Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-11
«Հյուսիս-Հարավ»
Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման մասին որոշումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ կառավարության կողմից Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ) ներկայացրած հայտը՝ շինարարության առաջին փուլը ֆինանսավորելու համար, կազմել էր մոտ $ 700 մլն:
Վարչապետը նշում էր, որ նախնական գնահատականներով՝ «Հյուսիս-Հարավ» արագընթաց մայրուղու կառուցման ընդհանուր արժեքը կկազմի մոտ $ 1,5 մլրդ:
10 տարի անց «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը շարունակվում է, եւ դժվար է ասել, թե երբ այն կավարտվի:
«Ստատուս-քվոյի օրինականացում»
Օգոստոսի 7-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ «Մադրիդյան առաջարկները» նախատեսում են «ղարաբաղյան դիմակայության գոտում ձեւավորված ստատուս-քվոյի օրինականացումը»:
Ելույթ ունենալով Ծաղկաձորում անցկացվող «Եվրաֆորում-Հայաստան» սեմինարին, Մեթյու Բրայզան ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի «միջանկյալ կարգավիճակի» շրջանը նախատեսված է մինչեւ հանրաքվեն եւ կարող է տեւել մի քանի տարի: Հանրաքվեին կարող են մասնակցել Լեռնային Ղարաբաղի բնակիչները 1988 թվականի համաչափությամբ, ըստ որի բնակչության 65%-ը հայեր էին, 22%-ը `ադրբեջանցիներ: Բրայզայի խոսքով՝ հանրաքվեն պետք է ունենա իրավական հետեւանքներ:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Ըստ միջնորդների նորացված առաջարկների՝ սկզբնական փուլում Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջաններից 5-ը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, իսկ մի քանի տարի անց՝ մնացած 2-ը: Դրան զուգահեռ, նախատեսվում էր ստեղծել հակամարտության գոտում անվտանգության հատուկ ռեժիմ, որի համաձայն կողմերը կբերեն ծանր տեխնիկան: Միջնորդները նաեւ առաջարկում էին ներգրավել միջազգային խաղաղապահներին, որոնք զինված կլինեն այնքանով, որքանով անհրաժեշտ է սադրանքները կանխելու համար: Ամերիկացի միջնորդի խոսքով՝ խաղաղապահ գործողությանը մասնակցող երկրների ընտրության ժամանակ վերջնական խոսքը պատկանելու է Հայաստանին ու Ադրբեջանին:
Մեթյու Բրայզան ասում էր, որ այդ գաղափարների մարմնավորումը հավասարակշռված է փոխադարձ զիջումների միջոցով եւ կարող է բերել հակամարտության արդար լուծմանը: «Հայեցակարգային առումով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու եզրին են», - նշում էր նա:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-11
Օգոստոսյան մարտերը
Օգոստոսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ վերջին օրերի ընթացքում հայկական Զինված ուժերը կանխել են Ադրբեջանի հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումների ավելի քան 20 դիվերսիոն գործողություններ:
«Հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է ստուգել հայի ոգու ամրությունը, բայց նրանք չեն գիտակցում, որ մեր զինված ուժերը համալրված են հաղթանակած բանակի հրամանատարներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում զինվորներին»,- ասել էր նախարարը:
«Ցավոք, այս ընթացքում ունեցանք մարդկային կորուստներ: Այն զինվորներն ու սպաները, ովքեր խիզախաբար զոհվեցին հանուն հայրենիքի, մեր փառապանծ հաղթանակների պահապաններն են: Մենք նրանց չենք կորցրել, այլ ընդհակառակը, գտել ենք: Մենք գտել ենք մեր հասարակության իրական հերոսներին, ում անունները պետք է հնչեն ամենուր ՝ դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում», ասում էր Սեյրան Օհանյանը:
Լուսանկարը` Ֆոտոլուր
«Չնայած նրան, որ Բաքուն լայն թափով նոր սպառազինություններ է ձեռք բերում, այնուամենայնիվ, յուրաքանչյուր զենքի ղեկին անձ է պետք, որը պետք է պատրաստ լինի կիրառել այն: Հարեւան երկրներում վերապատրաստված տարբեր հատուկ նշանակության խմբերը, որոնք մասնակցում են Հայաստանի դեմ ձեռնարկվող դիվերսիոն գործողություններին, իրենց վախճանն են գտնում հայկական դիրքերում:
Հայկական ԶՈՒ իր մարտական պատրաստությամբ եւ ռազմական գիտելիքներով այսօր վստահորեն ցույց է տալիս, որ տարածաշրջանում ամենամրցունակն է եւ պատրաստ է ցանկացած ուժի ցույց տալ իր տեղը»,- ասում էր նախարարը:
Հայ գերու սպանությունը
Օգոստոսի 8-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն հայտնել էր, որ օգոստոսի 7-ին գերի ընկած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանը «անսպասելի մահացել է անհայտ պատճառով»:
«Նախնական տվյալներով, Պետրոսյանի մահվան պատճառը սուր սիրտանոթային անբավարարվածությունն է»,- ասվում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Պետրոսյանի սպանությունն Ադրբեջանի ղեկավարության՝ ավանդույթ դարձած գործելաոճն է:
«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը գերի ընկած քաղաքացիական անձին ներկայացնում է որպես դիվերսանտ, տեսանյութեր հրապարկելով՝ շոու է սարքում, իսկ հետո սպանում նրան, որպեսզի չբացահայտվի ճշմարտությունը: Սա Ադրբեջանի հիվանդագին երեւակայության հետեւանք եւ սեփական բարդույթները հաղթահարելու փորձ է»,- Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել էր Արծրուն Հովհաննիսյանը:
Հայկական հրթիռներն ու Աղդամի ավերակները
Օգոստոսի 11-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ հայկական Զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին եւ վերջին շրջանում հակառակորդի ձեռնարկած բոլոր փորձերը ձախողվել են:
ArmNews հեռուստաընկերության հետ հարցազրույցում ՀՀ նախագահը մեկնաբանել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի Զինված ուժերը կարող են «երկրի երեսից ջնջել Երեւանը»:
«Մեր եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը շատ ճիշտ ասաց, որ կողմերը տեղյակ են միմյանց ռազմական հնարավորությունների մասին:
Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Այո, Ադրբեջանի զինված ուժերը կարող են Նախիջեւանից հասնել Երեւանի սահմաններին: Սակայն նման գործողություններն անպատիժ չեն մնում: Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնք 300 կիլոմետրից ավել շառավղով կարող են ցանկացած ծաղկուն բնակավայր վերածել այնպիսի ավերակների, ինչպիսիք այսօր կան Աղդամում: Ընտրության հարց է՝ եթե իրենք իրենց կյանքից «ձեռք են քաշել»: Երբեմն, տպավորություն ունեմ, որ Ադրբեջանի որոշ ղեկավարներ աշխատանքից հետո տարվում են համակարգչային խաղերով: Բայց վիրտուալ իրականությունը պետք չէ շփոթել իրական կյանքի հետ»,- ասում էր Սերժ Սարգսյանը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: