«Մենավոր Գայլը», երեք նախագահները ու երկրի իրական տերերը - Mediamax.am

«Մենավոր Գայլը», երեք նախագահները ու երկրի իրական տերերը
46089 դիտում

«Մենավոր Գայլը», երեք նախագահները ու երկրի իրական տերերը


Դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի անկախության 25-րդ տարին պետք է հիշենք որպես ապրիլյան պատերազմի եւ հուլիսյան ողբերգության տարի: Ամեն մեկը տալիս է իր բնորոշումը` ահաբեկչություն, ապստամբություն, անհնազանդություն եւ այլն: Բայց էությամբ ողբերգություն է:

Այն պատճառով, որ «Մենավոր Գայլ» Արայիկ Խանդոյանը, որին ճանաչում էինք որպես «հայկական Չե Գեւառա» եւ Արցախյան գոյամարտի կենդանի խորհրդանիշներից մեկը, այսօր հայտնվում է Reuters-ի ֆոտոժապավենում`one of the Armenian gunmen անդեմ ստորագրությամբ:

Երբ 1996 թվականին իմ շատ սիրելի Ալվարդ Բարխուդարյանի հետ հոլանդացի լրագրողներին տարել էինք Աղդամ` Վիտալի Բալասանյանի մոտ, եւ նա առանց որեւէ քաղաքական կոռեկտության նրանց ասում էր, որ «ինչ արել ենք, լավ ենք արել», հրամանատարն անգամ ամենավատ երազում դժվար թե տեսներ, որ 20 տարի անց պետք է գա Երեւան ու միջնորդ դառնա Սերժ Սարգսյանի եւ զենքի ուժին դիմած իր մարտական ընկերների միջեւ:

Տեսնում եմ, թե ինչպես են համացանցում իրար մեղադրում եւ «ճիշտ բացատրում» Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի կողմնակիցները: Եվ չնայած Նիկոլն ու իր ընկերները պնդում են, որ իրենց նպատակն է ստեղծել «ինստիտուցիոնալ ընդդիմություն», որպեսզի վերջ տան մարդկանց անընդհատ հիասթափությանը, վերջին օրերի դեպքերը վկայում են, որ դա չի ստացվում: Հիասթափությունն ավելի է խորանում եւ բերում է նրան, որ ամբոխը պատրաստ է լսել թե Նիկոլին, թե «հայտնի տաքսիստին», իսկ տեր Ասողիկին ձայն ընդհանրապես չի տալիս:

Խնդիրը եղել եւ մնում է նույնը. մեր քաղաքական գործիչները մարդկանց չեն սիրում: Չեն սիրում արդեն 25 տարի: Սնոբիզմ եւ ցինիզմ` սրանք են մարդկանց հետ հարաբերվելու հիմնական «գործիքները»:

Աննկարագրելի ցավ է, բայց պետք է խոստովանենք, որ մեր անկախության 25 տարիները անընդհատ դավաճանության քառորդ դար են: Պառակտումների, միմյանց երեսին նայելու, բայց «տակից» իրար դեմ գործելու, սեփական «ես»-ը անընդհատ վաճառքի դնելու տարիներ:

Կառանձնացմնեմ միայն «Ղարաբաղ» կոմիտեի տրոհումը: Որքան էլ ցանկալի էր կոմիտեի տղաներին երկար ժամանակ միասնական տեսնել, դա, երեւի, անհնար էր` պատմության օրենքն է: Ի դեպ, հատկապես այս օրերին խորհուրդ կտամ ընթերցել Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված մեր հատուկ նախագծի նյութերը` այսօրվա իրավիճակի շատ ակունքներ այնտեղ կգտնեք: Կխնդրեմ, որ կարդաք Համբարձում Գալստյանի կնոջ նամակը «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, որում, մասնավորապես, ասում է.

«Ձեզանից ոչ ոք՝ Լեւո՛ն, Բաբկե՛ն, Վանո՛, Վազգե՛ն, Ալեքսա՛ն, Դավի՛թ եւ այլոք, ոչ ոք իրավունք չունի այդպես խոսել: Քանի որ ոչ ոք չի մաքրվի Հուդայի խարանից ու Կայենի անեծքից: Դավաճանությունն ամենաահավորն է մահացու մեղքերից, թող այդ մասին հիշեն տաճարներում մոմեր վառող ինքնակոչներն ու նրանց շքախմբերը»:

Կխնդրեմ, որ կարդաք նաեւ Վանո Սիրադեղյանի հոդվածը, որտեղ նա, մասնավորապես, ասում է.

«Դառնամ Համբարձում Գալստյանի շիրմաքարին` ասելու համար, ես տարբերություն չեմ տեսնում մարդասպանի ու «տարեգրի» միջեւ: Ավելի ճիշտ, մեկը մյուսի գործը շարունակել է: Մեկը մեր այս, վերջին հաշվով, հերոսական տասնամյակի մեջ դրել է այս շիրիմը, մյուսը (հիմարաբար` գուցե) մեր ապստամբ ընկերության ճակատին փորագրել է այս նզովքը, որպեսզի քանի ապրում ենք` կասկածենք իրար, եւ հուր-հավիտյան զղջանք մեր բռնած մեծ գործի եւ, գուցե, մեր վերջին միաբանության համար»:

Ի դեպ, մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ այսօրվա երիտասարդ ակտիվիստների մեծ մասը ոչ միայն պատմական գրքեր չի կարդում, այլեւ որեւէ պատկերացում չունի մեր նորագույն պատմության այս դրվագների մասին:

Այո, մեր անկախության 25 տարիները դավաճանության քառորդ դար էին: Բոլորը դավաճանում էին բոլորին, բայց, նախեւառաջ՝ իրենք իրենց:

«Ղարաբաղ» կոմիտեի պառակտումից հետո պառակտվեց նաեւ ՀՀՇ-ն, ստեղծվեց ԱԺՄ-ն, հետո պառակտվեց նաեւ ԱԺՄ-ն, իսկ այսօր մեր պետության հիմնադիրներից մեկը` Վազգեն Մանուկյանը, ղեկավարում է իշխանությունների գրպանային Հանրային խորհուրդը, որը հանրության շրջանում որեւէ հեղինակություն չունի եւ ծառայում է որպես մարդկանց «պատվավոր թոշակի» մի վայր:

1998-ին իշխանափոխություն եղավ ու տասնյակ պատգամավորներ մի օրում ՀՀՇ-ականից «երկրապահ» դարձան: Հետո Կարեն Դեմիրճյանը վերադարձավ ասպարեզ ու մոտ էր հաղթանակին, բայց որոշվեց, որ իշխանության պետք է գան իշխանափոխության հեղինակները` անկախ նրանից, թե մարդիկ ինչպես կքվեարկեն:

Թերեւս, միակ հասուն քաղաքական որոշումը, որն, ի դեպ, կայացվել էր մեծ դժվարությամբ, Վազգեն Սարգսյանի եւ Կարենի Դեմիրճյանի դաշինքն էր, որն ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեցավ: Ու սարսափում եմ մտածել, թե ինչ կլիներ, եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ինտերնետը, սոցիալական ցանցերը եւ ուղիղ հեռարձակման միջոցներն նույնքան հասանելի լինեին, որքան այսօր եւ գտնվեին Նաիրի Հունանյանի տրամադրության տակ:

Երիտասարդ դոկտոր Արթուր Բաղդասարյանը «Օրինաց երկիր» ստեղծեց: Տարբեր անկյուններում խոսում էին, որ Սերժ Սարգսյանի քողարկված «նախագիծն» է, բայց դե ոչ ապացույց կար, ոչ էլ խորանալու ցանկություն: 2008 թվականի ընտրություններից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը որոշել էր, որ իր հետնորդը պետք է Սերժ Սարգսյանը լինի` անկախ մարդկանց ցանկությունից, Արթուր Բաղդասարյանն էր, որ օգնեց փրկել մարտի 1-ից հետո անդունդի եզրին հայտնված իշխանությունը: Հետո երկար տարիներ պաշտոնավարեց Ազգային անվտանգության խորհրդում ու անսպասելի հեռացավ` մարդկանց ոչ ոք չբացատրեց, այդ ի՞նչ մոգական երազ տեսավ Արթուր Բաղդասարյանը, որը պարտադրեց նրան կրկին ընդդիմադիր դառնալ:

Արտաշես Գեղամյանի մասին էլ էին ասում, որ ներդրված «ական» է: Այդ կասկածները փարատելու համար Սերժ Սարգսյանը նրան «դատարկ դհոլ» անվանեց: Բայց Գեղամյանը չնեղացավ, տարիներ անց ասաց, որ «դատարկ դհոլ» բառերն իր համար «սթափեցնող նշանակություն» ունեցան: Հիմա էլ ամեն ինչ լավ է` իշխող կուսակցության խմբակցության անդամ է, ԵԱՀԿ Խորհրդարականան վեհաժողովում երկար ելույթներ է ունենում, երկու տարին մեկ հիմնականում այդ ելույթներից կազմված «գիրք» է գրում, որոնց շնորհանդեսներին ավանդաբար ներկա է լինում Սերժ Սարգսյանը:

2013 թվականների ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեցին: Առաջինը փաստացի ասաց, որ տարիքը չի ներում, երկրորդն էլ բացատրեց, որ «իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա»: Ինչը, սակայն չխանգարեց Քոչարյանին շարունակել հարցազրույցներ տալ եւ, ըստ էության, հողին հավասարեցնել «վաղեմի գործընկերոջ» վարած քաղաքականությունը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը «սիրավեպ» սկսեց Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ երկու մարդկանց միեւնույն հարթակում տեսնելն արդեն իսկ աբսուրդի թատրոնի դրվագ էր, բայց մարդիկ էլի հույս ունեին, որ «ինչ անում են, ժողովրդի համար են անում»: Հետո թվաց, որ Գագիկ Ծառուկյանը ուր որ է տապալելու է «ռեժիմը», իր հասցեին Սերժ Սարգսյանի եւ թիմակիցների կոպիտ արտահայտություններից նեղվեց, նախագահին «այդ մարդը» անվանեց, բայց հետո Մոսկվայից եկավ Սամվել Կարապետյանը ու բոլորին բարիշացրեց: Ու հիմա կրկին ամեն ինչ լավ է` մայիսին, երբ դեռ չէր լրացել ապրիլյան պատերազմի զոհերի քառասունքը, «Փարավոնում» Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցեցին վերջինիս նոր կոնյակների ճոխ, բայց անճաշակ շնորհանդեսին:

Սեփական արժանապատվության անարգման այս շարքը կարելի է երկար շարունակել եւ թող ներեն ինձ այն քաղաքական գործիչները եւ ուժերը, ում կենսագրության դրվագները այս սյունակում տեղ չեն գտել:

Բայց եթե սարկազմը մի կողմ դնենք, ուզում եմ, որ առաջին, երկրորդ ու երրորդ նախագահները, բոլոր քաղաքական ուժերը, ազատվեն այն պատրանքից, որ այս երկիրը «իրենցն» է: Ձերը չէ, ոչ էլ ժողովրդինն է: Այն, օրինակ, Թոխմախի Մհերինն է: Նա իրեն «լավ է զգացել» թե Խորհրդային Հայաստանում եւ թե ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք: Ու շարունակում է լավ զգալ: Եվ հավատացեք, որ իր համար «Մենավոր Գայլ» Արայիկի անձնական ողբերգությունը գրոշի արժեք չունի:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին