգումները պետք է կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում: Փոքր եւ մանր ձեռնարկություններին պետք է անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, ապահովել մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառումը եւ գործունեության թափանցիկությունը»,- ասել էր վարչապետը։

 

Արթուր Դավթյանը Հայաստանի նոր գլխավոր դատախազն է

 

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկությամբ Հայաստանի գլխավոր դատախազ էր ընտրել Արթուր Դավթյանին։

Սերժ Սարգսյանը եւ Արթուր Դավթյանը 2016թ. սեպտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանը եւ Արթուր Դավթյանը 2016թ. սեպտեմբերի 19-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սեպտեմբերի 19-ին նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել էր նորանշանակ գլխավոր դատախազին։ Նա ընդգծել էր, որ «Արթուր Դավթյանն ունի համապատասխան գիտելիքներ, փորձ, կամք, որպեսզի մեր երկրի համար այս վճռական փուլում կարողանա դատախազության աշխատակիցների օժանդակությամբ նոր հաջողություններ արձանագրել»։

 

Ալիեւը քննադատում է արտաքին ուժերին

 

Սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հանդես էր եկել միջազգային հանրության քննադատությամբ՝ հայտարարելով, որ «արտասահմանյան որոշ շրջանակների նպատակն է իրենց պայմանները թելադրել, Ադրբեջանը վերածել գործիքի եւ կոտրել ադրբեջանական ժողովրդի կամքը»:

 

«Այսօր Ադրբեջանը այն երկրներից է, որոնք միջազգային մասշտաբով առանձնանում են նրանով, որ առաջ են շարժվում՝ հենվելով ներքին հնարավորությունների վրա: Մենք ոչ մի տեղից օգնություն չենք ստանում եւ ոչ էլ ունենք դրա կարիքը: Մենք ապրում ենք սեփական հաշվին, իսկ իրենց հաշվին ապրող պետությունները աշխարհում այնքան էլ շատ չեն: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի իրավմամբ պետք է հպարտանա, որ ապրում է անկախ պետությունում: Այսօր մեր ապագան մեր ձեռքերում է: Դարեր շարունակ մենք ապրել ենք այլ պետությունների կազմում, եւ համեմատելով այդ շրջանը ներկայի հետ, մենք տեսնում ենք, որ ամենաարագընթաց զարգացման շրջանը անկախության շրջանն է: Ինչո՞ւ: Որովհետեւ մեր ապագան մեր ձեռքերում է», - ասել էր նա:

Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Քլոդ Յունքերը Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Քլոդ Յունքերը

Լուսանկարը` REUTERS

«Արտասահմանյան որոշ շրջանակների նպատակն է օգտագործել Ադրբեջանի նման հզոր երկիրը սեփական շահերի համար: Իսկ դա մեզ համար աղետ կնշանակի: Մենք տեսնում ենք այլ երկրների փորձը: Դրսից կառավարվող երկրները փլուզվում են: Այն երկրները, որոնք չեն դիմակայում դրսի բացասական ազդեցությանը, վերացվում են: Մեզ վրա գործադրվող ճնշումն աճում է, որովհետեւ մենք շարժվում ենք մեր սեփական ուղով, ոչ մեկի առաջ գլուխ չենք խոնարհում, մեզ արժանապատիվ ենք պահում եւ պաշտպանում ենք ազգային շահերը»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին