5/10/15. Շքանշան Լավրովին, ռուսական ռազմակայանի դերի ընդլայնում - Mediamax.am

exclusive
4294 դիտում

5/10/15. Շքանշան Լավրովին, ռուսական ռազմակայանի դերի ընդլայնում


Սերգեյ Լավրովն ու Սերժ Սարգսյանը
Սերգեյ Լավրովն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը Գյումրիում 2010 թվականին
Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը Գյումրիում 2010 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վարդան Օսկանյանը 2005 թվականին
Վարդան Օսկանյանը 2005 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՝ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-23

 

«Ադրբեջանը չի կարող մեզ նավթով գայթակղել»

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը օգոստոսի 22-ին  հայտարարել է, որ «Ադրբեջանը չի կարող մեզ նավթով գայթակղել, առավել եւս՝ վախեցնել»:

Վարդան Օսկանյանը 2005 թվականին Վարդան Օսկանյանը 2005 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Հայաստանը մշտապես կարող է ռազմական հակաքաշ ապահովել Ադրբեջանի ցանկացած բյուջեին: Հայերի առավելությունը ռազմական ծախսերը կամ սպառազինությունը չեն, այլ խնդրի արդարությունը: Հայերը հավատում են ղարաբաղյան հիմնահարցի արդարությանը եւ պատերազմի դեպքում կպայքարեն իրենց հողի եւ տների համար, ինչը չեն արել եւ չեն անելու ադրբեջանցիները»,- ասել էր Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՝ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-23

 

Լավրովը հորդորել է «չչափազանցնել»

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 18-ին ասել էր, որ «ռազմական հռետորաբանությունը առաջին հերթին պայմանավորված է այն երկրի ներքին քաղաքական իրավիճակով, որտեղից հնչում է»:

 

Հայաստանի հանրային հեռուստատեսությանը համար մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորության մասին՝ Սերգեյ Լավրովն ասել էր, որ «ինքը հակված չէ չափազանցնել պարբերաբար հնչող ռազմական հռետորաբանությունը», միաժամանակ նշելով, որ «իհարկե, այդ գործին չի օգնում»:

 

Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին Ս-300 զենիթա-հրթիռային համակարգերը վաճառելու հետեւանքով առաջացած մտահոգությունները, ՌԴ արտգործնախարարն ասել էր. «Եկեք չմոռանանք, որ այդ համակարգերը պաշտպանական զինատեսակներ են՝ նախատեսված օդային հարվածներից պաշտպանվելու համար: Պաշտպանական զենքը կարող է խնդիր հանդիսանալ նրանց համար, ովքեր մտադիր են ուժ կիրառել, սակայն ես վստահ եմ, որ այս տարածաշրջանում ոչ մի պետություն մտադիր չէ ռազմական գործողություններ սկսել»:

Սերգեյ Լավրովն ու Սերժ Սարգսյանը  Սերգեյ Լավրովն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Շքանշան Լավրովին

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 19 հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում մեծ ավանդի համար:

 

Ռուսական ռազմակայանի պատասխանատվության ընդլայնում

 

Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Անատոլի Սերդյուկովը օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրել էին արձանագրություն` ՀՀ-ում ռուսական ռազմական բազայի տեղակայման մասին 1995թ. մարտի 16-ին կնքված պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

Հանդես գալով ստորագրմանը հետեւած մամուլի ասուլիսում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «արձանագրությամբ ոչ միայն երկարացվում է Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը, այլեւ ընդլայնվում է նրա աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության գոտին»:

Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը Գյումրիում 2010 թվականին Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը Գյումրիում 2010 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Եթե նախկինում պատասխանատվության գոտին սահմանափակվում էր նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, ապա այժմ Ռուսաստանը պարտավորություն է ստանձնում համատեղ ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունն ու մեր զինված ուժերին մատակարարել ժամանակակից սպառազինություն»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

 

Իսկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ «Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերում Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորություններին, որոնք ամրագրված են Հավաքական անվտանգության մասին պայմանագրում»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին