Ֆիննական կրթական առասպելները - Mediamax.am

Ֆիննական կրթական առասպելները
7362 դիտում

Ֆիննական կրթական առասպելները


Հայաստանում կրթությամբ հետաքրքրվողներից շատերը բազմիցս լսել են Ֆինլանդիայի զարմանահրաշ կրթական համակարգի մասին։ Այն իսկապես շատ լավն է, անխոս այդպես է, սակայն ֆիննական կրթական համակարգի հատկանիշների շուրջ պտտվում են որոշ առասպելներ, որոնք ծագում են հիմնականում մակերեսային դիտարկումներից եւ հեռու են իրականությունից։

 

Մինչ նախորդ դարի վերջը Ֆինլանդիան հայտնի էր աշխարհին հիմնականում «Նոկիա» ընկերության շնորհիվ։ Սակայն 2000 թվականին անցկացված PISA միջազգային թեստավորման արդյունքում Ֆինլանդիան ճանաչվեց առաջատար, եւ այդ ժամանակից ի վեր բոլորը փորձում էին հասկանալ, թե որն է դրա գաղտնիքը։ 

 

Ֆինլանդիայում կրթական տուրիզմի բուռն աճ սկսվեց։ Մարդիկ գնում էին այնտեղ եւ ոգեւորվում ֆինների ստեղծած համակարգի առանձնահատկություններով, սակայն քիչ էին հետաքրքրվում, թե ինչպես է այն կառուցվել եւ ինչպես են իրականում աշխատում այդ առանձնահատկությունները։ Այդպես էլ առաջացան առասպելները։ 

 

Առասպել 1. Ֆինլանդիայի դպրոցները բացարձակ անկախ են եւ ստուգումների չեն ենթարկվում

 

Դա այդպես չէ։ Բոլոր դպրոցներն ամեն տարի տվյալներ են տրամադրում ազգային կրթական խորհրդին, որը դրանք ի մի է բերում եւ հրապարակում ընդհանրացված վիճակագրության տեսքով։ Ամեն դպրոց իր հերթին ստանում է համեմատական վիճակագրություն եւ ըստ օրենքի պարտավոր է դրա հիման վրա վերանայել իր աշխատանքը եւ քայլեր ձեռնարկել կրթության որակը բարձրացնելու համար։ Եթե չանի, կպատժվի։ Դրան ֆինները հասել են տասնյակ տարիների զարգացման արդյունքում։ Նախորդ դարի յոթանասունականներից մինչեւ դարի վերջը, երբ ընթանում էին ֆիննական կրթական բարեփոխումները, երկրում գործում էր կենտրոնացված եւ խիստ վերստուգողական համակարգ։ Բոլոր դպրոցները պարտավոր էին ի կատար ածել կենտրոնի հղած ցուցմունքները, որեւէ ազատություն չունեին, ուսուցիչներին ոչ ոք չէր վստահում։ 

 

Միայն նոր դարի սկզբին, երբ բոլոր դպրոցները հասան աշխատանքի որակի բարձր մակարդակի, հնարավոր եղավ ազատականացնել մոտեցումները եւ վստահել դպրոցների ինքնազարգացման ընթացքին։ Պատկերը գեղեցիկ է, բայց արդյունքում Ֆինլանդիան կրթական զգալի նահանջ է ունեցել եւ՛ վերջին երկու PISA թեստերում, եւ՛ իրենց ներքին տվյալների համաձայն։ Իրականում շատերը Ֆինլանդիայում համարում են, որ կրթությունը ճգնաժամային վիճակում է եւ կտրուկ բարեփոխումների կարիք ունի։

 

Առասպել 2. Ֆինլանդիայում չկան մասնավոր դպրոցներ, բոլոր դպրոցները հավասարապես լավն են եւ կա դպրոցի ընտրության բացարձակ ազատություն

 

Սա անհեթեթություն է։ Մասնավոր դպրոցներ կան, թեեւ շատ չեն. սովորական հանրակրթական դպրոցների ընդամենը 2%-ն է մասնավոր, իսկ մասնագիտական դպրոցների (ուր սովորում են 16 տարեկանից սկսած)՝ 12%-ը։ Շփոթմունքը գալիս է նրանից, որ դրանք, ինչպես եւ պետական դպրոցները, անվճար են, քանի որ պետությունը մասնավոր դպրոցների դեպքում նույնպես ամբողջապես ծածկում է ուսման ծախսերը։

 

Ինչ վերաբերում է դպրոցների ընտրությանը, ապա ֆինն աշակերտների մոտ 40%-ը փաստացի չի հաղթահարում ավագ դպրոցի մուտքային պահանջները եւ շարունակում է կրթությունը միջին մասնագիտական հաստատություններում։ Թեեւ դպրոցներում պաշտոնապես ընտրովի ընդունելություն չկա, փաստերն այլ բան են ասում։ Ֆինլանդիայի աշակերտների մոտ 37%-ը հաճախում է Հելսինկիի դպրոցները, որոնցում արդեն մրցակցություն է առաջացել, եւ այդ դպրոցները ստիպված են ընտրություն կատարել՝ հիմնվելով քննությունների արդյունքների վրա։ 

 

2000-ականների սկզբից Ֆինլանդիայում կտրուկ աճել է բարեկեցության տարբերությունը, եւ գնալով ավելի շատ ընտանիքներ գումար չեն խնայում լավ դպրոցների շրջակայքում բնակարաններ վարձելու համար, ինչը բերում է դպրոցների միջեւ որակական տարբերության աճին։ Բացի դրանից, կան տարատեսակ մասնագիտացված դպրոցներ (բնագիտական կամ արվեստի ուղղվածությամբ), որոնք տարբերվում են ուսուցման որակով, եւ որտեղ ընդունվելը դժվար է։

 

Պետք է նաեւ ավելացնել, որ ֆիննական դպրոցներում աշակերտները այնքան էլ երջանիկ չեն։ Վերջին հետազոտությունները մտահոգիչ են. 14–15 տարեկան աշակերտների մոտ կեսը կարծում է, որ ուսուցիչները հոգ չեն տանում իրենց մասին, իսկ երկրի օմբուդսմենը փաստում է, որ ֆինն աղջիկների 20-25 տոկոսը հոգեբանական լուրջ խնդիրներ ունի եւ գտնվում է սոցիալական աշխատակիցների անընդհատ աջակցության ներքո։ 

 

Վերջերս բանավեճ ունեցա ֆիննական հայտնի դպրոցներից մեկի փոխտնօրենի հետ։ Ես պնդում էի, որ աշակերտները պետք է իրենց բնական եւ ազատ դրսեւորեն դպրոցում, որպեսզի մենք տեսնենք նրանց խնդիրները եւ կարողանանք օգնել հաղթահարել դրանք։ Նա համոզված էր, որ դպրոցը աշակերտներից պետք է պահանջի բացարձակ վարքագիծ։ Բայց խոսակցության վերջում ինքն էլ խոստովանեց, որ իրենց դպրոցում զգալի քանակի երեխաներ խնդիրներ ունեն. առկա են բուլեմիա, անորեքսիա եւ այլ տեսակի հոգեբանական բարդույթներ։ Մի խոսքով՝ իդեալը զոհեր է պահանջում, եւ շատ հաճախ զոհ են դառնում հենց երեխաները, որոնք ի վիճակի չեն համապատասխանելու ֆիննական դպրոցի բարձր պահանջներին։

 

Առասպել 3. Ուսուցիչները շատ բարձր աշխատավարձ են ստանում

 

Ճիշտ է, Ֆինլանդիայում ուսուցիչները շատ հարգված են։ Եթե Անգլիայում ուսուցիչ դառնալու մրցույթում միջինում մոտ երկու մարդ է դիմում մեկ տեղի համար, ապա Ֆինլանդիայում այդ թիվը հասնում է 100-ի։ Դա պատմական պատճառներ ունի։ 

Ժամանակին, երբ Ռուսաստանը փորձում էր Ֆինլանդիայի վրա տարածել իր մշակութային ազդեցությունը, ուսուցիչները խիզախորեն հրաժարվեցին դասավանդել ռուսերեն եւ այդպիսով մեծ ներդրում ունեցան ազգային մշակույթի կայացման գործում։ Սակայն երկրում առկա միջին աշխատավարձերի համադրությամբ՝ ուսուցիչների եկամուտը չի առանձնանում։ Մի խոսքով՝ աշխատավարձը ոչ բարձր է, ոչ էլ՝ ցածր. սովորական է։

 

Որպես վերջաբան

 

Ֆիննական կրթական համակարգը խոր պատմական արմատներ ունի։ 19-րդ դարում քահանաները չէին ամուսնացնում զույգերին, եթե նրանցից որեւէ մեկը կարդալ չգիտեր։ Ֆինները 20-րդ դարում ամենասոցիալիստական ազգերից մեկն էին ազատ Եվրոպայում. հավասարության գաղափարը ոչ թե պետական քարոզչության մաս էր, այլ ազգի ներքին համոզմունքը։ Սակայն անգամ Ֆինլանդիայի նման էգալիտար երկրում կա տարբերակում։ Ավագ դպրոց հաճախում են միայն այն երեխաները, որոնք սիրում են ուսումը եւ իրենց ապագան կապում են շարունակական կրթության հետ։ Երբ մենք կրթական համակարգի զարգացումն ենք նախագծում, պիտի խորը վերլուծություն կատարենք, ճիշտ համեմատություններ անենք եւ մեր ուրույն ճանապարհը ձեւավորենք, այլ ոչ թե առաջնորդվենք անբովանդակ մակերեսային պատկերացումներով։ 

 

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին