Մեր սերնդին բաժին հասավ մեր պատմության ամենակարեւոր ժամանակաշրջանը. մենք տեսանք երկրաշարժ, պատերազմ, հաղթանակ ու վերջապես անկախություն: Սա մեր պատմության ամենածանրաբեռնված, բայց եւ ամենաերջանիկ ժամանակահատվածն էր: Պատերազմի տարիներին՝ մթի ու ցրտի մեջ, սակայն, մենք մեծացանք՝ սիրտներս ավելի տաք, որովհետեւ այդ տարիներին ապրելու համար մարդուն մարդ էր պետք: Այդ տարիներին համայնքով ապրելուն այլընտրանք չկար:
1992 թվականն էր: Նոր տարի: Հայաստանում պատերազմ էր: Ծնողներս՝ մաթեմատիկոս եւ ինժեներ, արդեն վաղուց աշխատանք չունեին: Վրաց-աբխազական պատերազմից հազիվ փրկվել էր հորաքույրս՝ ընտանիքի հետ: Որդին դեռ երկար կակազում էր: Մեր մեծ ընտանիքը՝ 10 հոգանոց, ծվարել էր մեր մեծ տան նկուղային հարկում, 2 սենյակում, որովհետեւ տան ջերմությունը 6 աստիճանից չէր բարձրանում:
Այդ տարի չասված, չբարձրաձայնված ինչ-որ աղետի սպասում կար իմ ու եղբորս մոտ: Մենք հասկանում էինք, որ այդ տարի Նոր տարին մեր տուն չի գալու: Ես երբեք չեմ հիշում մեզ տրտնջալուց: Երեւի այդ ժամանակ ձեւը չգիտեինք: Ուղղակի տխրել էինք Նոր տարի չունենալու թաքուն տագնապից:
Դեկտեմբերի 31-ին, երեկոյան, ծնողներս հետ եկան՝ ձեռքներին երկու փոքրիկ տոպրակ: Մեկի մեջ մանդարին, ես այդքան մանր մանդարին այլեւս երբեք չեմ տեսել, մյուսի մեջ՝ կես կիլոգրամ աղացած միս: Մայրս արագ հանեց մուգ կապույտ վերարկուն ու անցավ սառը խոհանոց: Այդ տարի ձմեռ պապը ինձ երկու թաշկինակ ու մի մազակալ էր բերել, երեւի չգիտեր, որ մի քանի օր անց երկար մազերս գրեթե ամբողջությամբ խանձվելու են մոմի կրակից:
Այդպես վարդագույն ու դեղին եզրակարով թաշկինակներով, մանր մանդարինով ու թփով տոլմայով Նոր տարին մեր տուն եկավ: Ու դա կյանքիս ամենաերջանիկ Նոր տարին էր:
Տարիներ անց, երբ որոշեցի իմ տունն ունենալ, շենքի կառուցմանը զուգահեռ սկսեցի փոքրիկ խնայատուփի մեջ 500 դրամանոցներ հավաքել՝ տոնածառի համար: 2 տարի անց, երբ բնակարանս արդեն պատրաստ էր, կոտրեցի խնայատուփը: Հավաքված գումարով ընկերուհուս հետ գնացինք խանութ, գնեցինք մեր տեսած ամենասիրուն տոնածառը՝ մեծ, ծանր: Իրար օգնելով հազիվ հասցրեցինք տուն ու սկսեցինք հավաքել: Առաջին երկու ժամը ծախսեցինք տոնածառը սխալ հավաքելու վրա, եւս երկուսը՝ սխալն ուղղելու: 4 ժամ անց իմ տոնածառը՝ մեծ ու սիրուն, իմ բոլորովին դատարկ տունը լցրեց սիրով ու տաքությամբ:
Ծանոթ-բարեկամներս զարմանում էին՝ ինչպե՞ս կարող է դատարկ տան մեջ առաջին գնումը տոնածառը լինել, իսկ ես գիտեի՝ այն իր հետ իմ տուն երջանկություն է բերելու:
Դրանից հետո՝ արդեն 4 տարի, իմ տոնածառը միշտ զարդարվում է տոնից շատ առաջ՝ միշտ հիշեցնելով այն տարվա մասին, որ մեր տուն եկավ վարդագույն ու դեղին եզրակարով թաշկինակներով, մանր մանդարինով, թփով տոլմայով ու տոնի հրաշքով:
Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: