Հետընթացը որպես քաղաքական կապիտալ - Mediamax.am

Հետընթացը որպես քաղաքական կապիտալ
27360 դիտում

Հետընթացը որպես քաղաքական կապիտալ


Վերջերս մեծ հետաքրքրությամբ կարդացի Pew Reseach Center-ի հետազոտությունը՝ նվիրված թուրք հասարակության դիրքորոշումներին Էրդողանի եւ Թուրքիայի զարգացման ուղղությունների նկատմամբ։ Հետազոտության համառոտագիրը տեղադրված է կազմակերպության կայքում եւ հասանելի է ընթերցողին։

Աշխատությունը բավականին հետաքրքիր է այն առումով, որ ներկայացնում է, թե կոնկրետ ո՞ր սոցիալական խմբերն են պաշտպանում Էրդողանին եւ պետության քաղաքականությունը։ Ինձ ամենից շատ հետաքրքրեց կրթական ցենզի հետ կապված սոցիալ-քաղաքական դիրքորոշման հարցը, որը, կարծես թե, բացատրում է ժամանակակից Թուրքիայի զարգացման հիմնական ուղենիշները։

Այսպիսով, պետության զարգացման ուղղությունից բավարարված է միջնակարգ կրթություն ունեցողների 49%-ը, այն պարագայում, որ հետմիջնակարգ կրթություն ունեցողների շրջանում այդ թիվը չի գերազանցում 30%-ը։ Գրեթե նույնպիսի իրավիճակ է նաեւ կառավարության քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ակցիաների պաշտպանության հարցում․բարձրագույն կրթություն ունեցողները դրանց մեծամասամբ աջակցում են, իսկ կրթություն չունեցողները՝ ոչ։

Մյուս բավականին հատկանշական ցուցանիշն է կրոնականության եւ կառավարության նկատմամբ վստահության միջեւ կապը։ Օրական 1 անգամ աղոթող մահմեդականների շրջանում կառավարության վարկանիշը բարձր է 27 %-ի, իսկ 5 անգամ աղոթողների շրջանում՝ 79 %-ի մոտ։ Էրդողանին վստահում է օրական մեկ անգամ աղոթողների 25% եւ հինգ անգամ աղոթողների 74 %-ը, ոստիկանությանը վստահում է մեկ անգամ աղոթողների 33 % եւ հինգ անգամ աղոթողների 72 %-ը։

Ինչպես երեւում է այս տվյալներից, կառավարության հիմնական աջակիցները միջնակարգից ոչ բարձր կրթություն ունեցողներն են, ինչպես նաեւ մուսուլմանները, որոնց քանակը՝ հաշվի առնելով հիմնականում գյուղական համայնքների հաշվին տեղ գտած դեմոգրաֆիկ աճը, գնալով ավելանալու է։

Այս տվյալները մտքում պահելով, կարելի է բավականին ռացիոնալ բացատրություն գտնել Էրդողանի եւ իշխող կուսակցության այլ ղեկավարների աշխարհում բավականին մեծ արձագանք գտած հայտարարություններին։ Ամերիկան մուսուլմանների կողմից հայտնաբերման «փաստը» կամ կանանց կողմից կրթություն ստանալու աննպատակահարմարության վերաբերյալ տեսակետը թեեւ բավականին բացասական են ընկալվում միջազգային հանրության կողմից, բուն թուրքական հասարակությունում բավականին լայն աջակցություն են ստանում:

Այս երեւույթի որակական կողմը այն է, որ ամբոխավարությունը եւ սխոլաստիկ բնույթի հայտարարությունները ներքին քաղաքականության անքակտելի մասն են դառնում ։ Սակայն ամենաբացասական երեւույթն, ըստ իս, նրանում է, որ հասարակական հետընթացը դառնում է իշխանության լեգիտիմացման աղբյուր։ Սա միգուցե լավ է իշխող կուսակցության համար, սակայն իրենից ներկայացնում է հակամոդեռնի շարժիչ ուժ եւ ուղենիշ, երբ հասարակության եւ պետության ապագան ստորադասվում են իշխանությանը ձգտող եւ ամեն կերպ այն պահել փորձող խմբերի շահերին։ Երեւույթ, որը, ցավոք, բնորոշ է ոչ միայն Թուրքիային, այլ Մերձավոր Արեւելքի եւ հետխորհրդային տարածքի մի շարք այլ երկրներին։

Սեւակ Սարուխանյանը Ջորջթաունի համալսարանի Ֆուլբրայթ հրավիրված գիտաշխատող է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին