Լեւոն Լաճիկյան. Պոլսում հավաքվել են վերջին մոհիկանները - Mediamax.am

Լեւոն Լաճիկյան. Պոլսում հավաքվել են վերջին մոհիկանները
4598 դիտում

Լեւոն Լաճիկյան. Պոլսում հավաքվել են վերջին մոհիկանները


Վաղուցվա ծանոթներ էինք: Տարբեր հանդիպումների ժամանակ երբեք ավելի շատ չէինք հետաքրքրվել իրարով, քան թելադրում էր իրավիճակը: Եվ տարօրինակ էր, որ եկել էր խմբագրություն (ես աշխատում էի «Իրատեսում») ու խնդրել՝ իրենից հարցազրույց վերցնեմ, որ տպագրվեց «Պոլիսն արեւմտահայության միջնաբերդն է» վերնագրով:

***

-Ի՞նչ է Ձեզ համար Կոստանդնուպոլիսը:

-Պոլիսն ինձ համար նախեւառաջ մեր ինքնության խորհրդանիշն է եւ մեր մշակութային մայրաքաղաքներից մեկը: Անցած դարասկզբի հայ ոսկեղենիկ գրականության կենտրոնն է: Համոզված եմ, որ Պոլիսը նստած է ամեն հայի գենի մեջ: Յուրաքանչյուր հայ մտավորական ոչ միայն ցանկալի, այլեւ պարտադիր է՝ Պոլսում լինի, որ կարողանա ինքն իրեն կոչել հայ մշակույթն ամբողջապես ընկալած մեկը:



Օրինակ, Պոլսում ես բոլորովին նորովի ընկալեցի Գրիգոր Զոհրապի նովելները, նոր տեսողություն, նոր ընկալում բացվեց: Որպես նկարիչ էլ շատ կուզեի Հայաստանում ցույց տալ հայ Պոլիսը, որովհետեւ բոլորը չէ, որ հնարավորություն կունենան այնտեղ լինել: Ես գտնում եմ, որ Պոլիսը մենք կրում ենք մեր մեջ, եթե մի քիչ մշակույթին մոտ ենք մեզ զգում, թեպետ Պոլիսն ինչքան մոտ, այնքան էլ հեռու է մեզ համար:

-Քաղաքականությու՞նը նկատի ունեք:

-Բոլոր առումներով, Լոս Անջելեսը, Նյու Յորքը, Բեյրութը ավելի մոտ են, իսկ հարեւան Պոլիսը շղարշով է պատած եւ այդ շղարշը պիտի բացվի:

-Ի՞նչ առիթով էիք Պոլսում:

-Պոլսում ի շարս ազգային տասնյակ վարժարանների ուսուցիչների 1909-ին ունեցել ենք Հովհաննես Հինդլյան մանկավարժ, որ ուսանել է Եվրոպայում, ապա մանկավարժության նոր մեթոդներ կիրառել հայ դպրոցում՝ շրջադարձ նշանավորելով հայ մանկավարժության պատմության մեջ: Նա ստեղծեց նոր դպրոց եւ Պոլսո կրթական քարտեզի վրա կարողացավ նոր հասցե բացել: 1909-ին նա ստեղծեց իր վարժարանը, որ գոյատեւեց մինչեւ 1989-ը: Չունենալով մշտական շենք՝ վարժարանը ունեցավ հիանալի սաներ: Պոլսահայերի մեծ մասը արտագաղթեց: Նյու Ջերսիում հավաքված պոլսահայերից շատերը, որ ավարտել էին Հինդլյան վարժարանը, շատ էին ուզում վերականգնել իրենց  դպրոցը: «Ու՞ր բացել Հինդլյան նոր վարժարանը» հարցին նրանք գտան ամենախելամիտ պատասխանը՝ Հայաստանում, որպեսզի դպրոցը լինի մնայուն եւ միշտ սաներ ունենա: 2005-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կայան ավանում, որտեղից Ադրբեջանի սահմանը 200 մետրի վրա է, որոշվեց կառուցել դպրոցը: Համաշխարհային բանկի սոցներդրումների հիմնադրամը հատկացնում էր գումարը, որի 10 տոկոսը պիտի համայնքը մուծեր: Պոլսահայերն ապահովեցինն այդ գումարը՝ միակ խնդրանքով, որ ավարտելուց հետո վարժարանը կոչվի Հովհաննես Հինդլյանի անունով:



Հանգամանքների բերումով ես սկսեցի համակարգել այդ աշխատանքները, ինչը եւ անում եմ մինչեւ օրս: Դպրոցն այսօր արդեն գործում է՝ 70 աշակերտով սկսեցինք, հիմա կրկնապատկել ենք՝ արդեն 140 աշակերտ ունենք: Պարզվեց, որ Հինդլյանի շրջանավարտները լուրջ ներկայություն ունեն եւ Պոլսում: Ֆեյսբուքում ստեղծվեց վարժարանի սաների էջ: Հոկտեմբերի վերջին Պոլսում Պեշճյան սրահում կազմակերպվեց հինդլյանցիների հավաքույթը, որին որպես Հայաստանի ներկայացուցիչ մասնակցեցի եւ ես: Պոլսում լինելը լավ առիթ էր ծանոթանալու մտավորականների հետ: Ես ինձ հետ տարել էի եւ իմ կտավները, որ նվիրեցի դպրոցին եւ հիմնադրամին: Հյուրընկալներս ինձ մեծ սիրահոժարությամբ տարան պտույտի Պոլսո թաղերուն մեջ: Ես ամենուր հայկական հիշատակարաններ էի փնտրում եւ երկու շաբաթում հասցրի եւ հանդիպումներ ունենալ, եւ լինել հայկական հաստատություններում:

-Եթե նայում ես ոչ հայի աչքով, ինչ-որ կերպ զգացվու՞մ է, որ այդ հաստատությունները հայկական են:

-Գրեթե ոչ: Դոլմա բաղչան՝ սուլթանի ծովամերձ պալատը, որի ճարտարապետը հայ է՝ Կարապետ Պալյանը, եվրոպական բարոկկոյի ոճով է կառուցված: Հայերը եվրոպականացրին Թուրքիան: Եթե հայկական գրառումներ չկան, արտաքուստ դժվար է տարբերակել հայկականն ու ոչ հայկականը: Եթե դու ծանոթ ես այդ քաղաքի պատմությանը, տեսնում ես, թե 300 տարում Պալյան ճարտարապետական գերդաստանը ինչ է արել այդ քաղաքի ու մյուս քաղաքների համար: 19-րդ դարում  նրանք կառուցեցին սուլթանական պալատը: Եթե Պոլսում ուրիշ ոչինչ չլիներ, միայն այդ պալատով զբոսաշրջային Պոլիսը կարող էր ապրել: Ընդհանրապես Պոլսում շատ դժվար է հայ ապրելն ու հայ մնալը:

-Հայ գաղութի հետ հանդիպումներից ի՞նչ զգացողություններ մնացին:

-Առաջինը հպարտությունն է, որ այդպիսի նախնիներ ենք ունեցել, երկրորդը տագնապն է, թե այդ հսկա ժառանգությանը կկարողանա՞նք տեր կանգնել:

-Ի՞նչ եք հասկանում «տեր կանգնել» ասելով:

-1914-ին Պոլսում եղել է 600000 բնակիչ, 150000-ը հայեր էին, դա շատ լուրջ ներկայություն էր: Անցել է 100 տարի, Ստամբուլն այսօր ունի 17 միլիոն բնակիչ, հայերը՝ 50000 են: Ի պատիվ հայ համայնքի, որ կենսունակ է բավականին, աշխույժ ու համակրելի, պիտի ասեմ, որ կարողանում են տակավին տեր մնալ հայկական հաստատություններին: Պոլսում գործում է հայ առաքելական 33 եկեղեցի՝ մեկը մեկից գեղեցիկ: Օրինակ, Պեշիկթաշի սուրբ Աստվածածին եկեղեցին (ճարտարապետը Կարապետ Պալյանն է), մի քանի ամիս առաջ էր նորոգվել: Ձեռնհաս մարդիկ ունենք Պոլսում, մեկենասներ, որ գումարներ են տրամադրում, գործունեությունն են ապահովում, բայց հարցերի հարցը հայերի թիվն է: Պեշիկթաշում 17 հայ ընտանիք կա ընդամենը: Տերունական տոներին ու կիրակի օրերին միայն գնում են պատարագի: Նույնն է վիճակը մյուս եկեղեցիներում: Ցավոտ հարց է լեզվի նահանջն էլ: Հայության առաջին հատկանիշը լեզուն է:

-Թուրքիայի պետական քաղաքականությունը նպաստու՞մ, թե՞ խանգարում է ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանությանը:

-Պետական քաղաքականությունը շատ դիվանագիտորեն կտրում է հայ տարրի արմատը: Գավառներում երբեմն ավելի հեշտ է հայ մնալ, բայց գավառներում էլ չկան հայկական դպրոցներ: Գավառների հայերը հիմնականում քրդախոս են: Թուրքիայի կառավարությունը նպաստում է նրանց Պոլիս մեկնելուն, որտեղ ավելի կառավարելի են: Պոլսում շերտավորում կա՝ իշխանական տոհմերի, եւ գավառներից եկած հայերի: Իշխանական տոհմերի հայերի մեծ մասը 20-րդ դարասկզբին հեռացավ Պոլսից՝ տարբեր հարկատեսակներ էին դնում ու չէին թողնում աշխատել: Այսօր հայերը դիտվում են ոչ իբրեւ ազգային, այլ կրոնական փոքրամասնություն, նրանց միակ ներկայացուցչությունը պատրիարքարանն է: Եթե 1914-ին Պոլսում ունեինք ազգային 64 վարժարան, այսօր ունենք 14-ը:

-Իսկ բավարար թվով սաներ կա՞ն այդ վարժարաններում:

-1914-ին 25000 հայ աշակերտ ունեինք, այսօր՝ 3000: Մի քանի վարժարաններում եղա, սքանչելի հայ մանուկներ էին, որ դասամիջոցին իրար հետ թուրքերեն էին խոսում, թեպետ հայերեն գիտեն: Փաստորեն հայերեն դասավանդվում է միայն լեզու, գրականություն, կրոնի պատմություն առարկաները, մնացածը՝ թուրքերեն: Թուրքիո կառավարության որոշումով պետական ծրագիր կա, որին համապատասխան էլ կազմակերպվում է ուսուցումը: Միջավայրը թուրքական է, չես մեղադրի, որ հաղորդակցվում են միմյանց թուրքերեն: 50000-անոց հայ համայնքը երկու օրաթերթ ունի՝ «Ժամանակ» եւ «Մարմարա»: «Ժամանակը» ամբողջ աշխարհում տպագրվող ամենահին հայերեն թերթն է, որ 1908-ից սկսած անընդմեջ հրատարակվել է: «Մարմարան» 1940-ից է սկսել տպագրվել: 1500 տպաքանակ ունեն հայկական թերթերը: Պոլսում թերթերը երեկոյան են տպագրվում, որ օրվա նորությունները ներկայացնելու տեսակետից շատ հարմար է: Կա նաեւ Հրանտ Դինքի հիմնած «Ակօս» թերթը, որ թուրքերեն է ու երկու էջը միայն հայերեն, որովհետեւ հայախոսների թիվն արդեն նվազում է: Ցավ ի սիրտ նկատեմ, որ եթե 60-ն անց հայերի 30 տոկոսը հայախոս են, 19-24 տարեկանների միայն 8 տոկոսն է հայերեն խոսում: Հայերենի գործածության միջինը 18 տոկոս է: Պոլսում արդեն երկու տարի ոչ քաղաքական, ոչ հասարակական, զուտ գեղարվեստական, մշակութային ամսագիր էլ է լույս տեսնում, որը կոչվում է «Փարոս»: Ամսագիրը, որ 3000 տպաքանակ ունի, ամենաբարձր մակարդակն ունի, կարողանում է ներկայացնել հայ մշակույթը սահմանի երկու կողմերում եւ անդրադառնում է Թուրքիայում ապրող ազգային մյուս փոքրամասնություններին եւս:

-Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած հայերը Պոլսում իրենց զավակներին կարողանու՞մ են հայկական դպրոցներում կրթել:

-Հայաստանից մեկնածները Պոլսում մոտ 40000 են, նրանք հիմնականում սպասավորությամբ ու առեւտրով են զբաղված: Հայաստանցի երեխաների համար ստեղծվել է «Հրանտ Դինք» վարժարան, որտեղ արդեն 60 սաներ կան: Նոր մեկնածները ընդհանրապես մշակութային գետնի վրա գոյություն չունեն, գաղութի հետ չեն մերվում, որովհետեւ լեզվական խնդիր ունեն: Եթե առաջ գոնե հայախոս քրիստոնեական թաղամասեր կային, հիմա հայաբնակ շրջաններ Պոլսում չունենք:

-Այսինքն՝ թուրքական պետական քաղաքականությունն ավելի ուժեղ է հայերի հայ մնալու ցանկությունից:

-Չէի ասի, հայերի հայ մնալու ցանկությունն է նրանց հայ պահում: Իմ երկշաբաթյա ուղեւորության ժամանակ ես համոզվեցի, որ հայ կյանքը լավ կազմակերպված է: Օրինակ, գործում է սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցը (համարյա 120 տարեկան), որտեղ անվճար բուժում է իրականացվում, հիանալի մասնագետներ կան, գործում է եւ ծերանոց: Ուսուցիչը մեծ հարգանք է վայելում համայնքում: Ուսուցչաց հիմնարկը, որ ստեղծվել է 1965-ին, երեք ոլորտ է ընդգրկում՝ կրթական (բոլոր ուսանողների համար, որ ուզում են մանկավարժություն սովորել եւ ֆինանսական խնդիր ունեն, Ուսուցչաց հիմնարկը վճարում է, կատարելագործման դասընթացներ է կազմակերպում), երկրորդ ոլորտը հրատարակչականն է (դասագրքեր են տպագրում, որոնք, իհարկե, ստանում են կրթության նախարարության վավերացումը, «Ժպիտ» մանկական ամսագիրն է հրատարակվում եւ անվճար բաժանվում բոլոր վարժարաններում, ամեն տարի տպագրվում են հայկական օրացույցեր, վերահրատարակվում են հայ դասականները՝ Պարոնյան, Վարուժան, Զարիֆյան, Եսայան եւ այլք): Երրորդը ընկերային կամ սոցիալական օգնությունն է, որ ուսուցիչը ստանում է, եթե ինչ-ինչ պատճառներով մենակ է կամ անկյալ վիճակում, նրան մշտապես հոգ է տարվում, հիվանդության դեպքում սուրբ Փրկիչ հիվանդանոցը պատրաստ է դարմանել, Իշխանաց կղզիներից մեկում վարձված հարկաբաժին կա, որտեղ բոլոր ցանկացողները գնում են տարեկան մեկ անգամ հանգստանալու: Ասեմ նաեւ, որ այնքան խնամված ու բարեկարգ տեսք ունեն գերեզմանոցները, որ մահից այլեւս չես վախենում:



Ես գնացի Շիշլիի գերեզմանոց, որ հայ արվեստագետների ու հոգեւորականների պանթեոնն է, եվրոպական չափանիշներով գծագրված, մարմարակերտ, գեղեցիկ, ճաշակով կառուցված: Ես հանդիպեցի եւ Շիշլիի փոխքաղաքապետի հետ՝ Վազգեն Բարըն, գավառից եկած հայ է, որ հայերեն չի էլ իմացել: Ես երկար զրուցում էի պոլսաբնակ հայերի հետ՝ հասկանալու համար թուրքական իրականությունը, արտագաղթը արդեն հարվածել է նրանց ողնաշարին, հաջորդը լեզվի կորստի խնդիրն է, կա խառնամուսնությունների հարցը՝ բոլորը երանի են տալիս, երբ ամուսնանում են հայ զույգեր, բայց որպես կանոն՝ լինում է՝ ինչ լինում է, միասին ուսանում են, աշխատում եւ չես կարող արգելել: Սխալ մոտեցում է, որ մենք Պոլսին նայում ենք որպես սփյուռքի գաղթօջախ: Սա գաղթօջախ չէ, սա արեւմտահայության միջնաբերդն է, որտեղ հավաքվել են վերջին մոհիկանները: Ճիշտ է, Հայաստանից դուրս է, բայց պակաս Հայաստան չի եղել, մշակութային կենտրոն է եղել: Իմ հանդիպումները ինձ համոզեցին, որ հայերը տարբեր ոլորտներում կարողանում են իրենց դրսեւորել, իսկ եթե բարենպաստ միջավայր լինի, այդ դրսեւորումները շատ ավելի շոշափելի կդառնան: Եթե դիվանագիտական հարաբերություններ լինեն եւ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, հայերի կենսապայմանները շատ ավելի նպաստավոր կլինեն հայ մնալու առումով:

***  

Հարցազրույցը 2009-ի հոկտեմբերին էր: Իսկ «Պոլսո արտացոլանքներ» ցուցահանդեսը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ, Երեւանում, 2015-ին:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին