Հասարակ մարդկանց պես քայլող վարչապետ էր պետք - Mediamax.am

Հասարակ մարդկանց պես քայլող վարչապետ էր պետք
2522 դիտում

Հասարակ մարդկանց պես քայլող վարչապետ էր պետք


Հարց: Քանի՞ տարբերակ եք մտածել, թե որն էր Նիկոլ Փաշինյանի հաջողության գրավականը: Դե, ձեր մտածած տասնյակների կողքին ստորակետ դրեք, խնդրեմ, ու իմն էլ ավելացրեք: 

 

Կարծիք: Հայաստանին պարզապես «իրական» ղեկավար էր հարկավոր, մարդիկ ուզում էին, որ իրենց առաջնորդի մարդ, որին կտեսնեն ոչ միայն հեռուստացույցով՝ լուրջ տեքստեր կարդալիս, այլեւ փողոցում՝ հասարակ մարդկանց նման քայլելիս: Լավ գլխավոր հրամանատար կլինի՞ Նիկոլը, կլուծի՞ բոլոր խնդիրները, Ռուսաստան-Ամերիկա-Եվրոպա կապերը կվատացնի՞, թե՞ կբարելավի ու այսպես երկար... 

 

Չէի՞ք զգացել, որ դրանք իրականում հետաքրքիր էլ չէին ժողովրդի մի շատ լայն զանգվածին: Նրանք ուզում էին տեսնել ղեկավարի դերում մի մարդու, որի հետ սելֆի կարող են անել: Այնպես չէ, որ քաղաքացուն հետաքրքիր չէր այս պայքարը, ըստ իս, երբեւէ այսքան հետաքրքիր չէր եղել, որ ԱԺ-ի առաջին ընտրության օրը բոլորն այդքան շունչը պահած հետեւում էին պատգամավորների ելույթներին: Մայիսի 1-ին երկիրը, ասես, օնլայն էր շնչում, սինխրոն: Բոլորի տանից նույն ձայնն էր հնչում...

 

Կարծիքի հիմնավորում: Վերադառնանք գրավականին. ուղիղ հեռարձակման կադրերը նաեւ հիշեք, ցույցերի օրերին ամեն 5 րոպեն մեկ մարդիկ առաջ էին խցկվում ու նկարվում իրենց ուզած վարչապետի թեկնածուի հետ: 

 

Իսկ հիմա խնդրեմ հիշեք կադր, որտեղ Սերժ Սարգսյանի հետ սելֆի են անում... 

Հիշեցինք, մի երկու պաշտոնական հանդիպումների ժամանակ եղել է, բայց որ փողոցում, օրինակ, վարսավիր Անահիտն իր մսավաճառ ամուսնու՝ Գուրգենի հետ կարողանար մոտենալ նախագահին ու սելֆի աներ. չեմ հիշում, կներեք: Չնայած, կարողանալը հաստատ կկարողանար, հանգիստ օրեր եղել են, բայց կուզե՞ր արդյոք սելֆի Սարգսյանի հետ... 

 

Չմոռանանք նաեւ, որ հիմա էլ Նիկոլի հանդեպ ֆանատիզմն արդեն այնքան է սահմաններն անցել, որ նրան այլեւս առանց թիկնապահների դժվար տեսնենք: Տարբերությունը՝ Փաշինյանի դեպքում մարդիկ դեռ միայն սելֆի են ուզում... 

 

Ինձ՝ որպես լրագրողի էլ մի քանի անգամ հաջողվել էր հանդիպել երկրի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, բայց շատ պաշտոնական վիճակներում: Միշտ թվում էր՝ նախագահներն այդպիսինն են՝ անդիպչելի: 

 

Ուրեմն, մի անգամ: Նախագահական մի պատմություն պատմեմ ոչ հեռու անցյալիցս: Անցած տարի Նոր տարուն Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ամանորյա տոնավաճառին էի մասնակցում. լիտվական կամավորական կազմակերպությունս էի ներկայացնում ու վաճառում երեխաների պատրաստած խմորեղենները: Մեկ էլ նրանց նախագահուհին եկավ ու բարեւեց, հետո տեսա՝ ազատ շրջում է տարածքով: Որ լրագրողն ուզում է, մոտենում, հարց է տալիս: Մի տատիկի էլ նկատեցի, որ միկրոֆոն էր ձեռքն առել ու հարցեր էր տալիս, հաստատ մի 7 րոպե խոսեցրեց իր նախագահին: Լեզուն չէի հասկանում, բայց գնացել շատ մոտ էի կանգնել ու ապշած նայում էի, զգում էի՝ առաջին անգամ շատ մոտիկից նախագահ եմ տեսնում, այնպիսի նախագահ, որ քաղաքավարությունից դրդված կանգնել էր այդ ծեր կնոջ անծայր հարցերին էր պատասխանում: Հարցերից հետո մնաց տեղում, էլ ոչ մի լրագրողի հետաքրքիր չէր երկրի ղեկավարը, բոլորը ցրվել էին, ուրիշ հարցազրույցներ էին անում:

 

Մտածում էի՝ հիմա մեր նախագահը լիներ, բոլոր լրագրողները հասել էին վրան ու հարցախեղդ արել: Մտածեցի, պատկերացրի, հետո հասկացա, որ լրագրողների ամենահաջողակ երազում անգամ քաղաքում ազատ շրջող նախագահ չէր հայտնվի: 

 

Պատմեցի այսքանը ոչ թե լրագրողական տեսակետից, այլ այն հասարակ վաճառականների, որոնցից մեկն էլ այդ օրը ես էի, որ հանգիստ կարող էի գնալ ու դիպչել նախագահին, խոսել հետը, ասել՝ հը՞ն, ո՞նց եք, ի՞նչ կա մեր երկրում...

 

Իրականություն: Եթե այն ժամանակ Վիլնյուսի հրապարակում կանգնած նայում էի լիտվացիքին ու երազում, որ իմ ղեկավարն էլ այսքան հասանելի լինի, այսօր ոնց որ թե երազանքս իրականանում է: Եկել է երկիրը ղեկավարելու մի մարդ, որը գրեթե միշտ մինչեւ վերջ պատասխանում է լրագրողի՝ անգամ ամենասովորական հարցին, օրինակ, թե ինչ դեղորայք է օգտագործում հարբուխի համար: Իհարկե, չենք մոռանում նաեւ նրա մասնագիտությունը: 

 

Կարծում եմ՝ Հանրապետական ղեկավարներն այն ժամանակ սկսեցին կորցնել իրենց հանդեպ վստահությունը երկրում, երբ սկսեցին դառնալ ավելի ու ավելի անհասանելի: Դե, չեմ ասում՝ պետք է դուրս գային փողոց ու քայլեին վստահ, ո՞վ չգիտի՝ ինչ կլիներ նրանց հետ... Գուցե պետք է հենց սկզբո՞ւմ ղեկավարները կանխատեսեն այս փաստն ու այնպես կառավարեն երկիրը, որ չվախենան դուրս գալ երեկոյան ու պարզապես քայլել, ձեռքի հետ էլ քաղաքացիներից մի քանիսի սելֆիներում հայտնվել: 

 

Կարծիք: Եկեք այս սյունակումս մի կողմ թողնենք գործազրկությունը, մենաշնորհը, Ղարաբաղի հարցը, ԵԱՏՄ-ն, ու թող ներեն բոլոր նրանք, որոնց չթվեցի... Սրանց լուծումների հույսը, ըստ իս, այդքան ուժեղ չէր, որքան ամենահասարակ գրավականը: Ինձ թվում է՝ մարդիկ ուզում էին մի այնպիսի ղեկավար, որն իրենցից կլինի, իրենց պես կխոսի: Այնքան վստահ եմ՝ «դուխով» գլխարկները կրող մարդիկ այս օրերին անսահման հպարտ են զգում, որ կարող են մի կեպկայով նմանվել երկրի ղեկավարին կամ օրինակ այն զինվորաորսորդական 4 եվրո 99 ցենտ արժողությամբ շապիկից հագնեն ու հպարտանան: Իսկ ինձ ուսապարկի պահն է ոգեւորում, ինձ համար ուսապարկ նախընտրող մարդիկ ամենահավեսն են, ու հիմա զգում եմ՝ իմ երկրի ղեկավարի ամենաանբաժան ընկերն է ուսապարկը... Ասես, զգամ, որ շուտով ինձ նման մարդ է կառավարելու Հայաստանը, որ հասկանում է՝ ինչ է այսօրվա կյանքը, հասկանում է այնպես, ինչպես ես, իսկ ինձ ու ինձ նմաններին ի՞նչ է պետք, որ առաջնորդի մի ղեկավար, որը փորձելու է նաեւ ինձ նման մտածել ու իմ խնդիրներից ունենալ (օրինակ, առավոտյան մարշրուտկայով աշխատանքի գնալ): 

 

Խնդրանք: Խնդրում եմ չասեք՝ այս միամիտ աղջնակն ով է. ուսապարկով ու սելֆիով է տարվել: Հաստատ կմտածեք, բայց խնդրում եմ գոնե չասեք ինձ, որովհետեւ դուք իմ ամենախորը մտքերն անգամ չգիտեք, իսկ այնտեղ ես, օրինակ, ոչ մեկին չեմ հավատում ու այս հեղափոխության մասին ամենավառ ու կասկածելի տարբերակն եմ պահել: Չեմ էլ կիսվի դրանով, որովհետեւ դա չէ կարեւորը: Ես ոչ թե մյուսների նման ժողովրդի վարչապետին կուռք եմ դարձրել, այլ ձեզ նման մտածել եմ բոլոր այն տարբերակների մասին, որոնք իսկապես օգնեցին, որ նա այսօր հաղթի, որ անգամ ես՝ իմ ամենաֆանտաստիկ մտքերով փորձեմ վստահել նրան, որովհետեւ ես ինձ նրան հասանելի եմ զգում: Այնքան հասանելի, որ մտածում եմ՝ կարող եմ մոտենալ ու մի բան ասել երկրի ապագայի մասին կամ գոնե սելֆի անել, որովհետեւ զգում եմ, որ նա իրական է, միայն հեռուստացույցի մեջ չէ: 

 

Փաստ: Այնպես, ինչպես Հանրապետական կուսակցությունը հաղթում էր ընտրություններում՝ ամենահասարակ մարդկանց վրա շեշտը դնելով, գումար բաժանելով, թաղային հեղինակության ուժն օգտագործելով կամ ստիպելով, որ գան ընտրարշավներին, հենց այդ մարդկանց շնորհիվ էլ այսօր պարտվեց: Քանի որ նրանք են կազմում ազգի մեծամասնությունն ու նրանց շնորհիվ է կատարվում այն, ինչ մինչեւ այսօր կատարվել էր: Իսկ այս անգամ հենց ամենաշատը նրանք էին հոգնել իշխանության անհասանելի լինելուց ու սկսել էին պայքարել: Ի՞նչ է մնում նրանց հիմա անելու, վարչապետի հետ արած սելֆին մեծացնել ու փակցնել հյուրասենյակի պատին, ինչպես նախկին նախագահի նկարն էր փակցվում աշխատասենյակներում: 

 

Ամփոփում: Ու բոլորը՝ բացահայտ կամ ներքուստ՝ շատ թաքուն, բայց պայքարեցին իրենց նման վարչապետ ունենալու համար, քանի որ վստահ էին, որ այս անգամ եւս մեկ անգամ պայքարից հետո չեն հիասթափվելու: 

 

Ամալի Խաչատրյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին