ՀՀ լիարժեք քաղաքացին ու հեղափոխության դասերը - Mediamax.am

ՀՀ լիարժեք քաղաքացին ու հեղափոխության դասերը
907 դիտում

ՀՀ լիարժեք քաղաքացին ու հեղափոխության դասերը


2018-ի դեկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացիների մեծ մասն իրեն Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի զգաց, որովհետեւ յուրաքանչյուրի հավատով ծալած քվեաթերթիկը տեղ հասավ: Ընտրություններից առաջ մարդիկ իսկապես մտածեցին` ում ընտրել, հետեւեցին քարոզարշավերին ու բանավեճերին:

 

Այս տարի Չակ Նորիսին ընտրող չեղավ, քֆուրներով մի շարք քվեաթերթիկների վրա ազգովի չծիծաղեցինք, այլ հուզվեցինք հարսանեկան զույգերի մասնակցությունից: Եղբայրս ասաց, որ իսկապես ընտրել է, մինչդեռ անվերապահորեն մասնակցել էր բոլոր ընտրություններին, բայց մշտապես թերթիկն անվավեր էր սարքել, ոչ մի բանին չհավատացող ու անտարբեր ընկերուհիս ընտրության էր գնացել, իսկ հարեւաններն այս անգամ հպարտ ու ուրախ քայլեցին ընտրատեղամաս:

 

Հիմա ընտրողներից բոլորը նայում են իրենց ընտրած կուսակցության ստացած տոկոսների թվերին ու անձնավորում իրենց այդ թվերով, որովհետեւ գիտեն՝ մեկն իրենք են: Կարծում եմ՝ սա ավելի մեծ հաղթական զգացում է տալիս քաղաքացուն, քան ընտրության վերջնական արդյունքները: Չնայած գուցե շատերն իրենց առաջ էլ էին անձնավորում՝ թվերին նայելով, բայց ՀՀ լիարժեք քաղաքացի չէին զգում, որովհետեւ ձայնը տալիս էին գումար տվողի, տնօրենների, կամ էլ թաղի «նայողների» կարգադրանքով: 

 

Մինչեւ արդյունքներով ուրախանալը կամ տխրելը, կարելի է բոլորով պարզապես գնահատել արդարությունն ու հանգիստ շունչ քաշել, որովհետեւ ՀՀ քաղաքացին երբեք էլ լիարժեք չի հավատալու իր ուրախությանը, քանի որ նա ամեն ինչ է տեսել, վերջին րոպեին որոշումն ու արժեքները փոխած քաղաքական գործչից մինչեւ… 

 

Իսկ հեղափոխությանը հետեւած քաղաքացիներն այս ամիսների ընթացքում վերլուծում էին արդյունքներն ու օր օրի լուռ դասեր էին քաղում անգամ իրենց առօրյա ու կենցաղային կյանքի համար, որ.

 

***

 

Պետք չէ դիմացինին թերագնահատել ու վստահաբար ասել՝ եղածդ 7 % է, երբ կարող է ամեն ինչ գլխի վայր շուռ գալ ու դու անգամ այդ 7 %-ը չլինես, իսկ նա՝ 70-ից ավելին: 

 

***

 

Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի երեկվա դեմքի արտահայտությունը տեսնելուց հետո շատերը հասկացան, որ պետք չէ անհոգ ու հավիտյան երջանիկ զգալ, որովհետեւ դա հիմնականում ժամանակավոր է:  

 

***

 

Կալանավորվածներին հաշվելով՝ շատերն էլ հիմա կհասկանան, որ չարժե անձեռնմխելի զգալ, որովհետեւ թեկուզ երկար տարիներ հետո, բայց այդ անձեռնմխելիությունն էլ կավարտվի ու ճաղերը բոլորի համար են: 

 

***

 

Երիտասարդ նախարարներին ու պատգամավորի թեկնածուներին նայելով՝ շատ երիտասարդներ հասկացան, որ արժեքը ոչ թե դաջվածքներով «լողանալն» է ու աննպատակ ապրելը, այլ սովորելը, ինքնակրթվելն ու ակտիվ պայքարելն է: Երբ այս ընթացքում պաշտոնները երիտասարդ ու անփորձ, բայց կրթված ու մասնագիտացած անհատներին բաժանվեցին, ոլորտի մասնագետներից յուրաքանչյուրն իրեն այդ պահին թեկնածու զգաց, ու մտածեց՝ ինձ նման մեկն է անցել, գուցե ինձ մոտ էլ ստացվի: 

 

Ի դեպ, շատերն են ասում՝ չարժեր երիտասարդներին վստահել, բայց ինձ թվում է՝ արժեր (մի մասին՝ գուցե ոչ), որովհետեւ այդ երեւույթը մի ամբողջ ազգի մտածելակերպ փոխեց, ու շատ ծնողներ՝ իրենց երեխաներին դասերը սովորեցնելիս հավատացին, որ նրանք էլ ապագայում կարող են մի լուրջ բանի հասնել, պարտադիր չէ միայն մեծ փոր, գումար ու ծանոթներ ունենալ: Սովորելու հավես չունեցողները հավեսի ընկան ու հասկացան, որ որոշողները թաղի «լոշտն» ու «պըստը» չեն այլեւս, սովորողներն էլ հասկացան, որ պետք է զուգահեռ նաեւ ակտիվ լինել ու ցուցադրել ունակությունները: 

 

***

 

Մի շարք ուժեր, այսօր իրենց հավաքած տոկոսներին նայելով, գուցե վերջապես հասկացան, որ պետք է ռեալ դատել իրավիճակը, ու չմնալ իրենց շրջապատող համակիների հարմարավետության տիրույթում, այլ պետք է ճիշտ գնահատել ազգի տրամադրությունը: Ծիծաղելի է անգամ, որ հասարակ ժողովուրդն ավելի ճիշտ է վերլուծում ու գիտի՝ որ ուժերը շանսեր ունեն խորհրդարանում հայտնվելու, քան մի քանի երազկոտ կուսակցություններ: 

 

***

 

Մի մասն էլ հասկացավ, որ պահը բաց թողնել չի կարելի: Նաեւ հասկացավ, որ հանձնվել չի կարելի ու եթե շատ ուժեղ հավատաս հաղթանակիդ, անգամ 10-15 տարի հետո հնարավոր է պայքարել 20 տարի արմատները հողում պնդացրած ուժի դեմ ու հաղթել: 

 

***

 

Եվ ամենակարեւորը, բացահայտ կամ հոգու խորքում պայքարող հեղափոխականները հասկացան, որ ամիսներ առաջ սկսած գործը կիսատ չմնաց ու հասավ տրամաբանական ավարտին: 


Ամփոփում 

 

Իսկ թե ինչպիսին կլինի ապագան, արդյո՞ք իշխանությունները կկատարեն իրենց տված անծայր խոստումները, ի՞նչ արդյունք կտան խորհրդարանական նիստերն առանց իրական ընդդիմության, ընդունում եմ՝ այս ամենն ամենակարեւորն է, բայց այս պահի համար՝ երկրորդական, որովհետեւ անթիվ մարդկանց մոտ արժեքներ են փոխվել: Իհարկե, շատ-շատերի դեպքում ոչ թե փոխվել են, այլ վատն ավելի է սրացել, բայց ընդունենք, որ գոնե մտածող հասարակության համար փոխվել է: 

 

Վստահ եմ, որ այսօր շատերը ոչ թե իշխանության բացարձակ հաղթանակով ու նախկինների ակնհայտ պարտությամբ են երջանիկ, այլ յուրաքանչյուրն իր ներսի արժեքների փոփոխությամբ է ուրախ ու այն զգացումի, որ ինքը եւ մյուսներն իրենց Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի են զգում, որոնց՝ մեծ հավատով արկղը գցած քվեաթերթիկները ճիշտ «տեղ են հասել»: 

 

Ամալի Խաչատրյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին