Այլընտրանքային նախակրթարաններ Սյունիքում, որ փոխել են երեխաների եւ ծնողների կյանքը - Mediamax.am

exclusive
2521 դիտում

Այլընտրանքային նախակրթարաններ Սյունիքում, որ փոխել են երեխաների եւ ծնողների կյանքը


Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Սոնան եւ Դավիթը
Սոնան եւ Դավիթը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինե Փարոյան
Քրիստինե Փարոյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Հինգ տարեկան Դավիթը նախկինում Հարթաշեն գյուղից ամեն օր 5 կիլոմետր ճանապարհ էր անցնում Գորիս քաղաքի նախակրթարան հասնելու համար: Մոտ երկու տարի առաջ Դավիթի ու նրա նման բազմաթիվ երեխաների կյանքը փոխվեց, երբ նրանք հնարավորություն ստացան հաճախելու իրենց գյուղում բացված նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ մատուցող կենտրոններ։

«Մեր գյուղում մանկապարտեզ չլինելու պատճառով երեխային ստիպված տանում էի Գորիս, որը մեծ ծանրություն էր ինձ համար. ժամանակի կորուստ, ճանապարհածախս, ձմռանը գնալ-գալը բարդ ու վտանգավոր, բայց կենտրոնի բացումը կարեւոր էր թե ծնողներիս, թե երեխաների համար»,- ասում է Դավիթի մայրը՝ Սոնա Դավթյանը։

Սոնան եւ Դավիթը Սոնան եւ Դավիթը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարթաշենից բացի Սյունիքի մարզի եւս չորս բնակավայրում նախադպրոցական այլընտրանքային ծառայությունները բացվել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ մի շարք տեղական կազմակերպությունների համագործակցությամբ։

Ծրագիրը Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված «Դիամակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության  մաս է կազմել:

Նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների բերած «գույները» համայքներ

«Մենք ամեն օր երեխաների մոտ տարբերություն ենք տեսնում. երեխաները նստել-վեր կենալ, խոսքի կուլտուրա են սովորում, շփման խնդիր ունեցող երեխաները սկսում են մյուս երեխաների հետ խաղալ, ինտեգրվել։ Իրենք նախապատրաստված գնում են դպրոց»,- ասում է Հարթաշենի նախադպրոցական այլընտրանքային ծառայության մեթոդիստ Քրիստինե Մաշուրյանը։

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ


«Բնակավայրեր այցելելիս տեսնում ենք նույն երեխայի մոտ տարբերությունը շփման եւ ազատ արտահայտման մեջ եւ համոզվում ենք, որ ծառայությունն իր նպատակին հասավ։ Երեխայի մոտ հուզական, շփման եւ ճանաչողական աշխարհն ամբողջովին փոխվում է։ Այս ծառայությունների բացվելը ոչ միայն երեխայի կյանքն է փոխում, այլեւ ընտանիքի եւ ընդհանուր գյուղի»,- ասում է  ՅՈՒՆԻՍԵՖ-ում Վաղ մանկական զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը։

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ


2020 թվականին մեկնարկած եւ երեք տարվա ընթացքում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացված «Ապագան այսօր» ծրագրով ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակ է ունեցել հեռավոր, փոքր գյուղական բնակավայրերում, որտեղ չկան նախակրթարաններ, հիմնել վաղ մանկական զարգացման այլընտրանքային ծառայություններ։ Ծրագրի թիրախ էին Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Շիրակ եւ Սյունիք մարզերը։ Միայն Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Սիսիան եւ Մեղրի խոշորացված համայնքների հինգ գյուղական բնակավայրում բացվել են նման կենտրոններ, իսկ թիրախ մարզերում ընդհանուր 25-ը։ Հինգ հարյուրից ավելի 3-6 տարեկան երեխա հնարավորություն է ունեցել  ստանալ նախադպրոցական այլընտրանքային ծառայություն։

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ


Այս ծառայությունը կազմակերպվում է օրական չորս ժամ տեւողությամբ, որի ընթացքում երեխան կարողանում է անցնել ուսումնադաստիարակչական ամբողջ գործընթացը՝ ինչպես նախադպրոցական ուսումնական հաստատություններում, բացի քնի եւ սննդի տրամադրումից։

«Երբ որ խոսում ենք փոքր գյուղական բնակավայրերի մասին, որտեղ միշտ չէ, որ կան  երկարատեւ նախադպրոցական ծառայությունն ապահովելու համար համապատասխան տարածքներ եւ ռեսուրս, սա լավագույն տարբերակն է։ Եվ քանի որ  համայնքն է ապահովում հետագա գործունեությունը եւ հոգում պահպանման ծախսերը, այն նաեւ ձեռնտու է ծախսարդյունավետության տեսանկյունից»,- ասում է Մայա Սիմոնյանը եւ ավելացնում, որ «չորս ժամվա ընթացքում երեխաները շփվում են իրար հետ, զարգացման խաղեր են խաղում՝ ստանում այն, ինչ անհրաժեշտ է երեխայի զարգացման համար»։

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ


Ծրագրով երեխայի զարգացման եւ ծնողավարման թեմայով տեղեկատվական եւ իրազեկվածության բարձացման հանդիպումներ են նաեւ կազմակերպվել թիրախ համայնքների ավելի քան վեց հարյուր ծնողի հետ։

Կենտրոնների հետագա գործունեության ապահովումը՝ ՏԻՄ-երի միջոցով

Ծրագրի պայմաններից էր, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պատրաստակամությունը հայտնեն նման կենտրոնի հիմնադրման, համագործակցության եւ հետագայում ծախսերը հոգալու վերաբերյալ, ինչը խոսում է համայնքի կողմից երեխաների վաղ ուսումնառությունը կարեւորելու մասին։
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ն էլ իր հերթին ՏԻՄ-երի բեռը թեթեւացնելու համար վարչական շենքում վերանորոգել է նախադպրոցական այլընտրանքային ծառայության համար առանձնացված խաղասենյակները, նախամուտքն ու սանհանգույցը, նաեւ հիմնել է բացօթյա խաղահրապարակ։ Տեղադրվել են նաեւ արեւային ֆոտովոլտային համակարգեր, որոնք բավարարում են ոչ միայն խմբակների լույսի, ջեռուցման, այլեւ բնակավայրում այլ կարիքներ հոգալու համար։

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ


Ծրագրի մյուս պայմաններից էր, որ կենտրոնները կցվեն համայնքում գործող այլ նախադպրոցական ուսումնական հաստատության․ վերջինս դառնում է հենակետային եւ անմիջական կապ է ունենում նախադպրոցական այլընտրանքային ծառայության մեթոդական եւ վարչական վարման հետ, ինչն ապահովում էր ծրագրի երկարատեւությունը։

Արդյունքում փափուկ գույքով, դիդակտիկ նյութերով, զարգացման խաղերով եւ գրքերով են հագեցել 25 նախադպրոցական այլընտրանքային ծառայություն եւ 23 հենակետային նախակրթարան։ Սյունիքի մարզում այլընտրանքային ծառայություն է ներդրվել Գորիս համայնքի Հարթաշեն, Տեղի՝ Քարաշեն եւ Խոզնավար, Մեղրիի՝ Շվանիձոր եւ Սիսիանի Ծղուկ գյուղական բնակավայրերում։

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ


Բացի այդ՝ ուսումնադաստիարակչական գործընթացը ճիշտ կազմակերպելու համար ծրագրով իրականացվել է նաեւ նախադպրոցական այլընտրանքային ծառայության եւ հենակետային նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների վերապատրաստումներ, այնուհետեւ շարունակական խորհրդատվություն։

Ծրագրի  ընթացքում թիրախ բնակավայրերից վերապատրաստվել է  20-45 տարեկան 80 կին, որից 20-ը Սյունիքից է եղել։ Վերապատրաստվածների 80%-ն ընդունվել է աշխատանքի հենց նախադպրոցական այլընտրանքային ծառայություններում, իսկ մյուսները նույնպես աշխատանք են գտել՝ որպես ուսուցչի օգնական, գրադարանավար։

«Ապագան այսօր»-ը լուծել է նաեւ գյուղի կանանց զբաղվածություն հարցը

Սահմանամեձ Հարթաշեն բնակավայրի այլընտրանքային նախադպրոցական ծառայությունում հինգ աշխատակից կա, որոնցից միայն մեկն էր նախկինում աշխատում, այն էլ՝ Գորիսի նախակրթարանում։

«Կենտրոնի բացումն ինձ հնարավորություն տվեց զբաղվելու իմ սիրած աշխատանքով. ինձ հաճելի է երեխաների հետ զբաղվել, սակայն մինչ այժմ չկար աշխատելու համար համապատասխան միջավայր։ Իսկ ծրագիրն ինձ ապահովեց աշխատանքով, կազմակերպած վերապատրաստումներն էլ օգնեցին խորացված գիտելիքներ ձեռք բերել ու կիրառել»,- ասում է  մասնագիտությամբ մեթոդիստ, այժմ որպես դաստիարակ աշխատող Քրիստինե Փարոյանը։
Քրիստինե Փարոյան Քրիստինե Փարոյան

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նոր չափորոշիչների ներդրումը եւ նախապես վերապատրաստումները կարեւոր էին ինչպես  կենտրոնների, այնպես էլ հենակետային նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար։ Դրանք նպաստեցին  ուսումնադաստիարակչական աշխատանքներն ավելի բարձր մակարդակով իրականացնելուն եւ կարողունակահեն կրթություն ապահովելուն։ Մեր դաստիարակները վերապատրաստվել են, որպեսզի կարողանան որպես մենթորներ խորհրդատվություն տալ մասնաճյուղի աշխատակիցներին ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացնելու պրոցեսում»,- պատմում է հենակետային նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Վարդուհի Զեյնալյանը: Ըստ նրա՝ նախագիծը տվեց այլընտրանքային մոդելով գործող տարատարիք խմբերի հետ հեռահար աշխատելու փորձը, ինչը նախկինում չունեին։

Նորաբաց նախադպրոցական ծառայության աշխատակիցները հենց տվյալ բնակավայրի կանայք են լինում։ Որոշ դեպքերում այդ պայմանը որոշակի բարդություններ էր առաջացնում, քանի որ ոչ բոլոր գյուղական բնակավայրերում էր համապատասխան մասնագետ լինում, բայց Մայա Սիմոնյանի խոսքով՝ «փորձում էինք գտնել հնարավոր լավագույն տարբերակը. անգամ եթե կար թեկնածու, որ կրթություն ուներ, բայց ոչ մանկավարժական, վերապատրաստումների ընթացքում բացը լրացնում էինք»։  

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ


«Ապագան այսօր» ծրագրի հիմնակետերից մեկն էր նաեւ աջակցել հեռավոր գյուղերում բնակվող կանանց, որպեսզի նրանք ավելի ակտիվ մասնակցեն համայնքի կյանքին, ինչպես նաեւ իրենց ընտանիքի եկամտի ստացմանը։ Այս դեպքում, երբ երեխաները զբաղմունք ունեին, կանայք կարողանում էին նաեւ աշխատելու մասին մտածել:

Ծրագիրը մեղմել է համավարակի եւ Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետեւանքները

Ծրագրի մեկնարկը համընկել է COVID-19 համավարակի հետ, իսկ իրականացման ընթացքում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում պատերազմը: Այս իրադարձությունների հետեւանքով պետության առաջնահերթությունները փոխվել են, եւ ծրագրային թիմը համապատասխանեցված գործողություններ է իրականացրել:

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ


Համավարակի վերահսկման, կանխարգելման միջոցառումներ, տարբեր փաստաթղթերի թարգմանություն, տեղայնացում, որոնք օգնել են կազմելու ուղեցույց նախակրթարանների վերաբացման, սանիտարական նորմերի մշակման համար։ Վերաբացման համար թիրախ մարզերի ավելի քան 370 նախակրթարանի եւ դպրոցի տրամադրվել են սանիտարական եւ հիգիենիկ փաթեթներ եւ տեղեկատվական պաստառներ։

Առաջին բուժօգնության պարագաներ են տրամադրվել բոլոր թիրախ բնակավայրերում։ Մեկ այլ ծրագրով զուգահեռ վերապատրաստում են անցել այդ բնակավայրերի եւ խոշորացված համայնքների բուժքույրերն ու ընտանեկան բժիշկները։

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ


ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ասում է, որ նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում ներդրվել է ծախսարդյունավետ մոդելն ու նախադպրոցական կրթության վերաբերյալ օրենքում նախադպրոցական այլընտրանքային ծառայություն սահմանման ներառումը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է նաեւ Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման պետական ծրագրի («Կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիր»)  մշակմանը, որը Խորհրդարանի կողմից հաստատվել է 2022 թվականի սեպտեմբերին։

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ


«Սա իսկական իրադարձություն էր բնակավայրերի համար, քանի որ տարիներ շարունակ այստեղ նախադպրոցական ծառայություններ չեն աշխատել։ Ծառայություն հաճախելուց հետո երեխաներն ավելի պատրաստված են գնում դպրոց, որի մասին ընդգծում  են դպրոցի ուսուցիչներն ու տնօրինությունը։ Սա նաեւ մեր ողջ հասարակության համար է կարեւոր, քանի որ եթե երեխաները վաղ տարիքից կարողանում են ուսումնառություն ստանալ, հետագայում կարողանում են զարգացնել իրենց ողջ ներուժը, եւ իրենց երազանքներին հասնել»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ում Վաղ մանկական զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության կարիքներին, ապա ծրագրի արդյունքում հզորացված համայնքների նախադպրոցական ծառայություններում պատրաստ են եղել ընդունելու նաեւ տեղահանված երեխաներին։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի  համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսակետները:

Անահիտ Բաղդասարյան

Լուսանկարները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Անահիտ Բաղդասարյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին