Հիմա գործելու մեր հերթն է… - Mediamax.am

Հիմա գործելու մեր հերթն է…
1894 դիտում

Հիմա գործելու մեր հերթն է…


Պատերազմի երրորդ օրն էր։ Մեսենջերում նամակ ստացա Մերիից, ում հետ աշխատել էինք «Այբ»-ում։ Ֆոնդահայթայթման ու հաղորդակցության մի քանի մասնագետներին առաջարկեց միավորվել ու համատեղ ուժերով փորձել «մի բան անել»՝ հնարավորինս շատ գումար հավաքագրելու համար։ Քննարկումներից հետո որոշեցինք կենտրոնանալ երկու հիմնական հիմնադրամներին օգնելու շուրջ։ Իսկ երբ Համահայկական հիմնադրամից մեզ ասացին, որ մասնագետների աջակցության կարիք չունեն, կենտրոնացրինք մեր ուժերը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000+) շուրջ։ Մեզ հաջողվեց շատ արագ պայմանավորվել 1000+ի հետ, հանդիպել, քննարկումներ ունենալ, հասկանալ ամեն մեկիս անելիքն ու անցնել գործի։

Այդ ընթացքում շատ կարեւոր հարցեր քննարկեցինք ոչ միայն հենց այդ պահի համար գումար հավաքագրելու վերաբերյալ, այլեւ հիմնադրամի կայուն զարգացմանն ուղղված։ Արդեն այն ժամանակ պարզ էր, որ հիմնադրամը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն եւ պարտավորություն է ունենալու, քանի որ, ցավոք, զոհերը շատ էին։ Եվ, որպես համակարգային ֆոնդահայթայթման կողմնակից, մենք գիտեինք, որ ամենակարեւոր հարցը կայունության ապահովումն է։ Դա կարեւոր է բոլոր հիմնադրամների համար, բայց հատուկ կարեւորություն ունի 1000+ հիմնադրամի համար։

Որպես ֆանդրեյզինգի մասնագետ մի կողմից եւ հիմնադրամի ընկեր մյուս կողմից՝ ուզում եմ պատմել, թե ինչու է սա կարեւոր։

20 տարվա խոստում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար մարտական գործողությունների արդյունքում զոհված կամ անհայտ բացակայող զինծառայողի ընտանիքը, հաշմանդամության I կամ II կարգ ձեռք բերած զինծառայողը դառնում են շահառու 20 տարիների համար։

Շահառուները ստանում են միանվագ փոխհատուցում՝ 5 կամ 10 միլիոն դրամի չափով, այնուհետեւ՝ 20 տարվա ընթացքում ամսական 100-400 հազար դրամի չափով (կախված զինծառայողի կոչումից եւ նրա ընտանեկան կարգավիճակից)։

Այս պահին միայն վերջին պատերազմի արդյունքում հիմնադրամի շահառու դարձած ընտանիքների թիվը 3839 է։ Մինչ օրս 2020 թվականի պատերազմական գործողությունների արդյունքում շահառու դարձած ընտանիքներին Հիմնադրամը փոխհատուցել է ավելի քան 46 միլիարդ դրամ։ Յուրաքանչյուր 10 նոր դեպք Հիմնադրամի համար 20 տարվա կտրվածքով ձեւավորում է 794 միլիոն դրամի պարտավորություն։

Պատերազմը չի ավարտվել

Պատերազմից հետո բոլորս հոգնած ենք, ուժասպառ ու քամված։ Ուզում ենք շնչել ու հանգիստ արտաշնչել։ Բայց իրականությունն այլ է։

Համոզված եմ, որ շատերս գիշերվա ընթացքում կամ առավոտյան արթնանալուց առաջին հերթին ձգվում ենք դեպի հեռախոսը, որ տեսնենք, թե ինչ նորություն կա սահմանից։ Ու, ցավոք, որոշ օրեր սկսվում են վատ լուրերով։

Այս լարվածությունն անկանխատեսելի է։ Զոհ կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող կարող է լինել ամեն րոպե։

Ինչպե՞ս ապահովել հիմնադրամի կայունությունը

Ցանկացած հիմնադրամի կայուն զարգացումն ապահովելու հիմնական տարբերակը ամսական նվիրատվություն կատարելն է։ Դա հիմնադրամին թույլ է տալիս ապահովել կանխատեսելիություն, թե ամսական որքան գումար կգա եւ որքան դեռ պետք է հավաքագրել։ Դա լավագույն հիմքն է՝ աշխատանքը ճիշտ ու արդյունավետ պլանավորելու համար։

Փաստացի, Հայաստանում գրանցված աշխատողներս ամսական որոշ գումար ենք նվիրաբերում 1000+ հիմնադրամին։ Այդ դրոշմանիշերը ամսական կազմում են միջինում 3000 դրամ (սանդղակը ձգվում է 1,500-15,000 դրամի միջակայքում)։ Այդ վճարները ամսական գեներացնում են շուրջ 2,5 միլիարդ ՀՀ դրամ։

Անգամ բոլոր այլ տեսակի նվիրատվությունների հետ մեկտեղ (անհատ խոշոր բարերարներից, կազմակերպություններից, Սփյուռքի համայնքներից) այդ վճարները չեն բավարարում։

1000+-ի շահառուներից մի քանիսը հիմնադրամի թիմի, OneArmenia-ի եւ ՍիվիլՆեթի պատրաստած տեսահոլովակներում պատմել են, թե ինչպես է հիմնադրամի տրամադրած գումարը փոխել իրենց կյանքի որակը։ OneArmenia-ն տեսահոլովակների համար ընտրել էր մի ուղերձ, որից ավելի դիպուկ ու ավելի խորը դժվար է ասել՝ նրանք տվեցին ամենաթանկը, հիմա գործելու մեր հերթն է։

Շարմաղ Սաքունցը «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետն է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին