Ինչու է ֆուտբոլն ավելին, քան կյանքը:) - Mediamax.am

Ինչու է ֆուտբոլն ավելին, քան կյանքը:)
11676 դիտում

Ինչու է ֆուտբոլն ավելին, քան կյանքը:)


Արդեն 15 տարի, սկսած այն ժամանակից, ինչ ավարտեցի ծառայությունս բանակում, ամեն կիրակի երեկոյան ժամը 20-ին, լինի ցուրտ թե շոգ, ծնունդ թե հարսանիք, ընտրություն թե այլ արհավիրք, ես խաղում եմ ֆուտբոլ: Ինձ հետ միասին խաղում են. հաշվապահ, առաքիչ, նախկին մարզիչ, ֆինանսիստ, անիմատոր, էջադրող, ծրագրավորող, մասաժիստ, խանութպան, թարգմանական գրասենյակի տնօրեն, առեւտրական, պետական ծառայող, համակարգչային մասնագետ եւ պարզապես երրորդմասցի Սամոն: Ես արդեն չեմ հիշում, թե նրանք երբ եւ ինչպես հայտնվեցին մեր թիմում, բայց գիտեմ, որ նրանցից յուրաքանչյուրն իմ պես գիժ է, որովհետեւ ֆուտբոլը, իսկ ավելի շուտ` ֆուտբոլ խաղալը նրանց համար ավելի կարեւոր է, քան մարդկային մյուս հաճույքների բացարձակ մեծամասնությունը: Հիշում եմ միայն, որ այդ 15 տարիների ընթացքում մեզ միացան, սակայն որոշ ժամանակ անց անհետացան հարյուրավոր այլ մարդիկ: Մենք նրանց փիս բառերով չենք հիշում, “պոդկաբլուչնիկ” չենք անվանում, գիտենք` թե նրանց մեզ միանալը, թե հեռանալը լուրջ պատճառներ ունեին: Ավելին, փողոցային պատահական հանդիպումների ընթացքում նրանցից յուրաքանչյուրը, մի տեսակ արդարանալով, խոստանում է, որ “ահա, շուտով մի քիչ կազատվեմ, կգամ կհիշեմ ջահելությունս, ձեզ էլ խաղալ կսովորեցնեմ”: Սակայն հոգու խորքում թե ես, թե իրենք հասկանում ենք, որ, եթե շատ լուրջ պատճառ չլինի, նրանք վերադարձողը չեն:

Մենք` ֆուտբոլային մեր թիմը, հասարակության ամենակայուն օղակն ենք. փոխվում են երկրի ղեկավարները, փոխվում են մարդիկ, փոխվում է աշխարհը, անփոփոխ ենք միայն մենք` 12 հոգի խաղադաշտում եւ մեր գնդակը…



Ֆուտբոլն ընտանեկան համերաշխության հիմքն է:)

Չեմ հիշում, թե երբ եմ սկսել ֆուտբոլ դիտել, բայց ենթադրում եմ, որ դա եղել է մինչեւ այն պահը, երբ ես սկսեցի գիտակցել ինձ: Այդ պահը եւս կապված է ֆուտբոլի հետ. գնդակ էի խաղում մեր բակում: Ես մեծացել եմ մեծ ընտանիքում, Մոնումենտի սեփական տներից մեկում, որտեղ ինձնից բացի կար եւս 6 տղա երեխա: Չնայած այդ տան տարբեր հատվածներում մի քանի հեռուստացույց կար, տան տղամարդիկ “Արարատ”-ի արտագնա խաղերը միասին էին դիտում, իսկ ավելի հաճախ` լսում ռադիոյով: Այդ ժամերին մեր տան կանանց խորհուրդ էր տրվում անէանալ, հօդս ցնդել, թաքնվել մի տեղ անկյունում, բայց եւ պատրաստ լինել ցանկացած պահի սրտի դեղ կամ սուրճ հասցնել տղամարդկանց: Երեւի ավելորդ է նշել, որ երեւանյան բոլոր խաղերը մեր հայրերը, ապա նաեւ մենք նրանց հետ դիտում էինք “Հրազդան” ստադիոնում: Եվ ահա, այդ տանը, հատկապես բակում, ամբողջ շաբաթ խոսակցությունների հիմնական թեման նախ նախորդ խաղի քննարկումն էր, ապա` գալիք խաղի կանխատեսումները: Իսկ եթե ընդհանրացնենք, կարելի է ասել, որ “Արարատ”-ի խաղի արդյունքից էր կախված մեր տան մթնոլորտը. եթե մեր թիմը հաղթում էր, պապայից կարող էինք ցանկացած բան ուզել` կգներ: Իսկ պարտության դեպքում տանը “սուգ” էր. տխրում էինք ամբողջ ընտանիքով: Զարմանալի է, բայց նաեւ բնական, որ իմ երեխաները սիրեցին այդ խաղը եւ հիմա երկրպագում են ինձնից էլ ակտիվ ու բարձրաձայն եւ պայքարում են մոր հետ սիրելի թիմի խաղն ուշ երեկոյան դիտելու համար: Այո, ոչինչ չի փոխվել, միայն հեռուստացույցն է ավելի մեծ դարձել:)

Ֆուտբոլը թիմային աշխատանք է

Այդպիսի մթնոլորտով ապրող բակում բոլոր մեծերը, բնականաբար, երազում էին, որ փոքրերը կմեծանան եւ առնվազն Խորեն Հովհաննիսյան կդառնան: Ավաղ նրանց համար, մենք չարդարացրինք նրանց հույսերը: Բարեբախտաբար մեզ համար, մեզնից մեկը, այնուամենայնիվ, դարձավ ֆուտբոլիստ, հետագայում` Հայաստանի հավաքականի անդամ, ավագ, երկրի լավագույն խաղացող, ապա` մարզիչ եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:) Կարելի է ասել, որ նա մեզ փրկեց` իր վրա գրավելով մեծերի ուշադրությունը եւ թույլ տալով մյուսներիս շարժվել այլ ուղղությամբ: Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ֆուտբոլիստ դառնալու հույսերը վերջնականապես թաղեցի 9-րդ դասարանում, այն օրը, երբ քաղաքային առաջնության հերթական խաղում “Նաիրի” ստադիոնում կոտրեցի ձեռքս: Եվ քանի որ բժիշկները խստիվ արգելեցին առնվազն կես տարի նույնիսկ մոտենալ գնդակին, որոշեցի ուրիշ մի զբաղմունք գտնել այդ ժամանակահատվածի համար: Գտա ժուռնալիստիկան:):

Այնպես ստացվեց, որ ֆուտբոլն ինձ ավելին է տվել, քան ես նրան: Առողջությունից, երբեմն անառողջությունից, էմոցիաներից բացի դա թիմում աշխատելու ունակությունն է, նաեւ՝ արեւի տակ (հիմնական կազմում) տեղ գրավելու համար պայքարելու կարողությունը: Այո, ամեն թիմում լինում է առաջատար (երբեմն՝ մի քանիսը), բայց ոչ մի առաջատար ի վիճակի չէ միայնակ հաղթել հակառակորդին: Բարեբախտաբար, լիդերները դա գիտեն եւ գիտակցում են, որ նրանք, ով կատարում է սեւագիր աշխատանքը, պակաս արժանի չեն գովասանքի եւ հաղթանակի, քան իրենք: Միասնական էմոցիաները, ազարտը, հաղթանակի բերկրանքը, պարտության դառնությունը՝ դա այն է, ինչ միավորում է մարդկանց: Ավելին ասել անհնար է…

Ֆուտբոլը հավասարություն է

Չկա մեկ այլ վայր, որտեղ բոլոր մարդիկ հավասար են, քան մարզադաշտը (մեկ էլ երեւի սաունան:)): Մարզական այն ակումբում, ուր ես հաճախում եմ, ֆուտբոլ են խաղում տարբեր մարդիկ, հիմնականում՝ ունեւոր: Խաղադաշտում նրանք չեն տարբերվում, բոլորը կրում են մարզահագուստ, վազում նույն գնդակի ետեւից, նույն զգացումներն ապրում… Տարբերությունները զգացվում են արդեն դրսում, երբ նրանցից ոմանց դիմավորում են թիկնապահները եւ ուղեկցում դեպի շքեղ մեքենա: Մինչ այդ պահը բոլորը հավասար են:):

Ֆուտբոլը տղամարդկություն է

Իհարկե, ես ոչ մի դեպքում դեմ չեմ, որ կանայք եւ աղջիկները ֆուտբոլ խաղան, իսկ առավել եւս՝ դիտեն եւ երկրպագեն: Տղամարդկություն ասելով՝ այստեղ նկատի ունեմ դիմացկունությունը, արժանապատվությունը, պահվածքը վնասվածքների եւ այլ բարդ իրավիճակների ժամանակ: Պատահական չէ, որ ֆուտբոլասերները չեն սիրում “սիմուլյանտներին”, “ղզիկներին” եւ “լաչառներին”: Գուցե այդ պահին իր թիմին պետք է այդ “ղզիկությունը”, բայց հոգու խորքում երկրպագուն գիտակցում է, որ դա սխալ է, եւ դադարում է հարգել այդ խաղացողին: Այո, Զիդանը “քաշեց” իր թիմակիցներին՝ եզրափակչում գլխով հարվածելով Մատերացիի դեմքին, բայց ամբողջ աշխարհը, եւ ոչ միայն ֆուտբոլային, համոզվեց, որ “Զիդանը տղայա”:):



Ֆուտբոլն աշխարհ է

Անգլիացիներն ասում են. “Չգիտես՝ ինչի մասին խոսես զրուցակցիդ հետ, խոսիր եղանակի մասին”: Սա հնացած ասացվածք է: Հիմա այն պետք է հնչի այսպես. “Չգիտես՝ ինչի մասին խոսես զրուցակցիդ հետ, խոսիր ֆուտբոլի մասին”: Քանի անգամ են ֆուտբոլային իմ գիտելիքներն օգնել ինձ օտար ափերում դուրս գալ ծանոթանալու առաջին պահի անդուր իրավիճակից, դժվար է հաշվել: “Որտեղի՞ց եք դուք”: “Հռոմից”: “Ռոմայի՞ն եք երկրպագում, թե Լացիոյին”: “Օ, Ռոմային, իհարկե”: “Ռոման երեկ հիրավի փայլուն հաղթանակ տարավ Պյաչենցայի նկատմամբ, իսկ Տոտտին պարզապես հիասքանչ էր”: Եվ վերջ: Դուք արդեն ոչ միայն ծանոթ եք, այլեւ համարյա ընկերներ. կոմունիկացիան հաստատված է:): Միակ բացառությունն ինձ հետ պատահել է Հոլանդիայում, Մաաստրիխտ քաղաքում: Օդանավակայանից քաղաք գնալիս բարձր ծափողջյուններ եւ վանկարկումներ լսեցի: Տաքսու վարորդին հարցրի. “Այս ի՞նչ աղմուկ է”: “Մեր քաղաքի թիմն ընդունում է հարեւան քաղաքի թիմին”,- ասաց վարորդը: Եվ երբ ես սկսեցի կիսվել Հոլանդիայի առաջնության վերաբերյալ իմ գիտելիքներով, նա թեքեց դեմքն իմ կողմ եւ ջղային ասաց. “Լսեք, պարոն, ես ատում եմ ֆուտբոլը եւ այն ամենը, ինչ դրա հետ կապված է”: Արդեն հետո, հոլանդացի գործընկերներիս հետ քննարկելով այս միջադեպը, եկանք այն եզրակացության, որ տաքսու վարորդի կինը դավաճանել էր նրան ֆուտբոլիստի հետ: Ուրիշ բացատրություն նրանք չէին գտնում…

Ֆուտբոլը քաղաքականություն է

Երկրագնդի բնակչության մեկ երրորդը ֆուտբոլասեր է: Ուզում ես, որ այդ մարդիկ ճանաչեն եւ հարգեն քեզ: Դեղատոմսը շատ պարզ է. լավ հավաքական ունեցիր: Ուզում ես, որ քեզ հարգեն երկրի ներսում: Կրկին` լավ հավաքական ստեղծիր: Մի քիչ պրիմիտիվ է հնչում, բայց ֆուտբոլն էլ է առաջին հայացքից պրիմիտիվ խաղ թվում:

Ֆուտբոլն ամեն ինչ է

Ֆուտբոլում կա ամեն ինչ՝ սեր, ատելություն, երբեմն երկուսը միասին, երջանկություն, դժբախտություն: Կա նաեւ ազարտ, պայքար, էմոցիա: Կյանքում ամենատարօրինակ ֆուտբոլն ես դիտել եմ Ճապոնիայում, Նագոյա քաղաքում: Մրցում էին տեղի մարզադպրոցի մանկական թիմերը: Չնայած պայքարը շատ թեժ էր, խաղացողները ձայներ չէին արտաբերում. խաղադաշտում գրեթե լուռ էր, երբեմն լսվում էին միայն որոշ անզուսպ մայրիկների վանկարկումները: Ճապոնիայում էմոցիաները ցույց տալը վատ հատկանիշ է համարվում, եւ նույնիսկ գոլ խփելիս նրանք սահմանափակվում էին իրար ձեռք սեղմելով: Կարմիրները հաղթում էին, սակայն խաղի վերջին րոպեին գոլ բաց թողեցին, եւ գրանցվեց ոչ ոքի: Կարմիրների ավագի աչքերից արցունքներ էին հոսում, բայց դեպքի արտահայտությունն այդպես էլ չփոխվեց: Այդպես էլ չհասկացա՝ դա ուրախության արցունքներ էին, թե տխրության:):

Ֆուտբոլում ամեն մեկը գտնում է այն, ինչ ինքն է փնտրում: Հենց այդ է պատճառը, որ բոլորս տարբեր կերպ ենք այն ընկալում: “Ֆուտբոլը կյանք չէ, այն ավելին է, քան կյանքը”,- ասում են բրազիլացիները: Դժվար է չհամաձայնվել մի ազգի հետ, ում նորածինները տեսողություն ձեռք բերելուն պես առաջինը գնդակ են տեսնում:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:   

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին