Երբ անհրաժեշտ է արժանահավատ տեղեկատվություն քաղցկեղի մասին - Mediamax.am

Երբ անհրաժեշտ է արժանահավատ տեղեկատվություն քաղցկեղի մասին
3135 դիտում

Երբ անհրաժեշտ է արժանահավատ տեղեկատվություն քաղցկեղի մասին


Գաղտնիք չէ, որ մարդկանց մեծամասնությունն անելանելի իրավիճակում է հայտնվում, երբ բժշկից առաջին անգամ լսում է՝ «դուք քաղցկեղ ունեք»` առաջին հայացքից դատավճռի նման հնչող արտահայտությունը: Ի՞նչ անել, ու՞մ դիմել, որտե՞ղ գտնել լավագույն բժիշկներին, նրանց ի՞նչ հարցեր տալ: Սրանք հարցեր են, որոնք հուզում են նման իրավիճակում հայտնված մարդկանց:

Որոշ ժամանակ առաջ Մեդիամաքս-ում նմանատիպ թեմայով սյունակ էի վարում, որի ժամանակ անդրադարձել եմ մի քանի կարեւոր խնդիրների, մասնավորապես` «Իմ հարազատի մոտ քաղցկեղ են հայտնաբերել. ի՞նչ անել»  (մաս 1, մաս 2), Խորհուրդներ քաղցկեղով հիվանդի խնամակալներին, Ապացուցողական բժշկություն vs այլընտրանքային բժշկություն, ներկայացրել քաղցկեղի հաղթահարման իմ պատմությունը եւ այլն: Այս նյութերի շնորհիվ փորձել եմ հանրությանը ներկայացնել իմ փորձառությունը` ինչպես պետք է վերաբերվել քաղցկեղին, ինչպես օգնել նման խնդիրներ ունեցող հիվանդին ու նրա հարազատներին: Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ այս նյութերն ունեցել են տասնյակ հազարավոր դիտումներ, ու այս ընթացքում ինձ հետ են կապվել հարյուրավոր մարդիկ եւ նշել, որ իմ ներկայացրած տեղեկությունները քաղցկեղի հաղթահարման ճանապարհին բավականին օգնել են իրենց:

Այս սյունակում կանդրադառնամ մեր ռուսաստանյան գործընկերների` քաղցկեղ ունեցող մեծահասակների խնդիրներով զբաղվող մեր հայրենակից Վիկտորյա Աղաջանովայի ղեկավարած «Живой» հիմնադրամի եւ  Բժիշկ Լասկովի անվան կլինիկայի մի շատ կարեւոր նախաձեռնությանը, որի շրջանակներում ռուսերեն են թարգմանվում Ուռուցքաբանների ամերիկյան ասոցիացիայի (NCCN — National Comprehensive Cancer Network) կողմից կազմված ու հրապարակված եւ մեծ տարածում ստացած` քաղցկեղի ամենատարածված տեսակներին վերաբերող 16 ուղեցույց եւ 2 հարակից ուղեցույց, որոնք կարող են օգտակար լինել եւ բժիշկներին, եւ քաղցկեղ ունեցող անձանց: Նշեմ, որ NCCN-ը քաղցկեղին առնչվող խնդիրներով զբաղվող աշխարհի լավագույն կենտրոններից է:

Ուղեցույցների շնորհիվ մարդիկ հնարավորություն կունենան իրենց կամ իրենց հարազատների հիվանդության եւ դրանց բուժման վերաբերյալ մանրամասն ու գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն ստանալ: Մեր օրերում, երբ որոնողական համակարգերում ամենապարզ փնտրում կատարելիս կարելի է բավականին մեծ քանակությամբ գիտականորեն չհիմնավորված ու որոշ դեպքերում անգամ առողջության համար վտանգավոր տեղեկություններ ստանալ, նման ուղեցույցների հանրայնացումը, հատկապես բոլորիս համար հասանելի ռուսերեն լեզվով անչափ կարեւոր է: Բնականաբար շատ ավելի օգտակար կլինի, եթե այս ուղեցույցները թարգմանվեն հայերեն, եւ եթե գտնվեն մարդիկ, որոնք ցանկանան այս կարեւոր գործում իրենց ներդրումն ունենալ (ֆինանսապես կամ մասնագիտական ներուժով), խնդրում եմ կապվել ինձ հետ, սիրով պատրաստ եմ համակարգել այդ աշխատանքները:

Մինչ օրս ռուսերեն են թարգմանվել ստամոքսի, հաստ աղիքի, թոքի (մետաստազներով) եւ թոքի նախնական եւ տեղային տարածված տեսակի քաղցկեղների վերաբերյալ ուղեցույցները, մնացած ուղեցույցները կթարգմանվեն մի քանի փուլով:

Եթե տիրապետում եք անգլերեն լեզվին, ապա կարող եք ծանոթանալ նշված հեղինակավոր ասոցիացիայի կողմից կազմված բոլոր ուղեցույցներին: Քաղցկեղի վերաբերյալ բավականին արժեքավոր բովանդակություն առկա է նաեւ հայերեն լեզվով. www.cancer.am կայքի օգտակար նյութեր բաժնում կարող եք գտնել քաղցկեղին վերաբերող տարբեր ձեռնարկներ, քաղցկեղի, դրա ախտորոշման, բուժման մեթոդների, կողմնակի ազդեցությունների, վերարտադրողական ֆունկցիայի, կանխարգելման եւ մի շարք այլ թեմաներով հայերեն տեղեկատվություն:

Վերոնշյալ տեղեկատվական ռեսուրսները, բնականաբար, ամբողջական չեն, եւ համացանցում կարելի է գտնել բազմաթիվ այլ արժանահավատ աղբյուրներ, սակայն առաջարկում եմ մինչեւ որեւէ հարթակից տեղեկություն ստանալն ու այն հիմք ընդունելը բժիշկների կամ տվյալ ոլորտում մեծ փորձառություն ունեցող այլ անձանց օգնությամբ համոզվել, որ տվյալ ռեսուրսը տրամադրում է միայն գիտականորեն հիմնավորված ու արժանահավատ տեղեկատվություն. սա անչափ կարեւոր է, քանի որ որոշ դեպքերում կարող է անգամ վճռորոշ դեր խաղալ (ինքս նման դեպքերի ականատես եղել եմ): Երբ գտնեք նման ռեսուրսներ, շնորհակալ կլինեմ, եթե հանրայնացնեք դրանք այս նյութի մեկնաբանություններում:

Առո՛ղջ եղեք:

Արմեն Արմոս Մարտիրոսյանը բարեգործական մի շարք նախաձեռնությունների հեղինակ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին