Սմբատ Այվազյան. Եռաբլուրն արդեն մի շա՛տ մեծ պատասխան է՝ տրված ու չտրված հարցերի - Mediamax.am

Սմբատ Այվազյան. Եռաբլուրն արդեն մի շա՛տ մեծ պատասխան է՝ տրված ու չտրված հարցերի
5091 դիտում

Սմբատ Այվազյան. Եռաբլուրն արդեն մի շա՛տ մեծ պատասխան է՝ տրված ու չտրված հարցերի


Մեզ ոչ ոք էլ չի ծանոթացրել, ամեն անգամ երբ «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում հանդիպում էի նրան, բարևից հետո ասում էր. «Ի՞նչ կա, կամանդիր, ասա՝ ի՞նչ անենք»: Ու ամեն անգամ ես պատասխանում էի. «Ինձնից ի՞նչ կամանդիր, ես չինովնիկ եմ»: Երկուսս էլ, մեղմ ասած, լուրջ չէինք… Բայց եղել են և լուրջ ժամանակներ, երբ նա նախարար էր, իսկ ես՝ լրագրող: 2000-ի մարտի 30-ին «Հայաստանի Հանրապետությունում» ես նրա հետ, որ այդ ժամանակ ՀՀ պետական եկամուտների նախարարն էր, հարցազրույց էի արել, որ վերնագրել էի «Ելքը քաղաքական կայունության հաստատումն է»:

***

-Ի՞նչ գիտեք Ձեր մասին, որ ուրիշները չէին կարող իմանալ:

-Եթե չէին կարող, ուրեմն պետք չէ, որ իմանային ու չեն իմանա: Իսկ ընդհանրապես ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ դպրոցն ավարտելուց հետո՝ 1976-ին ընդունվել եմ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը, որ այն ժամանակ լավագույն բուհի լավագույն ֆակուլտետի համարումն ուներ: 1980-ին ավարտելուց հետո գործուղվել եմ Կիրովական՝ աշխատելու, մի քանի ամիս հետո զորակոչվել եմ բանակ: Ծառայությունից վերադառնալուց հետո աշխատել եմ որպես տնտեսագետ, խորհրդային կոոպերատիվ շարժման տարիներին, օգտվելով տնտեսական ընձեռված հնարավորություններից, կազմակերպել եմ տարբեր ոլորտների փոքրիկ արտադրություններ: 1988-ից ներգրավվել եմ Արցախյան շարժման, 1990-ից՝ ռազմական թևի մեջ, կամավորական շարժման մասնակից եմ՝ այն ժամանակվա ամենամեծ և ուժեղ ջոկատներից մեկի՝ «Տիգրան Մեծ» կազմակերպության ղեկավարն էի: 1991-ին նշանակվել եմ Հյուսիսային Արցախի Շահումյան շրջանում ռազմական կոորդինատոր: 1992-ին Լաչինի գրավումից հետո եղել եմ պարետ: Իսկ 1993-ին Վազգեն Սարգսյանի հրամանով՝ Հայաստանի հարավային սահմանների ռազմական կոորդինատոր: 1994-ին հանրապետության վարչապետը Սևանի տարածաշրջանում կազմակերպեց օպերատիվ շրջան, որի ռազմական կոորդինատորն եմ եղել մինչև պատերազմական գործողությունների ավարտը:



Ընտրվել եմ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր 1990-ին՝ միաժամանակ հանդիսանալով պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր 1995-ին: 1994-ին նշանակվել եմ «Սապֆիր» գործարանի տնօրեն: 1998-ին խորհրդարանում ղեկավարել եմ պատգամավորական մեծամասնություն ՙԵրկրապահ՚ խումբը: 1998-ի նոյեմբերին նշանակվել եմ հարկային տեսչության պետ, 1999-ի հուլիսից, երբ ստեղծվեց պետական եկամուտների նախարարությունը, նշանակվել եմ նախարար: Ամուսնացած եմ, ունեմ երկու տղա, մեկ աղջիկ:

-Փաստորեն՝ Դուք միշտ եղել եք ամենաթեժ կետերում, որտեղ պահանջվել է կամք ու վճռականություն, այդ տրամաբանությամբ՝ պետական եկամուտների նախարարությունը խաղաղ ժամանակներում այդ թեժ կետերի՞ց է:

-Դժվար է ասել, համենայն դեպս՝ ամենածանր տեղամասերից է, որտեղ աշխատանքը դինամիկ և բավականին բարդ է, պահանջում է օրվա անհետաձգելի խնդիրները լուծել ապագային նայելով:  

-Պետական եկամուտների նախարարությունը կառուցվածքային ի՞նչ պատկեր ունի:  

-Նախարարությունը կազմավորվել է նախկին հարկային տեսչությունից և նախկին մաքսային վարչությունից: Նախարարության կառավարման հիմքում դրված է ֆունկցիոնալ կառավարման սկզբունքը: Նախարարությունը բաղկացած է 10 վարչություններից, որոնց անվանումները արդեն կհուշեն, թե ինչ ֆունկցիաների համար են դրանք կոչված՝ հարկային և մաքսային մեխանիզմների կատարելագործման, տեղեկատվական հոսքերի կարգավորման, տարածքային հարկային տեսչությունների, տարածքային մաքսային մարմինների աշխատանքների կազմակերպման, օպերատիվ հետախուզության, մաքսանենգության դեմ պայքարի, իրավաբանական, հետաքննչական և կենտրոնացված ստուգումների վարչություններ, ֆունկցիոնալ և սպասարկող բաժիններ ու կառուցվածքային միավորներ: Այսօրինակ նախարարություններ ոչ բոլոր երկրներում կան, իսկ այն երկրները, որոնք ունեն նման նախարարություն (օրինակ՝ Կանադա, Դանիա, Թաիլանդ, ԱՊՀ մի քանի երկրներ)՝ ելնելով տնտեսական առանձնահատկություններից և օրվա պահանջներից, տարբեր կառուցվածքներ են ձևավորել: Նոր զարգացող երկրներում, որտեղ տնտեսության մեջ ստվերայնությունն ավելի մեծ է, պետական եկամուտների նախարարությունը դառնում է կարևոր կառույցներից մեկը: Վերջերս Վրաստանում ևս ստեղծվեց նմանատիպ նախարարություն, և առաջին երկու ամիսներին դրական դինամիկա կար մուտքերի հավաքագրման առումով: Վրաստանում, համեմատության համար ասեմ, որ 1999-ին համարյա նույն մուտքերն են եղել, ինչ Հայաստանում, մինչդեռ այնտեղ նվազագույնը երկուսուկես անգամ ավելին պետք է հավաքվեր (մեր հիմնական ճանապարհն անցնում է Վրաստանով և մեկ տոննա բեռի հաշվով շուրջ 50 դոլարի տարբերություն է առաջանում, շուրջ երկու անգամ ավելի շատ է Վրաստանի բնակչությունը, հետևաբար սպառումից գոյացող հարկերի բազան է մեծ): Ղազախստանում ևս անցյալ սեպտեմբերին ստեղծվել է պետական եկամուտների նախարարություն՝ հիմնականում ստվերայնության դեմ արդյունավետ պայքարի նպատակով:

-Իբրև ոլորտի ղեկավար՝ ինչպե՞ս եք գնահատում հարկային օրենսդրության վիճակը: Շարունակ խոսվում է հարկային օրենսդրության փոփոխությունների մասին, սկզբունքային ի՞նչ տարբերություն պիտի ունենա նոր օրենսդրությունը, ի՞նչ հայեցակարգ և ի՞նչ քաղաքականություն է դրված այդ փոփոխությունների հիմքում:

-Այո, փոփոխություններ լինելու են՝ հիմնականում հարկային դաշտի պարզեցման, հստակեցման առումով: Մանր բիզնեսով զբաղվողը պետք է ազատվի խորացված հաշվապահություն անելուց: 5-6 հոգով փոքր բիզնեսով զբաղվողներն այսօր ստիպված են դիմել պրոֆեսիոնալ հաշվապահի ծառայություններին, որ կարողանան հաշվապահական գործերը վարել: Նախ՝ փորձելու ենք պարզեցնել այնքան, որ պրոֆեսիոնալ հաշվապահի կարիքը չլինի, երկրորդ՝ օրենքները պետք է փոփոխվեն, կատարելագործվեն այն ուղղությամբ, որ նվազագույնի հասցվի պետական պաշտոնյայի միջամտությունը և տարբեր ստուգողների անհրաժեշտությունը:

-Թեթևացվելու՞ է հարկային բեռը:

-Կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ հարկային բեռի ավելացում չի լինելու, պարզապես կարգավորվելու է: Ազգային ժողովը մարտի 24-ին ընդունեց ծխախոտի հարկման դրույքաչափը նվազեցնող օրենքը, որը հարկային բեռն իջեցրեց այդ ոլորտում: Կառավարությունում քննարկվում է պարզեցված հարկերի մասին օրենքի նախագիծը:

-Կա՞ն միջազգային ստանդարտներ, որոնք պարտադրված ենք պահպանել:

-Ոչ: Տարբեր երկրներ ունեն տարբեր մոտեցումներ՝ ըստ իրենց հնարավորությունների: Պետությունն ունի գործառնություններ, որոնք պիտի կատարի և ըստ այդմ հարկերը այնպիսին պիտի լինեն, որ հնարավոր լինի վճարել: Եթե Հայաստանում կարողանանք աշխատեցնել արտադրությունը, մանր բիզնեսի հարկերը նվազեցնելը հնարավոր կդառնա:

-Մի կողմից պետական եկամուտները պետական բյուջեի մուտքերն են ապահովում, մյուս կողմից արդյունաբերության վերագործարկման արգելակ են դառնում՝ տարիների ընթացքում կուտակված պարտքերի, տույժերի, տուգանքների պատճառով ձեռնարկություններին պարտադրելով հարկադիր բռնագանձում, լուծարում, պարզապես չաշխատել: Ձեր կարծիքով՝ արդյունաբերության վերագործարկման համար հարկային ճիշտ և արդյունավետ քաղաքականությունը ո՞րը պետք է լինի:

-Այդ խնդիրը ամենածանր և ամենադժվար, աշխատատար լուծումներ պահանջողն է: Ըստ իս՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է դրսևորվի անհատական մոտեցում: Անպայման պետք է ուսումնասիրվի՝ ի՞նչ պատճառով ձեռնարկությունը չի վճարել հարկերը, հաճախակի են դեպքերը, երբ ձեռնարկություններն աշխատել են և պարտք են մնացել: Եթե մենք հենց այնպես մեկ ձեռնարկության պարտքը զիջում ենք, անարդար է կողքի ձեռնարկության նկատմամբ: Հարկ վճարելը ոչ մեկի համար ոչ մի երկրում երբեք էլ հեշտ չի եղել և հեշտ չէ: Պետք է աշխատել: Հանրապետությունում գործում է հարկերի կամովի վճարման սկզբունքը, և եթե չլինի վճարման նկատմամբ վերահսկողությունը, կարծում եմ, 10 տոկոսը միայն կվճարի հարկերը ինքնակամ: Մեզ տարիների տևական աշխատանք է պետք, որպեսզի կամովի վճարելու սկզբունքը լիովին գործի, որպեսզի հարկեր վճարելը դառնա ձեռնտու: Այսօր դա դեռ նպատակ է, որին պիտի համառ, հետևողական աշխատանքով հասնենք, որպեսզի պոտենցիալ վճարողները դուրս գան ստվերային դաշտից: Հայաստանն այնքան մեծ երկիր չէ և այնքան շատ տնտեսվարող սուբյեկտներ ու արդյունաբերական ձեռնարկություններ չկան, որ հնարավոր չլինի անհատական մոտեցում հանդես բերել: Յուրաքանչյուր դեպքում պետք է պարզել՝ ի՞նչ ապագա ունի տվյալ ձեռնարկությունը, հարկային որոշակի արտոնություններ տրամադրելու դեպքում հնարավո՞ր է ձեռնարկությունն աշխատեցնել ու մրցունակ արտադրանք թողարկել: Այդ դեպքում միայն կարող է խոսք գնալ կուտակված պարտքերի զիջման, հարկային լրացուցիչ արտոնություններ տրամադրելու մասին: Իսկ եթե ձեռնարկությունն ապագա չունի, վճռականորեն պետք է դնել ձեռնարկության գույքի բռնագանձման ու սնանկացման խնդիրը, չպետք է թողնել, որ վիճակն առավել ծանրանա: Ոչ մի ձեռնարկություն անկախ չէ, այլ արտադրական շղթայի մեկ օղակ է և եթե այդ օղակը վտանգելու է կամ վատացնելու է ամբողջ շղթայի վիճակը, արագ պետք է հատել և ամեն ինչ անել առողջացման համար:

-Կառավարության վերջին նիստում երկրի 110 ձեռնարկությունների սեփականաշնորհման խնդիրը մի քանի ժամ քննարկելուց հետո որոշվեց հետաձգել, հաջորդ քննարկան ժամանակ ո՞րն է լինելու Ձեր դիրքորոշումը: Հնարավո՞ր է գտնել ընդհանուր լուծում, որ ընդունելի լինի բոլոր ձեռնարկությունների համար:

-110 ձեռնարկությունն այնքան էլ մեծ թիվ չէ, որ հնարավոր չլինի յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցում դրսևորել: Առաջարկված լուծումը, իհարկե, լավագույնը չէ, բայց դեռևս լավագույն տարբերակը գտնված չէ: Դա հարկադիր քայլ է, որը ձեռնարկությունների վերագործարկում դեռևս չի երաշխավորում: Հիմա ՙՆաիրիտը՚ աշխատում է, և եթե կոնկրետ ծրագիր ու վերլուծություն չիներ, ինչքան էլ հարկերը զիջվեին, միևնույն է, գործարանը չէր աշխատելու: Որևէ հարկ ՙՆաիրիտին՚ մենք չենք զիջում, ես համոզված եմ, որ ՙՆաիրիտը՚ աշխատելու է և աշխատելու է շահույթով՝ մինչև տարեվերջ իր պարքտերը վճարելով:

-Ձեր նշած ծրագրերի մշակման համար ձեռնարկությունների հետ համատեղ աշխատանքի ի՞նչ հնարավորություններ եք տեսնում:

-Մենք կարևորագույն խնդիր ենք համարում հավասար տնտեսական դաշտի ապահովումը, որպեսզի նույն ոլորտի ձեռնարկությունները նույն մեծության եկամուտներից հավասար հարկեր վճարեն: Մի քանի օր առաջ նախարարությունում խորհրդակցության էին հրավիրվել հանքային ջրեր արտադրող ձեռնարկությունների տնօրենները, նրանք դարձյալ նշեցին հավասար պայմաններ ստեղծելու, ոլորտում ստվերայնությունը վերացնելու կարևորությունը, հակառակ դեպքում լավագույն ձեռնարկություններն իսկ կարող են կործանվել:

-Վարչապետ Վազգեն Սարգսյանը ծրագրում էր պետական եկամուտների նախարարությունում ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի վարչություն, ստեղծվե՞ց այդ վարչությունը և ինչո՞վ է զբաղվելու:

-Մենք ունենք այդ վարչության ստեղծման ծրագիրը, որը պետք է համակարգում պայքարի կոռուպցիայի դեմ՝ վերհանելով բոլոր այն պատճառները, որ ծնում են կոռուպցիա, և մշակելով համակողմանի միջոցառումներ: Որոշակի հաջողություններ արդեն իսկ ունենք: Ես հաճախ եմ շփվում բիզնեսմենների հետ և խորհրդակցություններում նրանց արտահայտած կարծիքները հաշվի առնելով՝ փորձում ենք որոշակիացնել ուղղությունները:

-Շատ է խոսվում միջին և փոքր բիզնեսի զարգացման անհրաժեշտության մասին: Չե՞ք կարծում, որ առաջին հերթին պետք է փոխել վարվող հարկային քաղաքականությունը՝ զարգացման հեռանկարներ տալով:

-Պարզեցված հարկերով այդ հնարավորությունը կտրվի: Օրենքի նախագծով տարեկան մինչև 16 միլիոն շրջանառություն ունեցողը հարկվելու է շրջանառության 7 տոկոսի չափով: Այդ ոլորտում հարկեր գանձելը դժվար է, որովհետև մանր շրջանառությանը հետևելը շատ ավելի բարդ է՝ նրանց մի մասին հաջողվում է խուսափել հաշվառումից: Այս առումով, կարծում եմ, ավելի ձեռնտու է օրենքով հարկման պարզ մեխանիզմին անցնելը: Համենայն դեպս, հարկային դաշտից խուսափելով նրանք հազիվ թե կարողանան որոշակի պաշտոնյաներից ևս աննկատ մնալ: Ուրեմն ավելի լավ է նրանց օրենքով պաշտպանել պաշտոնյաների ՙոտնձգություններից՚:

-Թե մեծ, թե մանր ձեռներեցները համատարած բողոքում են «Հարկայինը խեղդում է, հարկայինը չի թողնում շունչ քաշել»: Իրո՞ք այդպես է, թե՞ դա արդարացում է թաքցնելու սեփական անձեռներեցությունը:

-Ի՞նչ է նշանակում՝ հարկայինը խեղդում է: Իհարկե խորթ և մերժելի երևույթներ կան, կան մարդիկ, որ այս համակարգում չպետք է աշխատեն, նրանց պետք է գտնել և վտարել՝ պատժելով օրենքի ամբողջ խստությամբ: Սակայն սա հարցի մի կողմն է, մյուս կողմը՝ օրենքով սահմանված կարգով մանր ձեռնարկատերերը պետք է իրենց հարկային պարտավորությունները կատարեն: Երբ նրանց պարտադրվում է օրենքով աշխատել, սկսվում են տրտունջները: Մեր խնդիրն այս պարագայում օրենքն ամբողջությամբ կատարելն է, լավն է, վատն է օրենքը, պետք է կատարվի, մենք այլընտրանք չունենք, միայն այդ կերպ երկրում կարգուկանոն կհաստատվի: Բայց եթե օրենքը վատն է, եկեք փոխենք, մինչև փոխելը ես իբրև նախարար պարտավոր եմ օրենքը կատարել: Եվ պարտավոր է կատարել ձեռնարկատերը՝ ահա և ՙՀարկայինը խեղդում է՚ արտահայտության ծագումը: Անհատ ձեռներեցների հարկման մակարդակը առանց այդ էլ բավականին ցածր է, իսկ չվճարելու դեպքում հարկային պարտավորություններն աստիճանաբար աճում են:

-Բողոքներն ավելի շատ կապված են հարկատեսակների հետ, քան հարկերի չափի:

-Այսօր փոքր ձեռնարկատերերը պարտավոր են օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի հաշվարկներ և հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմին: Ոչ պրոֆեսիոնալ հաշվապահ ունեցողի գործունեության մեջ հարկային տեսուչն անխուսափելիորեն սխալներ է գտնելու՝ ահա և դժգոհության պատճառը: Հարկային տեսուչը սխալներ չգտնել չի կարող, որովհետև պատասխանատու է իր ստուգման արդյունքների համար, առավել ևս՝ այս տարի կիրառվում է կրկնակի ստուգման մեթոդը (նախարարի թույլտվությամբ), որը տեսուչներին պարտադրում է ավելի զգոն լինել:

-Գաղտնիք չէ, որ փաստորեն ստվերային տնտեսությունն ավելի մեծ է լեգալ տնտեսությունից, այդ եկամուտները կրճատելու ի՞նչ հնարավորություններ ունեք:

-Անկեղծորեն ուրախ կլինեի, եթե Ձեր գնահատականն իրական լիներ, դա կնշանակեր, որ մենք լուրջ տնտեսություն ունենք: Ես այդ կարծիքին չեմ, եթե իրոք ստվերային մեծ տնտեսություն ունենայինք, ստվերային տնտեսությունը լեգալ դաշտ բերելով ավելի շատ հարկեր կգանձեինք: Այնուհանդերձ, ստվերային տնտեսություն, իրոք, կա և իրոք խանգարում է նորմալ բիզնեսի կազմակերպմանը: Դրա դեմ պայքարում ենք և շարունակելու ենք պայքարել: Մաքսանենգության դեպքերի վիճակագրությունը վկայում է, որ հաշվառված ներմուծման մեծ ավելացումներ կան անցած տարվա համեմատությամբ, այնինչ գնողունակության առկա մակարդակում նման տարբերություն չպետք է լիներ, դա նշանակում է ստվերային ոլորտի բացահայտում: Մենք բոլոր ոլորտներում փորձում ենք հավասար դաշտ ապահովել, որքան դաշտը հավասարեցվի, այնքան ստվերայնությունը կպակասի: Մեկ-երկու ամսում մենք այդ խնդիրները լուծած կլինենք վարչարարությամբ: Ոլորտ-ոլորտ հաստատելու ենք օրենքի գերակայությունը, ինչպես արդեն նշեցի՝ հանքային ջրերի արտադրության առքուվաճառքի ողջ շղթան է վերահսկվում: Կարծում եմ՝ ոլորտային վերահսկողությունը պարտադիր պետք է ուղեկցվի ըստ հարկատեսակների վերլուծությունների և վերահսկողության հետ: Ստվերայնության դեմ պայքարի կարևորագույն միջոցառումներից էր հսկիչ դրամարկղերի ներդրումը: Մեզ թվում էր, թե միանգամից արդյունք կունենանք: Բայց տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ տարիներ են անհրաժեշտ արդյունքների հասնելու համար: Ապրանքների վաճառքի չգրանցումը հենց տեղով ստվերային տնտեսություն է և այդ առումով՝ սոցիալական այս պայմաններում հսկիչ դրամարկղերի ներդրումն ու հատույցը անհնար է: Պետք է գնալ քայլ առ քայլ: Կարևոր փուլ է այդ մեքենաների ներդրման ոլորտի ընդլայնումը ապրլի 1-ից, այնուհետև 2001-ի հունվարի 1-ից: Սա բավականին դժվար, իր նրբություններն ունեցող հարց է և միայն պետական եկամուտների նախարարության խնդիրը չէ, այլ ամբողջ բնակչության գործն է, մենք չենք կարող մի քանի տեսուչով հետևել 25000 դրամարկղերի աշխատել-չաշխատելուն: Առևտուր անելիս բոլորը պիտի պահանջեն կտրոնները, ուրեմն հարկ կա քարոզչական ու բացատրական աշխատանքի ևս:

-Մաքսային ծառայությունները տեղերում բավարար ապահովվա՞ծ են համակարգիչներով՝ աշխատանքի տեխնիկական կազմակերպման համար և ինչպե՞ս են լուծվում աշխատողների ուսուցման խնդիրները:

-Ցավոք՝ ոչ: Տեխնիկական լուրջ խնդիրներ ունենք, մաքսակետեր ունենք, որ ուղղակի ի վիճակի չեն աշխատել առաջարկվող ծանրաբեռնվածությամբ: Սա ևս պատճառ է դառնում չարաշահումների: Մշակել ենք մաքսակետերի շինարարության և վերազինման մեծ ծրագիր, որը ևս իրագործում ենք: Մեր արդյունավետ աշխատանքին խանգարում է տեղեկատվական ընդհանուր ցանցի բացակայությունը, հեռավոր մաքսակետերի աշխատանքի մասին տեղեկատվություն ստանում ենք 15-20 օրվա կտրվածքով, մինչև տարեվերջ կավարտենք տեղեկատվական-միասնական ցանցի ստեղծումը: Վերազինման լուրջ խնդիրներ ևս ունենք, այժմ լուծում ենք մաքսակետերի ավտոմատացման խնդիրներ: Պակաս լուրջ չէ նաև կադրերի հարցը: Շատ դժվար և թանկ է, երբեմն ուղղակի անհնար մայրաքաղաքից մաքսակետեր մասնագետներ գործուղելը, անհրաժեշտ է անընդհատ ուսուցողական դասընթացներ կազմակերպել: Ներկայումս մաքսային վարչարարության բարելավման ուղղութամբ միջազգային փորձագետների մասնակցությամբ սկսել ենք մաքսային գործի «դիագնոստիկայի» ծրագիրը, որը մոտ ժամանակներս թույլ կտա ըստ տեղամասերի, գործառույթների և ժամկետների կողմնորոշվել մաքսային վարչարարության կատարելագործման ուղղությամբ:

-Այդ աշխատանքների կազմակերպման համար վարկային ծրագրերից չե՞ք օգտվում:

-Փորձում ենք հնարավորինս խուսափել վարկային ծրագրերից: USAID-ի միջոցով աշխատում ենք Բարենց խմբի ծրագրի շրջանակներում շուրջ 340 համակարգիչների տեղադրման և օգտագործելու խնդիրները լուծել: Դրանից հետո համակարգը իրապես կառավարելի դարձնելու խնդիրը կլուծվի, աշխատանքի օպերատիվությունը, վերլուծության արդյունավետությունը կմեծանան, կենտրոնից կկանխվեն տեղերի հնարավոր չարաշահումները:

 -Ձեր կարծիքով՝ ներդրումների խթանման համար հարկային արտոնություններ պետք է տրվեն տեղակա՞ն, թե՞ դրսի ներդրողներին:

-Ներդրողների միջև դրսի-ներսի տարբերակումն արդարացված չեմ համարում և կողմ եմ հավասար պայմանների հաստատմանը: Առավելություն տալ ու՞մ նկատմամբ և ինչու՞: Պետք է ապահովել օրենքների կատարումը: Այլ խնդիր է, որ որոշակի խոշոր ներդրումների համար պետք է տարբերակված-անահատական մոտեցում լինի: Դա առանձին դեպքերի համար առանձին քննարկման նյութ է, բայց դրսի ներդրողներին առավելություն տալը համարում եմ տեղական ներդրողների շահերի ոտնահարում, անհավասար մրցակցության դաշտի առկայություն:

-Այս պահին երկրում ամենաշահավետը ո՞ր ապրանքատեսակի առևտուրն է:

-Արդեն բավականին երկար ժամանակ առևտրի ոլորտում բիզնեսը մեծ շահ չի ապահովում, բենզին ներկրողների հույսը համաշխարհային շուկայում իրավիճակի փոփոխությունն է՝ միջազգային գների իջեցումը: Երկրում այսօր որևէ ապրանքատեսակի բիզնեսի ընդգծված մենատիրություն չկա: Հանրապետության շուկան այնքան մեծ չէ, որ առևտրի տարբեր ոլորտներում բազմաթիվ բիզնեսմեններ կաշխատեն: Առևտրի շահավետությունը կապված է նաև ներկրման ծավալների, հետևաբար տեղափոխման ծախսերի հետ: Որոշակի ծավալներից փոքր բիզնեսը դառնում է անիմաստ:

-Երկրի քաղաքական վիճակը, բնականաբար, ներգործում է բոլոր ոլորտների գործունեության վրա: Ի՞նչ եք անում կանխելու քաղաքական անցանկալի անդրադարձները:

-Երկրի անկայուն վիճակը, անորոշությունը բնականաբար խանգարում են աշխատանքների իրականացմանը և պահանջում են մեծ լարում: Նվազում է հարկերի գանձումը: Տնտեսության զարգացածության նույն աստիճանում, բայց քաղաքական բարենպաստ մթնոլորտում հարկահավաքությունը ավելի բարձր կլիներ: Հարկերի վճարումներից խուսափումը մեծացել է: Ընդհանրապես նման անկայուն իրավիճակում խնդիրներ առաջադրել և լուծելը դժվարանում է: Հաճախանում են դատարանների միջոցով օրենքից դուրս, տնտեսագիտական այլ մոտեցումների դրսևորումները: Ելքը քաղաքական կայուն իրավիճակի հաստատումն է, երկրի բարոյաքաղաքական մթնոլորտի առողջացումը: Դա կարևոր է ցանկացած գործի հաջողության համար: Իշխանության բոլոր թևերի միջև տարաձայնությունների հաղթահարումը կհեշտացնի աշխատանքը: Եթե այս իրավիճակը երկար շարունակվի, վտանգվելու է պետական բյուջեի կատարումը՝ բոլոր հետևանքներով:

Հոկտեմբերի 27-ից հետո մենք չենք կարողանում իսպառ հաղթահարել իշխանական ճգնաժամը, որից հետո միայն իրական կդառնան բոլոր ծրագրերն ու այդ ծրագրերի կատարումը: Բայց դա արդեն պետական եկամուտների նախարարության իրավասությունների շրջանակում չէ:

***

Սմբատ Այվազյանը պաշտոնավարեց մինչև 2000-ի մայիսի 3-ը՝ վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո նա ևս հեռացվեց կառավարությունից: 2003-2007-ին ԱԺ ԱԺ երրորդ գումարման պատգամավոր էր: 2008-ին դատապարտվել և մինչև 2009-ը պատիժն է կրել մարտի 1-ին անկարգություններ հրահրելու մեղադրանքով՝ 2001-ից լինելով «Հանրապետություն» կուսակցության անդամ:



Սմբատ Այվազյանը վախճանվեց 2014-ի հունիսի 8-ին, Փարիզում՝ ծանր ու երկարատև հիվանդությունից հետո: Ու հիմա երբ Եռաբլուրում անցնում եմ նրա շիրիմի մոտով՝ մտովի հարցնում եմ՝ «Ի՞նչ կա, կամանդիր, ասա՝ ի՞նչ անենք» ու չեմ նեղվում, որ նա չի պատասխանում: Եռաբլուրն արդեն մի շա՛տ մեծ պատասխան է՝ տրված ու չտրված հարցերի ու շա՛տ մեծ ճիչ է՝ որևէ լռություն ու որևէ հարց անվավեր դարձնելու համար:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին