Թրամփի հնարավոր երկրորդ ժամկետի հետեւանքները աշխարհի համար - Mediamax.am

1322 դիտում

Թրամփի հնարավոր երկրորդ ժամկետի հետեւանքները աշխարհի համար


Դոնալդ Թրամփը
Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` REUTERS

Դոնալդ Թրամփը
Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` REUTERS

Դոնալդ Թրամփը
Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` REUTERS

Դոնալդ Թրամփը
Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի How a second Trump term could reshape global politics հոդվածի հայերեն թարգմանությունը:

Իեն Բրեմեր

ԱՄՆ-ի ընտրություններին մնացել է 50 օրից քիչ ժամանակ, նախկին նախագահն այժմ ունի մրցակցի հետ հավասար շանսեր՝ կրկին գրավելու Սպիտակ տունը, եւ աշխարհի կառավարությունները փորձում են հասկանալ, թե ինչ կնշանակի Թրամփի երկրորդ ժամկետը ԱՄՆ արտաքին քաղաքականության առումով:

Մի բան հաստատ է. լավ թե վատ՝ Թրամփը դեռ նույն խարիզմատիկ, ինքնասիրահարված, իմպուլսիվ, գործարքներ սիրող առաջնորդն է, ինչ չորս տարի առաջ (թեեւ մի փոքր դանդաղել է): Բայց թեեւ Թրամփի անձը 2020-ից հետո չի փոխվել, աշխարհը նրա շուրջ կտրուկ ավելի վտանգավոր է դարձել:

Ոմանք կասեն, որ որպես նախագահ 2017-2021 թվականներին Թրամփը կարողացավ արտաքին քաղաքականության մեջ մի շարք նկատելի հաջողություններ գրանցել, այդ թվում՝ հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագիրը, Աբրահամի համաձայնագիրը, ՆԱՏՕ-ի անդամների միջեւ ծախսերի ավելի արդար բաշխումը, անվտանգության ոլորտում նոր ու ավելի ամուր դաշինքները Ասիայում: Ճիշտ է նաեւ, որ դա տեղի ունեցավ ընդհանուր առմամբ բարենպաստ եւ խաղաղ միջազգային միջավայրում, առնվազն մինչեւ նրա պաշտոնավարման վերջին տարիները՝ Քովիդ-19 համաճարակի սկսվելը:

Երկու խոշոր տարածաշրջանային պատերազմները, Չինաստանի հետ մեծ տերությունների մրցակցության ուժգնացումը, լուրջ անկայունությունը, որին նպաստում են հանդուգն վտարակ դերակատարները, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը, թույլ համաշխարհային տնտեսությունը, որը վրա ազդում են մատակարարման շղթայի կառուցվածքային փոփոխությունները, 20 տարվա մեջ ամենաբարձր տոկոսադրույքները եւ քայքայիչ տեխնոլոգիաները, օրինակ՝ արհեստական բանականությունը, բոլորովին նոր պահանջներ կներկայացնեն Թրամփին:

Ավելի բարդ եւ անկայուն աշխարհաքաղաքական համատեքստը նշանակում է, որ խաղադրույքները շատ ավելի բարձր են, քան 2017-ին, երբ Թրամփն առաջին անգամ ստանձնեց պաշտոնը: Նախկին նախագահի անփոփոխ բնավորության հետ զուգակցված՝ սա ենթադրում է, որ Թրամփի երկրորդ ժամկետում, ամենայն հավանականությամբ, կունենանք զգալիորեն ավելի ծայրահեղ արտաքին քաղաքականություն, քան նրա առաջին ժամկետում, ներկայիս Բայդենի վարչակազմի ժամանակ եւ Քամալա Հարիսի նախագահության դեպքում:

Չինաստան

Չինաստանի հարցում Թրամփի երկրորդ նախագահությունը ավելի կոշտ կլինի մրցակցության նկատմամբ (այն բանից հետո, երբ Բայդենի վարչակազմին վերջապես հաջողվեց դադարեցնել հարաբերությունների եռամյա անկումը): Սա կսկսվի Ռոբերտ Լայթհայզերի՝ Թրամփի ռազմաշունչ առեւտրային արքայի վերադարձով եւ չինական ապրանքների համար շատ ավելի բարձր մաքսատուրքերով: Թրամփը նաեւ կվերականգնի լարվածությունը ԱՄՆ դաշնակիցների հետ, ինչպիսիք են Ճապոնիան ու Հարավային Կորեան՝ նրանցից ավելի լավ առեւտրային պայմաններ կորզելու նպատակով, եւ մի քանիսին կմղի Չինաստանի գիրկը կամ կխրախուսի ավելի շատ հեջավորվել:

Դոնալդ Թրամփը Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` REUTERS


Թրամփի առճակատման հաջողությունը գրեթե ամբողջությամբ կախված կլինի Պեկինի արձագանքից: Նախագահ Սի Ցզինպինը կարող է որոշել, որ իր ներգրավվածության եւ հակամարտության կառավարման ռազմավարությունը սպառվել է, եւ ԱՄՆ-ը երբեք չի կարող վստահելի գործընկեր լինել: Ուստի նա հնարավորության դեպքում կպատասխանի համաչափորեն, իսկ եթե հնարավոր չի լինի՝ անհամաչափորեն, կխորացնի տնտեսական տարանջատումը եւ, օգտվելով Թրամփի արհամարհանքից դաշնակիցների հանդեպ՝ սեպ կխրի նրանց եւ Ամերիկայի միջեւ: Նվազեցնելով ԱՄՆ-Չինաստան փոխկախվածությունը եւ, հետեւաբար, պատերազմի արժեքը՝ Սառը պատերազմի այս սցենարը կմեծացնի ուղղակի ռազմական առճակատման ռիսկը՝ լինի դա Թայվանի, Հարավչինական ծովի կամ որեւէ այլ բանի շուրջ:

Բայց կա այլընտրանք. Սին կարող է որոշել, որ Չինաստանի երկարաժամկետ տնտեսական հեռանկարների վատթարացումից խուսափելու համար պետք է ավելի խաղաղ արձագանքի Թրամփի էսկալացիային եւ «մեծ գործարք» առաջարկի, որը Թրամփը կարող է տանը որպես հաղթանակ ներկայացնել: Ի վերջո, դա այն է, ինչ Թրամփին ամենաշատն է հետաքրքրում. ո՛չ Թայվանի ինքնիշխանությունը, ո՛չ պայմանագրային դաշնակիցները, ո՛չ կանոնների վրա հիմնված կարգը, ոչ ԱՄՆ-ի համաշխարհային առաջատար դերը (Սին կարծում է, որ Թրամփը պակաս նվիրված է այս գաղափարներին, քան Բայդենը/Հարիսը), այլ երկկողմանի առեւտրային դեֆիցիտի կրճատումը իրեն վերագրելը: Ինչ էլ պատահի, Թրամփի երկրորդ ժամկետը կստեղծի եւ՛ ավելի մեծ ռիսկեր, եւ՛ ավելի մեծ հնարավորություններ Չինաստանի հետ հարաբերություններում, քան Հարիսի նախագահությունը:

Մերձավոր Արեւելք

Մերձավոր Արեւելքում Թրամփը կարող է կայունացնող դեր խաղալ: Աբրահամի համաձայնագիրը՝ նրա առաջին ժամկետի արտաքին քաղաքականության ամենամեծ ձեռքբերումը, կարգավորեց հարաբերությունները Իսրայելի եւ արաբական մի քանի երկրների միջեւ՝ ավելի կայուն եւ բարգավաճ տարածաշրջանի հույս արթնացնելով: Բացահայտվեց նաեւ արաբական կառավարությունների անտարբերությունը պաղեստինցիների նկատմամբ, որոնց դժբախտությունը համաձայնագրում տեղ չգտավ: Թեեւ Համասի 2023թ. հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունը եւ Իսրայելի ջախջախիչ պատասխանը հետաձգեցին այս հույսը (եւ նույնիսկ հույսը, որ Սաուդյան Արաբիան բեկումնային գործարք կկնքի Իսրայելի հետ), Թրամփի գործարքային բնույթը եւ սերտ հարաբերությունները Ծոցի մեծաքսակ առաջնորդների հետ կարող են վերակենդանացնել այս հնարավորությունը (եթե դանդաղաշարժ Բայդենը դա առաջինը չանի...):

Բացասական կողմն այն է, որ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցում Թրամփի զսպվածության բացակայությունը (հիշո՞ւմ եք՝ ինչպես նրա վարչակազմը նպատակային սպանեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Ղասեմ Սոլեյմանիին) կարող է առաջացնել անկանխատեսելի ռիսկեր, հատկապես՝ իրանական ինքնավար ղեկավարների կամ հուսահատ ու համարձակ իսրայելական կառավարության կողմից ոչ միտումնավոր էսկալացիան: Սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին մի քանի ամիսները, Թեհրանն ինքը շահագրգռված չէ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իսրայելի հետ վտանգավոր ուղղակի պատերազմում, որը չի կարող հաղթել, հատկապես, երբ դա ապակայունացնի տնտեսությունը, վտանգի վերջերս կարգավորված հարաբերությունները Պարսից ծոցի արաբների հետ եւ ներքին ճգնաժամ հրահրի:
Դոնալդ Թրամփը Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` REUTERS


Այսպիսով, նույնիսկ այստեղ Թրամփի ռիսկային մոտեցումն առավել հավանական է, որ հանգեցնի լարվածության դեէսկալացիայի եւ տարածաշրջանային կայունության:

Ուկրաինա

Թրամփը պնդել էր, որ ընտրվելու դեպքում 24 ժամվա ընթացքում կավարտի պատերազմն Ուկրաինայում՝ ստիպելով նախագահներ Վլադիմիր Զելենսկիին եւ Վլադիմիր Պուտինին անհապաղ զինադադար կնքել՝ Ռուսաստանին ձեռնտու պայմաններով: Այն հավանական դեպքում, երբ Զելենսկին, ում նա ամենեւին չի սիրում, մերժի այս պայմանները, Թրամփը որպես լծակ կդադարեցնի ԱՄՆ ռազմական օգնությունը: Բայց թույլ չթվալու համար նա կավելացնի Ուկրաինային օգնությունը, եթե Պուտինը հրաժարվի բանակցություններից:

Թեեւ Թրամփի գործարքը կսառեցնի ռուսական վերահսկողությունը ներկայում օկուպացված ուկրաինական հողի վրա, փաստն այն է, որ Կիեւը չունի այդքան մարդ, որ վերադարձնի այդ ամենը: Սակայն Կիեւը դեռ կարող է հայտնվել ավելի ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում, քան ներխուժումից առաջ: ՆԱՏՕ-ին անդամակցելը Թրամփի օրոք բացառվում է, բայց եթե Թրամփը պատրաստ լինի ստորագրել Կիեւի անվտանգության կոշտ երաշխիքները՝ որպես բեկումնային համաձայնագրի մաս, եվրոպացիներին կմնա արագացնել ԵՄ ինտեգրումը եւ ֆինանսավորել Ուկրաինայի վերակառուցումը: Այդպիսով Ուկրաինան կստանա հնարավոր ամենալավ արդյունքը: Անվտանգության պարտավորությունների կամ հրադադարի բացակայության դեպքում Ռուսաստանը կշարունակի փորձել ավելի շատ ուկրաինական տարածքներ գրավել, մինչդեռ հուսահատ Ուկրաինան կշարունակի անօդաչու թռչող սարքերով իր անհամաչափ պատերազմը՝ հողերը հետ վերցնելու համար:

ՆԱՏՕ

Եթե խոսենք ՆԱՏՕ-ից, ապա Թրամփի երկրորդ ժամկետը կթուլացնի դաշինքը: Չնայած ամբողջ մայրցամաքում պաշտպանական ծախսերի ավելացմանը (հիմնականում Թրամփի առաջին ժամկետի սպառնալիքների շնորհիվ), եվրոպական երկրների մեծ մասը չի ցանկանա կամ ի վիճակի չի լինի բավարարել դաշինքում ծախսերն ավելի հավասար բաշխելու Թրամփի պահանջը: Ինչ էլ որ նա ասի, Թրամփը դժվար թե միակողմանիորեն դուրս բերի ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից: Բայց նա կարող է դուրս բերել զորքերն այն անդամ երկրներից, որոնք նրա կարծիքով, «թալանում են» ԱՄՆ-ը (լինի դա պաշտպանական ծախսերի, թե երկկողմանի առեւտրի առումով), որպեսզի ստիպի նրանց վճարել:
Դոնալդ Թրամփը Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` REUTERS


Ամերիկայի դաշնակիցները Եվրոպայում եւ թշնամիները Կրեմլում հիմք ունեն կասկածելու, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ կմնա 5-րդ հոդվածին եւ կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամներին հարձակման դեպքում: Առանց առաջնորդի, պառակտված եւ հարկաբյուջետային խնդիրներ ունեցող Եվրոպան ի վիճակի չի լինի կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչը՝ ամրապնդել իր «ռազմավարական ինքնավարությունը», իր հավաքական պաշտպանությունը եւ լրացնել ԱՄՆ-ի բաց տեղը: ՆԱՏՕ-ի առաջնագծի երկրները, որոնք ամենամոտն են Ռուսաստանի սահմաններին՝ Լեհաստանը, Բալթյան եւ Սկանդինավյան երկրները, իրավունք ունեն անհանգստանալու իրենց ազգային անվտանգության համար Թրամփի երկրորդ նախագահության ժամանակ:

Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ուրախությամբ կդիմավորի Թրամփին՝ ԱՄՆ միակ նախագահին, որը պատրաստ էր սակարկել նրա հետ... մինչդեռ Թրամփին հետաքրքրում է մի գործարք, որը, նա կարծում է, ոչ մի այլ ԱՄՆ նախագահ չի կարող ստանալ. Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացում:

Դա, իհարկե, վատ նորություն կլինի Հարավային Կորեայի եւ նախագահ Յուն Սոկ Յոլի համար, որը չի կարող իմանալ, թե Թրամփը ինչ կառաջարկի Քիմին դրա դիմաց: Վերջին անգամ Թրամփը չեղյալ հայտարարեց համատեղ զորավարժությունները, կասկածի տակ դրեց ԱՄՆ զորքերի ներկայությունը Հարավային Կորեայում եւ խաթարեց Սեուլի զսպող ուժը... առանց Սեուլի հետ նախապես համաձայնեցնելու: Դիվանագիտությունը ոչ միայն կօտարացնի պահպանողական Յունի վարչակազմը, այլեւ կարող է այնքան էլ գրավիչ չլինել Փհենյանի համար հիմա, երբ Հյուսիսային Կորեան աջակցություն է ստանում Ռուսաստանից, Իրանից եւ Չինաստանից՝ որպես «վտարակների առանցքի» անդամ:

Մեքսիկա

Թրամփի երկրորդ վարչակազմը կփորձի նաեւ կրկին գործարքներ կնքել Մեքսիկայի հետ ինչպես սահմանային անվտանգության, այնպես էլ առեւտրի վերաբերյալ: Թրամփի կոպիտ հռետորաբանությունը եւ 2026-ին ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա առեւտրային գործարքի ծրագրված վերանայումը կարող են վատ սկիզբ դնել ապագա նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ հարաբերություններին, սակայն երկու կողմերն էլ գիտեն, որ բանակցային բոլոր լծակները ԱՄՆ-ի ձեռքում են: Ի վերջո, երկու երկրներում էլ ավելի քան բավարար շահեր կան՝ փոխշահավետ զիջումներ գտնելու համար, ինչը Թրամփին թույլ կտա հեշտությամբ առաջընթաց գրանցել:

Մի խոսքով, Թրամփի վերադարձը աշխարհաքաղաքական խիստ անկայունության ժամանակ, հավանական է, կհանգեցնի ինչպես աղետալի ձախողումների, այնպես էլ անհավանական առաջընթացի:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին