Էդուարդ Ղազարյան. Ազգի քաղաքակրթության մակարդակը որոշվում է դպրոցում - Mediamax.am

Էդուարդ  Ղազարյան. Ազգի քաղաքակրթության մակարդակը որոշվում է դպրոցում
2758 դիտում

Էդուարդ Ղազարյան. Ազգի քաղաքակրթության մակարդակը որոշվում է դպրոցում


Այսօր նա 80-ն անց է, իսկ հանդիպեցինք, երբ ընդամենը 58 տարեկան էր՝ եռանդուն ու ծրագրերով լեցուն: Միշտ հարգանքով եմ վերաբերվել ֆիզիկոսներին՝ նրանք հասկանում են այն, ինչ ես չեմ հասկանում: Նյուտոնի օրենքներից զատ: Գուցե նաև Բոյլ-Մարիոտի, որ արդեն չեմ հիշում, բայց հիշում եմ, որ ֆիզիկայից «գերազանց» եմ ստացել Բոյլ-Մարիոտի օրենքի …սեփական բացատրության համար: Ֆիզիկոսներն ընդհանրապես աշխարհի այլ տեսունակություն ունեն՝ նրանք ամեն ինչ փորձում են ոչ միայն հասկանալ, այլև՝ բացատրել: Չգիտեմ՝ ֆիզիկո՞ս էր Արքիմեդը, բայց նրա «էվրիկա՛ն» լողատաշտում աշխարհի ամենահայտնի լոգանքը դարձավ՝ իբրև հետևանք ունենալով հիդրոստատիկայի օրենքը: Երբ նրան հանդիպեցի 2000-ի մայիսին, հարցրի՝ ֆիզիկո՞ս էր Արքիմեդը դասական իմաստով, ու ստացա դասական պատասխան՝ «Բոլոր փիլիսոփաները մի քիչ ֆիզիկոս ենն, բոլոր ֆիզիկոսները մի քիչ փիլիսոփա»: Հանդգնությունս չհերիքեց հարցնելու՝ իսկ նախարարնե՞րը… ՀՀ կրթության և գիտության նախարար Էդուարդ Ղազարյանի հետ հարցազրույցը տպագրվեց «Հայաստանի Հանրապետությունում» 2000-ի մայիսի 31-ին «Քաղաքակրթության մակարդակը որոշվում է դպրոցում» վերնագրով:

***

-Ի՞նչ գիտեք Ձեր մասին, որ ուրիշները չգիտեն:

-Ուզում եք գաղտնիքնե՞ր իմանալ: Երկու իրարամերժ մարդկային որակների միասնություն և հեշտացնում է իմ կյանքը, և դժվարացնում: Առաջինը բարությունն է, մարդկանց օգտակար լինելու ձգտումը, չեմ կարողանում անտարբեր վերաբերվել որևէ մեկի աջակցության խնդրանքին: Դա, իրավ, դժվարացնում է իմ կյանքը, ամեն շաբաթ ես ընդունելությունների օր ունեմ, երբ 20-30, երբեմն 40-50 մարդ է դիմում, նրանց 90 տոկոսը կամ վճարովի բուհերի վարձավճարի խնդիր ունեն, կամ աշխատանք են խնդրում: Անասելի ծանր է, երբ առողջ տղամարդը, իրեն մեղավոր զգալով աշխատանք չունենալու կամ անբավարար վաստակելու պատճառով՝ խնդրում է երեխայի ուսման շարունակությանն օգնել: Երկրորդը իմ սկզբունքներն են, որ թույլ չեն տալիս սահմաններն անցնել: Սկզբունքներ, որ պաշտպանում են պետական մտածողությունն ու արդարությունը: Այս երկու որակների պայքարի արդյունքում ծնվում է ցանկացած հարցի շուրջ վերջնական որոշումը:

-Ձեր մասին ասում են, որ Դուք պրոֆեսիոնալ եք:

-Այս ոլորտում անհրաժեշտ, բայց բավարար չեմ համարում պրոֆեսիոնալիզմը, որովհետև կրթությամբ զբաղվելիս միայն հասկանալն ու գիտենալը քիչ են, պետք է ունենաս ներքին մղում՝ մարդու մեջ ի վերուստ դրված ներքին պահանջ, որին հակառակվել չես կարող՝ անկախ պաշտոնյա ես, թե ոչ: Ամբողջ կյանքում զբաղվել եմ դպրոցներով, թեև երկար ժամանակ բուհում եմ աշխատել, գիտությամբ եմ զբաղվել: Մոսկվայի պետական համալսարանում ուսումս ավարտելուց հետո, 1969-ից դասավանդել եմ դպրոցում, աշխատել եմ շնորհաշատ երեխաների հետ, տարիներ շարունակ ուսուցիչների վերապատրաստման հարցերով եմ զբաղվել՝ իմ հիմնական գործից դուրս, հաճախ չունենալով վարչական պաշտոն:

-Ո՞րն եք համարում գլխավորը ուսուցչի աշխատանքում:

-Կրթության և դաստիարակության փիլիսոփայությանը տիրապետելը: Ինչպե՞ս է ազգը դաստիարակվում, ինչպե՞ս է գոյատևում: Իր ազգային խորհրդանիշներով վերջիվերջո: Մենք ունենք Մասիս, ունենք Մատենադարան, ազգային համալսարան, որ խորհրդանիշներ են, բայց և կան այլ խորհրդանիշներ, որ հիմքն են մեր գոյատևման և սրբազան են դարձել՝ ընտանիքը և դպրոցը: Այս խորհրդանիշներն ունեցել են գլխավոր դերակատարներ՝ դպրոցում ուսուցիչները, տանը՝ ծնողները: Հազարավոր սերունդների համար նրանք անառարկելի հեղինակություն են եղել: Ժամանակները հիմա փոխվել են, և ես նույնիսկ բնական եմ համարում նրանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը: 30-40 տարի առաջ ուսուցիչը աշակերտին գիտելիք հաղորդող միակ աղբյուրն էր, այժմ փոխվել է ուսուցչի դերը, գերտեղեկացված հասարակության մեջ ուսուցչի դերը, թերևս, ոչ թե գիտելիք փոխանցելն է, այլ՝ ուղղություն ցույց տալը, ճարտարապետի գործառույթը: Հիմա գիտակրթական տեղեկատվական ցանց կա՝ ինտերնետ, հեռուստացույց, շատ հարուստ գրականություն, այլ աղբյուրներ կան: Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ եթե կորցնենք այդ անառարկելի հեղինակությունները, սերնդի կյանքում շատ լուրջ կորուստներ կունենանք: Իվերջո, որևէ ազգի քաղաքակրթության մակարդակը որոշվում է դպրոցում:

-Գիտության և կրթության նախարարության գործող համակարգը ի՞նչ կառույցներ է ընդգրկում և Ձեր կարծիքով՝ բավարարու՞մ է կյանքի պահանջներին:

-Նախարարության ներկա կառուցվածքը որոշ չափով ստանդարտ է՝ ընդգրկում է գործառնական կառույցներ: Հիմա մենք քննարկում ենք և որոշ վերադասավորումներ կլինեն: Դուրս է մնացել դաստիարակության ամբողջ կառույցը: Մեր ստորաբաժանումներից մեկը զբաղվում է ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներով, բայց դա շատ քիչ է: Առայժն չկա ամբողջական մի կառույց, որ զբաղվի դաստիարակության խնդիրներով, պետական քաղաքականության իրականացումով: Կրթության և գիտության նախարարությանը նոր խնդիրներ են առաջադրված և կառավարության առաջիկա նիստի հաստատմանն են ներկայացված մի քանի կանոնակարգեր՝ արտոնագրման-հավատարմագրման վերաբերյալ, որի համար համապատասխան կառույց պիտի ստեղծվի նախարարության կազմում: Բարեփոխումների նոր կենտրոնը, որ նախկին 3-4 կառույցների միատեղումն էր, թերևս որոշ շտապողականության հետևանք էր, որովհետև կենտրոնը դարձել է բազմագործառույթ մի կառույց՝ մանկավարժական գիտությունից, մեթոդիկայից, ծրագրային խնդիրներից մինչև ուսուցիչների վերապատրաստում ընդգրկումով, արդյունքների տեսակետից չի արդարացնում այդքան ծանրաբեռնվածությամբ աշխատելը:

-Կրթության մասին օրենքի ընդունումից անցել է համարյա մեկ տարի, փոփոխությունների անհրաժեշտություն առաջացե՞լ է այս ընթացքում:

-1999-ի մայիսին ընդունված կրթության մասին օրենքը շատ ավելի ընդհանուր, հայեցակարգային դրույթներ է պարունակում՝ պետական քաղաքականության սկզբունքները, պետության երաշխիքները, որ անփոփոխ են ու մնայուն, բայց գործնականում առանձին հարցեր այդ օրենքով չեն լուծվում:

-Այսինքն՝ ավելի շատ օրենսդրական ակտերի անհրաժեշտություն կա, քան օրենքի փոփոխության:

-Այո, նախարարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որ փոփոխությունների նախագծերն է նախապատրաստում կրթության մասին օրենքում: Շատ հարցեր վերանայման կարիք ունեն գործնական տեսակետից, երբեմն և՝ սկզբունքային: Մենք արդեն մշակել ենք հանրակրթության չափորոշիչները, որ կառավարությունը հասատատել է: Այս փաստաթղթով սահմանվում են գիտելիքների պարտադիր նվազագույն չափը, սովորողների առավելագույն ծանրաբեռնվածությունը, յուրաքանչյուր առարկայի գծով կրթության որակին ներկայացվող պահանջները և այլն: Այս փաստաթղթի հիման վրա են ծնվելու կրթական ծրագրերը, բուհական պլանները և դասագրքերը: Վարչապետի հրամանով ստեղծվել է հանրակրթական հանձնաժողով և աշխատանքային խումբ, որ աշխատում է կրթական համակարգի զարգացման ծրագրի վրա՝ առաջիկա հինգ տարվա համար: Կարծում եմ՝ մինչև տարեվերջ Ազգային ժողովն այդ ծրագիրը կընդունի և կհաստատվեն յուրաքանչյուր ոլորտի զարգացման ուղղությունները: Պետք է փորձենք հստակ, իրատեսական մեխանիզմներ մշակել այդ խնդիրները լուծելու համար, նշելով աղբյուրները:

-Ի՞նչ վիճակում է գիտության մասին օրենքը:

-Գիտության և գիտատեխնիկական քաղաքականության մասին օրենքը հիմա կառավարությունում է՝ քննարկվում է, մշակել է Գիտությունների ազգային ակադեմիան, անցել է քննարկումների մի քանի փուլեր, նաև՝ պատգամավորական լսումներ Ազգային ժողովում: Նախարարությունը նույնպես մասնակցել է այդ քննարկումներին, մի քանի առաջարկներ է արել: Ցանկացած օրենքում ամենակարևորը պետական քաղաքականության սկզբունքներն են և պետական երաշխիքները, որ պետք է հստակ ձևակերպվեն: Պետությունը պիտի կարողանա իր գիտնականի համար ստեղծել բարենպաստ աշխատանքային պայմաններ՝ տնտեսական խնդիրների լուծումից զատ գիտնականը պիտի հնարավորություն ունենա նյութեր ձեռք բերել, գիտական գործուղումների մեկնել, հրատարակել աշխատանքները, նախապատրաստել գիտնականների երիտասարդ սերնդի մուտքը գիտություն… Այսօր միջոցները սահմանափակ են, հետևաբար նոր մեխանիզմներ պետք է գտնել, եղած սուղ միջոցները արդյունավետ օգտագործել, այլ միջոցներ ներգրավել:

-Քանի՞ աշակերտ է այս տարի ավարտելու հանրակրթական դպրոցը, նախարարությունում կա՞ն տվյալներ, թե քանիսը չեն ավարտում:

-Այս տարի մոտ 47 000 շրջանավարտ ունենք՝ ըստ մարզերից ստացված հայտերի: Ցավոք, դպրոցից հեռանում են տարբեր դասարաններից, հիմնականում՝ ութերորդից, 17-20 տոկոսը՝ ըստ նախարարության տվյալների: Սեպտեմբերին առաջին դասարանցիների ընդգրկվածության տոկոսը շատ բարձր էր, այս տարի քայլեր ենք ձեռնարկում բացարձակ ընդգրկում ապահովելու համար: 7 տարեկանների դպրոց չգնալու երկու պատճառներ կան՝ նախ սոցիալական, որ համապատասխան քայլեր են ձեռնարկվում վերացնելու, ապահովելով հագուստով և սնունդով, մարզպետարանները մեծ աշխատանք կատարեցին անցյալ տարի այդ ուղղությամբ: Սելեկտորային խորհրդակցությունների ժամանակ վարչապետ Վազգեն Սարգսյանի հանձնարարականները դրական հետևանք ունեցան: Երկրորդ պատճառը երեխաների անպատրաստությունն է: Նախադպրոցական հիմնարկներում այսօր ընդգրկված է երեխանների 28 տոկոսը, մեծամասնությունը պատրաստ չէ դպրոց գնալուն՝ երեխաների հետ շփումին, կարգապահությանը, երեխաները ենթարկվում են տարբեր բարդույթների առաջացման վտանգին՝ ինքնադրսևորման անկարողության պատճառով: Բյուջեի ձևավորման ժամանակ մենք պնդեցինք, որ երեքամսյա նախապատրաստական դասընթացներ բացելու գումարներ հատկացվեն՝ կամ հանրակրթական դպրոցներում, կամ 6 տարեկանների համար մանկապարտեզներում՝ երեխաներին դպրոցական կյանքին ընտելացնելու համար:

-Ինչպե՞ս է նախարարությունը նախապատրաստվել բուհական ընդունելության քննություններին:

-Անցյալ հոկտեմբերին շատ արդյունավետ քննարկումներ եղան ընդունելության քննությունների արդյունքների շուրջ, պատգամավորական լսումներ են կազմակերպվել, երկու անգամ քննարկվել է խնդիրը ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովում, ռեկտորների խորհրդում, նախարարության կոլեգիայում: Բացի այդ՝ ես հանդիպումներ եմ ունեցել բոլոր մարզերում՝ դպրոցների տնօրենների հետ: Արդյունքում ձևավորվել են 2000-ի բուհական ընդունելության նոր դրույթներ, որոնք արտացոլվել են արդարադատության նախարարության գրանցած կանոններում: Առաջինը մասնագիտական կողմնորոշման առավելագույն հաշվառումն է: Չի կարելի թույլ տալ, որ միայն միավորների գումարով հաղթողը ճանաչվի: Կա մասնագիտական կողմնորոշման խնդիր, որը չենք կարող անտեսել: Այդ իսկ պատճառով այս տարի և պետպատվերով, և վճարովի բուհերում հաշվի է առնվելու դիմորդի հայտերի հերթականությունը: Դիմորդի մասնագիտական կողմնորոշումը պետք է պաշտպանվի, ոչ թե գերակայի «Որտեղ պատահի՝ միայն ընդունվի» սկզբունքը: Երկրորդը՝ անընդունելի էր, որ նույն քննատոմսերով նույն առարկայի գիտելիքները ստուգվում էին բոլոր մասնագիտությունների համար: Օրինակ՝ մաթեմատիկայի քննատոմսերը նույնն էին և ապագա մաթեմատիկոսի, և գյուղատնտեսի, և տնտեսագետի, և ինժեների համար: Այս տարի փորձել ենք տարբերակել՝ բոլոր մասնագիտությունները բաժանվել են երկու մեծ խմբի՝ առաջինում պահպանվել են նախորդ տարվա պահանջները, երկրորդը պարզեցված է: Բացառություն է կազմում բանասիրական ֆակուլտետների դիմորդների հայոց լեզվի քննությունը, որտեղ առաջին անգամ շարադրության առաջադրանք ենք ներմուծել: Ենթադրում ենք հետագայում բոլոր մասնագիտությունների գծով, այդ թվում դպրոցական ավարտական քննություններում շարադրություն ներմուծել: Այդ հրամանն արդեն տրվել է:

-Հանրակրթական դպրոցներն ավարտողների համար համարյա պարտադիր են դարձել մասնավոր պարապմունքները, եթե ուսումը շարունակելու են: Կան վճարովի քոլեջներ, վարժարաններ, որտեղ դարձյալ ծաղկում է մասնավոր դասուսույցների պրակտիկան: Ձեր կարծիքով՝ դա իրո՞ք անհրաժեշտություն է, և հանրակրթական դպրոցն այսօր ի զորու չէ՞ բուհ ընդունվելու անհրաժեշտ գիտելիքներ տալ աշակերտին:

-Բուհ ընդունվելու համար ավելի շատ գիտելիքներ չեն պահանջվում, քան դպրոցն ավարտելիս: Սկզբունքորեն դեմ եմ այդ ձևակերպմանը: Առանձին առարկաների գծով ընդունելության առարկաների ծրագրերը կազմում են դպրոցական ծրագրերի 40-50 տոկոսը, պահանջները շատ ավելի քիչ են ծրագրային առումով: Օրինակ, դպրոցական ֆիզիկայի ծրագիրը ծավալով և բարդ հարցերի տեսանկյունով երկու անգամ ավելի ընդգրկուն է ընդունելության քննությունների ծրագրից: Դպրոցում, սակայն, այդ գիտելիքները շատ դեպքերում չեն հաղորդվում՝ կամ ուսուցիչը բարեխիղճ չէ, կամ ընդհանրապես ուսուցիչ չկա: Օրինակ՝ գյուղական դպրոցներում  տարբեր առարկաների գծով ուսուցիչների մեծ պահանջարկ կա, որ առայժմ չենք կարողանում բավարարել: Այնուամենայնիվ, որակավորում ունեցող ուսուցիչը  լիարժեք կարող է այդ գիտելիքները հաղորդել՝ ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնելու համար: Գուցե ինչ-որ վերապահում կարելի է անել օտար լեզուների համար, բայց մնացած առարկաների դեպքում բուհական պահանջները շատ ավելի մեղմ են: Եթե ուսուցիչը և երեխան հաղթահարել են դպրոցական ծրագիրը, որևէ անհրաժեշտություն չկա մասնավոր դասուսույցի դիմելու:

-Եթե, բայց շատ հաճախ դա դառնում  է ուսուցիչների համար լրացուցիչ վարձատրության աղբյուր:

-Այդ իսկ պատճառով ուսուցիչների հեղինակության անկում է նկատվում: Համենայն դեպս, ես կարծում եմ, որ դպրոցում ընկել է ընդհանուր կրթվածության մակարդակը, երեխան օտարվել է դպրոցից, ցածր է կարգապահությունը: Այսօր մեր թիվ 1 խնդիրը երեխային դպրոց վերադարձնելն է: Նրանք բոլորն էլ հաշվառման մեջ են, բայց իրականում դպրոց չեն գալիս, մանավանդ բարձր դասարաններում: Այս տարվա ընդունելության քննությունների կանոնների փոփոխություններն ուղղված են նաև դպրոցի վարկի բարձրացմանը: Դպրոցն ամենազգայուն կերպով է արձագանքում բուհական պահանջների փոփոխությանը: Երբեմն վատ, երբեմն լավ: Մենք վերացրինք ֆիզիկայի քննությունը ինժեներական մասնագիտությունների համար, առարկան դադարեցին սովորել, ստիպված այս տարի վերականգնեցինք: Կամ՝ վերականգնեցինք ավարտական քննությունների գումարային միավորների հաշվառումը՝ մեդալակիրներին մեկ կենտրոնացված քննության առավելություն տալը: Ուսուցչի դերը բարձրացնելու վարչական ձևեր ևս կան, բայց ամենահզոր ազդակը ֆինանսական է, եթե ուսուցչի աշխատավարձը տասնապատկվում է, նա իրեն ավելի պատասխանատու է զգում և արդեն վախենում է աշխատանքը կորցնել, ուստի շահագրգիռ է լավագույնս աշխատել: Իհարկե, կարելի է և թևաթափ լինել ու մատնել ինքնահոսի՝ թող մի 20 դոլար էլ կաշառք վերցնի, բայց դա կործանարար ճանապարհ է և անթույլատրելի: Այդ գաղափարախոսությունը վտանգում է ոչ միայն կրթությունը, այլև՝ դաստիարակությունը: Ուստի պետք է հնարավորն ու անհնարն անել ուսուցչի վիճակը բարելավելու համար՝ նյութապես ու բարոյապես:

-Եվ, այնուամենայնիվ, կոռուպցիան, ինչպես կյանքի բոլոր ոլորտներում, կա նաև դպրոցներում ու բուհերում՝ իր բոլոր քայքայիչ հետևանքներով:

-Դա մեր համակարգի համար դժբախտություն է, մանկավարժի կերպարն ամենակարևորն է սերնդի դաստիարակության համար, թերևս ներելի է մի քիչ պակաս գիտելիք հաղորդելը, բայց բարոյական նորմերի ոտնահարումը աղարտում է թե ուսուցչի ու դասախոսի, թե աշակերտի ու ուսանողի հոգեբանությունը: Մանկավարժը ոչ միայն մասնագիտական գիտելիքներին պիտի կատարելապես տիրապետի, այլև շատ կարևոր է բարոյական կերպարը: Երրորդ, ըստ իս, ոչ պակաս կարևոր կողմը լեզվական կուլտուրային տիրապետելն է: Այս երեքի միասնությամբ է նա լուծում իր գլխավոր խնդիրը: Ցավոք, մեր համակարգում ևս կոռուպցիայի անվայել դեպքեր լինում են: Արմատները խորն են. Թեպետ չեն արդարացնում ոչ մի փաստ: Եթե վերջին դեպքին անդրադառնամ, կրկնակի ցավով պիտի նշեմ, որ մանկավարժական ինստիտուտում դա կրնակի հանցանք է, որովհետև այս բուհի դասախոսը մանկավարժ է կրթում: Ընդունելության քննությունների նախօրեին այդ դեպքն ավելի զգաստացնող պիտի լինի:

-Կա համաշխարհային մանկավարժական փորձ հասկացությունը, որին մենք շատ ինքնատիպ ենք վերաբերվում՝ որ երկրում եղանք, նրանց տարբերակը կրկնօրինակում ենք ու հռչակում միակ մոդել՝ առանց տեղական փորձն ու առանձնահատկությունները հաշվի առնելու: Կամ էլ՝ ոչ լսել ենք, ոչ տեսել՝ կղզիանում ենք ու վտանգում մեր առաջընթացը: Ի՞նչ կարելի է անել:

-Նախ պետք է պահպանել նախորդ կրթական համակարգի բացահայտ առավելությունները՝ հիմնարարությունը և հանրագիտայնությունը: Երկրորդ՝ լուծել ինտեգրման խնդիրը կրթության սահմանափակ, խելոք, հավասարակշիռ ազատականացմամբ՝ չթողնելով քաոսի վերածվել, բայց սովորողին իր նախասիրությունները զարգացնելու հնարավորություններ տալով, ուսուցիչներին թողնելով մեթոդների ընտրությունը: Պետք է համապատասխանեցնել չափանիշները դիպլոմների առումով, որպեսզի մեր դիպլոմները մրցունակ լինեն արտասահմանում և ճանաչվեն: Ցանկացած ինտեգրման հիմքում կրթությունն է: Օրինակ, վաղուց անհրաժեշտ է 11-ամյա ուսուման անցնել, որովհետև նոր առարկաներ են ներմուծվել դպրոցական դասընթաց, որոնց ուսուցումը մեկը մյուսի հաշվին է դարձել՝ խախտելով բնագիտական և հումանիտար առարկաների համամասնությունը: 10 տարում չենք տեղավորվում, փոխարենը լռակյաց ու աննկատ ուսուցումը դարձրել ենք 9 տարի՝ անցնելով հնգօրյա ուսումնական շաբաթի, երբ ամբողջ ԱՊՀ-ում, Եվրոպայում ու Ամերիկայում ուսուցումը հիմնականում 12-ամյա է: Կրթական համակարգում կտրուկ փոփոխությունները վտանգավոր են, ամեն ինչ պիտի հավասարակշիռ ու համաչափ արվի, բայց չպետք է մոռանանք, որ այս համակարգը անվերջ զարգացող համակարգ է, և չի կարող քարացած պահանջները պահպանել:

-Ձեր հարցը ինձ:

-Ավելի շուտ՝ ցանկությունը: Մամուլը մեր համակարգին անդրադառնում է ընդունելության քննությունների շրջանում միայն: Հավատացեք, այս համակարգում շատ ավելի լուրջ ու կարևոր խնդիրներ կան, որոնց լուծումներին մամուլը կարող է և պետք է մասնակցի խորքային քննարկումներով, ոչ հպանցիկ անդրադարձներով, օրվա իրադարձությունների մի քանի տողով: Դպրոցը համերկրային նշանակության կառույց է, հասարակությունը չի կարող հեռու մնալ իր դպրոցից, որ ուղղակի այդ հասարակության լավ ու վատ վիճակի անդրադարձն է: Մամուլը պիտի օգնի ու պաշտպանի դպրոցը, նաև իր քննադատական, սկզբունքային, խորքային հրապարակումներով:

***

Չէ, ես, իհարկե, Արքիմեդը չեմ և ոչ մի արքա ինձ չի խնդրել՝ պարզել իր թագը իսկապե՞ս ոսկուց է, թե՞ ոսկերիչը արծաթ է խառնել, և լոգանքի պահին ոչ մի դարակազմիկ գյուտ չեմ արել: Գիտության ոչ մի բնագավառում: Բայց Արքիմեդին սիրում եմ ու… ֆիզիկոսներին: Էդուարդ Ղազարյանին հետո էլի եմ հանդիպել՝ աշխատանքի բերումով ու միշտ նույն՝ հանդարտ, հավասարակշիռ, փոթորիկը խորքում պահած մարդն է եղել զրուցակիցս՝ իր բոլոր պաշտոններում:                           

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին