Իտալական հարսանիքն, այլազգի ընկերներն ու աշխարհի կենտրոնը - Mediamax.am

Իտալական հարսանիքն, այլազգի ընկերներն ու աշխարհի կենտրոնը
1610 դիտում

Իտալական հարսանիքն, այլազգի ընկերներն ու աշխարհի կենտրոնը


Օգոստոսին Իտալիայում ընկերներիս հարսանիքին եմ հրավիրված։ Պաշտոնական հրավիրատոմսը երկու օր առաջ եմ ստացել. փոստով են ուղարկել:

Ոչ, հայ չեն։ Մաթիասն իտալացի է, Վենետիկից մի քանի կմ հեռու գտվող Չիտադելա քաղաքից է։ Իվանկան էլ ուկրաինացի է՝ Լվովից։ Մենք միասին մեկ տարի Լիտվայում ենք ապրել, նույն ծրագրի համար աշխատում ու սովորում էինք։ Իվանկան ու Մաթիասը նույնպես մինչ ծրագիրն իրար չէին ճանաչում, հետո դարձան զույգ։ Եթե անկեղծ, չէի հավատում, որ նրանց մոտ լուրջ սեր է: Վստահ էի՝ տարբեր երկրներից լինելու փաստը դժվարությունների առաջ կկանգնեցներ ու մի օր երկուսն էլ հավասար կհոգնեին պայքարելուց։ Նրանք ինձ հակառակը համոզեցին, իսկ ես նման հաճելի սխալները սիրով եմ ընդունում:

Եթե կյանքս իմ պլանավորածով ընթանա, օգոստոսին կմասնակցեմ իտալական հարսանիքի։ Կհանդիպեմ իմ շատ սիրելի ավստրուհի ընկերուհուն`Նատալիին, երկու տարի է չեմ տեսել։ Բացի մի քանի ամիս նույն երկրում միասին ապրելուց, մենք նաեւ մեկ շաբաթ Չեխիայում ենք ճամփորդել։ Պրահայում ապրող հորաքրոջս խնդրել էի հյուրընկալել ինձ ու ընկերուհուս, նրա հայ չլինելու մասին չէի շեշտել, որովհետեւ չէի կարեւորել: Հորաքույրս մտածել էր՝ եթե իմ ընկերուհին է, ուրեմն հայ է: Երբ իմացան ավստրիացի է, զարմացան, բայց շատ սիրով ընդունեցին:

Հարսանիքին հրավիրված է նաեւ Հասանը` նա կիսով չափ ֆրանսիացի է, կեսն էլ՝ սիրիացի, չնայած իրեն ավելի շատ սիրիացի է զգում, Իռլանդիայում է ապրում. առաջինն է խոստացել, որ գալու է։ Կգա նաեւ Կիարան, Իտալիայի հյուսիսից է, մենք այդպես էլ չմտերմացանք, բայց նրան էլ եմ կարոտել: Հրավիրել են նաեւ Կլարային, նա Բարսելոնայից է. ի դեպ, շեշտում եմ` Բարսելոնա, ոչ թե Իսպանիա, որովհետեւ իսպանացի չէ, կատալոնացի է։ Միայն Կլարան չէ այսպես ներկայանում, ինձ հանդիպած Բարսելոնայի բոլոր կատալոնացիները միայն Բարսելոնան են նշում ու ակնկալում կատալոնացի ընկալվել: Իսկ իսպանացի Միգելը՝ իմ նախկին գործընկերը, նման բաժանումներն անիմաստ ու անընդունելի է համարում:

Ես գուցե Կատալոնիա-Իսպանիա կոնֆլիկտին ուշադրություն չդարձնեի, եթե նրանք իմ ընկերները չդառնային։ Հավանաբար հիմա շատերի նման կասեի` ինչ ձեւեր են թափում, թող ասեն իսպանացի ու վերջ։

Ինչո՞ւ այսքան մանրամասն շեշտեցի նրանց հայ չլինելը, որովհետեւ այստեղ բոլորը միշտ զարմանում են, որ իմ արտասահմանցի ընկերներն ազգությամբ հայ չեն: Նրանց ճանաչել եմ՝ Եվրոպայում ապրելով ու ճամփորդելով, նաեւ Հայաստանում՝ աշխատանքի բերումով: Ծանոթացել եմ ու աշխարհին ինձ ավելի մոտ եմ զգացել:

Վերջին տարիներին աշխարհն ինձ համար ավելի է փոքրացել ու նեղացել, որովհետեւ առաջ միայն հայերի մեջ ապրելու արդյունքում, մյուս երկրներն ինձ շատ հեռու էին թվում։ Տարբեր ազգի մարդկանց ճանաչելն օգնում է աշխարհի քարտեզն այլ կերպ ընկալել. հեռավորություններն ու սահմանները սկսում ես ինքնուրույն գծել:

***

Մի քանի տարի առաջ երբ լսում էի Գերմանիա բառը, այն ինձ ոչ միայն հեռու էր թվում, այլեւ հիմնականում անտարբեր էի: Գիտեի, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում, գերմանացիների մասին շատ էի լսել, օրինակ, թե նրանք ինչքան ճշտապահ են ժամանակի նկատմամբ: Նաեւ գիտեի՝ երբ հաշիվ փակելիս հայերը «գերմանական ձեւով» են վճարում, նշանակում է՝ ամեն մեկն իր կերածի դիմաց է գումար դնում:

Անտարբերությունը փոխվեց երբ հանդիպեցի Սամիրային։ Բավարիացի Սամիրան Մյունխենին շատ մոտ գյուղերից մեկում է ապրում, Լիտվայում միեւնույն ծրագրին մասնակցելու արդյունքում մենք 8 ամիս նույն տանն ենք ապրել, մեր երկուսի սենյակներն ընդհանուր խոհանոցն էր բաժանում: Այդ ընթացքում թվում էր՝ Գերմանիան ինձ ամենամոտ երկիրն է. կողքի սենյակում էր։ Նրանից բացի այլ գերմանացիների էլ ճանաչեցի ու չնայած չէի եղել այնտեղ, սկսեցի այդ երկրի հանդեպ ուշադիր լինել: Ի դեպ, ես ու Սամիրան այնքան ենք մտերմացել, որ անգամ ծրագրի ավարտից մեկ տարի անց նույն օրերին հատուկ գնացել էինք Լիտվա, որ իրար հանդիպենք ու նույն տանը մի քանի օր էլ ապրենք:

Անցած տարի վերջապես Գերմանիա էլ գնացի, լրագրողական սեմինարի էի հրավիրված: Ծրագրին դիմելիս թվում էր՝ Սամիրայի սենյակ պետք է գնամ։ Նրան ճանաչելու, երկրի մասին նրանից մի տոննա պատմություններ լսելու ու գերմանական կենցաղին ամեն օր հետեւելու արդյունքում Գերմանիան ինձ առաջին վայրկյանից հարազատ էր:

Ես ու Սամիրան քարտեզը խառնել էինք իրար ու Հայաստանը կպցրել Գերմանիային։ Ոչ մի երկիր անծանոթ չէ, եթե դու ճանաչում ես այդ երկրի գոնե մի ներկայացուցչի, քանի որ երկիրը դրա ներսում ապրող մարդիկ են, այլ ոչ թե տեսարժան վայրերը:

***

Խենթանում եմ Կուբայի համար, երազում եմ ոչ թե միայն ճամփորդել, այլեւ ապրել այնտեղ։ Չնայած ամեն օր կուբական երաժշտություն եմ լսում, Կուբան երբեւէ ինձ հարազատ չեմ զգացել, այն աշխարհի քարտեզի վրա եմ հիշում, որովհետեւ դեռ կուբացի ընկեր չունեմ։

Գրեթե նույն հեռավորությունն է Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ, բայց Մեքսիկան վաղուց իմ քարտեզում է։ Մեքսիկացի Դավիթն ինձ ամեն ինչ պատմել է իր ազգի մասին։ Նրանք այնքան հայերին նման են, օրինակ, այնտեղ նույնպես կանայք են անում տան բոլոր գործերը, իսկ տղամարդիկ վայելում են կյանքը։ Երբ Դավիթի հետ միասին ճաշեցինք, ընդդիմացավ ու չթողեց ամանները ես լվանամ, ասաց՝ 5 քույր ունի, տանը նրան շատ են երես տվել, գոնե ես թույլ տամ լվանալ:

Մեքսիկան շատ էի սիրել, բայց մինչեւ անցած տարի Դավիթն իմ միակ մեքսիկացի ընկերն էր. չէի կարող վստահել ու մինչեւ վերջ նրա երկիրն ինձ մոտ զգալ. գուցե պարզապես Դավիթն էր լավը։ Համոզվեցի, երբ մի տարի հետո Բեռլինում հանդիպեցի Կատերինային, միանգամից իրար հասկացանք ու մտերմացանք։ Երբ ասաց` Մեքսիկայից է, անմիջապես Դավիթին հիշեցի, նման էին եւ՛ արտաքինով, եւ՛ վարվելակերպով։ Իսկ Կատերինայի համար ես էի խորթ, նա ամաչելով ինձ հարցրեց, թե Հայաստանը քարտեզի վրա որտե՞ղ է գտնվում։ Քանի որ Կատերինան ինձ արդեն ճանաչում է, վստահ եմ՝ մյուս անգամ Հայաստանի մասին որեւէ նորություն լսելիս, ինձ է հիշելու, ժպտա, կարոտի ու հայերին ինձնով պատկերացնի:

Ճամփորդելու եւ այլազգի ընկերներ ունենալու շնորհիվ ինձ աշխարհի կենտրոնում եմ զգում։ Առաջ միջազգային լուրերին հետեւելիս, կարդում էի միայն տեղեկանալու համար, որովհետեւ այն ինչ կատարվում էր Հայաստանից հեռու, ասես, կարեւոր չէր։

***

Երբ Բարսելոնայում բողոքի ցույցեր են սկսվում, թվում է՝ մեր կողքի քաղաքում է, որովհետեւ իմ ամենամտերիմ ընկերուհիներից մեկը` կատալոնացի Սիլվիան, ակտիվիստ է։ 2017-ի կատալոնական ընտրություններին Սիլվիան նկարում էր ընթացքն ու WhatsApp-ով ուղարկում էր ինձ. լուրերն առաջին ձեռքից էի ստանում:

Սիլվիայի մայրիկն էլ մեր Թավշյա հեղափոխությամբ էր ոգեւորված, քանի որ նա էլ ինձ է ճանաչում։ Այդ օրերին մեր հեղափոխությունը բարսելոնական թերթի առաջին շապիկին էին պատկերել, թերթը ձեռքին նկարվել էր եւ ուղարկել ինձ։ Սիլվիայենց Բարսելոնայի տանը 8 օր մնացել եմ, մայրիկն ինձ շատ էր սիրել, ամեն օր խնդրում էր, որ մի նոր բան պատմեմ Հայաստանի մասին, նաեւ մեր «տարօրինակ» այբուբենից մի քանի տառ սովորեցնեմ իրեն:

Ոչ միայն նորությունները, այլեւ գրքերն են ավելի հաճելի կարդացվում, երբ հերոսների ազգից ներկայացուցիչների գիտես: Շատ մտերիմ լիտվացի Լինասի նվիրած գիրքը՝ Half of a Yellow Sun-ը կարդալիս, հերոսներին շատ ավելի պատկերավոր ու մտերիմ էի զգում: Հեղինակը նիգերիացի գրող Chimamanda Ngozi Adichie-ն է, իսկ ես ճանաչում եմ նիգերիացի Պիուսին, նրա հետ աշխատել եմ երեխաների ճամբարում: Պիուսը հաճախ էր կատակում, որ եթե ես հայտնվեմ Նիգերիայում, ապա իմ սպիտակ մաշկի համար այնտեղ ինձ թագուհի կզգամ:

Ինչ վերաբերում է Իտալիային՝ դեռ չեմ եղել, չնայած այն իմ ցուցակի առաջին տեղում էր։ Արտաքնապես էլ ինձ միշտ իտալացու են նմանեցնում․իմ հանդիպած արտասահմանցիների 80 %-ը ասում է, որ ես իտալացի եմ, 20 %-ը՝ իսպանացի:

Քանի որ բացի ապագա փեսա Մաթիայից ունեմ նաեւ մի շարք այլ իտալացի ընկերներ, մշտապես թվում է, որ ես եղել եմ Իտալիայում՝ այն էլ մի քանի անգամ։ Հետո ինքս ինձ հիշեցնում եմ, որ քարտեզի վրա այն դեռ կլորակի մեջ չեմ վերցրել: Անգիր գիտեմ, թե ինչ շարժումներով են խոսում իտալացիները, զգացել եմ, որ հարավում բնակիչներն ավելի ջերմ են, իսկ հյուսիսում՝ ավելի քաղաքավարի: Տասնյակ անգամներ իտալացու ձեռքով պատրաստած պիցցա եմ կերել, պաստաների տեսականի ու ռիզոտո, վատ բառերն էլ գիտեմ:

Իտալացի ընկերներիս շնորհիվ թվում է՝ ես Իտալիայում ավելի շատ եմ եղել ու ճամփորդել, քան այն ընտանիքները, որոնք գնում են նոր երկիր եւ օրերն անցկացնում են միայն հյուրանոցներում ու խանութներում:

Ամալի Խաչատրյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին