Հայրենադարձության իրանական մոդելը - Mediamax.am

Հայրենադարձության իրանական մոդելը
14514 դիտում

Հայրենադարձության իրանական մոդելը


Անցյալ տարի Հասան Ռուհանին՝ դեռեւս լինելով Իրանի նախագահի թեկնածու, հեռուստաբանավեճերից մեկի ժամանակ հայտարարեց, որ նախագահ ընտրվելու դեպքում կկազմակերպի Իրանից արտասահման գաղթած իրանցիների վերադարձը հայրենիք։ Խոսքը, պարզ ասած, հայրենադարձության կազմակերպման մասին է։

Թեհրանի՝ հայրենակիցներին Իրան վերադարձնելու ձգտումը երկրի որակական զարգացմանն առնչվող ցանկություն է եւ պայմանավորված չէ այլ երկրներում տարվող նման քաղաքականության հիմնական դրդապատճառով՝ ժողովրդագրությամբ։ Իրանի բնակչությունն անցել է 76 միլիոնի սահմանագիծը, ինչն արդեն իսկ լուրջ սոցիալ-տնտեսական մարտահրավեր է՝ հաշվի առնելով գործազրկության բարձր մակարդակը։ Այնպես որ բնակչության եւ դրանով տնտեսական խնդիրների ավելացման նպատակ Իրանի իշխանությունների առջեւ դրված չէ։ Հակառակը` Իրանին հայրենադարձներն անհրաժեշտ են ոչ թե ժողովրդագրական խնդիրները լուծելու, այլ հենց տնտեսական զարգացումն ապահովելու նպատակով։

Բանն այն է, որ Արեւմուտքում բնակվող իրանցիները, որպես կանոն, լավ կրթություն են ստացել եւ տիրապետում են ժամանակակից մասնագիտությունների։ Եթե նայենք պատմությանը, ապա Իսլամական հեղափոխությունից հետո Իրանից արտասահման գաղթածների մի հսկայական մասը հենց այն մարդիկ էին, ովքեր Արեւմուտքում կրթություն էին ստացել, ծանոթ էին աշխարհի անցուդարձին եւ օտար հասարակություններում ինտեգրվելու փորձ ունեին։

Այսօր նրանցից շատերն աշխատում են որպես առաջատար բժիշկներ, ինժեներներ եւ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներում։ Ոչ միայն նրանք, այլ նաեւ նրանց սերունդները, որոնք ձեւավորվել են արդեն Արեւմուտքում։ Անցած տարի Քաուֆմանի հիմնադրամի կողմից իրականացված «Մինչեւ 30 տարեկան աշխարհի տեխնոլոգիական ոլորտի 30 ամենաազդեցիկ կանայք» հետազոտության ցուցակում 3-ը՝ Սորայա Դարաբին, Փարիսա Թաբրիզն ու Ռոքսաննա Վարզան, այսինքն 10%-ը, ծագումով իրանցիներ են, ավելի ճիշտ՝ իրանական գաղթականների սերնդի ներկայացուցիչներ։

Սա, համաձայնեք, բավականին խոսուն ցուցանիշ է հայաստանցիների համար, որոնցից շատերը սովոր են թերագնահատել հարեւան ժողովրդների բնատուր եւ ձեռքբերովի կարողությունները։

Հենց այս իրանցիներին է Իրան ցանկանում վերադարձնել նախագահ Հասան Ռուհանին՝ լավ գիտակցելով, որ նոր եւ մրցունակ տնտեսություն կառուցելու եւ այդ տնտեսության միջոցով սոցիալական խնդիրների լուծումը հնարավոր է միայն մարդկային եւ մասնագիտական ռեսուրսի արդյունավետ կիրառման միջոցով։

Հարց է, թե որքանո՞վ հաջողված կլինի Իրանի նախագահի այս ցանկությունը։ Եթե այն մնա որպես զուտ խրատաբանական-հայրենասիրական կոչ, այն, իհարկե, կտապալվի։ Սակայն եթե իրավիճակն այդպիսին լիներ, այս սյունյակը չէի գրի. Իրանում արդեն իսկ ստեղծվել է «Հայրենադարձության պետական կոմիտե», որն ակտիվորեն աշխատում է նախկին հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ՝ մշակելով համապատասխան սոցիալական, տնտեսական եւ ինտեգրման ծրագրեր, որոնք թույլ կտան դյուրացնել վերադարձը` չդարձնելով այն ճանապարհ դեպի անհայտություն։

Կոմիտեի վերջնական նպատակն է՝ 300 000-ից մինչեւ 500 000 մրցունակ մասնագիտություն ունեցող իրանցիների Իրան վերադարձի կազմակերպումը, եւ այդ նպատակով միջոցներ չեն խնայում` անգամ այսօր, միջազգային պատժամիջոցների առկայության ֆոնին։

Իհարկե, Իրանն ունի իր քաղաքական յուրահատկությունները` Կոմիտեն գործում է Հետախուզության նախարարությանը կից, սակայն սա հասկանալի եւ որակական առումով երկրորդական երեւույթ է։

Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին