Բարեգործության համաշխարհային ինդեքսում Հայաստանը կրկին վերջին տասնյակում է - Mediamax.am

Բարեգործության համաշխարհային ինդեքսում Հայաստանը կրկին վերջին տասնյակում է
1912 դիտում

Բարեգործության համաշխարհային ինդեքսում Հայաստանը կրկին վերջին տասնյակում է


Հրապարակվել է Բարեգործության համաշխարհային ինդեքսի 2021 թվականի վերլուծությունը։ Ես ամեն տարի անհամբեր սպասում եմ այս ուսումնասիրությանը, որ տեսնեմ, թե ինչպես է աշխարհում եւ Հայաստանում փոխվում մարդկանց բարեգործական վարքը, եւ ամենակարեւորը՝ ինչու։ Եվ, իհարկե, գրեմ իմ հերթական սյունակը այդ մասին։

Նախորդ տարիների վերլուծությունները կարող եք գտնել հղումներով. 2019 թվականի վերլուծություն, 2020 թվականի տասնամյակի ամփոփում։

Եկեք տեսնենք, թե նախորդ տարի ամբողջ աշխարհում եւ Հայաստանում որքան եւ ինչու են մարդիկ՝

●    օգնել անծանոթներին,
●    նվիրատվություն  կատարել բարեգործական կազմակերպություններին,
●    կամավորական աշխատանք կատարել։

Հենց այս երեք չափանիշներն են ուսումնասիրվում ինդեքսում։ Ինձ համար այս տարվա վերլուծության մեջ ամենահետաքրքիրն այն երկրների փորձի ուսումնասիրությունն էր, որոնք բարելավել են իրենց ցուցանիշները։ Այսինքն՝ հասկանալը, թե կոնկրետ ինչն է նպաստում մարդկանց բարեգործական վարքի զարգացմանը։

Ինդեքսի հիմնական ցուցանիշները.

1.    2021 թվականին ավելի քան 3 միլիարդ մարդ աջակցել է անծանոթ մեկին

Ըստ վերլուծության, այս միտման հետեւում, հավանաբար, կանգնած է կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված կարիքը եւ մարդկանց կողմից համայնքի դերի կարեւորումը։

2.    Բարեգործությունը բարձր եկամուտ ունեցող երկրներում կրկին աճել է եւ հասել պատմական ցուցանիշների

Շատ երկրներում 2018 թվականին նկատվել է ցուցանիշների անկում, որը շարունակվել եւ անգամ արագացել է կորոնավիրուսային համավարակի առաջին տարում։ 2021-ին այդ երկրներից որոշները գրանցել են ցուցանիշների աճ եւ անգամ վերադարձել են թոփ տասնյակ։

3.    2021 թվականին ավելի շատ թվով մարդիկ քան երբեւէ բարեգործական նվիրատվություն են կատարել

Չնայած համավարակին եւ տնտեսական բարդ իրավիճակին, որն առկա էր աշխարհի տարբեր երկրներում, մարդիկ շարունակում էին բարեգործական նվիրատվություններ կատարել։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշը աճել է 10%-ով։ Բացառությամբ Ինդոնեզիայի եւ Մյանմայի, որոնց ավանդույթները խիստ կապված են մեծահոգության ու նվիրատվությունների հետ, այս ցուցանիշով թոփ 10-ի մեջ մտած մյուս բոլոր երկրները բարձր եկամուտ ունեցող երկրներ են։

Ամենալավ ցուցանիշներ գրանցած երկրները․

Ինդոնեզիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը 5-րդ տարին անընդմեջ։ Այս երկիրն ունի բարեգործական նվիրատվությունների (84%) եւ կամավորության (63) ամենաբարձր ցուցանիշները։

Ինդոնեզիայում բնակչության բարեգործական վարքի վրա ազդում է կրոնական բարեգործությունը, որում ամենակարեւոր խթանը Ղուրանում ամրագրված «Զակատ»-ն է՝ իսլամի սյուներից մեկը։ «Զակատ»-ը պարտադիր բարեգործության ձեւ է, որի նպատակը միլիոնավոր մարդկանց տառապանքը թեթեւացնելն է։

Քենիան երկրորդ տեղում է։ Ըստ վերլուծության, Ինդոնեզիայի եւ Քենիայի բնակչությունների բարեգործական ակտիվության հիմնական շարժառիթը կրոնն է։ Այստեղ հավանաբար կապ ունեն նաեւ համայնքի գաղափարի վրա հիմնված ազգային ավանդույթները, ինչպիսիք են Ինդոնեզիայում՝ gotong-royong-ը եւ Քենիայում՝ harambee-ն, որոնք միավորում են մարդկանց մեծ կարիքի ժամանակ, օրինակ՝ քովիդ համավարակի։

Ամերիկայի Միացյան Նահանգներն երրորդ հորիզոնականում են, բայց այս երկրի մասին վերլուծություն ինդեքսը չի բերում։ Իհարկե, ԱՄՆ ցուցանիշի վրա ազդում է երկրում գործող հարկերի նվազեցման համակարգը, որը խթանում է անհատներին եւ կազմակերպություններին կատարել բարեգործական նվիրատվություններ։  

Նախավերջին հորիզոնականը զբաղեցրած Ճապոնիայի մասին վերլուծության մեջ հետաքրքիր տեսակետ կա։ Այս դեպքում շատ ցածր ցուցանիշի պատճառները, հավանաբար, մշակութային բնույթ ունեն. այն, ինչ ԱՄՆ-ում կարող է ընկալվել որպես բարեգործություն, ավելի հավանական է, որ Ճապոնիայում կընկալվի որպես պատասխանատվություն:

Հայաստանը բարեգործության համաշխարհային ինդեքսում ամենացածր ցուցանիշ ունեցող 10 երկրների շարքում է։ Չնայած դրան, մեր երկիրը բարելավել է իր ցուցանիշները նախորդ տարիների համեմատ։

Ըստ վերլուծության.

●    Հայաստանի բնակչության 61%-ն օգնում է անծանոթներին։
2019-ին այդ ցուցանիշը 46% էր։

●    Բնակչության 16%-ը բարեգործական նվիրատվություն է կատարում։
2019-ին` 10% էր։

●    Հայաստանում մարդկանց 11%-ը կամավորություն է անում։
2019-ին` 8%։

Անծանոթ մարդկանց աջակցելու եւ բարեգործական կազմակերպություններին նվիրատվություն կատարելու տեսանկյունից Հայաստանի ցուցանիշները 2010 թվականից ի վեր ամենաբարձրն են։ Իմ կարծիքով, Հայաստանում ցուցանիշների աճը կապված է 44-օրյա պատերազմից հետո առաջացած կարիքով։ Գուցե, եթե աշխարհում չլիներ համավարակը, Հայաստանի ցուցանիշների աճը երկրին հաներ այս ինդեքսի վերջին տասնյակից։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը։ Այն, ինչը մեզ կարող է հուշել, թե ինչպես նպաստել Հայաստանում մարդկանց բարեգործական ակտիվությանը։  

Ցուցանիշների ամենամեծ աճ գրանցած երկրները (5 տարիների արդյունքում)․

Լեհաստանն ընդամենը 2 տարվա ընթացքում բարելավել է իր դիրքը 75 տեղով։ Իսկ 2017 թվականի համեմատ՝ 115 տեղով։ Ուսումնասիրության մեջ այս աճի հնարավոր պատճառներից մեկը նշվում է Լեհաստանում 2021 թվականին գրանցված տնտեսական աճը։ Այս ցուցանիշին է նպաստել նաեւ նվիրատվություն կատարելու նոր հնարավոր ձեւաչափը՝ պարզ, արագ ու հարմար։ Այսպիսով, հանրային հարցումը ցույց է տվել, որ լեհերի մեծամասնությունը նվիրատվություն է կատարել առցանց կամ տեքստային նամակների միջոցով։

Չինաստանը ցուցանիշների ամենամեծ աճ գրանցած երկրորդ հորիզոնական զբաղեցրած երկիրն է։ 2016 թվականին Չինաստանում ընդունվեց տեղական ոչ առեւտրային կազմակերպությունների վերահսկման օրենք, ինչը նպաստեց այս համաշխարհային ուսումնասիրության մեջ Չինաստանի ցուցանիշների բարելավմանը։ 2017 թվականին Չինաստանը զբաղեցնում էր 138-րդ հորիզոնականը, իսկ 2021 թվականին երկիրը բարելավեց իր ցուցանիշը՝ զբաղեցնելով 49-րդ տեղը։

Սերբիան երրորդ երկիրն է, որի ցուցանիշը մեծ աճ է արձանագրել. 2017 թվականին այն 132-րդն էր, իսկ 2021-ին՝ 27-րդը։ Ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, այս աճը մասամբ հնարավոր է դարձել շնորհիվ վերջին տասնամյակում երկրում բարեգործության մշակույթը վերականգնելու համակարգային մոտեցումներին։ Ուսումնասիրության մեջ նշվում է, որ Սերբիայում մարդկանց բարեգործական նվիրատվություն կատարելու ցուցանիշի աճը կապված է անհատների եւ կազմակերպությունների՝ հանրության հանդեպ պատասխանատվության դրսեւորումների եւ բնակչության մոտ երկրի բարեգործական էկոհամակարգի նկատմամբ վստահության ցուցանիշի աճի հետ։ Սա արդյունք է նաեւ տարիներ շարունակ բարեգործության մշակույթի առաջմղման, կրթական ծրագրերի իրականացման, բարեգործական կազմակերպությունների եւ ոլորտի վերաբերյալ հաշվետվողականության իրագործման։
Արդյունքում.

●    Բարեգործական վարքի վրա ազդում են՝

- կրոնը եւ ազգային ավանդույթները,
- բարեգործության մշակույթի եւ ոլորտի համակարգային առաջմղումը,
- նվիրատվություն կատարելու հեշտ ձեւերը,
- բնակչության բարձր եկամուտը,
- համամարդկային ճգնաժամային իրավիճակները, տվյալ դեպքում՝ քովիդ-19-ը։

Շարմաղ Սաքունցը «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետն է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին