Էլեկտրոնային կառավարո՞ւմ։ Չէ, չենք լսել․․․ - Mediamax.am

Էլեկտրոնային կառավարո՞ւմ։ Չէ, չենք լսել․․․
1584 դիտում

Էլեկտրոնային կառավարո՞ւմ։ Չէ, չենք լսել․․․


Օրերս հայաստանցի մի քանի լրագրողներով EU Neighbours East ծրագրի նախաձեռնությամբ մեկնել էինք Էստոնիա եւ առիթը բաց չթողեցինք այցելել այդ երկրի էլեկտոնային կառավարման e-estonia համակարգի գրասենյակ: Եթե այս անվանումը ձեզ ոչինչ չի ասում, ապա շտապեմ ձեզ զարմացնել. հեղինակավոր մի շարք կազմակերպությունների կողմից Էստոնիան ճանաչվել է աշխարհի էլեկտրոնային կառավարման եւ թվային հասարակության առաջատար:

Հիշո՞ւմ եք ոչ հեռավոր այն ժամանակները, երբ որեւէ գործարք կամ գործողություն անելու համար մեզ անհրաժեշտ էր պետական տարբեր հիմնարկներից տարաբնույթ տեղեկանքներ հավաքել՝ ծախսելով այդ նպատակով մեր նյարդերը ու թանկարժեք ժամանակը: Անկեղծ լինենք՝ այսօր եւս բազմաթիվ հարցեր կան, որոնք լուծելու համար անհրաժեշտ է հերթ կանգնել եւ շատ ժամանակ, գումար ու նյարդեր ծախսել: Նա, ով գեթ մեկ անգամ արտասահմանից մեքենա է ներկրել իր համար, շատ լավ կհասկանա, թե ինչ ի նկատի ունեմ: Մյուս բնագավառները չթվարկեմ: Իսկ հիմա պատկերացրեք մի համակարգ, որը թույլ է տալիս ձեզ խուսափել պետության հետ առերեսվելուց եւ որի միջոցով դուք կարող եք իրականացնել ձեր իրավունքները եւ կատարել բոլոր պարտավորությունները՝ սկսած ծննդյան վկայականից եւ ավարտած… Չավարտած, որովհետեւ այս պրոցեսն ավարտ չունի: Էստոնիայի պետական բոլոր հիմնարկներն ներառված են այս համակարգում, իսկ ամբողջ փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային է՝ ոչ թղթային: Դրանցից շատերը նույնիսկ փոստային հասցե չունեն՝ միայն էլեկտրոնային:

Հիմա ավելի պարզ եւ պատկերովոր. Էստոնիայի յուրաքանչյուր քաղաքացի ունի նույնականացման էլեկտրոնային քարտ, որի վրա կուտակվում է իր մասին ամբողջ տեղեկատվությունը՝ սկսած մանկապարտեզից եւ մանկաբույժից: Միաժամանակ ամեն մեկն ունի մուտքի հնարավորություն էլեկտրոնային կառավարման համակարգ իր քարտի կամ սմարտֆոնում ներբեռնած բջջային հավելվածի միջոցով, ինչպես նաեւ այդ համակարգին կցված էլ.փոստ, որի վրա գալիս է անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Համակարգի միջոցով անձը կարող է տեղեկանալ եւ վճարել իր կոմունալ ծախսերը, իմանալ երեխաների գնահատականները, վճարվելիք հարկերը եւ տուգանքները, բժիշկին այցելելու ժամանակացույցը, արձակուրդի օրերը, օրենքում իրեն վերաբերող փոփոխությունները, կարող է մասնակցել տեղական, պետական եւ նույնիսկ եվրոպական կառավարման մարմինների ընտրությանը, բանկային գործարքներ իրականացնել, պատվիրել եւ ստանալ անձնագիր, ստորագրել փաստաթղթեր, նամակագրություն հաստատել կառավարման ցանկացած մարմնի հետ եւ նույնիսկ հետեւել, թե պետական որ կառույցն է հետաքրքրվել իր անձով: Եվ սա ամենեւին էլ ամբողջական ցանկը չէ: Միակ արարողությունը, որը դեռեւս պահանջում է անձնական ներկայություն, ամուսնությունն է, հայերեն ասած՝ զագսավորումը: Սակայն դա եւս, կարծում եմ, ժամանակի հարց է, առավել եւս որ էստոնացիների նոր սերունդը նախընտրում է որեւէ կերպ չգրանցել հարաբերությունները:



Իսկ այժմ մի քանի թիվ.

- Էստոնիայի քաղաքացիների 99%-ը նույնականացման քարտ ունի,
- 67%-ն այն պարբերաբար օգտագործում է,
- 43,7%-ն էլեկտրոնային եղանակով է քվեարկել 2019թ. ընտրություններին,
- պետական ծառայությունների 99%-ը հասանելի է առցանց,
- առցանց հնարավոր է 2773 տեսակի գործարք իրականացնել,
- ամսական համակարգի միջոցով կատարվում է շուրջ 180 միլիոն գործարք, այն դեպքում, երբ Էստոնիայի ողջ բնակչությունն ընդամենը 1.3 միլիոն է:

Ինչու եմ այս ամենը պատմում: Ընդունված է կարծել, թե Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացած է: Թե բա բազմաթիվ IT ընկերություններ կան, 30 հազար հոգի աշխատում է այդ բնագավառում: Վերջերս առիթ եղավ ստուգելու այդ կարծիքը: ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am համակարգի միջոցով, որն, ի դեպ, բավականին հնացել է, փորձեցի վճարել մեքենայիս գույքահարկը: Գործարքը հաջողությամբ ավարտելուց հետո անհամբեր սպասում էի, թե երբ է զրոյանալու պարտքս, որպեսզի անցնեմ հաջորդ փուլին՝ տեխկտրոնի ձեռքբերմանը: Անցավ մեկ շաբաթ, սակայն պարտքը դավաճանաբար չէր զրոյանում: Զանգահարեցի կայքում նշված համարով, որը, ինչպես պարզվեց, պատկանում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: Այնտեղ շատ սիրալիր խորհուրդ տվեցին զանգահարել թաղապետարանի գույքի հավաքագրման բաժին եւ խնդրել, որ “գումարը նստացնեն հաշվեհամարին”: Զանգահարեցի: “Հեսա ստուգեմ, ախպերս, 10 րոպեից զանգի”,- ասաց զրուցակիցս: Կրկին զանգահարեցի: “Հա, էկել ա փողդ, էսօր օրվա վերջ կնստցնեմ հաշվին”,- ասաց ձայնը եւ կախեց խոսափողը…

Գուցե Ֆեյսբուքում իրար վիրավորանք հասցնելու թվաքանակով մենք իսկապես աշխարհում համար մեկն ենք, բայց, ի սեր Աստծու, ՏՏ-ի հետ դա ոչ մի կապ չունի: Այսօր Հայաստանը ՏՏ երկիր չէ, երկրորդ կարծիք լինել չի կարող: Դա զուտ պատրանք է…

Էստոնացի մեր գործընկերները պատմում էին, որ էլեկտրոնային կառավարման համակարգն օգնեց երկրին տնտեսել համախառն ներքին արտադրանքի 2%-ը, որն էլ ուղղվեց կրթական համակարգի զարգացմանը: Իսկ այժմ փորձեք հիշել, թե որքան անիմաստ փաստաթղթեր եւ դրանց պատճեններ եք պահպանում տանը՝ կարծելով, որ կարող է մի օր պետք գան: Կամ որքան ավելորդ թղթաբանություն կա պետական այն հիմնարկներում, որոնց առնչվում ենք գործի կամ կյանքի բերումով: Կարծում եմ, վաղուց արդեն ժամանակն է, որ պետությունը էլեկտրոնային ծառայությունների մատուցումն առաջնահերթություն հռչակի եւ այդ ուղղությամբ գործնական քայլեր կատարի: Իսկ որպես առաջին քայլ կարելի է խորությամբ ուսումնասիրել նույն Էստոնիայի փորձը:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին