Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-12
Ձգտում է ճանաչման, բայց տարածքային պահանջներ չի ներկայացնում
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 11-ին հայտարարել էր, որ «պաշտոնական Երեւանը երբեք չի բարձրացրել Թուրքիայի դեմ տարածքային պահանջների հարցը»:
«Այսօր մեր օրակարգում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Ինչ իրավական հետեւանքներ դա կունենա, պետք է որոշեն Հայաստանի ապագա առաջնորդները եւ քաղաքական գործիչները»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:
«Չկոմպլեքսավորվել»
Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 11-ին կոչ էր արել ընդդիմության ներկայացուցիչներին «չկոմպլեքսավորվել» այն պատճառով, որ նրանց չի հաջողվել հեղափոխություն իրականացնել՝ Վրաստանի, Ուկրաինայի եւ Ղրղըզստանի օրինակով:
«Նրանց մոտ ոչինչ չէր ստացվել ոչ թե այն պատճառով, որ չէին ձգտում դրան, այլ որովհետեւ մեր երկիրն ավելի լավն է, եւ իշխանություններն աշխատում են ավելի արդյունավետ»,- նկատել էր ՀՀ նախագահը:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Նա ասել էր, որ «Վրաստանի, Ուկրաինայի եւ Ղրղըզստանի իրադարձությունները պետք է լրջորեն վերլուծվեն, քանի որ չնայած արտաքին նմանությանը, նրանք տարբերվում են ինչպես իրենց բովանդակությամբ, այնպես էլ այն մշակութային միջավայրով, որում տեղի էին ունեցել»:
ՀՀ նախագահի խոսքով՝ «բոլոր այդ հեղափոխությունները տեղի էին ունեցել այն ժամանակ, երբ այդ երկրներում ընտրություններ էին», իսկ «իշխանությունների թուլությունն ակնհայտ էր»:
«Վրաստանում, օրինակ, մարդիկ տարիներ շարունակ կենսաթոշակ չէին ստանում, էլեկտրաէներգիան մատակարարվում էր օրական ընդամենը 3 ժամով: Ղրղըզստանում նմանատիպ տնտեսական իրավիճակ էր. 2004թ. այդ երկրի պետական բյուջեն 2003 թվականի բյուջեից քիչ էր: Բոլոր երեք երկրներում տեղի ունեցավ սերնդափոխություն. խորհրդային դարաշրջանի ղեկավարներին փոխարինեցին ավելի երիտասարդ եւ դինամիկ առաջնորդները: Հայաստանում այդպիսի սերնդափոխություն տեղի էր ունեցել երկու անգամ ՝ 1991 եւ 1998 թվականներին»,- նշում էր Քոչարյանը:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-12
Էրդողանի հատուկ դեսպանորդը Երեւանում
Ապրիլի 7-ին Երեւան էր ժամանել Թուրքիայի վարչապետի հատուկ դեսպանորդ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
Նա Հայաստանի նախագահին էր փոխանցել Թուրքիայի վարչապետի գրավոր ուղերձը եւ Թուրքիայի նախագահի ու Արտաքին գործերի նախարարի բանավոր ուղերձները։

Թուրքիայի վարչապետը, մասնավորապես, ՀՀ նախագահին առաջարկել էր հանդիպում անցկացնել Վաշինգտոնում՝ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում:
Էրդողանի հետ հանդիպումը
Ապրիլի 12-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հանդիպումից հետո կողմերը հրաժարվել էին մեկնաբանություններից եւ մամուլի ներկայացուցիչների հետ շփվելուց:
«Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ դիմելով համայնքի ներկայացուցիչներին՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ, որը կայացել էր Էրդողանի հետ բանակցություններից անմիջապես հետո:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Հանդիպումից մեկ ժամ անց Էրդողանը՝ Ջորջ Մեյսոնի համալսարանում Գլոբալ իսլամական հետազոտությունների կենտրոնի բացման ժամանակ հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին տարբեր երկրների խորհրդարանների որոշումները Հայաստանի շահերից չեն բխում»:
«Մենք հերքում ենք ցեղասպանության մեղադրանքները 1915 թվականի իրադարձությունների կապակցությամբ եւ հերքում ենք խորհրդարանների անարդար եւ միակողմանի որոշումները: Մենք գտնում ենք, որ պատմությունը պետք է ուսումնասիրեն եւ գնահատեն պատմաբանները, ոչ թե խորհրդարանները: Մենք հայտարարել ենք մեր արխիվները բացելու պատրաստակամության մասին եւ կոչ ենք արել նույն կերպ վարվել այլ երկրներին», - ասել էր Էրդողանը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-12
«ԲՀԿ-ի կազմաքանդումն ուժեղացրեց քաղաքական մենաշնորհը»
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 8-ին հայտարարել էր, որ «Հայաստանի ներկա խնդիրները ոչ մի կերպ կապված չեն գործող Սահմանադրության հետ, առավել եւս՝ պետական կառավարման ձեւի հետ»:
«Երկիրը անհաջող, կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ՝ վարչապետի աշխատասենյակից: Աշխարհում կան թե նախագահական եւ թե խորհրդարանական համակարգի գործածման ինչպես լավ, այնպես էլ վատ օրինակներ: Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդարանական մոդելը ինքնաբերաբար կբերի ժողովրդավարական եւ մրցակցային կուսակցական միջավայրի առաջացմանը: Շատ ավելի հավանական է, որ այն կհանգեցնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը»,- հավելել էր նա:
Խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ծավալված իրադարձությունների մասին, Ռոբերտ Քոչարյանն ասել էր.
«ԲՀԿ-ի կազմաքանդումն, իհարկե, թեթեւացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը, մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային, կամ էլ ավելի խորացնելով դրանք»:
Քարդաշյան քույրերը՝ Հայաստանում
Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Քարդաշյանների ընտանիքի անդամներին։

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
«Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը կարեւորել է Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է այն փաստը, որ Քարդաշյան ընտանիքը, ինչպես եւ աշխարհասփյուռ հայությունը, չեն մոռանում իրենց արմատները եւ պատմական հայրենիք այցելությամբ ավելի ճանաչելի են դարձնում մեր երկիրը»,- ասված էր կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Պատարագ Վատիկանում
Ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ էր մատուցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով:
Պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Մեկնաբանելով Ֆրանցիսկոս Պապի ելույթը` Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Տեո վան Լինտը կարեւորել էր այն փաստը, որ Հռոմի Պապը Հայոց Ցեղասպանության մասին հիշատակումը «խմբավորել էր» նացիզմի եւ ստալինիզմի հանցագործությունների հետ:

Լուսանկարը` REUTERS
Անկարան քննադատել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից արված հայտարարությունը:
«Հռոմի պապի հայտարարությունը, որը զուրկ է պատմական փաստերից եւ իրավական հիմքերից, պարզապես անընդունելի է»,- ասել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունից հետո Թուրքիան Վատիկանից ետ էր կանչել իր դեսպանին:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: