Ի՞նչ գեյ պարադ - Mediamax.am

Ի՞նչ գեյ պարադ
10441 դիտում

Ի՞նչ գեյ պարադ


Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե որտեղից արդյո՞ք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ…

 Հովհաննես Թումանյան

Հանճարեղ Թումանյանի «Մի կաթիլ մեղր»-ը, թերևս, շատ բնութագրական է մեր իրականության մեջ տեղի ունեցող մի շարք իրադարձությունների համար:

Երեկ շատերը տարբեր աղբյուրներից տեղեկացան, որ Երեւանի կենտրոնական փողոցներում գեյ-պարադ է, իսկ մի խումբ ակտիվիստներ հակընդդեմ պաստառներով եւ կոչերով ծեծում եւ քշում են գեյերին: Լուրերը տարածվում էին աննախադեպ արագությամբ, սակայն եւ ոչ մի լրատվական հրապարակում չէր կարողանում տալ իրադարձությունների ճշգրիտ նկարագրությունը: Հրապարակումների մեծ մասում նշվում էր, որ «Բազմազանության շքերթը» չի կայացել միասեռականության դեմ երթ կազմակերպած երիտասարդների միջամտության պատճառով:

Երթի ընթացքը լուսանկարել էր նաեւ Մեդիամաքս-ի ֆոտոթղթակիցը: Լսելով նրա վկայությունները եւ տեղեկանալով «Բազմազանության շքերթ» ակցիայի մասին` մենք եղելությունը ներկայացրեցինք այսպես:

Քաջ գիտակցելով մեր լրատվական դաշտում առկա բոլոր թերությունները, ողջ մեղքը չէի բարդի լրագրողների վրա` պատճառաբանելով նրանց վատ աշխատանքը: Երթի մասնակիցներին ուղեկցում էին բազմաթիվ լրագրողներ, լուսանկարիչներ, օպերատորներ. տեսախցիկներն ու ֆոտոխցիկները ֆիքսել են բազմաթիվ կադրեր, սակայն դրանք դիտելիս դժվար է հստակ հետեւություններ անել կատարվածի մասին: Հստակ էր միայն երթի դուրս եկած երիտասարդների համոզմունքն այն բանում, որ պետք է պայքար մղեն «ազգը պառակտող համասեռամոլների դեմ», իսկ մյուս կողմի` շքերթի կազմակերպիչների կողմից մեկնաբանությունները  չկային:

Այսօր տեղեկացանք, որ «Բազմազանության շքերթի» կազմակերպիչները ասուլիս են հրավիրել` մեկնաբանելու համար տեղի ունեցածը եւ ներկայացնելու ակցիայի իրական նպատակը: Բնականաբար, ասուլիսը հետաքրքրել էր մի շարք լրագրողների, ովքեր ուզում էին սպառիչ պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող հարցերին:

Ասուլիսը սկսվեց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» այն հայտարարությամբ, որ աբսուրդ է պնդելը թե դա «գեյ պարադ» էր, իրենք հրավիրել էին ազգային փոքրամասնությունների` ներկայացնելու համար մշակութային բազմազանությունը: Սակայն ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ ՀԿ-ների ոչ բոլոր ներկայացուցիչներն են այն կարծիքին, որ ակցիան բացառապես ազգային փոքրամասնություններին էր վերաբերում:

Ոմանք իրենց խոսքի ենթատեքստում ընդգծում էին, որ սեռական փոքրամասնություններն էլ են մշակութային բազմազանություն, ոմանք էլ բացահայտ ասում, որ «առաջին հերթին, անհանդուրժող են հենց լրագրողները»: Ըստ էության, այդ կառույցների ներկայացուցիչները, ովքեր լրագրողների հետ հանդիպմանը ժամանել էին մեծ կազմով, նախապես չէին խորհրդակցել՝ ի՞նչ են խոսելու, հերքելո՞ւ, թե՞ հաստատելու սեռական փոքրամասնություններին պաշտպանելու իրենց մտադրությունը:

Բանը հասավ նրան, որ գրող-հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ասաց, որ երեկ տեղի ունեցած «Բազմազանության երթը» տապալելը հստակ դավադրություն էր՝ կազմակերպված ինչ-ինչ ուժերի կողմից: «Կարծում եմ՝ սա ռուսական ԿԳԲ-ի ձեռքի գործն է: Երեկվա միջադեպի նպատակն արյունահեղությունն էր, որը, փառք Աստծո, տեղի չունեցավ»,- ասաց նա:

Մի հարց է բաց մնում` եթե կազմակերպիչները հստակ չեն կարողանում ձեւակերպել իրենց միջոցառման նպատակը, ինչպե՞ս լրագրողները լուսաբանեն նման անհասկանալի ակցիաները եւ դրանց հետեւող քաոսային ասուլիսները:

Թվում է, որ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» անվանումը կրող ՀԿ-ն պետք է լավ տիրապետի հանրային իրազեկման մեխանիզմներին, առավել եւս մի այնպիսի հասարակության մեջ, որը, մեղմ ասած, ցավոտ է արձագանքում սեռական փոքրամասնությունների մասին ցանկացած տեսակի ինֆորմացիային:

Մարիամ Մանոյանը Մեդիամաքսի թղթակից է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինչո՞ւ վճռական չենք

Մի վատնեք իմ ժամանակը

Ի՞նչ գեյ պարադ
Մեր ընտրանին