Վլադիմիր Ստուպիշին. Նա խոստացել էր չդավաճանել մեզ ոչ մի իրավիճակում - Mediamax.am

Վլադիմիր Ստուպիշին. Նա խոստացել էր չդավաճանել մեզ ոչ մի իրավիճակում
6491 դիտում

Վլադիմիր Ստուպիշին. Նա խոստացել էր չդավաճանել մեզ ոչ մի իրավիճակում


Մի քանի տարի հետո միայն դեսպաններին հանդիպելն իմ կյանքում սովորական պիտի դառնար: Մի քանի տարի հետո միայն ես ունենալու էի հնարավորություն աշխատանքի վայրում շփվել թե օտարերկրյա, թե մեր դեսպաններին, իսկ 1994-ի օգոստոսի սկզբին առաջին անգամ էի հարցազրույց անում դեսպանի հետ՝ Հայաստանում ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինի (1992—1994):

Մինչ Հայաստան գալը նա աշխատել էր Կամբոջայում (1956-1963), Մարոկկոյում (1963-1969), ԽՍՀՄ ԱԳՆ արտաքին քաղաքական միջոցառումների ծրագրման վարչությունում էր աշխատել (1969-1972, 1985-1986), եղել էր Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական (1972-1977, 1979-1985), ԽՍՀՄ ԱԳՆ-ի առաջին եվրոպական բաժնի վարիչ (1978-1979), ԱԳՆ-ի գնահատումների ու ծրագրման բաժնի գլխավոր խորհրդական (1986-1989), ԽՍՀՄ գլխավոր կոնսուլ Միլանում (1989-1992):

1992-ի մարտի 2-ից 1994-ի սեպտեմբերի 13-ը՝ ՌԴ առաջին դեսպանն էր Հայաստանում: Տարիներ անց միայն ես պիտի իմանայի, որ պատմական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների թեկնածու Վլադիմիր Ստուպիշինը իբրև Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական դաշինքի համոզված կողմնակից ու Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի պաշտպան, ՌԴ ԱԳՆ-ի գնահատականով, այդ հարցում ծայրահեղ կողմնակալ էր:

Հեռանալով Հայաստանից՝ նա հայտարարել է. «Վստահ եղեք, որ ես չեմ մոռանա Հայաստանն ու Ղարաբաղը: Եվ ձեզ չեմ դավաճանի ոչ մի իրավիճակում»: Հեռանալով ԱԳՆ-ից՝ Վլադիմիր Ստուպիշինը շարունակել է մամուլում հանդես գալ Արցախի հարցի շուրջ՝ հիմնավորելով իր տեսակետը՝ «ցանկացած ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքի օգտին՝ ընդհուպ անկախ պետության ստեղծում»: 1997-ի սեպտեմբերին նա իբրև նախագահական ընտրությունների անկախ դիտորդ՝ եղել է ԼՂՀ-ում: ՌԴ ԱԳՆ-ում հայ-ադրբեջանական հարցերում Վլադիմիր Ստուպիշինի տեսակետները միանշանակ չէին գնահատում: ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը համարում էր, որ «Ստուպիշինի սև-սպիտակ դիրքորոշումը այդ խնդրին հայտնի է իր արմատականությամբ և լիակատար միակողմանիությամբ, որ նույնիսկ յուրաքանչյուր հային, հայրենասերին ու Հայաստանի ջատագովին հատուկ չէ»:

Ռուս պատմաբան Վիկտոր Շնիրելմանի կարծիքով՝ Ստուպիշինը «նախահեղափոխական ռուսական կայսերական ավանդույթով ադրբեջանցիներին անվանում էր «թուրք ազերիներ» կամ նույնիսկ  «թաթարներ» և Ռուսաստանին վախեցնում էր պանթյուրքիզմով»: Ադրբեջանում ՌԴ նախկին դեսպան Վալտեր Շոնինը նույնիսկ բողոքել է ՌԴ ԱԳՆ կոլեգիային՝ համարելով, որ Ստուպիշինի հայտարարությունները այրող ատելությամբ են լցված Ադրբեջանի ու ադրբեջանցիների նկատմամբ, բայց արձագանք չի եղել բողոքին, թեպետ եթե չի եղել արձագանք, ինչու՞ Ստուպիշինը ընդամենը երկու տարի պաշտոնավարեց Հայաստանում և հեռացավ արդեն 1994-ի սեպտեմբերին: 1994-ի օգոստոսին ես, բնականաբար, տեղյակ չէի այդ ամենից ու ինձ համար անտեղյակ-անտեղյակ, շոգ ամռան միջով գնում էի հարցազրույցի և ինձ մտահոգող միակ հարցը գործնական էր՝ բավարար հիշու՞մ եմ ռուսերենը, որ ազատ խոսեմ և ոչ մի բառ հանկարծ չմոռանամ:

***

Գողտրիկ, փոքրիկ կառավարական ամառանոց «Հրազդան» հյուրանոցի կողքին՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը Հայաստանում: Պայմանավորված ժամից 20 րոպե շուտ էի եկել: Դեսպան Վլադիմիր Ստուպիշինը խոսում էր հեռախոսով, հետո սկսվեց մեր զրույցը:

-Հայտնի է, որ դեսպանի անձը մեծավ մասամբ որոշում է դեսպանատան աշխատանքը: Այդ առնչությամբ մեր բախտը բերել է՝ Դուք հայտնի մարդ եք և Ձեր երկրում, և արդեն մեր երկրում: Սկսենք այն պահից, երբ հրաժարական տվեց նախագահ Միխայիլ Գորբաչովը: Ի՞նչ է փոխվել այդ ժամանաակից Ռուսաստանի կյանքում:

-Նախ ճշտեմ, որ ինձ չեմ համարում հայտնի մարդ իմ երկրում: Ես իմ երկրի քաղաքացին եմ, ԱԳՆ աշխատակից և որևէ ազդեցության չեմ հավակնել ու չեմ հավակնում իմ երկրում: Ինչ վերաբերում է Ձեր հարցին՝ Միխայիլ Գորբաչովը պարզապես հրաժարական չտվեց, այլ նրա պաշտոնը կարծես ինքն իրեն անհետացավ, քանի որ անհետացավ այն երկիրը, որի նախագահն էր նա: Կար Սովետական Միությունը, և Սովետական Միությունն ուներ նախագահ, Գերագույն խորհուրդ, կառավարություն: Միանգամայն բնականորեն Սովետական Միության պաշտոնատար անձինք եթե չդարձան, ասենք, Ռուսաստանի կամ Ուկրաինայի ներկայացուցիչները, անհետացան պետության, նրա կառուցվածքների հետ: Ոչ ոք նախագահի պաշտոնը չվերացրեց: Դա բնական զարգացում էր: Սովետական Միության տրոհումից հետո հայտնվեցին անկախ պետությունները: Հայտնվեցին նույնիսկ մի քիչ ավելի շուտ: Հենց անկախ պետությունների հայտնվելը հանգեցրեց Բելովեժյան թավուտին, որը հաճախ են հայհոյում, բայց այնտեղ տեղի ունեցավ ոչ թե Սովետական Միության ոչնչացում, այլ այն կապերի փրկություն, որ դեռ հնարավոր էր փրկել:

Հետո 1991-ի դեկտեմբերի վերջին միացան բոլոր նախկին հանրապետությունների ղեկավարները, բացի Մերձբալթյան երկրներից: Ստեղծվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը՝ փրկելու համար, ինչ մնացել էր: Այդ պատճառով էլ ինձ համար այս երկու դեպքերը՝ միության քայքայումը և ԱՊՀ-ի ստեղծումը, մեր երկրի պատմության որակական նոր փուլ են: Ամեն ինչ դրան էր միտված: Իհարկե, կարող էին յուրաքանչյուրն իր անկյունը քաշվել: Մերձբալթյան հանրապետություններն օրինակ, բայց նրանք էլ հիմա ամենատարբեր բանակցություններ են վարում՝ հարաբերությունների վերահաստատման համար: Իսկ նախկին խորհրդային հանրապետությունների գերակշիռ մասը անհրաժեշտ է համարում պահպանել տնտեսական, քաղաքական, մշակութային, ռազմական և այլ կապերը: Այսպիսով՝ Բելովեժյան թավուտը ոչ թե քայքայումի սկիզբն էր, այլ ընդհակառակը՝ վերջը և նոր հիմքով նոր հարաբերությունների մեկնակետը:

-Կարելի՞ է ասել՝ նոր պետության առաջին քայլերից մեկը:

-Իրավացի եք, որովհետև Խորհրդային Միությունը տրոհվեց, նրա տեղում առաջացան անկախ պետություններ: Այդ նորանկախ պետությունները վճռեցին իրենց հարաբերությունները հաստատել նոր իրավաբանական հիմքով՝ երկկողմ և բազմակողմ պայմանագրեր ԱՊՀ-ի ներսում: Այդ համագործակցության երրորդ տարին է բոլորում:

-Քանի որ Դուք ՌԴ դեսպանն եք Հայաստանում, ուզում եմ հարցնել՝ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս անդրադարձավ Միության կործանումը Հայաստանի վրա:

-Ես չէի օգտագործի կործանում բառը, քանզի ենթադրում է ինչ-որ չար ուժի գոյություն: Տեղի ունեցածը կործանում չէր, այլ՝ տրոհում: Իսկ տրոհվեցին, որովհետև միության հանրապետությունները դժգոհ էին, ոտնահարված էին համարում իրենց իրավունքները, այդ թվում և տնտեսական, և քաղաքական, ուստի փորձեցին ինքնուրույն ապրել: Յուրաքանչյուրինը յուրովի է ստացվում: Հաղթահարելով բոլոր խոչընդոտները՝ մենք միմյանց ընդառաջ ենք գնում: Կապերի կորստից ոչ ոք չշահեց, դա բնական է: Ստիպված էին այդ կապերը վերականգնել, դեռ ամեն ինչ կարգավորված չէ: Եվ պետությունը կորցրեց տնտեսապես, և անհատ քաղաքացիները: Ոչ միայն Հայաստանում: Նույնն է Ռուսաստանում, Ուկրաինայում, ամենուր, սակայն, ինչպես երևում է, դա անխուսափելի էր: Ակներևաբար պատմությունը նախապատրաստել էր այս փուլը, պետք էր անցնել ինքնուրույնության փուլը, նախքան ինտեգրումն իր պտուղները կտա: Չէ՞ որ Եվրամիությունը անկախ, ինքնուրույն պետությունների համագործակցություն է: Եվրոպայի բոլոր երկրները իրենց մեծ պատմությունն են ունեցել: Նրանցից ոչ մեկի մտքով չի էլ անցել իրենց անկախությունից հրաժարվել: Միամիտ խոսակցություններ են երբեմն ծավալվում, թե մենք բաժանվեցինք, նրանք միավորվում են: Այնտեղ միավորում են անկախ պետությունները, նրանք համատեղ կյանք են կառուցում՝ չհրաժարվելով իրենց շահերից: Երբեմն հայտարարում են, թե ինտեգրումը համաշխարհային պրոցես է: Դա անլուրջ է, քանզի ինտեգրման պրոցես գոյություն ունի միայն Եվրոպայում: Աշխարհը դեռ չի ավարտել ազգային պետությունների ստեղծման փուլը: Իսկ Եվրոպան բոլորից շուտ էր հասկացել՝ ի՞նչ է անկախությունը, ի՞նչ է ինքնուրույնությունը, ի՞նչ է ազգային պետությունը, և քանի որ Եվրոպան բոլորից շուտ էր ստեղծել ազգային պետություններ, նա էլ բոլորից շուտ նախաձեռնեց ինտեգրումը: Բայց այդ ինտեգրումը չի նշանակում ինչ-որ միասնական պետություն, այլ դաշնակցային միավորում է, ինչպես նաև մեր ԱՊՀ-ն:

Մենք էլ միմյանցից քաղաքականապես անկախանալով, դառնալով ՄԱԿ-ի, ԵԱՀԽ-ի լիիրավ անդամներ, կառուցում ենք մեր համագործակցությունը և հազիվ թե հարկ կա առաջ վազելու ու ասելու, թե վաղը ունենալու ենք երեկվա ունեցածը: Ոչ: Այլ բան ենք ունենալու, նոր: Իսկ թե ինչ, ժամանակը ցույց կտա:

-Հիմա դժվար քաղաքական պայքար է ընթանում և Ձեր երկրում: Ի՞նչ եք մտածում այնտեղ իրականացվող բարեփոխումների, քաղաքական ուժերի նոր դերաբաշխման մասին: Ես այս հարցը տալիս եմ, քանզի Ռուսաստանի իրադարձությունները սրությամբ արձագանքվում են և Հայաստանում, և մյուս նորանկախ հանրապետություններում:

- Դա վիթխարի թեմա է և մեկ լրագրային հրապարակմամբ հնարավոր չէ սպառել:

- Հակիրճ՝ նշելով միայն առանցքային գծերը:

-Ռուսաստանը նոր պետություն է, ներկա սահմաններով Ռուսաստան երբեք չի եղել: Դրանք հիմնականում արհեստական սահմաններ են, ինչպես և շատ նորանկախ երկրներինը: Պետությունը նոր է կառուցվում, ընդամենը երկու տարեկան է: Մենք ապրում ենք, ինչպես ժամանակին Բորիս Նիկոլաևիչ Ելցինը ասաց, վաղ դեմոկրատիայի սկզբնական շրջան: Մենք առաջ ենք գնում տնտեսական բարեփոխումների ճանապարհով, և որոշակի տեղաշարժեր մեր կյանքում արդեն նկատվում են: Ակներևաբար անհնար էր անդունդից, ուր մենք ապրում էինք, մի ցատկով դրախտում հայտնվել: Բայց բարեփոխումներն առաջ են գնում, գնում են համամարդկային արժեքների հաստատման ուղղությամբ, որոնց թվում է և մասնավոր սեփականությունն իբրև ցանկացած նորմալ կյանքի հիմք: Որտեղ մասնավոր սեփականությունը չի ոտնահարված, այնտեղ մարդիկ ավելի լավ են ապրում, կառուցում են իրենց կյանքը: Մենք էլ մեր քաղաքացիական հասարակությունն ենք կառուցում: Այն դեռ անկատար է, այնուհանդերձ, հայտնվել է ինչ-որ բան, որ հիշեցնում է առաջադիմող բազմակուսակցականություն: Շատ կուսակցություններ իրենց առաջին քայլերն են անում, բայց նշենք, որ պետության կայացման ճանապարհին Ռուսաստանը վերջապես ունեցավ իր սեփական Սահմանադրությունը և ժողովրդի ազատ կամքի դրսևորմամբ ընտրված պետական կառուցվածքներ: Նրանք էլ են սովորում, սովորում են համագործակցելը: Մեր Պետական դուման և Դաշնությունների խորհուրդը խորհրդարանական մարմիններ են, որոնք իրենց ֆունկցիաները կատարում են ըստ Սահմանադրության և միաժամանակ ջանում են կառուցողական աշխատել: Դա ևս մեր պետական կյանքի նոր որակն է: Կա վառ դրսևորված ձգտում դեպի քաղաքացիական համաձայնությունը, մարդկանց մեծամասնությունն արդեն կշտացել է ամեն տեսակի խռովություններից, դավադրություններից, բախումներից, որոնցից դեռ ոչ ոք չի շահել:

Հիմա մենք նոր փուլ ենք մտել, ուր բոլոր վեճերը, տարաձայնությունները, և դա նորմալ, բնական վիճակն է ցանկացած հասարակության, հարթվում են քաղաքակիրթ ձևով՝ երկխոսության, բանավեճի, բայց ոչ արնահեղության: Իսկ բարեփոխումները դժվար են առաջ գնում, պահանջում են օրենքների փոփոխություն: Օրենքները միշտ չէ, որ կատարյալ են, համապատասխանում են կյանքի պահանջներին, բայց չէ՞ որ օրենքները ստեղծում են մարդիկ: Իսկ մարդիկ ևս սովորում են: Ես դատում եմ միայն Մոսկվայով: Այս ամենը եղել է: Հիշում եմ 1991-ի աշունը, դատարկ խանութներ, վիթխարի հերթեր, ոչինչ չկար: Հիմա վաղուց անցել է դատարկ դարակների դարաշրջանը:

-Իսկ գրպաննե՞րն ինչ վիճակում են:

-Գրպաններն ի՞նչ: Խանութներում լիքը մարդիկ են, և բոլորն ինչ-որ գնումներ են անում: Ժամանակին մեր մտավորականների մտերմիկ շրջանակում զրուցելիս՝ասում էին՝ թող թանկ լինի, բայց թող լինի: Հիմա ամեն ինչ կա: Աշխատել է պետք: Այո, ռուբլին զրոյից սկսեց, բայց ռուբլին պետք է մարդկանց, իսկ բարեփոխումների սկզբում ոչ մեկին պետք չէր:

-«Փայտե» փող էր:

-Հիմա արդեն փայտե չէ, թեև մեծ զրոներով, բայց պետք է մարդկանց: Հասարակության ամբողջ ունակ մասը կարող է աշխատել այդ դրամը: Իհարկե, պետությունը պարտավոր է պաշտպանել ծերերին, հիվանդներին, երեխաներին: Դա պետության խնդիրն է, պետությունն էլ փորձում է ինչ-որ բան անել: Բայց նրա միջոցներն էլ են սահմանափակ: Հասարակության ակտիվ մասը փող աշխատելու հնարավորություն գտել է: Անհրաժեշտություն է զգացվում փոխելու, ասենք, հարկերի գանձման օրենքը: Ես վստահ եմ, որ հարկերը մեզ մոտ շատ հեռու են կատարելությունից, այդ պատճառով էլ որոշակի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված կապիտալը ձգտում է վերադառնալ միջնորդական գործունեություն, առևտուր, որովհետև արագ շրջանառության հնարավորություն կա: Անհրաժեշտ են օրենքներ, որոնք դրդեն այդ կապիտալը նոր գործարանների, ֆաբրիկաների, արտադրությունների ստեղծման: Դումայում այժմ այս պրոբլեմներն առաջադրվում են: Այնպես որ ազատ մարդ պիտի դառնանք: Ազատությունը բարդ գործ է, ավելի դյուրին է ստրուկ լինել, քանզի ստրուկը ոչնչի մասին չի մտածում, նա կրում է իր ծանր խաչը, բայց ունի իր բաժին հացը և իր անկողինը: Ազատությունն այն չէ, որ ինչ ուզես՝ ասես, ու մի մեծ գավազան վերցրած՝ փշրես ինչ սիրտդ ուզի: Դա ազատություն չէ: Դա անիշխանություն է ու բանդիտիզմ: Իսկ ազատությունը պատասխանատվություն ստանձնելն է: Յուրաքանչյուրը պիտի պատասխան տա իր ու իր արարքների համար: Կյանքում ամեն ինչ փոխկապակցված է: Ոչինչից ոչինչ չի ստեղծվում: Մենք ապրում ենք մի պետության մեջ, որ ինչ-որ բան տալիս էր մարդկանց՝ նրանց կողոպտելով, քանզի այն ժամանակ էլ աշխատավարձը չէր համապատասխանում մարդկանց ծախսած էներգիային ու ժամանակին: Այդ պետությունը կողոպտում էր իր երկիրը: Դա տոտալիտար պետություն էր, որի նավթի ու գազի վաճառքից ստացված դոլարները երկրից դուրս էին հոսում: Այդ պետությունն այլևս չէր կարող իր գոյությունը նախկինի պես շարունակել: Այդ հիմա է մարդկանց թվում, ախ՛, ի՛նչ ժամանակներ էին, ի՛նչ կյանք էր: Ժամանակներն անընդհատ կորագծով անկում էին ապրում՝ սկսած խրուշչովյան շրջանից: Նոստալգիան առասպելներով է սնվում: Ռուսական գյուղն աղքատ էր և կերակրում էր իրեն ու համարյա ամբողջ երկիրը տնամերձով: Ճանկռում էր հողը  ձեռքերով ու մանգաղով: Մենք պարզապես մոռացել ենք: Հայաստանի գյուղերն էլ, ես դատում եմ Հրանտ Մաթևոսյանի գրքերից, այդ երջանկահիշատակ 70-ականներին դրախտային չէին: Իսկ հիմա գոնե Ռուսաստանում, նաև այստեղ, ով ի վիճակի է հողի վրա աշխատել, սկսել է լավ ապրել: Այո, տեխնիկա չկա, բայց առաջ էլ մի բան չէր: Այո, դիմադրում են, Ռուսաստանում դիմադրում են կիսակործան սովխոզներն ու կոլխոզները, նրանց «օգնում են» չինովնիկները, որովհետև նրանք չինովնիկների հենարանն են: Ռուսական գյուղը սկսել է լավ ապրել: Իսկ մենք, չգիտեմ ինչու, ամեն ինչ մոռանում ենք, մեզ թվում է, որ դրախտում ենք ապրել: Ի՞նչ դրախտ:

Ես կյանքի դժվար ճանապարհ եմ անցել, «քեռիներ» չեմ ունեցել, և աղքատություն եմ ապրել, և սով, մանկության օրերին խավիար էլ եմ տեսել, տեսել եմ …խանութում ու չեմ կերել: Ու շա՛տ բան չեմ կերել… Ես կարծում եմ, որ բարեփոխումները դժվար են իրագործվում, այդպես էլ պետք է լիներ: Մեր բարեփոխումների դժվարությունը, իմ կարծիքով, այն էր, որ գների ազատ արձակումը սկսվեց պետական մոնոպոլիայի գերիշխանության պայմաններում, և գները թռիչք ապրեցին: Ձեռնարկատիրության զարգացման հետ, երբ սկսվի մրցակցությունը, գնագոյացումն էլ կկանոնակարգվի, և կսկսվի այն կապիտալների կուտակումը, որոնք թույլ կտան ավելի շատ միջոցներ հատկացնել մշակույթին, սոցիալական ապահովությանը: Այսպես եմ ես տեսնում բարեփոխումների ընթացքը, որոնք, իրոք, դժվար են ծավալվում, բայց թեթև չեն էլ լինելու: Եվ ոչ այն պատճառով, որ խոշոր հաշվով երկիրը թալանված էր: Ամբողջ երկիրը: Ամբողջ Խորհրդային Միությունը կողոպտված էր: Միլիարդավոր դոլարներ արտասահմանյան դրամատներում էին, և հիմա որոշ մարդիկ լավ օգտվում են այդ փողերից: Այդ երկրում մենք ապրում էինք կյանքի, նորմալ կյանքի բոլորովին այլ պատկերացումներով: Ես հիշում եմ՝ Վասիլի Տվարդովսկին «Վասիլի Տյորկինն այն աշխարհում» ստեղծագործության մեջ ինչպես էր քննադատում մեր կուսղեկավարության պատկերացումները, որը հայտնվել էր «նրանց» «այն աշխարհում» և համարյա թե խելքը թռցրել, որովհետև մինչդեռ իրենք ճառեր էին արտասանում, անիծյալ Արևմուտքում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Անգլիայում, դեռ Շվեյցարիան ու Ավստրալիան չեմ ասում, ժողովուրդը բարեկեցիկ էր ապրում դեռ 70 տարի առաջ՝ առանց այդ դատարկ գաղափարների, որովհետև կյանքի հիմքը մասնավոր սեփականությունն է, կյանքի հիմքը մեծագույն բարոյական չափանիշներն են, որ մարդկությունը մշակել է 2000-3000 տարի: Հերիք է մեր «սեփական ճանապարհով» գնանք: Կա համամարդկային ճանապարհ, որ մարդիկ արդեն բավականաչափ փորձարկել են, հավերժական բարոյական արժեքների, մասնավոր սեփականության բնական իրավունքի, ազատ մրցակցության ճշմարիտ ճանապարհը: Պետք չէ հառաչել, թե մենք գաղափարական վակուումի մեջ ենք, որ զրկվել ենք ինչ-որ իդեալներից: Բարբաջանք է: Մենք ձեռք ենք բերել իդեալներ, որ պատմության շոգենավից դեն էինք նետել 1917-ին: Հենց այդ իդեալներն ենք ձեռք բերում հիմա, մինչդեռ այդ իդեալներով մարդկությունն ապրում է առնվազն 2000 տարի:

-Ես գիտեմ՝ ինչքան հոգատարությամբ եք վերաբերվում մեր խնդիրներին ու մեր մշակույթին: Ի՞նչն է, Ձեր կարծիքով, հիմա ամենակարևորը մեզ համար:

-Ինչ երբեք չեմ արել ու չեմ անի, ուրիշ ժողովրդի դաս տալն է:

-Ինչու՞ դաս: Զուտ մարդկային խորհուրդ, գուցե ինչ-որ նկատառումներ, ցանկություններ:

-Դա շատ անհամեստ կլիներ իմ դեպքում: Միայն կարող եմ ցանկանալ երկրաշարժի բոլոր հետևանքների վերացում, պատերազմի և շրջափակման ավարտ: Ես երազում եմ այն ժամանակը, երբ Հայաստանի ժողովուրդը կկարողանա նորմալ պայմաններում լուծել իր խնդիրները: Ես չեմ կարող խորհուրդներ տալ, ես կարող եմ քաղաքական բանավեճ մղել ինչ-որ դրույթի շուրջ, ինչ-որ անձի հետ երկխոսություն վարել, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Բայց սովորեցնել չեմ կարող:

-Հայաստանի ամենացավոտ խնդիրը Ղարաբաղի պատերազմն է: Ինչպե՞ս է այդ խնդրին վերաբերվում Ձեր երկիրը և ինչպե՞ս եք վերաբերվում անձամբ Դուք:

-Ռուսաստանը զբաղվում է բանակցություններով, ճանապարհներ է փնտրում կրակի դադարեցման համար, կայուն դադարեցման, որի հաջորդ քայլը պետք է լինի քաղաքական պրոբլեմների շուրջ բանակցելը: Ռուսաստանը այդ գործունեությամբ զբաղվում է 1992-ից, երբ սկսեց աշխատել ԵԱՀԽ-ի Մինսկի խումբը: Այդ խմբի շրջանակներում Ռուսաստանը զբաղվում է իր միջնորդական առաքելությամբ 1993-ի ապրիլից: Երբ ինչ-որ բան չի ստացվում, Ռուսաստանն սկսում է առաջարկել իր սեփական, ամենևին հիմնական ուղղոթյուններին չհակասող տարբերակները: Ռուսաստանն անում է հնարավորը կրակի դադարեցման և զինադադարի հաստատման համար: Եվ որ այդ զինադադարը կայուն լինի: Ռուսաստանն առաջարկում է խաղաղարար ուժեր մտցնել տարածաշրջան, ոչ միայն ռուսական զորքեր, այլ նաև ԱՊՀ-ի մյուս երկրներից: Մենք չէինք առարկի, եթե դրանք լինեին Եվրոպայի զինված ուժերը: Ռուսաստանը գործում է և իր միջնորդի՝ հատուկ հանձնարարությունների դեսպան, նախագահի անձնական ներկայացուցիչ, ղարաբաղյան հարցերում դեսպան Վլադիմիր Կազիմիրովի միջոցով: Նա պարբերաբար լինում է և Երևանում, և Ստեփանակերտում, և Բաքվում: Այդ ծրագրերը համապատասխանեցվում են ԵԱՀԽ-ի հետ՝ կրակի դադարեցման փուլերն ու մեխանիզմները, ապաշրջափակումը, հարաբերությունների դուրսբերումը քաղաքական փուլ: Այս ամենը մեծ ծավալի աշխատանք է պահանջում, և Ռուսաստանը ձգտում է հասնել կայուն քաղաքական կարգավորման: Ես համոզվել եմ, որ Հայաստանը կողմնակից է այդ ջանքերին, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՀԽ-ի, քանի որ մենք, այնուհանդերձ, միասին ենք գործում, ոչ թե միմյանց դեմ: Մենք Մինսկի խմբի մասնակիցներ ենք: Ղարաբաղցիները ևս ընդունում են, թեև ոչ միշտ և ոչ ամեն ինչի հետ են համաձայն, բայց խաղաղության իրենց կամքը բազմիցս դրսևորել են: Ընդդիմադիր կողմը մեկ ստորագրում է ԵԱՀԽ փաստաթղթերը, մեկ հրաժարվում, ինչպես ասում են, դա է նրանց քաղաքականությունը: Ես ուրիշ ելք չեմ տեսնում, քան մոդուս վիվենդիի ստորագրումը, որի արդյունքում Ղարաբաղի ժողովուրդը կստանա երաշխավորված խաղաղություն: Կարևոր քայլ արվեց հուլիսի 26-27-ին, երբ քաղաքական կայունացման ուղիների որոնումն արտացոլող փաստաթուղթը ստորագրեցին ոչ միայն ոչ միայն Հայաստանի պաշտպանության նախարարը և Լեռնային Ղարաբաղի զորքերի հրամանատարը, այլև Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

-Գո՞հ եք Ձեր գործունեությունից և ո՞րն է Ձեր կարծիքով գլխավորը դեսպանի աշխատանքում:

-Տարբեր երկրներում գլխավորը տարբեր է: Ես նկատի ունեմ նորանկախ պետությունների առաջին դեսպաններին: Մեր աշխատանքը մի քիչ առանձնահատուկ է, և մեր առաքելությունն էլ առանձնահատուկ է՝ ստեղծել միջպետական հարաբերությունների հաստատման բարենպաստ պայմաններ: Չէ՞ որ այժմ մենք մեր հարաբերությունները կառուցում ենք նոր հիմքի վրա և շատ կարևոր է, որ այդ հիմքերը շատ կայուն ու ամուր լինեն: Մենք համագործակցում ենք ԱՊՀ շրջանակներում, բայց ոչ միայն ԱՊՀ-ի, այլև միջազգային այլ կազմակերպությունների մակարդակում: Մենք արդեն մեկ պատվիրակության անդամներ չենք, այլ տարբեր պատվիրակություններ ունենք, և փոխշփումներ են պետք, ինչին ևս պետք է սովորել, քանզի մենք միմյանց դեռ չենք դիտարկում օտարերկրացիներ: Սա հոգեբանական պահ է: Գլխավոր առաքելությունը միջպետական հարաբերությունների հաստատումն է: Այդ աշխատանքը կատարվում է, բնականաբար, համագործակցելով Հայաստանի կառավարության հետ, քանի որ դեսպանատունը չի կարող կախված լինել անօդ տարածության մեջ, դեսպանատունը անպայման պիտի համագործակցի այն պետության հետ, որի տարածքում գտնվում է, այդ երկրի հասարակական, քաղաքական ուժերի հետ, ներառյալ ընդդիմությունը: Մենք ուղիներ ենք հարթում նորմալ միջպետական հարաբերությունների համար փոխադարձ շփումների միջոցով, տեղեկացնում ենք մեր կառավարությանը, թե ինչ է կատարվում իրականում: Հասկանալի է՝ այդ տեղեկատվական աշխատանքը մամուլի համար չէ, բայց դա ցանկացած երկրի, ցանկացած դեպանատան պարտադիր գործունեությունն է: Վերջապես՝ ունենք և ներկայացուցչական ֆունկցիաներ, և ես, իբրև դեսպան և Ռուսաստանի դեսպանատունը իբրև այլ պետության ներկայացուցիչ մեկ այլ պետության մեջ: Օրինակ, 1991-1992 և 1993-1994 թվականների ձմռանը մենք փաստորեն Ռուսաստանի միակ ներկայացուցիչն էինք այստեղ, խորհրդանիշը, որ կապերը դեռ կան: Հարաբերությունների, փոխշփումների գիծը ևս արդյունավետ զարգանում է՝ անցյալ ամռանը Հայաստան եկավ Ռուսաստանի ԱԳ նախարարը, այս ամառ՝ ՊՆ նախարարը, ԳԱ ղեկավարները, մշակույթի նախարարության, արտագաղթի դաշնային ծառայության ներկայացուցիչները: Երևանում ռուսական երաժշտության հրաշալի փառատոն անցկացվեց Լորիս Ճգնավորյանի նախաձեռնությամբ, որին մենք ամբողջ հոգով աջակցեցինք: Շատ մեծ աշխատանք է տարվում համերկրացիների հետ: Դժվար և մեծ ծավալի աշխատանք է կատարվում: Դեսպանատան աշխատանքներից, որ իրագործում է փոքր, բայց համախմբված կոլեկտիվը, միանգամայն գոհ եմ:

-Զարգացման ի՞նչ հեռանկարներ ունեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները:

-Լավ հեռանկարներ: Նախևառաջ երկու կողմից էլ քաղաքական կամք է դրսևորվում: Արվում են կոնկրետ քայլեր, օրինակ, Հայաստանի արդյունաբերությանը վարկեր տրամադրելը՝ վերականգնելու համար ատոմակայանը, աղետի գոտին: Դրանք որոշակի քայլեր են՝ մենք համատեղ ենք բացելու ատոմակայանը: Համագործակցության հնարավորություններ կան և մյուս ասպարեզներում՝ գիտության, արդյունաբերության, տեխնիկայի, մշակույթի: Իր կապերն է ամրապնդում Գիտությունների ակադեմիան: Շատ բան կախված է գնացքների աշխատելուց: Միայն ինքնաթիռներով դժվար է, իսկ Բաթումից և Փոթիից մինչև Թբիլիսի և Երևան հասնող գնացքները հերիք չեն ապահովելու համար հնարավոր տնտեսական ու մշակութային կապերի ծավալը: Աստված տա՝ խաղաղություն վերահաստատվի Վրաստանում ու Աբխազիայում, Հայաստանի համար ևս ավելի հեշտ կլինի: Շատ բան է կախված Ղարաբաղում խաղաղության հաստատումից:

-Ես գիտեմ, որ Ձեր աշխատանքային օրը ծանրաբեռնված է, ի՞նչ եք անում հանգստի պահերին և լինու՞մ են այդ պահերը:

-Հանգիստը հարաբերական է: Ես շատ բարեկամներ ունեմ, որ ինձ հրավիրում են ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ բան տեսնել: Կնոջս հետ մեծ հաճույքով ենք լինում ցուցահանդեսներում, շատ ենք սիրում գեղանկարչություն: Համերգների ենք գնում: Երբեմն հնարավորություն է լինում Գառնի, Էջմիածին գնալ: Դե և հեռուստացույց պետք է նայել, գրքեր կարդալ: Հա, սիրում ենք նաև Վերնիսաժ գնալ:

-Եվ գնումնե՞ր եք անում:

-Կինս է գնումներ կատարում:

-Հետաքրքիր է՝ ի՞նչ:

-Դե ի՞նչ են կանայք գնում՝ զարդեր: Իրենց, ազգականների, ընկերուհիների համար:

-Ի՞նչ կմաղթեի՞ք «Երկիր Նաիրիի» ընթերցողներին:

-Ընթերցողներին կցանկանայի մաղթել այն, ինչ բոլոր հայերին՝ խաղաղություն, խաղաղություն և նորից խաղաղություն: Եվ՝ նորմալ մարդկային կյանքի համար նորմալ պայմանների ստեղծում, որ էլեկտրականություն լիներ, տաք ջուր, որ աշխատավարձը բարձր լիներ, գները՝ ցածր: Ես ընթերցողներին կարող եմ մաղթել նույնը, ինչ՝ ինձ, ինչ իմ բոլոր բարեկամներին և ոչ միայն բարեկամներին, որ ապրում են Հայաստանում՝ նորմալ կյանք, բայց այդ նորմալ կյանքը ինքներս պետք է կառուցենք:Եվ բացի այդ՝ պետք է զգուշանալ անտարբերությունից:

-Կարծում եմ՝ հոգեբանական է, մտածողության բեկում է անհրաժեշտ, սովորույթների, հայացքների, գաղափարների բեկում:

-Այո, բայց եթե ես ոչինչ չեմ անում, նստում եմ տանը և փնթփնթում եմ, դրանից իմ կյանքը չի լավանա: Հարկավոր է սովորել քաղաքացիական պարտքը կատարել ոչ թե կուսքարտուղարների հրահանգով, այլ՝ սրտի և բանականության թելադրանքով:

-Սոկրատեսն էր դեռ ասում՝ մեղավորի որոնումները սկսիր ինքդ քեզնից:

-Իհարկե, հիշու՞մ եք Բրունո Յասենսկու գիրքը՝ «Անտարբերների դավադրությունը»: Որտեղ անտարբերների դավադրություն է, այնտեղ ամենաարագը ձևավորվում է ֆաշիզմը: Ուրեմն չպետք է անտարբեր լինել: Անտարբեր ինքդ քեզ, քո ընտանիքի, երեխաների, թոռների, հողի ու երկրի նկատմամբ: Ամեն ինչ մեզնից է կախված:

…Խոսակցության մեջ, բնականաբար, շոշափվեցին այլևայլ հարցեր ևս, որ մեկ հրապարակմամբ անհնար է ընդգրկել: Կարևորը՝ մեզ հետ ապրում ու աշխատում է բարի, լավ ռուս մի մարդ՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանը Հայաստանում՝ Վլադիմիր Ստուպիշինը:

***

Հարցազրույցը «Ազատությունը ծանր խաչ է» վերնագրով տպագրվել է 1994-ի օգոստոսի 5-ին, «Երկիր Նաիրի»-ում՝ 29 տարի առաջ: Ու մեզնից քանի՞սն են հիշում մեծ սկիզբների ժամանակները՝ Բելովեժյան թավուտի պայմանագրին հաջորդած: Ի՞նչն են հիշում: Հայաստանում ՌԴ առաջին ու իսկական դեսպանի հարցազրույցը 29 տարի հետո դառը ու խառը զուգորդումներ հարուցեց՝ թե այն ժամանակների, թե անցած 29 տարիների իրադարձությունների: Եվ գուցե հոգուս մեղք եմ անում, բայց … ուրախ եմ, որ 2016-ի դեկտեմբերի 22-ին, 84 տարեկանում Վլադիմիր Ստուպիշինը վախճանվեց ու չտեսավ ոչ այսօրվա Ռուսաստանը, ոչ այսօրվա Հայաստանն ու Արցախը: Պատկերացնում եմ՝ ինչ ցավ էր զգալու իր երկրի համար, ու՝ մեզ, ում խոստացել էր չդավաճանել ոչ մի իրավիճակում:
                
Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին