Լուսարձակների ներքո, կամ ուրիշի աչքի փուշը չտեսնելու արվեստը - Mediamax.am

Լուսարձակների ներքո, կամ ուրիշի աչքի փուշը չտեսնելու արվեստը
6123 դիտում

Լուսարձակների ներքո, կամ ուրիշի աչքի փուշը չտեսնելու արվեստը


Երևանում մոտակա պուրակ և խաղահրապարակ ունեցող շենքում ապրելը երևի թե բարեբախտություն է: Եվ ահա այդպիսի մի բարեբախտություն պատահեց մեզ հետ, երբ երկար սպասումից հետո Արաբկիրում, մեր շենքից մոտ երկու կանգառ հեռավորությամբ բացվեց Մերգելյանի պուրակը: Ես ու մոտ 2-ամյա բալիկս ժամանակ չկորցրեցինք, և հաջորդ օրվա առավոտյան շտապեցինք զբոսնելու: Ճոճանակից սղարան, սղարանից ավազե հրապարակ․ այդպես էլ չնկատեցինք, թե ինչպես ժամանակը թռավ, մինչդեռ մի կողմից երկնքում ամպեր կուտակվեցին, մյուս կողմից մոտեցել էր աղջկաս քնելու ժամանակը։ Խնդրելով ու համոզելով աղջկաս նստեցրեցի սայլակը, բայց մի 100 մետր անցնելուց հետո բալիկիս մոտ ուժեղ լաց սկսվեց ու սկսեց պնդել, որ իրեն գիրկս վերցնեմ: Առջևում մոտ 2 կանգառ ճանապարհ էր, որ համարժեք էր սար մագլցելուն, քանի որ Կոմիտասը վերև բարձրացող փողոց է: Չէի ուզում որևէ մեկին նեղություն տալ՝ խնդրելով սայլակը տանել, որպեսզի ես աղջկաս գրկած հասնեի տուն: Այդ պահին ես արեցի ինձ նման «գերազանցիկ» մայրիկի համար մի շատ «չի կարելի» և «աններելի» բան՝ բալիկիս ձեռքը տվեցի հեռախոսս, որպեսզի հանգիստ նստի, ու ես կարողանամ նրան տուն հասցնել, և քանի որ իրոք բալիկիս համար հեռախոս ձեռք գցելը միայն արտակարգ իրավիճակներում պատահող շքեղություն է, նա սիրով ընդունեց առաջարկս: Արդեն տուն էինք հասնում, պատահական հանդիպեցի ծանոթներիցս մեկին, ով ինձ բարևելուց հետո խեթ հայացքով նայեց հեռախոսը ձեռքին զավզակացող բալիկիս ու անցավ մեր կողքով:

Ես բավականաչափ ուսումնասիրել եմ սոցիալական հոգեբանություն և վարքաբանություն, քանի որ այս գիտակարգերն անհրաժեշտ են աշխատանքիս պրոֆեսիոնալ իրականացման համար։ Վաղուց մտածում էի անդրադառնալ մարդկային մի քանի թուլությունների, որոնք իշխում են մեզ՝ առանց մեր գիտակցության, և անկախ նրանից մենք ընդունում ենք դրանց առկայությունը, թե ոչ: Եվ ահա, այս միջադեպից հետո հասկացա, որ կյանքիս այս դրվագում լիարժեք արտացոլված են մի քանի կանխակալություն/թուլություններ, որոնց կանդրադառնամ ստորև:

Վերագրության հիմնարար սխալ կամ Fundamental attribution error. սա այն երևույթն է, երբ մենք մեր կատարած բացասական արարքները պայմանավորում ենք արտաքին հանգամանքներով, մինչդեռ այլոց ոչ դրական վարքագիծը վերագրում ենք նրանց բնավորությանը։ Այսպես. դուք այսօր չնախատեսված վայրում անցել եք փողոցը, բայց ախր անցումը շատ հեռու էր, իսկ դուք շտապում էիք, հորիզոնում էլ շատ մեքենաներ չկային։ Պատահական անցորդը չնախատեսված վայրում անցնում է ձեր մեքենայի դիմացով՝ նա կյանքից ձեռք է քաշել և օրինապաշտ չէ։

Մեկ այլ օրինակ․ գործընկերը չի հասցրել վերջնաժամկետին և ուշ է ներկայացրել զեկույցը՝ նա անպատասխանատու աշխատակից է, իսկ ձեր՝ աշխատանքից ուշանալը պայմանավորված է ընտանեկան հանգամանքներով։ Դիմացինը չարախոսում է որևէ մեկի մասին՝ նա չար մարդ է, դուք եք չարախոսում՝ չարախոսման օբյեկտն արժանի է դրան։

Ժողովուրդն այս սոցիալ-հոգեբանական դրսևորման մասին ասում է․ «Քո աչքի գերանը թողած ուրիշի աչքի փուշն ես տեսնում», քաղաքական գործիչներն էլ սա կոչում են երկակի ստանդարտներ։ Այս ամենին գումարվում է մարդու ինքնաարդարացման կողմնակալությունը (self-rationalization bias), և դիմացինին սևացնելու հոգեբանական հենքն ու գործիքակազմը պատրաստ են։

Երբ արդեն տուն հասանք, հիշեցի թե քանի անգամ եմ դիմացինիս քննադատել այս կամ այն «անգրագետ» կամ «հակաօրինական» արարքի համար՝ դատելով կոնկրետ դեպքից, և փողոցում ինձ հանդիպած ծանոթս սոցիալ-հոգեբանական բոլոր հիմքերն ուներ «ինձ հետ նույն կերպ վարվելու»։

Մեկ այլ մարդկային թուլություն/կանխակալություն, որը շատ բնորոշ է այս իրավիճակին, կոչվում է «լուսարձակի ազդեցություն» կամ spotlight effect. այս մոլորության պատճառով մենք հաճախ զգալիորեն չափազանցնում ենք մեր արտաքինի կամ վարքագծի նշանակությունը ուրիշների համար։  Օրինակ երբ վարսահարդարն այդ օրն անհաջող է հարդարել ձեր մազերը, ձեզ թվում է, թե բոլորը դա նկատում են, մինչդեռ ձեր գործընկերներին ավելի հետաքրքիր է, թե ինչպես կներկայացնեք սահիկաշարը, իսկ տան անդամները ձեզնից ավելի շատ համեղ ուտելիք են ակնկալում, և նույնիսկ չեն նկատում ձեր մազերը։ Կանխակալության անվանումը հուշում է նրա բնույթը․ մեզ թվում է, թե մենք բեմում ենք՝ լուսարձակի լույսի ներքո, և բոլորը մեզ են նայում։ Հենց մեր օրինակով՝ շատ հնարավոր է, որ ծանոթս առհասարակ չէր նկատել հեռախոսը, կամ գուցե նկատել էր, բայց իրականում խեթ հայացքով չէր նայում, կամ գուցե իրոք խեթ հայացք ուներ, ուղղակի որովհետև իր օրը լավ չէր անցել։ Ժողովուրդն ասում է․ «աշխարհը քո շուրջ չի պտտվում», և իրականում պետք էլ չէ, որ պտտվի։ Գուցե շատ նախապաշարմունքներ չխանգարեին մեզ առօրյա կյանքում, եթե հասկանայինք այս պարզ ճշմարտությունը։

Մարդկային այս համատարած մոլորությունների մասին իմանալն օգնում է ավելի ներողամիտ դառնալ, հապշտապ եզրակացություններ չանել, չապրել ուրիշների համար՝ քանի որ ուրիշներն իրենց կյանքն ունեն մեզնից անկախ և վերջապես ուրիշի աչքի փուշը նկատելուց առաջ հիշել սեփական գերանների մասին։

Այս կանխակալությունները նաև լայնորեն կիրառում են գովազդի մասնագետները, շուկայագետներն ու քաղտեխնոլոգները՝ իրենց ապրանքների վաճառքն ապահովելու կամ ընտրություններին ձայներ ապահովելու համար, սակայն սա արդեն մեկ այլ սյունակի թեմա է։

Հ․Գ․ Եզրույթների հայերեն թարգմանությունները վերցված չեն որևէ գիտական աղբյուրից, քանի որ այդպիսին չկարողացա գտնել։ Եթե ընթերցողներն ունեն դրանց գիտականորեն ընդունված թարգմանությունները՝ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեն։

Անժելա Կժդրյանը ԵՊՀ դասախոս է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին