Սարից այն կողմ, կամ ինչո՞ւ հենց մենք... - Mediamax.am

Սարից այն կողմ, կամ ինչո՞ւ հենց մենք...
2496 դիտում

Սարից այն կողմ, կամ ինչո՞ւ հենց մենք...


Գյումրիի երկրաշարժից հետո պապիկիս ընտանիքը ժամանակավորապես հաստատվել էր Ամասիայի տարածաշրջանի Ողջի գյուղում, որտեղ մասնագիտությամբ ինժեներ տատիկս զարմանալի արհեստավարժությամբ լծվել էր հողագործությանը, ու գյուղական տնամերձում մի հրաշալի պտղատու այգի էր տնկել։ Ես դեռ նույնիսկ դպրոցական չէի, բայց հիշում եմ, որ ամեն տարի գնում էինք Ողջի հանգստանալու, տատիկիս այգու ելակն ուտելու ու հազար հնարի տեր պապիկիս պատրաստած ճոճանակով ճոճորվելու։ Հիշում եմ՝ մեր տան դիմաց մի սար կար, վրան հովիվի տուն էր, ու մարդիկ ասում էին՝ այդ տանից այն կողմ թուրքերն են․․․ Կհավատաք, թե ոչ, չնայած շատ փոքր հասակիս, երազում էի անցնել այդ սարը, որպեսզի թուրք տեսնեմ։ Թե՛ հորական, թե՛ մորական կողմս ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, և ես թուրքերի մասին պատմությունները շատ վաղ հասակից էի լսել։ Հիմա նույնիսկ վստահ չեմ, որ այդքան վաղ հասակում արժեր այդքան մանրամասներ իմանալ. Հավատացեք՝ ես այսօր էլ որոշ դրսևորումներում զգում եմ այդ պատմական կորստի դրոշմը․․․

Մի խոսքով՝ ուզում էի սահմանն անցնել, ինձ հետաքրքիր էր, թե այդ ինչ կերպարանք ունի թուրքը, ինչպես է պատահել, որ ինձ չի կարելի այդ սարն անցնել։

Այսօրվա Անժելան երևի թե շատ քիչ կապ ունի Ողջի գյուղի սարն անցնելու մասին երազող փոքրիկ աղջկա հետ, բայց կատարվածի մասին հարցերս հիմա էլ շատ են։

Ինչպե՞ս պատահեց, որ մենք ցեղասպանվեցինք։ Եթե խնդիրը մեր ազատագրական պայքարն էր, ապա ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ հենց մենք․ չէ՞ որ մենք միակ ժողովուրդը չէինք, որ Օսմանյան կայսրության կազմում երազում էինք անկախության մասին և ընդվզում․ այնտեղ կային հույներ, արաբներ, քրդեր և այլն, ու չնայած այս ժողովուրդները նույնպես կոտորվել են, բայց նրանց դեպքում ծավալներն այսքան աղետալի չեն եղել։ Եվ ահա՝ իմ որոնումներում, տարբեր աղբյուրների ուսումնասիրության արդյունքում եկել եմ մի քանի եզրահանգումների, որոնք այսօր էլ լրջորեն մտածելու տեղ են տալիս:

Մենք շատ էինք ներկա, բայց քիչ՝ համակարգված

Մեր համայնքներն առանձնանում էին՝ կրթված, մշակույթով, եկեղեցիներով։ Հայերն ազդեցություն ունեին Օսմանյան կայսրության տարբեր ոլորտներում որպես անհատներ կամ առավելագույնը որպես խմբեր, բայց ոչ որպես կազմակերպված միասնական հանրույթ։ Մենք աղաղակում էինք, որ արժանի ենք անկախության և ձգտում էինք հասնել դրան, բայց մեր «ներկայությունը»՝ առանց համահունչ միասնական կառույցի ու պաշտպանական հնարավորության, մեզ խոցելի էր դարձնում։ Մենք ներկայություն էինք՝ առանց լուրջ ուժային հակակշռի։


Մենք սխալ հաշվարկեցինք ոգեշնչման չափաբաժինը

19-րդ դարի սկզբին հույների հաջողության պատմությունը մեզ համար ոգեշնչող օրինակ էր դարձել և մենք ցանկանում էինք նույն ճանապարհն անցնել, բայց կրկին առանց բավարար ռեսուրս ներգրավելու ու համատեքստը հաշվի առնելու։ Հույները Եվրոպայում կարողացել էին ստեղծել հասարակական կարծիք, որ Հունաստանը եվրոպական մշակույթի հայրն է։ Ռոմանտիկ Եվրոպայում այդ շրջանում մեծարվում էին անտիկ գործիչները, իսկ Հունաստանը դիտվում էր որպես Եվրոպայի խորհրդանիշ։ Ես չեմ խոսում աշխարհագրական և քաղաքական իրավիճակների առանձնահատկությունների մասին, դա առանց այդ էլ ակնհայտ է, սակայն հենց միայն հունական «նարատիվը» բավական մեծ դեր կարողացավ խաղալ նրանց ազատագրական պայքարում, իսկ մենք չունեինք աշխարհին «վաճառելու» հետաքրքիր բանաձև։

Մենք համատեքստը հաշվի չառանք

Քանդված պետության վերջին հարվածը հաճախ ուղղված է «ներքին թշնամու» դեմ։ Օսմանյան կայսրությունն անկում էր ապրում, տարածքները կորսվում էին, տնտեսությունը՝ քայքայվում։ Այդ պայմաններում «ներսի կարգուկանոնը» պահպանելու համար իշխանություններին հարմար թիրախ էր պետք։ Երիտթուրքերը նպատակ ունեին օսմանյան բազմազգ պետությունը փոխարինել թյուրքական միասնական ազգային պետությամբ, և հայերը, որպես հստակ ինքնություն ունեցող, մշակութապես զարգացած և տարածքային ձևով քիչ թե շատ կենտրոնացված ժողովուրդ, իրենց ազատագրական պայքարով ու ռուսների հետ «ուխտադրուժ սիրավեպով» ընկալվում էին որպես այս նոր ազգային նախագծի խոչընդոտ, չէ՞ որ նրանց ներկայությունը չափից դուրս աղմկոտ էր։ Սա հիմնարար պատճառներից էր, որի վրա կառուցվեց պետականորեն համակարգված բնաջնջման ծրագիրը։ Իսկ այ արտաքին ուժերի համար կարող էր չափից դուրս ծանր նստել «հայերի փրկության նպատակով» թուրքական պետության ներսում ռազմական գործողություններ իրականացնելը և նրանք ուղղակի գլուխ չդրեցին։  

Մենք մեզ չենք ճանաչում

Գուցե վատաբանեք ինձ, բայց մերոնք կրկնել սիրում են։ Հիմա էլ հաճախ կարելի է լսել «Հայաստանը պետք է դառնա նոր Սինգապուր» կամ «Հայաստանը մեր տարածաշրջանի Իսայելն է», մինչդեռ Հայաստանը Հայաստանն է։

Մենք մեր իրական կարողությունները գնահատել չենք սիրում։ Մեզ ասել են, որ ամենահինն ու հզորն ենք ու ամբողջ աշխարհն անարդար է մեր նկատմամբ, և բոլորս հանրային ու անհատականացված մակարդակում ինքնակեղեքվում ենք այդ համաշխարհային անարդարությունից, բայց ոչ էլ առանձնապես ջանք ենք գործադրում մեր արդարության սահմանումը տալու ու այն պահելու համար։

Մեզ դժվար է համախմբել։ Մեր հասարակությունը մի պարադոքս է․ մենք մտածում ենք կոլեկտիվ ուղեղով, իսկ որոշումները կայացնում մեծամասամբ ինդիվիդուալ մակարդակում։

Ցեղասպանություն չէր լինի, եթե պետություն ունենայինք, պետություն հիմա ունենք։ Վերևում նշել էի, որ ժամանակին աշխարհին «վաճառելու» հարմար «բանաձև» չենք ունեցել։ Իսկ հիմա ունե՞նք․․․

Անժելա Կժդրյանը ԵՊՀ դասախոս է, ռազմավարական հաղորդակցության մասնագետ:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին