Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման չորս սցենար - Mediamax.am

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման չորս սցենար
13022 դիտում

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման չորս սցենար


Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների օրակարգում գտնվող առանցքային հարցերից մեկն այժմ հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Շատ առումներով հենց այս խնդիրը կարող է պատրվակ հանդիսանալ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար։ Առայժմ կարելի է առանձնացնել հաղորդակցությունների ապաշրջափակման և գործունեության չորս հնարավոր սցենար։
 
«Զանգեզուրի միջանցքի» սցենարը
 
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նպատակը Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցության ստեղծումն է։ Այս միջանցքի իրավապայմանագրային հիմքը 2021 թվականին Բաքվի և Անկարայի միջև ստորագրված «Շուշիի հռչակագիրն» է, որում նշված է, որ սկզբնական փուլում պետք է ստեղծվի միջանցք, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին, այնուհետև այն կերկարաձգվի՝ Թուրքիայի հետ միանալու համար։ Այս սցենարի իրականացումը բացառում է հաղորդակցությունների փոխադարձ ապաշրջափակումը։
 
Հիմնվելով Անկարայի և Բաքվի բարձր մակարդակի հայտարարությունների վրա՝ պարզ է դառնում, որ կողմերը, միջանցք ասելով, հասկանում են ճանապարհին որևէ խոչընդոտի՝ մաքսային և սահմանային անցակետերի բացակայություն: Այսինքն՝ ճանապարհային և երկաթուղային երթուղիները դուրս կլինեն որևէ կողմի վերահսկողությունից։
 
Մի շարք պատճառներով այս սցենարին բոլոր մակարդակներում բացահայտորեն դեմ է հանդես գալիս Իրանը։ Նախ, Թեհրանը դրա մեջ տեսնում է ոչ միայն Թուրքիայի, այլև Արևմուտքի ազդեցության ընդլայնման հնարավորություն։ Այդ պատճառով Թեհրանում «Զանգեզուրի միջանցքն» անվանում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»։ Երկրորդ՝ Իրանի համար վտանգավոր է Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով հասանելիությունը կորցնելը, ինչը կարող է դիտարկվել որպես Թեհրանի մեկուսացման քաղաքականության մաս։ Այլ կերպ ասած՝ Իրանի հիմնական մտավախությունը կապված է ինչպես Հայաստանի կողմից իր տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողության կորստի, այնպես էլ թուրքական և, պոտենցիալ առումով, ամերիկյան ազդեցության գոտու ընդլայնման հետ, ինչն ուղղված կլինի Իրանի շահերի դեմ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն արտգործնախարար Սերգեյ Լավրովի, կառավարության փոխնախագահ Ալեքսանդր Օվերչուկի, Հայաստանում իր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և այլ դիվանագետների մակարդակով հայտարարել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում միջանցքային տրամաբանությունը չի դիտարկվում։

Այս դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ թուրք-ադրբեջանական միջանցքային մոտեցման իրականացման դեպքում Ռուսաստանը չի ունենա 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետով նախատեսված որևէ ներկայություն։
 
Այս սցենարի իրականացման միակ հնարավոր գործիքը Ադրբեջանի և Թուրքիայի ուժային միջամտությունն է։ Այստեղ կարևոր է հաշվի առնել երկու բաղադրիչ. Նախ՝ ուժերի և միջոցների կիրառումը պետք է լինի մասշտաբային՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ գրավել հաղորդակցությունների հանդեպ վերահսկողությունը։ Դա թույլ կտա չեզոքացնել ինչպես Իրանի, այնպես էլ ուժի այլ կենտրոնների կողմից օպերատիվ արձագանքի հնարավորությունը։ Երկրորդ՝ սկզբնական փուլում վերահսկողությունը կարող է սահմանվել հենց հաղորդակցությունների, այլ ոչ թե բնակավայրերի նկատմամբ։ Նման մոտեցումը կնվազեցնի արտաքին դերակատարների բացասական արձագանքը, ինչը հաշվի է առնվել այլ ագրեսիաների ժամանակ (2021-2022թթ. Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման արդյունքում Բաքուն օկուպացիայի տակ է պահում մոտ 200 քառ․ կմ․ տարածք՝ ընդ որում չգրավելով ոչ մի բնակավայր, ինչը մեծապես մեղմացրել է միջազգային հանրության արձագանքը)։
 
Թեհրանի համար նման հաղորդակցության բացումը կարմիր գիծ լինելու ցուցիչ է Իրանի կողմից զորավարժությունների անցկացումը, որի նպատակն է դրսևորել քաղաքական կամք՝ հակազդելու իրավիճակի զարգացման նման սցենարին։ Շատ առումներով հենց իրանական գործոնն է զսպում Հայաստանի դեմ հարձակման համատեքստում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «Զանգեզուրի միջանցքը» բացելու սկզբնական նպատակը։ Չնայած «միջանցքային տրամաբանության» հարցում Մոսկվայի նմանատիպ դիրքորոշմանը՝ Ռուսաստանը նման կանխարգելիչ գործողություններ չի ձեռնարկել։
 
«Իններորդ կետի» սցենարը
 
Երկրորդ սցենարը վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է 2020 թվականի եռակողմ հայտարարության 9-րդ կետի վրա: Այստեղ կարևոր է յուրաքանչյուր դրույթ մանրամասն վերլուծել: Նախ և առաջ, նշվում է, որ «ապաշրջափակման են ենթակա տարածաշրջանւոմ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»։ Նման մեկնաբանությունը ենթադրում է ոչ միայն Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հաղորդակցությունների, այլև երկաթուղու և ճանապարհների այլ հատվածների՝ Երևան-Նախիջևան-Իրան և Իջևան-Գանձակ հատվածների բացումը։ Այսինքն՝ հաղորդակցությունների բացումը ներկայացվում է որպես փաթեթային լուծում՝ առանց ընտրովի փուլային մոտեցման։
 
Երկրորդ՝ «Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով»։ Բաքուն «անարգել մուտքը» մեկնաբանում է որպես սահմանային կամ որևէ վերահսկողության բացակայություն։ Հաղորդակցությունների ապաշրջափակման ժամանակ միջանցքային տրամաբանությունը բացառելու համար Երևանը կարող է պնդել հետևյալ դիրքորոշումը․ Հայաստանը չի կարող երաշխավորել տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, եթե ֆիզիկապես ներկա չէ հաղորդակցությունների վրա, ուստի՝ որպեսզի Երևանն ի վիճակի լինի կատարել պարտավորությունները՝ համաձայն 9-րդ կետի, տվյալ հատվածում պետք է տեղակայվեն սահմանային ուժեր:
 
Երրորդ՝ «տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունն իրականացնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային ծառայությունը»։ Նման մեկնաբանությունը նշանակում է, որ բացառվում է Հայաստանի կողմից իր տարածքով անցնող հաղորդակցությունների նկատմամբ ցանկացած վերահսկողություն։ Այս կետը նաև հակասության մեջ է մտնում «անարգել մուտքի» ադրբեջանական մեկնաբանության հետ, ինչը նշանակում է նույն «միջանցքային» տրամաբանության բացակայություն։
 
Այս սցենարի իրագործումը հնարավոր է մոսկովյան հարթակում բանակցությունների վերսկսման դեպքում, որը սառեցված է մնում երկար ամիսներ։ Հաշվի առնելով, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ այս եռակողմ հայտարարությունն այլևս արդիական չէ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո՝ ֆորմալ առումով եռակողմ հայտարարությունների համալիրը մնում է պայմանավորվածությունների փաթեթ, որոնց վրա կարող են հենվել Մոսկվան և Բաքուն։ Ռուսաստանի համար 9-րդ կետը կարևոր գործիք է, որը հնարավորություն է տալիս կառչել տարածաշրջանի հետհակամարտային կառուցվածքից և երաշխավորել իր ներկայությունը։ Ադրբեջանի համար այս կետն ամենանախընտրելի սցենարը չէ, քանի որ այն բացառում է սկզբնական «միջանցքային» ձևաչափը։ Սակայն այս սցենարը կարող է բացառել հայկական կողմի ներկայությունը հաղորդակցություններին, ինչը նույնպես բխում է Բաքվի շահերից։
 
Մյուս հնարավոր տարբերակը, որը թույլ կտա իրականացնել այս սցենարի մի մասը, Ադրբեջանի հերթական ագրեսիան է։ Եթե հարձակման դեպքում Բաքուն կարողանա վերահսկողություն հաստատել հաղորդակցությունների վրա և բախվի լուրջ արտաքին ճնշման, ապա որպես փոխզիջում Ադրբեջանը կարող է համաձայնել զիջման և վերահսկողությունը փոխանցել ռուսական կողմին՝ 9-րդ կետի համաձայն։ Միևնույն ժամանակ փակ են մնալու Հայաստանի և Ադրբեջանի միջև այլ հաղորդակցությունները։
 
Ընդ որում՝ կարևոր է նշել, որ մոսկովյան հարթակում բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներկայությունն ու մասնակցությունը հաղորդակցությունների վերահսկմանը: Սակայն, հաշվի առնելով ստատուս-քվոյի և բանակցությունների տրամաբանության փոփոխությունը, այս մոտեցմանը վերադառնալը կարող է խնդրահարույց լինել ։
 
«Ինքնիշխան վերահսկողության» սցենարը
 
Այս սցենարի տակ հասկացվում է հաղորդակցությունների ապաշրջափակումը «խաղաղության խաչմերուկ» նախագծում շարադրված սկզբունքների հիման վրա։ Այն նախատեսում է ինքնիշխանության պահպանում և հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողություն այն պետությունների կողմից, որոնց տարածքով դրանք անցնում են։ Այլ կերպ ասած՝ ցանկացած միջանցքային տրամաբանություն և արտատարածքային վերահսկողություն բացառվում են։ Չնայած այս սցենարի իրականացման բավականին ցածր հավանականությանը՝ արդեն երկու կողմ կա, որոնք հայտարարել են իրենց աջակցության մասին։
 
Նախ՝ արտգործնախարարի մակարդակով Իրանը հայտարարեց, որ սատարում է առաջարկվող «խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին։ Ակնհայտ է, որ նման հայտարարությամբ Թեհրանն ավելի է ցուցադրում իր քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման հարցում։
 
Երկրորդ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը ֆինանսավորում է «խաղաղության խաչմերուկ» նախագծի կառուցումը, որը Հարավային Կովկասի հաղորդակցությունների հնարավոր բացման շրջանակներում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը։ Նման դիրքորոշումը կարող է ծառայել որպես հաղորդակցությունների ապագա ճարտարապետության վերաբերյալ հայկական առաջարկն ընդունելու պատրաստակամության ցուցադրում, նույնիսկ եթե դրանք չեն համապատասխանում եռակողմ հայտարարության 9-րդ կետին։
 
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, սակայն, կոնկրետ քայլեր չեն նկատվում այդ նախաձեռնությունը նույնիսկ տարածաշրջանային ձևաչափով քննարկելու ուղղությամբ։ Ուստի՝ տվյալ սցենարի իրականացումը մնում է քիչ հավանական։
 
Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման այլ հնարավոր սցենարները կարող են լինել վերը քննարկվածների ենթատարբերակներ։ Օրինակ ՝ ըստ 9-րդ կետի՝ ռուսական վերահսկողության տակ Սյունիքում ճանապարհ կբացվի, իսկ մնացած հաղորդակցությունները կմնան փակ։ Նման բան հնարավոր է Ադրբեջանի կողմից ռազմական ներխուժման նախապատրաստման դեպքում, որի դեպքում Հայաստանը չի ունենա հուսալի երաշխիքներ առանցքային ուժի կենտրոններից և ստիպված կլինի համաձայնել ռուսական միջնորդական առաջարկին։ Ընդ որում՝ չի բացառվում ստատուս-քվոյի պահպանումը, ըստ որի տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները կմնան փակ։
 
Մեկ այլ հնարավոր համադրություն կարող է լինել «իններորդ կետի» և «ինքնիշխան վերահսկողության» սցենարների խառնուրդով, որի էությունը պարունակվում է նաև 2020 թվականի հայտարարության և «խաղաղության խաչմերուկի» առաջարկի մեջ։ Խոսքը Սյունիքով ռուսական կամ ռուս-հայկական խառը վերահսկողությամբ հաղորդակցությունների բացման մասին է, որ կզուգակցվի հայկական վերահսկողության ներքո մնացող այլ հաղորդակցությունների բացմամբ։
 
Ակնհայտ է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում կա հստակ բևեռացում. Թուրքիան և Ադրբեջանն աշխատում են առաջին մոտեցման վրա, իսկ Ռուսաստանն ավելի շատ շահագրգռված է երկրորդով, քան երրորդով, իսկ Իրանի համար նախընտրելի է երրորդը, հետո նոր միայն՝ երկրորդը։ Ընդ որում՝ երկու կողմերն էլ շահագրգռված չեն առաջին սցենարի իրականացմամբ։ Կարևոր է նշել, որ նպատակին հասնելու համար ուժ կիրառելու քաղաքական կամքն ավելի բարձր է Անկարայի և Բաքվի մոտ։ Հետևաբար՝ սցենարներից յուրաքանչյուրի իրականացումը կախված է ոչ միայն նախասիրություններից, այլև դրանք ուժով ամրապնդելու պատրաստակամությունից:

Սերգեյ Մելքոնյանը պատմական գիտությունների թեկնածու է, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին