«Ոչ մի թիզ»-ի արդիականությունը - Mediamax.am

«Ոչ մի թիզ»-ի արդիականությունը
7159 դիտում

«Ոչ մի թիզ»-ի արդիականությունը


Վերջերս Իլհամ Ալիեւը եւս մի անգամ վերահաստատեց, որ Ադրբեջանի հետ ցանկացած բանակցություն անիմաստ է: Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում իր ուղերձում նա հայերին անվանեց «ֆաշիստներ»: Բաքվում գտնվող մեր պատվիրակությունը կրկին անգամ հույսը դրեց միջազգային հանրության վրա եւ Եվրանեսթի կազմակերպիչներից պահանջեց, որ նրանք գնահատական տան Ալիեւի ելույթին:

Միեւնույն ժամանակ հայկական պատվիրակությունը «նուրբ» հայտարարությամբ հանդես եկավ` Ալիեւի պահվածքը անվանելով դիվանագիտական էթիկայի խախտում: Հայկական կողմի պատասխանը ընդհանրապես համարժեք չէր: Կարծես թե սովորություն է դառնում, երբ մեզ սպառնացող վտանգներին պատասխանում ենք միայն կոռեկտության շրջանակներում: Սա վտանգավոր է, քանի բթացնում է մեր զգոնությունը եւ թույլ չի տալիս հասարակությանը ամբողջովին ընկալել իրականությունն ու վտանգները:

Կոռեկտության եւ պարտվողական քաղաքականության շրջանակներում է մնում Հայաստանի ամբողջ պետական մակարդակի քաղաքականությունը: Օրինակ, Ադրբեջանը անընդհատ հայտարարում է, որ պատրաստ է ոչնչացնել հայերին աշխարհի տարբեր մասերում: Միեւնույն ժամանակ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «Der Standard» օրաթերթին տված հարցազրույցում հաստատում է, որ պատրաստ են Ադրբեջանին զիջել տարածքներ ու բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ: Ադրբեջանը ցույց է տալիս իր անզիջում ու ագրեսիվ դիրքը, իսկ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում զիջումների գնալ:

Ի դեպ, Մադրիդյան սկզբունքները հանդիսանում են Արցախի անվտանգության ամենամեծ մարտահրավերը: Ինչ-որ միջանկյալ կարգավիճակ պետք է տրվի Արցախին, տարածքային զիջումներ պետք է կատարենք, որը Հայաստանի անվտանգությունը հարցականի տակ է դնում: 

Նման մոտեցումները մի շարք հարցեր են բարձրացնում, որոնք պատասխաններ են պահանջում: Արդյո՞ք մեզ ոչնչացնել ցանկացող թշնամու հետ բանակցելը եւ նրանց զիջումներ խոստանալը դավաճանություն չէ հայ ժողովրդի նկատմամբ: Ժամանակը չէ՞ հրաժարվել դիվանագիտական խաղերից եւ կոնկրետ քաղաքականություն վարել Արցախի թերբնակեցված կամ այսպես կոչված ազատագրված տարածքների համար:

Մի բան հստակ է. ցանկացած զիջում, որը վտանգ է ստեղծում մեր կյանքին, դավաճանություն է: Նաեւ ժամանակն է հրաժարվել զիջողական քաղաքականությունից, քանի որ հասարակությունը զիջման չի գնա: Շատերի  համար ակնհայտ է, որ զիջումը անմիջապես վտանգ է ստեղծում հայ ժողովրդի կյանքի համար: Հարց կարող է ծագել, թե ինչպե՞ս պահպանել այդ տարածքները: Շատ տարբերակներ կարելի է մտածել, սակայն դրանցից մեկը կարող է լինել ադրբեջանահայերի իրավունքների վերականգնումը թերբնակեցված տարածքներում: Հետաքրքիր է, որ ադրբեջանահայերը արդեն հասարակական մակարդակում նախաձեռնել են նմանատիպ գործընթաց եւ նույնիսկ Արցախում քաղաք ստեղծելու ծրագիր են մշակել:

Վերը նշված վտանգները ինչպես նաեւ Ադրբեջանի վարքագիծը ժամանակ առ ժամանակ մեզ հուշում են, որ «ոչ մի թիզ հող» զիջելու թեզը արդիական խնդիր է, սակայն այն օրակարգային դարձնելու եւ մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտություն կա:

20-րդ դարի սկզբից սկսած Ադրբեջանը բազմիցս հուշել է մեզ, որ ցանկացած իրավիճակում պատրաստ է ոչնչացնել հայերին, եւ այսքանից հետո նրանց հետ զիջումների շուրջ բանակցելը առնվազն հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ:
   
Արմեն Գրիգորյանը “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին