Ապրեցնելով Վահե Մելիքսեթյանի գործը - Mediamax.am

Ապրեցնելով Վահե Մելիքսեթյանի գործը
2863 դիտում

Ապրեցնելով Վահե Մելիքսեթյանի գործը


Հոկտեմբերի 9-ին ամուսինս տելեգրամում գրեց. «Մելիքսեթյան Վահեի մասին իմացա՞ր»։ Միանգամից տեղը չբերեցի, թե ում մասին է խոսքը. հասկացա, որ լավ նորություն չի, ու դրանից խառնվեցի։ Հետո ուղարկեց Վահեի ֆեյսբուքյան էջի հղումը ու գրեց. «charity runner, զոհվել ա»։
 
Վահեն բարեգործ վազորդների մեր թիմի անդամն էր, վերջին մի քանի տարիներին մասնակցում էր բոլոր վազքային միջոցառումներին ու օգնում մեզ գումար հավաքագրել տարբեր սոցիալական նախագծերի համար։ Երբ վազորդների թիմի առաջնորդը` Հայկը մեզ ծանոթացնում էր, ասաց, որ Վահեն բժշկական ոլորտում է աշխատում։ Դրանից ավել որեւէ բան չգիտեի իր մասին։
 
Վահեի հետ քիչ ենք շփվել, բացառապես բարեգործական վազքային թեմաներով։ Շատ եմ ափսոսում, որ իր զոհվելուց հետո եմ միայն սկսել իրեն ավելի լավ ճանաչել՝ իր գործի շարունակության շնորհիվ։
 
Երբ Վահեն զոհվեց, բարեգործ վազորդների մեր թիմով հայտարարեցինք, որ այսուհետ մեր բոլոր հաղթանակները նվիրելու ենք իր հիշատակին։ Դրանով, կարծես, ուզում էինք փորձել մեր ուժերի չափով վառ պահել իր հիշատակը, շարունակել ապրեցնել իր անունը, իր գործը։ Չգիտեմ, դժվար է միանշանակ ասել, թե նման պահերին կոնկրետ ինչ ես զգում ու ինչով ես առաջնորդվում։ Գուցե դա էմոցիաներն են։ Գուցե դա արդեն մասնագիտական դարձած գիտակցությունն է, որ բարի գործի շղթան պետք է շարունակվի, եւ պետք է փորձել քո ուժերի սահմաններում անել հնարավոր ամեն ինչ՝ ամենաբարդ պահերին անգամ արդյունավետություն ապահովելու համար։
 
Վահեի անունը չէինք կարող օգտագործել հենց այնպես՝ առանց իր ընտանիքի թույլտվության։ Մենք ունեինք ամենալավ մտադրությունը՝ վառ պահել հիշատակը եւ որքան հնարավոր է դրական արդյունք գեներացնել ի հիշատակ իրեն։ Բայց ամեն ընտանիք իր ձեւով է սգում, եւ մենք պարտավոր էինք հարցնել իրենց՝ ի՞նչ են մտածում մեր մտադրության մասին։ Կապվեցի Վահեի եղբոր՝ Սարգսի հետ, որն այդ օրերին ֆեյսբուքում մի քանի գրառում էր արել Վահեի մասին, եւ էդպես հասկացել էի, որ հարազատ եղբայրն է։ Սարգիսը շատ կողմ էր գաղափարին ու նույնիսկ առաջարկեց իր աջակցությունը մեր հետագա վազքային ակտիվությունների համար։
 
Անցավ որոշ ժամանակ, Սարգսի հետ պայմանավորվեցինք հանդիպել Եռաբլրում, ծանոթանալ, այցելել Վահեի գերեզմանին։ Շատ խոսեցինք տարբեր թեմաներից, Վահեի կյանքից, գործից, երազանքներից, զոհվելուց, ապագայից։
 
Իսկ ի՞նչ ապագա զոհվելուց հետո։ Այո, ոչ մի։ Բայց...
 
Սարգիսը պատմեց «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի մասին, որն այդ ընթացքում արդեն ստեղծման փուլին էր հասցրել։ Հիմնադրամի միակ նպատակը Վահեի գործը շարունակելն է՝ զարգացնել կլինիկական դեղագիտության ոլորտը Հայաստանում։ Դա էր Վահեի ամենօրյա աշխատանքը եւ դրանում էր նա տեսնում իր առաքելությունը։ Ժամանակին այս նպատակով նա իր կոլեգաների հետ ստեղծել էր ասոցիացիա։ Փաստորեն, կլինիկական դեղագիտության ոլորտը Հայաստանում շատ խնդիրներ ունի, որոնց լուծման համար մեծ ռեսուրս է պետք, ժամանակ, փող, ցանկություն, գործ։ Ինձ համար այդ թեման նոր էր։
 
2021 թվականի հոկտեմբերին ԵՊԲՀ-ում կլինիկական դեղագիտություն ուսումնասիրող մի քանի ուսանողներ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամից արդեն կրթաթոշակ ստացան, որպեսզի կարողանան կենտրոնանալ ուսման վրա՝ ոլորտը ապագայում զարգացնելու նպատակով։ Սա դեռ սկիզբն է այն ահռելի մեծ աշխատանքի, որը հիմնադրամը կատարելու է Վահեի կյանքի գործը շարունակելու համար։ Այդ նպատակին հասնելու համար հիմնադրամը մի շարք խնդիրներ է առանձնացրել. շահադրդել ուսանողներին ընտրել այդ ուղղությունը որպես մասնագիտացում, աջակցել անվանական կրթաթոշակով, առաջ տանել օրենսդրական փոփոխություններ, սերտ աշխատել բուժհաստատությունների հետ եւ այլն։ Այս խնդիրների շուրջ աշխատանք է տարվում ամեն օր։
 
Հիմնադրամի հիմքում Վահեի եղբայրն է, նրա մայրիկը, նրա ընկերներն ու պարզապես ծանոթ մարդիկ, որոնք իմաստ են տեսնում այս ամենի մեջ եւ ուզում են իրենց հարազատ մարդու հիշատակը վառ պահել՝ իր գործն ապրեցնելով։
 
***

Սեպտեմբերի 1-ին Վանաձորում էի, հիմնադրամի այլ ներկայացուցիչների հետ։ Վանաձորի թիվ 28 դպրոցը, որտեղ սովորել է Վահեն, վերանվանվել է եւ այժմ կրում է Վահե Մելիքսեթյանի անունը։ Դպրոցի 3 աշակերտներ հիմնադրամի կողմից եւս ստացան ֆինանսական աջակցություն։
 
Դպրոցի մի մասի վերանորոգման համար Վահեի ծանոթների կողմից կազմակերպվել էր ֆոնդահայթայթում, որի արդյունքում աշխարհի տարբեր անկյուններից գրեթե 200 բարերարներ նվիրաբերեցին անհրաժեշտ գումարը, եւ այժմ վերանորոգումը սկսվել է։ Սա ուղիղ կապ չունի դեղագիտության հետ, բայց կապ ունի Վահեի ցանկությունների ու նպատակների հետ։ Սա այն է, ինչ կաներ նա, եթե ապրեր։
 
Դպրոցում շրջայց կազմակերպեցին մեզ համար։ Հետո Վահեի ծնողների, դպրոցի անձնակազմի հետ գնացինք ճաշելու։ Անընդհատ Վահեից էինք խոսում, իր գործի շարունակության մասին՝ որպես միակ հնարավոր ճանապարհի։
 
Ամբողջ ընթացքում մտածում էի, որ երբեմն գալիս է այն թեթեւ զգացողությունը, որ Վահեն մոտակայքում ինչ-որ տեղ է, իսկ մենք ուղղակի քննարկում ենք իր գործը…

***

Մի քանի ամիս է, ինչ գրում եմ այս սյունակը։ Հիմնական պատմությունը շատ արագ կարողացա գրառել, բայց այն միտքը, գաղափարը, որ ուզում եմ փոխանցել, դժվար շարադրվեց, թեեւ շատ պարզ է՝ շարունակենք տղերքի գործը։ Երևի, դժվարանում էի ինքս գտնել ու հստակ ձեւակերպել «ինչո՞ւ»-ն։ Շարունակենք, որ ապրեցնենք իրենց անունը։ Բայց չէ՞ որ իրենց անունը պետք է ապրի էսպես թե էնպես։ Չէ՞ որ դրա համար հավելյալ որեւէ բան անել պետք չէ։ Շարունակենք, որ գտնենք նոր իմաստ ու առաջ գնալու շարժառիթ։ Բայց չէ՞ որ այդ նոր շարժառիթն էլ իրենց զոհվելուց հետո էսպես թե էնպես ավելացավ մեր կյանքում. կրկնակի պիտի աշխատենք, որ արժանի լինենք ու պահենք ու հզորացնենք այն, ինչ ունենք։ Շարունակենք, որ գործով զբաղեցնենք մեզ եւ այդ նոր իմաստով փորձենք քողարկել մեր ծանրագույն ապրումները։ Դա էլ մի տեսակ էգոիստական է հնչում։

Չգիտեմ։ Երեւի ամեն մեկն իր «ինչո՞ւ»-ն պետք է գտնի այս հարցում։

Կամ գուցե չկա ու չպետք է լինի «ինչո՞ւ» հարցի պատասխան։ Մենք պարզապես պիտի շարունակենք տղերքի գործը։

Շարմաղ Սաքունցը «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետն է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին