Փարիզ-Երեւան՝ «Ֆեյք նյուզի» դեմ պայքարի մի քանի դաս - Mediamax.am

Փարիզ-Երեւան՝ «Ֆեյք նյուզի» դեմ պայքարի մի քանի դաս
2144 դիտում

Փարիզ-Երեւան՝ «Ֆեյք նյուզի» դեմ պայքարի մի քանի դաս


Ժողովրդավարական հասարակությանը նոր մարտահրավեր է նետված, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեթեւ ձեռքով հայտնի է դարձել բոլորին՝ «fake news» (կեղծ լուրեր)։ 

 

Միամտություն կլինի կարծելը, թե «ֆեյք նյուզը», կամ նույն ինքը մեդիա մանիպուլյացիաները նոր երեւույթ են։ Ամենեւին։ Պարզապես արագ փոփոխվող աշխարհում զգալիորեն նվազել է ճշմարիտ խոսքի արժեքը, իսկ մարդիկ համացանցին միացած իրենց սմարթֆոնների եւ պլանշետների միջոցով ամեն օր այնքան ինֆորմացիա են կլանում, որքան նախկինում չէին ստանում նույնիսկ մեկ ամսվա ընթացքում։ Եվ, իհարկե, եթե կա լսարան, կլինեն նաեւ մարդիկ, ովքեր կցանկանան այն ուղղորդել, կառավարել, եւ չկա դրա համար ավելի հեշտ եւ հարմար ճանապարհ, քան մեդիա մանիպուլյացիան է։

 

Զարգացած, ժողովրդավարական միանգամից մի քանի պետություններ «ֆեյք նյուզից» պաշտպանություն են փնտրում։ Որքան էլ զարմանալի, դրանց թվում է Ֆրանսիան։ Ինչո՞ւ է զարմանալի։ Աշխարհի ընկալմամբ, Ֆրանսիան ազատ խոսքի, արտահայտվելու իրավունքի, մամուլի ազատության բնօրրանն է, եւ դժվար էր պատկերացնել, որ հենց այստեղ կարող է մտահոգվեն այդ ազատությունների չարաշահմամբ։ Բայց արի ու տես, որ Եվրոպայում մեդիա մանիպուլյացիաների դեմ ուղղված օրենք առաջինը հենց Ֆրանսիան է ընդունել՝ նախորդ տարվա դեկտեմբերին։ Իսկ դրա բացատրությունը շատ պարզ է եւ հասկանալի․ ֆրանսիական հասարակության զգալի մասը «ֆեյք նյուզն» ընկալում է ոչ միայն որպես սպառնալիք ազգային անվտանգությանը, այլեւ մարտահրավեր ժողովրդավարական համակարգին եւ պետականությանը։ Ինչո՞ւ։ Բացատրեմ։

 

Կեղծիքի, ապատեղեկատվության, քաղաքական մանիպուլյացիաների միջոցով հնարավոր է էականորեն ազդել ընտրողների տրամադրության վրա, ուղղորդել ընտրելու այս կամ այն ուժը, կամ թեկնածուին։ Իսկ երբ տեղեկատվական այդ հոսքերը գալիս են այլ երկրներից, դա կարելի է համարել միջամտություն պետության ներքին գործերին։ Թե Ֆրանսիան, թե Միացյալ Նահանգները վերջին տարիներին դեմ առ դեմ հանդիպել են այս սպառնալիքին։ Այստեղից էլ մտահոգությունները եւ ընդունված օրենքը, որը գործելու է հատկապես նախընտրական շրջանում։

 

Մի քանի օր առաջ ճանաչողական այցով Փարիզում էր գտնվում հայաստանցի լրագրողների եւ ԶԼՄ ղեկավարների խումբը։ Այցի նպատակը մեդիա մանիպուլյացիաների դեմ պայքարի ֆրանսիական փորձին ծանոթանալն էր։ Կփորձեմ ներկայացնել ամենաարժեքավոր տեղեկատվությունը, որ ստացա այցի ընթացքում։

 

Կրթություն

 

Ֆրանսիայում վաղուց են հասկացել մեդիագրագիտության կարեւորությունը։ Դեռեւս 20-րդ դարի 80-ական թվերին կրթության նախարարության կազմում ստեղծվել է Մեդիա եւ ինֆորմացիոն կրթության կենտրոնը (CLEMI), որի առաքելությունն է մանկավարժների վերապատրաստումը, կրթական եւ դաստիարակչական գործունեությունը։ Ամեն տարի CLEMI-ն Ֆրանսիայի 17 000 դպրոցական հաստատություններում անցկացնում է Մամուլի եւ ԶԼՄ-ների շաբաթ, որին մասնակցում է շուրջ 3,5 միլիոն աշակերտ։ Մինչեւ 2013 թվականը մեդիագրագիտության դասերը ֆրանսիական դպրոցներում կամընտրական էին, իսկ այժմ՝ պարտադիր։ Արդյունքում դպրոցի շրջանավարտն այնտեղ քիչ թե շատ կարողանում է տարբերել հավաստի լուրը կեղծից, հասկանում է փաստի եւ կարծիքի տարբերությունը, կարողանում է ստուգել ստացված տեղեկության աղբյուրը։ Վատ չի, չէ՞...


Օրենսդրություն

 

Մեդիա մանիպուլյացիաների դեմ օրենքն ուղղված է ոչ այնքան բուն «ֆեյք նյուզն» արգելելուն, որքան այն տարածելու դեմ, որն իրականացվում է հիմնականում սոցիալական ցանցերի եւ հատկապես Ֆեյսբուքի միջոցով։ Օրենքի շրջանակներում Ֆրանսիացի օրենսդիրներն ակտիվ բանակցություններ են վարում Ֆեյսբուքի, Գուգլի, մասսայականություն վայելող սոցցանցերի հետ: Այդ բանակցությունների առաջին արդյունքն այն է, որ Ֆրանսիայում օգտատերերն արդեն տեսնում են, թե ով է այս կամ այն խմբի, էջի հիմնադիրն ու մոդերատորը, ինչպես նաեւ ով է վճարել գովազդային նյութի համար։ 

 

Ֆեյսբուքն ինքն էլ է շահագրգռված մաքրել Ավգյան ախոռները։ Սոցցանցի ալգորիթմը մշտապես կատարելագործվում է, որպեսզի ավելի լավ տարբերի հավաստի լուրերը կեղծիքից, լուրջ ԶԼՄ-ները՝ դեղին մամուլից։ Ցավոք, արհեստական բանականությունը դեռեւս ունակ չէ ամբողջությամբ փոխարինել փորձագետներին, սակայն ակնհայտ է, որ Ֆեյսբուքը փորձում է օպտիմալ լուծում գտնել։ 

 

Հիմնական խնդիրն այստեղ «ֆեյք նյուզ» հասկացության սահմանումն է։ Օրենքում նման հստակ, ունիվերսալ սահմանում չկա, բայց նշված է, որ ցանկացած անձ կարող է դիմել դատարան՝ պահանջելով հեռացնել այս կամ այն լուրը՝ կեղծ լինելու պատճառաբանությամբ, եւ դատավորը 48 ժամվա ընթացքում պարտավոր է քննել հարցը եւ որոշում կայացնել։ Եթե նա պարզի, որ լուրն իսկապես կեղծ է, այն պետք է հեռացվի կայքից եւ որոնման համակարգերից, իսկ այն առաջինը հրապարակողը՝ լինի դա անհատ, ԶԼՄ, կամ պարզապես սոցիալական ցանցի օգտատեր, ավտոմատաբար կհայտնվի կեղծարարների սեւ ցուցակում, որը կազմելու են դատական իշխանությունները։

 

Մեդիաներ

 

Լրագրողները, լրատվամիջոցները եւ լրագրողական կազմակերպությունները հիացած չեն նոր օրենքով։ Ամենաշատը նրանց անհանգստացնում է այն հարցը, թե ինչպես պետք է սովորական, չմասնագիտացած դատավորը 2 օրում որոշի՝ ճշմարիտ է այս կամ այն լուրը, թե ոչ, եթե նույնիսկ փորձագետներին դրա համար հաճախ շատ ավելի երկար ժամանակ է պահանջվում։ Միակ պատճառը, թե ինչու նրանք չեն ընդվզում դրա դեմ, այն է, որ օրենքը պաշտպանում է հավաստի, լուրջ մեդիաները, որոնցից շատերն իրենք էլ տեղեկությունները ստուգելու եւ նույնիսկ վերստուգելու ստորաբաժանումներ ունեն։ Լրագրողները հույս ունեն, որ օրենքի գործողության արդյունքում լուրջ մեդիաները չեն տուժի, փոխարենը կկրճատվի կեղծիքի շրջանառությունը, որից ԶԼՄ-ները տուժում են ոչ պակաս, քան իշխանությունները, քանզի անդադար նվազում է հանրության վստահությունը մեդիաների նկատմամբ՝ նախորդ տարի կազմելով ռեկորդային 20%-ը։

 

Հասարակություն

 

Որոշ տեղեկությունների համաձայն, Ֆրանսիայի առաջատար մեդիաների 98%-ը պատկանում է 10 ընտանիքի կամ ընկերության։ Ընդ որում, մեդիա բիզնեսը այդ 10-ի համար գործունեության հիմնական ուղղությունը չէ, այլ շատերից մեկը եւ ոչ ամենակարեւորը։ Ելնելով կորպորատիվ էթիկայից՝ մեյնսթրիմ մեդիան սուր չի քննադատում ոչ իշխանությանը, ոչ սեփական տերերին, ոչ էլ նույնիսկ մրցակիցներին։ Այն հիմնականում անատամ է, այստեղից էլ այդ չարաբաստիկ 20% վստահությունը հասարակության կողմից։ Եվ այս պայմաններում առաջին պլան են մղվել չվերահսկվող ԶԼՄ-ները, օրինակ, հետաքննական լրագրության ուղղությամբ մասնագիտացած Mediapart-ը, որին, ի դեպ, առանց որեւէ հաջողության փորձում է ճնշել ֆրանսիական իսթեբլիշմենթը եւ որին կատաղի պաշտպանում են Դեղին ժիլետները։ Վստահելիների ցանկում է նաեւ ռուսաստանյան RT-ն, որն եվրոպական երկրների համար իսկական մղձավանջ է դարձել։ Իհարկե, պարտավոր ենք նշել, որ ֆրանսիական հասարակությունը բազմաշերտ է, ինչպես եւ ամենուրեք։ Բայց ավանդական ԶԼՄ-ներին այսօր չի վստահում համարյա ոչ ոք, ինչն էլ առաջացրել է, ինչպես ասում էին փարիզյան մեր գործընկերները, ֆրանսիական լրատվամիջոցների բոլոր ժամանակների ամենամեծ ճգնաժամը։

 

Միջազգային փորձ

 

Ֆրանսիացի օրենսդիրները բավական ոգեւորված են իրենց հաջող փորձով եւ ձգտելու են համանման օրենք առաջ քաշել նաեւ Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների ժամանակ։ Եթե օրինագիծն անցնի եւ կիրառվի (իսկ շանսերը մեծ են), մեդիա մանիպուլյացիաների դեմ պայքարի մասին օրենքի ընդունումն անխուսափելիորեն կհայտնվի նաեւ եվրոպական այլ առաջատար երկրների օրակարգում, իսկ հետագայում, համարյա համոզված եմ, նաեւ Հայաստանի։ Թե որքան շուտ նման օրինագիծ կմտնի ՀՀ ԱԺ օրակարգ, դեռեւս վաղ է գուշակել։ Բայց այն հանգամանքը, որ մեր երկրի նոր իշխանությունները բավական նյարդային են ընդունում քննադատությունը՝ անհիմն եւ հիմնավոր, կարող եմ ենթադրել, որ նման նախաձեռնությունը սարերի ետեւում չէ։ Եվ այդ պարագայում լրագրողների եւ լրատվամիջոցների շահերից բխելու է ոչ թե կուրծք ծեծելն ու հիստերիկանալը, այլ այդ գործընթացին մասնակցելը, աջակցելն ու ուղղորդելը, որպեսզի ֆեյքերի դեմ պայքարը հանկարծ չդառնա ոչ ցանկալի ԶԼՄ-ների դեմ պատերազմ։

 

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է եւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին