Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս -ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 8-14
«Բաց չթողնել պահը»
Մարտի 8-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «կոչ է անում Հայաստանի եվ Ադրբեջանի ղեկավարներին բաց չթողնել պահը եւ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»:
Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի միջազգային հարցերով ենթակոմիտեում «Եվրո-ամերիկյան հարաբերություններ. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով լսումներին Ֆրիդն ասել էր.

«Ոմանք Ռուսաստանում ԱՄՆ հարաբերությունները Ռուսաստանի հարեւանների եւ եվրասիական այլ երկրների հետ ընկալում են մի խաղի համատեքստում, որում կարող է հաղթել միայն մեկ կողմը: Մենք հրապարակավ եւ մասնավոր կերպով ասել ենք ռուսներին, որ ընկալման այս մոդելը սխալ է: Մենք ձգտում ենք աշխատել Ռուսաստանի եւ այլ երկրների հետ` Հարավային Օսիայում, Մերձդնեստրում, Աբխազիայում եւ ԼԵռնային Ղարաբաղում առկա վտանգավոր եւ հյուծիչ հակամարտությունների լուծման համար»:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 8-14
Միջնորդների կոշտ հայտարարությունը
Մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները խորը մտահոգություն էին հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկությունների կապակցությամբ` մարտի 5-ին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ եւ հետո:
Միջնորդները հայտարարել էին, որ «այդպիսի անիմաստ գործողությունները, դրանց հաստատման դեպքում, հակասում են ուժի գործադրումից խուսափելու եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու կողմերի պարտավորությանը»:
Համանախագահները ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչին առաջարկել էին անցկացնել անհապաղ հետաքննություն բոլոր կողմերի մասնակցությամբ` մարտի 5-ին Սոչիում Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի համատեղ հայտարարությանը համապատասխան:
«Համապարփակ ինտեգրման» անհրաժեշտությունը
Մարտի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «իրականացվող հետեւողական բարեփոխումները Հայաստանը կանգնեցնում են եվրոպական ընտանիքի հետ համապարփակ ինտեգրման հրամայականի առջեւ»:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Ելույթ ունենալով հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը Ռիգայում, նախագահը հավելել էր, որ «այս առումով, Հայաստանի համար մեծ կարեւորություն է ստանում տնտեսության եւ այլ բնագավառներում իրականացրած բարեփոխումների ամբողջականացման եւ եվրոպական չափորոշիչներին հասնելու գործընթացներում Լատվիայի փորձի դիտարկումը»:
«Տեսանելի ապագայում»
Մարտի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ մարտի 5-ին Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Ադրբեջանի դիրքորոշման մեջ գրանցվել է «որոշակի տեղաշարժ»:
Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել էր.

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
«Ելնելով դրանից, կարծում եմ, որ տեսանելի ապագայում կարող ենք հասնել որոշակի համաձայնությունների կարգավորման սկզբունքների շուրջ: Համաձայնության գալուց հետո կսկսվի բանակցությունների նոր փուլ եւ շատ հարցեր կմանրամասնվեն: Այսպիսով, սկզբունքների շուրջ համաձայնության գալը գործընթացի ոչ թե ավարտն է, իսկ սկիզբը»:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 8-14
«Թուրքիայի ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը»
Մարտի 9-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ «Թուրքիայի ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը»:
Պատասխանելով Коммерсантъ թերթի հարցին, թե ինչպես է ռուս-թուրքական հարաբերությունների լարումն անդրադառնում Ղարաբաղյան հիմնահարցի վրա, ԱԳՆ-ի ղեկավարն ասել էր.
«Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը, ընդ որում, ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության առումով: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ այսօր քրդերը համագործակցում են Ռուսաստանի հետ, ինչպես XX դարի սկզբին նրա հետ համագործակցում էին «հայկական խմբավորումները»: Նման հայտարարությունը շատ լուրջ ազդանշան է միջազգային հանրության համար այն առումով, թե ինչ կարող է պատահել քրդերին: XX դարում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթ փաշան, նույնպես մեղադրում էր Ռուսաստանին՝ հայերին զինելու եւ սադրելու համար: Ակնհայտորեն, 100 տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքական ղեկավարության մեջ շատ բան չէ փոխվել: Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է Ղարաբաղյան հարցին լուծում տալ, ապա պետք է հնարավորինս հեռու մնա կարգավորման գործընթացից»:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: