Իմ հարազատի մոտ քաղցկեղ են հայտնաբերել. ի՞նչ անել (մաս 2) - Mediamax.am

Իմ հարազատի մոտ քաղցկեղ են հայտնաբերել. ի՞նչ անել (մաս 2)
17131 դիտում

Իմ հարազատի մոտ քաղցկեղ են հայտնաբերել. ի՞նչ անել (մաս 2)


«Իմ հարազատի մոտ քաղցկեղ են հայտնաբերել. ի՞նչ անել» սյունակի 1-ին մասում փորձել եմ մի քանի խորհուրդ տալ` ինչպես խոսել առողջական լուրջ խնդիրներ ունեցող հարազատի հետ, ինչպես ընտրել բառերը, անդրադարձել այն ձեւակերպումներին, որոնք չարժե օգտագործել նրա հետ շփման ժամանակ, եւ վերջում ներկայացրել եմ իմ պատկերացումներն այն մասին, թե ինչպես կարելի է օգնել նման խնդիր ունեցող հարազատին:

Երկրորդ` ամփոփիչ մասում կներկայացնեմ այն ռեսուրսները, որտեղից կարելի է քաղցկեղի վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ ստանալ, քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ գտնելու հնարավոր եղանակները, կնշեմ հայաստանյան եւ միջազգային բարեգործական կազմակերպությունների եւ բարեգործական գործունեություն ծավալող անձանց տվյալները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքել:

Շնորհակալ կլինեմ, եթե նյութի մեկնաբանություններում կամ առանձին նամակի միջոցով համալրեք այս ցանկը` դարձնելով այն ավելի ամբողջական:

1. Կա՞ն այնպիսի ռեսուրսներ, որտեղից կարելի է քաղցկեղի վերաբերյալ տեղեկություններ ստանալ

Նման ռեսուրսներ կան, սակայն, ցավոք, հայերեն կամ ռուսերեն լեզուներով բավական քիչ են: Հայերեն որոշ հանրամատչելի նյութեր կարող եք գտնել doctors.am, healthmag.am եւ նմանատիպ այլ կայքերում:

Հունվարի 1-ից կգործի հայալեզու cancer.am կայքը, որտեղ դուք կկարողանաք գտնել մասնագետների կողմից մշակված ճշգրիտ եւ ամբողջական տեղեկատվություն քաղցկեղի տարբեր տեսակների, ախտորոշման եւ բուժման մեթոդների, մասնագետների, կլինիկաների եւ այլ հարցերի վերաբերյալ: Կայքի մասնագիտական ինֆորմացիայի մեծ մասը թարգմանվել եւ տեղայնացվել է ԱՄՆ-ի Ուռուցքաբանության միության cancer.net կայքից:

Եթե դուք գիտեք անգլերեն, կամ ինչ-որ մեկը կարող է օգնել թարգմանության հարցում, ապա արժե ուսումնասիրել հետեւյալ կայքերը, որտեղից արժանահավատ եւ բավական մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ www.cancer.org, www.cancer.gov, www.cancer.net, www.cancerresearchuk.org, www.nccn.org/patients:

Համացանցում առկա են նաեւ մի շարք գրքեր, որոնք կարող են օգտակար լինել, օրինակ, կարող եք ծանոթանալ ավստրալացի ուռուցքաբան, The Guardian-ի սյունակագիր Ռաջան Սրիվաստավիի «Ինձ մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, ի՞նչ անեմ հետո» վերնագրով գրքին: Վերջինս քայլերի հաջորդականության ուղեցույց է եւ մանրամասն ներկայացնում է՝ ինչպես վարվել հիվանդության մասին իմանալուց հետո, ինչպիսին կարող են լինել բուժման եղանակները, հիվանդությունն ինչպես է ազդում սեռական կյանքի վրա, ինչպես շփվել երեխաների հետ, ինչ կլինի, եթե չհաջողվի բուժվել եւ այլն:

2. Պարզվել է, որ բուժումը շատ թանկ արժե, ի՞նչ անել

Լավագույն տարբերակը բարեգործական հիմնադրամներին կամ հասարակական կազմակերպություններին դիմելն է: Հիմնադրամները կամ ՀԿ-ները կարող են օգնել ձեզ իրենց հետ համագործակցող բժիշկների օգնությամբ խորհրդատվություն տրամադրելու հարցում՝ պարզելու համար, թե ինչպիսի բուժում է ձեզ անհրաժեշտ, եւ արդյոք հայաստանյան պայմաններում հնարավոր է այն կազմակերպել: Նման կազմակերպությունները խոշոր գումարներ հավաքելու համար սովորաբար մեծ ռեսուրսներ են ունենում: Նման կառույցներին պետք է դիմել` հաշվի առնելով ոչ միայն նրանց նեղ մասնագիտացումը (որոշ կազմակերպություններ օգնում են միայն երեխաներին եւ որեւէ կոնկրետ հիվանդության դեպքում), այլ նաեւ՝ ինչքանով է արժանահավատ ու վստահելի այդ կազմակերպության գործունեությունը:

Եթե ցանկանում եք հասկանալ՝ ինչպես բացահայտել համացանցային կեղծ բարեգործությունն իրականից, կարող եք ընթերցել այս օգտակար նյութը:

Բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքելու համար կարող եք կապվել նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի որոշ ակտիվ օգտատերերի հետ, որոնք հասարակության մեջ որոշակի հեղինակություն են վայելում, ունեն մեծ լսարան եւ պատրաստակամություն՝ օգնելու քաղցկեղ ունեցող անձանց:

3. Կարելի՞ է բուժվել Հայաստանում, թե անպայման պետք է գնալ արտասահման

Այս հարցը շատերին է հուզում: Քաղցկեղի որոշ տեսակներ (կրծքագեղձի, աղիքի, ուրոլոգիական եւ այլն) Հայաստանում հիմնականում նորմալ բուժվում են: Ոլորտի մասնագետներն էլ պարբերաբար մասնակցում են միջազգային կարեւոր գիտաժողովների եւ համաժողովների, շփվում ոլորտի առաջատար մասնագետների հետ, ձեռք բերում նոր գիտելիքներ:

Բժշկական հաստատությունները պարբերաբար արդիականացվում են, վերազինվում նոր բուժտեխնիկայով:  Ուրախալի է, որ վերջերս Երեւանում արդիականացվեց Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը, որի կառուցվածքում ստեղծվեցին տարածաշրջանային նշանակության` ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք եւ ցողունային բջիջների լաբորատորիա։

Վերոնշյալ բարեփոխումները, բնականաբար, նպաստում են հայաստանյան պայմաններում բուժում ստանալուն, սակայն դեռեւս բավարար չեն, եւ շատերը քայլեր են ձեռնարկում տարբեր երկրների առաջատար կլինիկաներում բուժում ստանալու նպատակով։ Վերջին դեպքում սովորաբար բավական մեծ գումարներ են անհրաժեշտ լինում, եւ ոմանք անգամ ստիպված են լինում դիմել ոչ օրինական քայլերի Գերմանիայում կամ եվրոպական տարբեր երկրներում փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով՝ հույս ունենալով, որ տվյալ երկրի կառավարությունը սեփական միջոցների հաշվին կբուժի իրենց:

Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժումը հիմնականում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, սակայն անհրաժեշտ դեղամիջոցները սովորաբար շատ թանկ արժեն եւ հիմնականում չեն տրամադրվում պետության կողմից: Այս հանգամանքը հիվանդի հարազատներին ստիպում  է անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու համար դիմել բարեգործական տարբեր կազմակերպությունների, անհատ բարերարների` հույս ունենալով, որ կհաջողվի անհրաժեշտ գումարը հավաքել:

Ուռուցքային հիվանդությունները պետական պատվերի շրջանակներում բուժելու վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ ընդհանուր բնույթի խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը:

Պետական պատվերի շրջանակներում չարորակ նորագոյացություններով հիվանդների բուժման վերաբերյալ մանրամասներ կարող եք ստանալ այստեղից:

Քաղցկեղ ունեցող անձանց, մասնավորապես երեխաներին օգնող՝ Հայաստանում գործող կազմակերպություններից կարելի է նշել «Նվիրիր կյանք» «Առողջության կամուրջ Հայաստան», «Ֆոնդ 100», «Օգնեմ», «Օգնության կամուրջ», «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամները, «Օգնենք հայ մանուկներին», «Օգնենք կարիքավոր ընտանիքներին», «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ները. բնականաբար այս ցանկը ոչ ամբողջական է եւ ենթակա է լրացման: Չեմ կարող չառանձնացնել «Հայ մայրեր» ՀԿ-ի գործունեությունը, որը, զբաղվելով մանկական ուղեղային կաթված ունեցող փոքրիկներով, հնարավորության սահմաններում օգնում է նաեւ քաղցկեղ ունեցող երեխաներին:

Այս կազմակերպությունները իրենց հնարավորությունների սահմաններում օգնում են ոչ միայն Հայաստանում բուժվող անձանց, այլ նաեւ արտասահմանյան կլինիկաներում բուժվել ցանկացողներին:

4. Հայաստանում բուժում չկա, պետք է գնալ արտասահման։ Ինչի՞ց սկսել

Եթե հիվանդի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել եւ նրան պետք է անհապաղ տեղափոխել արտասահման, ապա անհրաժեշտ է փնտրել տարբեր երկրներում գործող առաջատար կլինիկաների եւ բարեգործական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն եւ հնարավորինս շուտ դիմել նրանց: Քաղցկեղի դեպքում հայաստանցիները սովորաբար բուժում են ստանում Ռուսաստանում, Գերմանիայում, եվրոպական տարբեր երկրներում եւ ԱՄՆ-ում, վերջերս նաեւ` Վրաստանում: Կլինիկաների եւ բարեգործական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն գտնելու եւ նրանց դիմելու հարցում ձեզ կարող են օգնել հիվանդին բուժող բժիշկները, վերեւում հիշատակված բարեգործական կազմակերպությունները, ինչպես նաեւ տվյալ երկրներում գործող հիմնադրամները, այնտեղ բնակվող հարազատներն ու ընկերները:

ՌԴ-ում գործող բարեգործական կազմակերպությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել այստեղ, այստեղ եւ այստեղ: Գերմանիայում, եվրոպական տարբեր երկրներում եւ ԱՄՆ-ում գործող նմանատիպ կազմակերպությունների վերաբերյալ՝ այստեղ:  Որոնողական համակարգերի միջոցով հնարավոր է գտնել տարբեր երկրների բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Մինչեւ 2017 թվականի ավարտը փորձելու եմ աշխարհի տարբեր երկրներում գործող բարեգործական կազմակերպությունների վերաբերյալ հնարավորինս ամբողջական ցանկ պատրաստել եւ հանրայնացնել:

Հիվանդի բուժման համար անհրաժեշտ գումարը գտնելու համար կարող եք դիմել ձեր հարազատներին, ընկերներին, որոնք մեծ հավանականությամբ պատրաստակամ կլինեն օգնելու: Շատերը բուժման համար անհրաժեշտ գումարի մի մասը հավաքելու համար փորձում են նույնիսկ վաճառել իրենց պատկանող անշարժ եւ շարժական գույքը, թանկարժեք զարդերը։

Հայաստանում գործող բարեգործական կազմակերպություններին դիմելու հետ մեկտեղ, կարող եք կապվել նաեւ սոցիալական ցանցերի այնպիսի օգտատերերի հետ, որոնք հասարակության մեջ որոշակի հեղինակություն են վայելում, ունեն մեծ լսարան եւ պատրաստակամություն՝ օգնելու քաղցկեղ ունեցող անձանց (նրանցից ոմանք հանդիսանում են նաեւ վերոնշյալ կազմակերպությունների հիմնադիրներ): Այդ անձանց օգնությամբ հնարավոր է հիվանդի պատմության վերաբերյալ տեղեկատվությունը լայնորեն տարածել եւ այդպիսով փորձել օգնել նրան: Հետեւյալ անձինք պարբերաբար փորձում են օգնել քաղցկեղ ունեցող երեխաներին՝ Արմեն Արմոս Մարտիրոսյան, Էդգար Հարությունյան, Լալա Մանուկյան, Սոնա Ազարյան, Անահիտ Բարսեղյան, Նազենի Հովհաննիսյան, Մարկոս քահանա Մանգասարյան, Նարինե Մանուկյան, Սամվել Մարտիրոսյան, Սոնա Ռոբերտս, Դիանա Բուլղադարյան, Լուսինե Ներսեսյան, Լուսինե Բադալյան, Տիգրան Բալոյան, Նվարդ Քոչարյան, Լիլիթ Քոչարյան, Գարիկ Պապոյան եւ այլք: Վերոնշյալ անձանց ցանկը, բնականաբար, ամբողջական չէ. Ֆեյսբուքում կան նաեւ այլ օգտատերեր, որոնք պարբերաբար փորձում են օգտակար լինել քաղցկեղ ունեցող անձանց:

Բուժման համար անհրաժեշտ փողը կարող եք հավաքել նաեւ՝ կազմակերպելով համերգներ, ցուցահանդես-վաճառքներ, առցանց աճուրդներ, ֆլեշմոբեր, հայտնի անձանց մասնակցությամբ տարբեր ակցիաներ եւ այլն:

5. Ի՞նչ անել, եթե հիվանդը բուժում ստանալու փոխարեն ցանկանում է այցելել հեքիմի, գուշակի կամ բաժակ նայողի

Գտեք լավ բժշկի, որը կարողանում է նորմալ շփվել հիվանդների հետ եւ դրա համար բավարար ժամանակ ունի: Որոշ դեպքերում ցանկալի է դիմել հոգեբանի օգնությանը: Եթե նրանք չկարողանան համոզել ձեր բարեկամին հետ կանգնել իր որոշումից, ապա հաջողության հասնելու հավանականությունը նվազագույնի է հասնում: Ամեն դեպքում դուք կարող եք շարունակել նրբանկատորեն քննարկել այս հարցը եւ այդ անձանց դիմելու բացասական կողմերը ներկայացնել հիվանդին: Եթե ամեն դեպքում դրական արդյունքի չհասնեք, ձեզ երբեք չմեղադրեք, քանի որ բուժման որեւէ մեթոդին կուրորեն հավատացող մարդուն շատ դժվար է հակառակում համոզելը, մանավանդ այն դեպքում, երբ նա գտնվում է ծայրահեղ վատ վիճակում, իսկ ավանդական բժշկությունը գրեթե անզոր է:

6. Այլեւս օգնելու ուժ չի մնացել, ի՞նչ անեմ

Ուռուցքային հիվանդության բուժումը սովորաբար բավական երկար եւ բարդ գործընթաց է, եւ հենց սկզբից պետք է հոգ տանել ոչ միայն հիվանդի, այլ նաեւ հենց ձեր մասին՝ մարդու, որը բուժման ամբողջ ընթացքում հիվանդի կողքին է լինելու: Այն հարազատները, որոնք ամենաշատն են հոգ տանում հիվանդի մասին, սովորաբար քիչ են քնում, հաճախ լարված վիճակում են լինում, մոռանում են հանգստի մասին, դառնում են ինքնամփոփ եւ ընդհանրապես մոռանում են իրենց հետեւել: Սա կարող է լրջորեն վնասել առողջությանը: Այս պարագայում դուք վնասում եք ոչ միայն ձեզ, այլ նաեւ այն հիվանդին, որը ձեր օգնության կարիքն ամենաշատն ունի: Հետեւաբար, պետք է փորձել հնարավորինս հետեւողական լինել սեփական առողջության նկատմամբ, անհրաժեշտության դեպքում դիմել հարազատների, ընկերների օգնությանը, հավանաբար նրանցից շատերը կցանկանան օգնել ձեզ եւ հիվանդին: Ցանկալի է սեփական հույզերը թղթին հանձնել, պատմել մտերիմներին եւ անհրաժեշտության դեպքում նաեւ դիմել հոգեբանի օգնությանը:

2017 թվականին կշարունակեմ անդրադառնալ ուռուցքային հիվանդություններին եւ ընդհանրապես` առողջապահությանը եւ բարեգործությանը վերաբերող ամենատարբեր հետաքրքիր եւ խնդրահարույց հարցերին: Սիրով հաշվի կառնեմ նաեւ ձեր առաջարկները:

Սույն հոդվածը գրելիս ոգեշնչվել եւ օգտվել եմ https://meduza.io ռուսական առաջատար լրատվական կայքի «Разбор» բաժնում հրապարակված՝ մեր հայրենակցուհի Դարիա Սարկիսյանի պատրաստած նյութից:

Արմեն Արմոս Մարտիրոսյանը բարեգործական մի շարք նախաձեռնությունների հեղինակ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին