Ֆեյսբուքն ու մեր մեդիաները - Mediamax.am

Ֆեյսբուքն ու մեր մեդիաները
8863 դիտում

Ֆեյսբուքն ու մեր մեդիաները


Լրահոսին հետեւելիս հաճախ ենք հանդիպում ֆեյսբուքյան հասարակություն, ֆեյսբուքյան ակտիվություն, նախաձեռնություն, քննարկում,  խումբ, օգտատեր եւ այլ արտահայտություններին: Հաճախ նույնիսկ ֆեյսբուքի մասին լուրը կամ ֆեյսբուքից վերցված տեղեկատվությունն ավելի շատ ընթերցողներ է ունենում, քան կարեւոր քաղաքական բովանդակությամբ լուրը, ինչը, «արաբական գարունից», Ֆեյսբուք անունը կրող երեխայի գոյության փաստից եւ Մարկ Ցուկերբերգի վաստակած միլիոնների հաշվարկից հետո ոչ ոքի այլեւս չի զարմացնում:

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ եթե մի քանի տարի առաջ վեբ 2.0 կոնցեպցիան, սոցցանցերը եւ բլոգային ոլորտը ցանցային պատկանելիություն ունեին եւ քննարկումների առարկա էին միայն վիրտուալ տարածության մեջ, ապա այսօր վերջիններս ակադեմիական գիտության ուսումնասիրության առարկա են եւ գտնվում են գիտական դիսկուրսի ոլորտում:

Իմ մագիստրոսական թեզն էլ վերաբերում է նոր մեդիաների առանձնահատկություններին` դեպի սոցիալական ցանցեր ուղղվածությանը, բլոգներին, քաղաքացիական լրագրության երեւույթին: Աշխատանքի շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունը բավականին հետաքրքիր արդյունքներ ցույց տվեց:

Դեպի Ֆեյսբուք սոցիալական ցանց կողմնորոշումը բացահայտելու համար թեզի շրջանակներում իրականացրեցի մի քանի հայկական լրատվական կայքերի (news.am, 1in.am եւ panarmenian.net) հրապարակումների վերլուծություն սոցիոլոգիական կոնտենտ-անալիզ (բովանդակային վերլուծություն) մեթոդի օգնությամբ:

Մեկ ամսվա ընթացքում`փետրվարի 10-ից մարտի 10-ը, ուսումնասիրել եմ վերոնշյալ կայքերի` «Ֆեյսբուք» բառը պարունակող 163 հրապարակումներ, որոնք բաշխվել են այսպես` News.am - 38, PanArmenian.net - 53 եւ 1in.am - 72 հրապարակում:

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 163 նյութերից 105-ում Ֆեյսբուք սոցիալական ցանցը հանդիսանում է տեղեկատվության աղբյուր (նյութը պարունակում է ինֆորմացիա` վերցված ֆեյսբուքյան օգտատերերի, խմբերի, տարբեր կազմակերպությունների էջերից), իսկ մնացած 58 հրապարակումները լուրեր են հենց ցանցի վերաբերյալ, ինչպես օրինակ` «Facebook-ը պրոֆիլները հաստատելու գործառույթ է ներմուծում» (News.am) կամ «Facebook-ի բջջային ծառայություններից օգտվում են շուրջ 425 մլն օգտագործողներ» (PanArmenian.net):

Նյութերից 89-ը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին է, 74-ը` հայաստանյան: Հրապարակումներից 68-ի վերնագրերում առկա է «Ֆեյսբուք» բառը:

Հրապարակումների ընդհանուր թեմատիկան այսպիսին է` 20-ը ժամանցային բնույթ ունեն «Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են սոցիալական կայքերից ջնջում ընկերներին. Ուսումնասիրություն» (News.am), 20-ում անվտանգության հարցեր են շոշափվում, ինչպես օրինակ` «Սոցիալական ցանցերը մեղադրվում են երեխաների ինքնավնասման դեպքերի ավելացման մեջ»  (1in.am) կամ «Տաջիկստանում արգելափակվել է Facebook սոցիալական կայքը» (1in.am), 35-ը օգտատերերի գրառումներ են, 44-ը` պատմում են տարբեր խմբերի եւ նախաձեռնությունների մասին, 46 -ը` ցանցային նորություններ են:

Նշված ժամանակահատվածում պաշտոնական լուրերի էին վերածվում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջի գրառումները (նշված ժամանակահատվածում`16 հրապարակում): Հետագայում, պատճառաբանելով իր գրառումների աղավաղված մեկնաբանումը տարբեր լրատվամիջոցների կողմից, նա փակեց իր էջը: 5-ական լուր վերաբերում են Արմեն Աշոտյանի եւ Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումներին, 7-ը` Միխայիլ Սահակաշվիլիի, 3-ը` Դմիտրի Մեդվեդեւի եւ 3-ը` Եվրախորհրդարանի նախկին նախագահ Եժի Բուզեկի, ով իր էջում գրել էր, որ «Ադրբեջանը պատուհան է դեպի Եվրոպա»:

Հրապարակումներից 12-ում հղում է կատարվում Մաշտոցի այգու համար պայքարող ակտիվիստների խմբային քննարկումներին, 6-ում` «Դեմ ենք գրքերի թանկացմանը» եւ 5-ում` «Երիտասարդ գիտնականներ» նախաձեռնություններին: Կարծում եմ, Մաշտոցի կրպակների ապամոնտաժումից հետո «Մենք ենք այս քաղաքի տերը» ֆեյսբուքյան խմբի ակտիվությունը դասական օրինակ դարձավ, թե ինչպես կարելի է սոցիալական ցանցն օգտագործել որպես կարեւոր հարթակ մեկ խնդրի շուրջ քննարկումների ծավալման, համախոհների համախմբման, միջոցառումների կազմակերպման եւ օպերատիվ տեղեկատվության տարածման համար:

Նոր մեդիաների` դեպի սոցիալական ցանցեր ուղղվածությունը դժվար է միանշանակ գնահատականի արժանացնել, սակայն, ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում հասարակական գիտակցության մեջ կարեւոր տեղ է գրավում սոցիալական ցանցերի ֆենոմենը, որի ազդեցությունը գնալով աճում է:

Սոցիալական մեդիաների ցանկը գլխավորող Ֆեյսբուքը շարունակում է իր հաղթարշավն աշխարհում` անտեսանելի կապերով միավորելով ողջ մարդկությանը: Ֆեյսբուքի օգտատերերը նույնիսկ կատակում են` «եթե դու չկաս ցանցում, ասել է թե, դու չկաս ընդհանրապես»:  Դժվար է կանխագուշակել, թե այս արշավն ինչ հետեւանքներ կունենա մարդկության համար, բայց այդ զարգացումներին ուշիուշով հետեւելը ուղղակի անհրաժեշտություն է:

Մարիամ Մանոյանը Մեդիամաքսի թղթակից է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինչո՞ւ վճռական չենք

Մի վատնեք իմ ժամանակը

Ի՞նչ գեյ պարադ
Մեր ընտրանին