Լավ դպրոցի երեք չափանիշները
18273 դիտում

Լավ դպրոցի երեք չափանիշները


Ցանկացած կրթական համակարգ մի կարեւոր խնդրի առջեւ է կանգնում՝ ինչպե՞ս գնահատել դպրոցների աշխատանքը։ Ինչպե՞ս է որոշվում դպրոցի լավ լինելը։ Բոլորս գիտենք, որ կառավարման համակարգերը թվեր են սիրում։ Ինչ չափանիշներ ասես, որ չեն կիրառվում, դրանք հաճախ շատ հարմար են վարչարարների համար, սակայն չեն բխում կրթության բուն էությունից։

 

Խնդրի լուծումը շատ ավելի պարզ է, քան թվում է։ Լավ դպրոցը կարելի է զատել ընդամենը երեք հատկանիշներով.

 

1. Բոլոր աշակերտները պիտի երջանիկ լինեն դպրոցում, սիրեն հաճախել դպրոց, լինեն ոգեւորված եւ ժպիտները դեմքերին։


2. Ամեն աշակերտ ամեն դասից հետո պիտի նոր հմտություն ձեռք բերի կամ բարելավի ունեցած հմտությունը, կարողանա անել այն, ինչ մինչ այդ չէր կարող անել։


3. Դպրոցը պիտի ունենա զարգացման տեսլական, եւ գտնվի անընդհատ ինքնակատարելագործման գործընթացի մեջ։

 

Աշակերտների գնահատականները կամ ցանկացած այլ չափանիշներ երկրորդական են։ Տարբեր դպրոցներ գտնվում են տարբեր պայմաններում, զարգացման տարբեր փուլերում, եւ չի կարելի դատել դպրոցի մասին կամ դպրոցները համադրել՝ ելնելով միայն ակադեմիական հաջողություններից, ինչ-ինչ թվեր հավաքագրելով եւ վերլուծելով։ 

 

Եթե անգամ այս պահին այդ երեք չափանիշներին համապատասխանող դպրոցի ակադեմիական արդյունքները միջինից ցածր են, ժամանակի ընթացքում դրանք կբարելավվեն, եւ վաղ թե ուշ դպրոցը կդառնա իր համայնքի պարծանքը։

 

Դպրոցները վերահսկող գերատեսչությունները պիտի կենտրոնանան միայն նշված երեք չափանիշների վրա։ Ընդ որում, եթե մենք ցանկանում ենք ունենալ զարգացող կրթական համակարգ, ապա դպրոցների վերահսկողությունը պետք է միտված լինի աջակցելուն, այլ ոչ թե զուտ թերություններ բացահայտելուն եւ պատժելուն։ 

 

Վերահսկող մարմինները պիտի օգնեն դպրոցին կառուցել գործնական ինքնազարգացման մեխանիզմներ, դրանով պիտի գնահատվի իրենց աշխատանքի արդյունավետությունը։

 

Նշված երեք կետերը պարզ են թվում, բայց դրանց շարունակական իրականացումը չափազանց բարդ խնդիր է եւ կրթության էությունն է։ Եթե մի փոքր վերլուծենք, կտեսնենք, որ այդ չափանիշները փողկապակցված են։ Աշակերտները միայն այն դեպքում երջանիկ կլինեն, երբ իրենց աշխատանքը դպրոցում նպատակային է եւ զարգացնում է իրենց։ Եթե իրենք մոտիվացված եւ դրական էներգիայով լցված չլինեն, արդյունք չի լինի։ Եթե դպրոցը չզարգանա, դոփի տեղում, եթե առկա խնդիրները չլուծվեն, աշակերտների ոգեւորությունը արագ կկորչի։ Մարդու կայացումը դպրոցում հնարավոր է միայն ներդաշնակության մթնոլորտում։

 

Դպրոցի գլխավոր դերակատարը եւ առանցքային կերպարը ուսուցիչն է։ Ուսուցչից է կախված երեխաների երջանիկ լինելը, նրա ջանքերով է երեխան նոր գիտելիքներ ձեռք բերում, առանց ուսուցչի անընդհատ ինքնակատարելագործման անհնարին է դպրոցի զարգացումը։

 

Եվ առանձին դպրոցի, եւ ողջ դպրոցական համակարգի կառավարումը պիտի ունենա մեկ նպատակ՝ հնարավորինս արդյունավետ դարձնել այն սուրբ պահը, երբ աշակերտները հանդիպում են իրենց ուսուցչին։ Բոլորը, սկսած ուսմասվարից եւ տնօրենից եւ վերջացրած նախարարությամբ, պիտի իրենց ծառայությունը մատուցեն ուսուցչին իր նպատակին հասնելու համար։ Հանրակրթության մեջ այլ նպատակ չկա եւ չի կարող լինել։ Ուսուցիչը պիտի ամեն պահ զգա այդ աջակցությունը եւ դրանից բխող բարձր պատասխանատվությունը։ Միայն այս փիլիսոփայությամբ կառուցված կրթական համակարգը արդյունավետ կլինի։

 

Մինչ այսօր իրականությունը այլ էր։ Ուսուցիչը չէր վայելում համակարգի աջակցությունը, անընդհատ գտնվում է տարատեսակ ճնշումների ներքո, աշխատում էր անվստահության մթնոլորտում, իր աշխատանքը գնահատվում էր կեղծ չափանիշներով։ Դա անխուսափելիորեն շեղում էր ուսուցչին իր առաքելության գիտակցությունից, խեղաթյուրում էր կրթության նպատակի եւ տեսլականի ընկալումը։

 

Ժամանակն է վերանայել այս ամենը։ Ուսուցչի, դպրոցի, կրթական համակարգի առջեւ պետք է դնել ճիշտ նպատակներ, սահմանելով կրթական գործընթացի բոլոր մասնակիցների համար աշխատանքի գնահատման այնպիսի չափանիշներ, որոնք բխում են կրթության ճշմարիտ էությունից։ Անբովանդակ վարչարարությունը պետք է տեղ տա գործնական աջակցությանը, քննությունները պիտի կառուցվեն հասարակության համար պիտանի հմտությունների շուրջ, ուսուցչի համար պետք է սահմանվեն ճշմարիտ զարգացման նպատակներ։ Սա է կրթական համակարգի կայացման միակ հնարավոր ճանապարհը։

 

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am