5/10/15. Շքանշան՝ Միլերին, «կարեւոր փուլ», Քրքորյանի մահը - Mediamax.am

exclusive
10640 դիտում

5/10/15. Շքանշան՝ Միլերին, «կարեւոր փուլ», Քրքորյանի մահը


Քըրք Քրքորյանը
Քըրք Քրքորյանը

Լուսանկարը` REUTERS

Ռոբերտ Քոչարյանը եւ Ալեքսեյ Միլերը 2005թ. հունիսի 16-ին
Ռոբերտ Քոչարյանը եւ Ալեքսեյ Միլերը 2005թ. հունիսի 16-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը 2010 թվականին
Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը 2010 թվականին

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-21

 

Շքանշան՝ Միլերին

 

Հունիսի 16-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության վարչության ղեկավար Ալեքսեյ Միլերին Երեւանում հանձնել էր «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը՝«հայ-ռուսական տնտեսական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար»:

Ռոբերտ Քոչարյանը եւ Ալեքսեյ Միլերը 2005թ. հունիսի 16-ին Ռոբերտ Քոչարյանը եւ Ալեքսեյ Միլերը 2005թ. հունիսի 16-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պարգեւատրումից ընդամենը կես տարի անց Քոչարյանի եւ Միլերի հարաբերությունները լարվեցին։

 

Ահա թե ինչ է գրում Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք եւ ազատություն» գրքում.

 

«Գազի թեման հիմնականն էր 2005 թվականի դեկտեմբերին Սոչիում կայացած Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Միլերը՝ «Գազպրոմի» ղեկավարը, վկայակոչում էր որեւէ պայմանագրերի բացակայությունը եւ հրաժարվում էր խոստովանել, որ այդպիսի պայմանավորվածություններ գոյություն ունեն: Դա ինձ զայրացրեց եւ գրգռեց, քանի որ գազի գնի մասին խոսակցությունը տեղի էր ունեցել իմ գրասենյակում՝ անմիջապես ինձ հետ, եւ ես շատ լավ էի հիշում այդ հանդիպումը։

 

Բանակցություններն արագորեն վերածվեցին առճակատման։ Կողմերն իրենցն էին պնդում, լարվածությունն աճում էր, ժամանակը գնում… Ես չէի թաքցնում զայրույթս եւ ակնհայտորեն չափից ավելի խիստ դարձա: Այնուհետեւ եկավ ճաշելու ժամը։ Ես ճաշելու տրամադրություն չունեի. ներսումս ամեն ինչ եռում էր վրդովմունքից։ Գազի գնի բարձրացումը կազդեր տնտեսության աճի տեմպի վրա, եւ ինձ համար կարեւոր էր կանխել դա: Երբ բերեցին նախուտեստները, ես դրանց ձեռք չտվեցի. ինչ-որ ապուր մատուցեցին՝ դրան էլ չդիպչեցի, հետո նույնը եղավ հիմնական ուտեստի եւ աղանդերի հետ: Մենք պատվիրակություններով նստած էինք դեմ առ դեմ, եւ ես տեսնում էի, որ մերոնցից ոչ մեկը չէր դիպչել ուտեստներին՝ բոլոր վեց անձինք։ Շփոթված մատուցողները՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում, սեղանի մեր կողմից վերցնում էին ձեռք չտված ուտեստները։ Խոսակցությունը շարունակվեց չափազանց անհարմար եւ լարված իրավիճակում. ճաշի ընթացքում սեղանի մի կողմը՝ հրավիրված կողմը, ոչ մի ճաշատեսակի ձեռք չտվեց»։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-21

 

«Կարեւոր փուլ»

 

Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացել էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։

 

Մեկնաբանելով հանդիպման արդյունքները, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ «նախագահ Մեդվեդեւի ներգրավվածությամբ հանդիպումները հնարավորություն են ընձեռում մերձեցնելու կողմերի դիրքորոշումները»։

Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը 2010 թվականին Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը 2010 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Իսկ այն հարցերում, որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում, կողմերը կարողանում են առավել հստակեցնել մոտեցումները, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները եւ շարժվել առաջ: Հանդիպումը անցավ կառուցողական մթնոլորտում, կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա: Կարծում եմ, որ հանդիպումը օգտակար էր: Այն կարեւոր փուլ էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում»,- ասում էր ԱԳ նախարարը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-21

 

«Քըրք Քրքորյանն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ»

 

Հունիսի 16-ին` 98 տարեկանում, կյանքից հեռացավ ամերիկահայ հայտնի գործարար եւ բարերար, Հայաստանի Ազգային հերոս Քըրք Քրքորյանը։

 

«Որպես ձեռներեց եւ գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ եւ վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ»,- ասված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում։

Քըրք Քրքորյանը Քըրք Քրքորյանը

Լուսանկարը` REUTERS

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես ցավակցական հեռագիր էր հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ։

 

«Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Քըրքի հետ: Նա բարձր մարդկային որակների ու բնատուր իմաստնության տեր էր, լայնախոհ ու հետաքրքիր զրուցակից:

 

Քըրք Քըրքորյանի հիշատակը` որպես իսկական հայրենասերի, հավերժ կմնա համայն հայության սրտում»,- գրել էր նա։

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին