Ինչպես շփվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ - Mediamax.am

Ինչպես շփվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ
12357 դիտում

Ինչպես շփվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ


Օրեր առաջ ռուսական «Минута славы» հաղորդաշարի ժամանակ տեղի ունեցած միջադեպն առիթ հանդիսացավ սոցիալական ցանցերում եւս մեկ անգամ քննարկելու` ինչպես շփվել հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ:

Քննարկման պատճառ հանդիսացավ այն, որ մասնակիցներից մեկը, որը վթարի ժամանակ կորցրել էր ոտքը, մրցույթին ներկայացել էր առանց պրոթեզի. դա առաջացրեց ժյուրիի անդամների, մասնավորապես, Վլադիմիր Պոզների եւ Ռենատա Լիտվինովայի բուռն արձագանքը: Վերջիններս նշում էին, որ հասարակությունը, այդ թվում՝ ժյուրիի անդամները պատրաստ չեն օբյեկտիվ եւ անկողմնակալ գնահատական տալ նման իրավիճակներում:

Ընդհանուր առմամբ համաձայն լինելով նման տեսակետին՝ ամեն դեպքում չեմ կարող չնշել, որ, մասնավորապես, Պոզների որոշումը (նա միակն էր, ով դեմ քվեարկեց) այնքան էլ համարժեք չէր ստեղծված իրավիճակին։ Այո, գուցեեւ չափազանց դժվար էր անկողմնակալ՝ առանց հաշմանդամությունը հաշվի առնելու գնահատել ոտքը կորցրած երիտասարդի պարը, սակայն, իմ համոզմամբ, դա ամենեւին չի նշանակում, թե կարելի էր խուսափել դժվար, բայց եւ պրոֆեսիոնալ որոշում կայացնելուց եւ դեմ քվեարկել միայն այն պատճառով, որ ժյուրին մրցույթի հետագա փուլերի ժամանակ նորից այդ բարդ ընտրության առջեւ չկանգներ։

Հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու բարդույթները հաղթահարելու մասին խոսելն արդիական է նաեւ մեր հասարակության համար։ Ստորեւ ներկայացնում եմ որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալու` ինչպես շփվել հաշմանդամություն ունեցող մարդու հետ, ինչ անել, որ ոչ ոք իրեն անհարմար չզգա:

1.    Կարողացեք ապրումակցել

Մենք հաճախ չենք նկատում խնդիրները (ու չենք էլ մտածում դրանց կարեւորության մասին), երբ դրանք չեն վերաբերում մեզ կամ մեր հարազատներին: Ինչ-որ մեկը պատմում է քաղցկեղի մասին, ինչ-որ մեկի մոտ սրտի լուրջ արատ է հայտնաբերվել, իսկ ինչ-որ մեկն էլ տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, բայց այդ ամենը կարծես մեզ չի հետաքրքրում, մենք փորձում ենք հեռու պահել մեզ նման իրավիճակներից: Անտեսելով նման մարդկանց ու նրանց խնդիրները` մեր շրջապատում նրանց համար ստեղծում ենք ոչ հարմարավետ ու որոշ առումով անգամ դաժան իրականություն: Իհարկե, հիանալի կլինի, եթե մեզնից ոչ մեկի հետ նման դեպք չպատահի, սակայն  եթե ամեն դեպքում պատահի էլ, ավելի լավ է հայտնվել մի աշխարհում, որը ձեզ սիրահոժար ու ապրումակցելով կընդունի, այլ ոչ թե` ագրեսիվորեն եւ անտարբերությամբ: Պատկերացնելու համար՝ ինչ խնդիրների առաջ կարող են կանգնել, օրինակ, տեսողության խնդիր ունեցող մարդիկ` բավարար է միայն երկու ժամով փակել աչքերը եւ փորձել առօրյա կյանքով ապրել:
  
Կարեւոր է պարբերաբար մտածել` ինչպես են ապրում հաշմանդամություն ունեցող մարդիկ, հասկանալ` ինչպես կարող եք հավասար պայմաններ ստեղծել նրանց համար:

2.    Փորձեք շփվել

Նրանք, ովքեր երբեք չեն շփվել հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, առաջին անգամ հաճախ անհարմարության ու ամաչկոտության զգացողություններ են ունենում: Եվ սովորաբար ամաչում են ոչ թե նրա համար, որ դիմացինն իրենցից տարբերվում է, կամ խոսում է ոչ այնքան պարզ։ Հաճախ մարդիկ ամաչում են իրենք իրենցից. մտածում են` գուցե իրենք կողքից ոչ ճիշտ տպավորություն թողնեն կամ ինչ-որ բան այնպես չանեն: Օրինակ, երբ փորձեն խոսել ավելի դանդաղ կամ առաջարկեն օգնել ճանապարհն անցնել: Այս բարդույթները հնարավոր է հեշտությամբ հաղթահարել, մնում է միայն առաջինը սկսել շփումը:

Չարժե խուսափել հաշմանդամություն ունեցող մարդու հետ շփվելուց:

3.    Խոսեք հավասարի պես

Երբ դուք խոսում եք հաշմանդամություն ունեցող մարդու հետ, դիմեք անմիջականորեն նրան, այլ ոչ թե իր ուղեկցին կամ սուրդոթարգմանչին, որոնք ներկա են խոսակցությանը: Եթե մարդն անվասայլակով է, փորձեք այնպես անել, որ ձեր եւ նրա աչքերը մի մակարդակի վրա լինեն: Մի հենվեք անվասայլակին, դա նույնն է թե անվասայլակի տիրոջը հենվեք: Անվասայլակը մարդու՝ օգտագործողի անձնական տարածքի մի մասն է:
 
Երբ դուք հանդիպում եք մարդու, որը վատ է տեսնում, կամ կույր է, անպայման ներկայացեք եւ ներկայացրեք ձեր կողքը գտնվող մարդկանց: Եթե նման մարդու հետ խոսում եք խմբի մեջ, մի մոռացեք ներկայանալ ու ասել` տվյալ պահին ում եք դիմում: Անպայման բարձրաձայնեք, երբ անգամ մի պահ հեռանում եք:

Փորձեք այնպես անել, որ հաշմանդամություն ունեցող մարդը հաճույքով շփվի ձեզ հետ:

4.    Խղճահարություն մի ցուցաբերեք

Խղճահարությունը եւ անտեղի կարեկցանքը հաշմանդամություն ունեցող անձանց կարող են ակամա նվաստացուցիչ դրության մեջ դնել: Եթե անգամ դու, ունենալով հաշմանդամություն, ինքնավստահ ես, անտեղի կարեկցանքը կարող է ուժեղ ազդեցություն ունենալ ինքնագնահատանի վրա: Պետք չէ խոսել հաշմանդամություն ունեցող մարդու հետ` փորձելով նրան մխիթարել կամ հույս ներշնչել: «Ոչինչ, բժիշկներն անպայման ինչ-որ բան կմտածեն». նրանք հաճախ են նման արտահայտություններ լսում, բայց սովորաբար դա որեւէ դրական ազդեցություն չի ունենում: Մի սեւեռվեք նրա խնդրի վրա, հաշմանդամությունը պարզապես մարդկային բազմազանության մի տեսակ է, ինչպես սեռը, ազգությունը, ռասայական պատկանելիությունը: Արդյո՞ք մարդու կյանքը սահմանափակվում է այդ հատկանիշներից մեկով։ Իհարկե՝ ոչ: Դուք կցանկանայի՞ք, որ ձեզ ճանաչեին ձեր խնդիրներով, թե՞ մի շարք դրական հատկանիշներով, որոնք ձեզ դարձնում են իսկական անհատ:

Պետք չէ անտեղի կարեկցել հաշմանդամություն ունեցող մարդուն:

5.    Պատրաստ եղեք օգնելուն

Փորձելով խոսափել խղճահարություն առաջացնելուց եւ ոչ մեկին չվիրավորելուց` մի ընկեք մեկ այլ ծայրահեղության մեջ. մի ձեւացրեք, որ չեք նկատում հաշմանդամությունը կամ այն համարում եք ոչ կարեւոր: Շատերին պետք է ոչ միայն ձեր ապրումակցումը, այլ նաեւ ֆիզիկական օգնությունը` բացել կամ պահել դուռը, օգնել մտնել հասարակական տրանսպորտ կամ աստիճաններով ներքեւ իջնել: Հաճախ նրանք օգնություն չեն խնդրում, քանի որ ամաչում են կամ չեն ցանկանում անհանգստություն պատճառել: Սակայն որոշ դեպքերում օգնություն ամենեւին պետք էլ չէ, հետեւաբար ձեր օգնությունը երբեք մի պարտադրեք, հիշեք, որ մարդու պահանջմունքների մասին միայն արտաքինով դատելն այնքան էլ ճիշտ չէ: Դրա համար նախապես պետք է նրբանկատորեն հարցնել` օգնություն պետք է, թե ոչ, եթե այո` ինչպես եւ հատկապես ինչով: Պետք չէ անվասայլակը ուժեղ հրել` ասելով` «Մի վախեցիր, դու ապահով ձեռքերում ես»: Անվասայլակը հրելիս հիշեք, որ նրա ընթացքը հեշտությամբ արագանում է, եւ անսպասելի հարվածից կարող է հավասարակշռությունը կորցնել:

Պետք է օգնել նրբանկատորեն` հարցնելով` ձեր օգնությունը դիմացինին պետք է, թե ոչ:

6.    Մի «պաշտպանեք» երեխաներին հաշմանդամության վերաբերյալ տեղեկությունից

Հաճախ ծնողները, որոնց երեխան տեսնում է իրենից տարբերվող մարդու, սկսում են հորինել տարբեր պատմություններ, որ հնարավորինս հեշտությամբ, չխորանալով մանրամասների մեջ, բացատրեն երեխաներին` ինչ երեւույթի են նրանք հանդիպել: Դա հնչում է մոտավորապես այսպես. «Մորաքույրն ուղղակի հիվանդ է»: Սակայն ճիշտը որոշակի ջանք գործադրելն է եւ երեխային բացատրելը, թե ինչու է այդ մարդը տարբերվում իրենից, ինչու են նման դեպքեր լինում, ու ինչպես է պետք նրանց հետ շփվել: Կարեւոր է, որ երեխաները հասկանան` հաշմանդամություն ունեցող անձանց պետք չէ ընկալել որպես հիվանդ կամ անօգուտ: Դրանից հետո երեխան «երես չի թեքի» նման մարդկանցից եւ չի փորձի չնկատել նրանց, անակնկալի չի գա ու չի զարմանա, երբ փողոցում տեսնի մարդու, որի մի ոտքը բացակայում է:

Պետք է երեխաներին բացատրել, որ մարդիկ տարբեր են լինում, սակայն դա ինչ-որ մեկին ավելի լավը կամ ավելի վատը չի դարձնում:

Հաշմանդամության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ, այստեղ եւ այստեղ: Արժե ծանոթանալ նաեւ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային:

7.    Հաճախ ժպտացեք միմյանց

Արեւմուտքում ընդունված է ժպտալ ու որոշ դեպքերում նաեւ բարեւել անծանոթ մարդկանց, որոնք տեսանելի ֆիզիկական սահմանափակումներ ունեն: Նման մարդկանց այդ մոտեցումը շատ ավելի է ոգեւորում ու մոտիվացնում, քան կարեկցանքի անիմաստ արտահայտությունները: Ամեն դեպքում` ժպիտը միշտ բարձրացնում է տրամադրությունը:

Ուրախացնում է այն, որ մեր հասարակության մեջ մարդիկ փողոցով քայլելիս սկսել են ավելի հաճախ ժպտալ դիմացինին, հենց այնպես, ուղղակի դրական լիցքեր փոխանցելու համար: Անկախ նրանից՝ դիմացինը հաշմանդամություն ունեցող անձ է, թե ոչ, հաճախ ժպտացեք:

Սույն հոդվածը գրելիս հիմնականում օգտվել եմ Եվգենիա Ոսկոբոյնիկովի https://meduza.io ռուսական առաջատար լրատվական կայքի «Разбор» բաժնում հրապարակված նյութից:

Արմեն Արմոս Մարտիրոսյանը բարեգործական մի շարք նախաձեռնությունների հեղինակ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին