Վաշտի աղջիկները. Մարիամ Վարդանյան - Mediamax.am

exclusive
16391 դիտում

Վաշտի աղջիկները. Մարիամ Վարդանյան


Մարիամ Վարդանյանը
Մարիամ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Վարդանյանը
Մարիամ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Վարդանյանը
Մարիամ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն այս տարի առաջին անգամ աղջիկների ընդունելություն է կատարել: Մեդիամաքս-ն իր նոր շարքով կներկայացնի զինվորական գործը որպես մասնագիտություն ընտրած յոթ աղջիկներին:

 

Շարքի առաջին հերոսը կուրսանտ Մարիամ Վարդանյանն է: 

 

Մոտոհրաձիգ, որը ձգտում է հետախույզ դառնալ

 

Մարիամ Վարդանյանը 17 տարեկան է: Ծնվել եւ մեծացել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում: Ռազմական ինստիտուտ ընդունվելու եւ զինվորական ծառայության անցնելու որոշումը Մարիամը կայացրել է «Նախնական զինվորական պատրաստություն» դպրոցական առարկան ուսանելու առաջին իսկ օրերից: 2011-ից մասնակցել է ռազմամարզական օլիմպիադաներին, որոնք ոլորտին սերտորեն ծանոթանալու լրացուցիչ խթան են հանդիսացել:

 

«Զինվորական գործի հանդեպ սերն ու հետաքրքրությունը գնալով մեծանում էր: Պետք է նշեմ, սակայն, որ ռազմական ինստիտուտից դուրս չկա այն խորին գիտակցումը, թե ինչ պատասխանատվություն է իր ուսերին կրում զինվորականը: Որքան էլ սիրես այս գործը, միեւնույն է, առանց համազգեստ կրելու՝ չես կարող լիարժեք զգալ դրա պատիվը, բարդությունն ու կարեւորությունը»:

 

Մարիամի կարծիքով՝ զինվորական գործում սեռային տարբերությունը կարեւոր չէ. կարեւորը հայրենիքին զորակցելն է:  

 

«Մասնագիտության ընտրությունը հայրենասիրությանս լավագույն դրսեւորումն եմ համարում»:

 

Մեր հերոսուհին ընտրել է մոտոհրաձիգի մասնագիտությունը: Կարծում է` հետագայում  կփոխի մասնագիտական ուղղվածությունը՝ դառնալով հետախույզ: Մինչ ռազմական ինստիտուտում սովորելը, Մարիամը տարբեր մրցույթների շրջանակում պարգեւատրվել է  մրցանակներով ու պատվոգրերով` «Լավագույն հրաձիգ», «Աղջիկների մեջ խիզախ մասնակից», ՀՀ ՊՆ եւ ԿԳՆ կողմից խրախուսվել զինվորական կարգապահության եւ մարտավարության համար:

 

Մարիամ Վարդանյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս
/>

«Այդ  ամենի շնորհիվ ընտանիքիս մոտ ձեւավորվեց վստահությունն առ այն, որ կարող եմ դառնալ զինվորական եւ ապագա ունենալ: Մայրս միշտ ասում էր, որ սա աղջկա մասնագիտություն չէ, եւ կայացման ճանապարհին դժվարություններ կարող են լինել, սակայն գիտակցելով, որ նպատակի առկայության դեպքում արգելքները միայն խոչընդոտում են դրա կայացումը, ընտանիքս փորձեց օգնել եւ առաջնորդել ինձ այստեղ: «Այ հիմա զգում ենք` ինչ է հպարտությունը»,- ինստիտուտում կայացած երդման արարողությունից հետո ասաց մայրս»»:

 

Զինվորականի համար միջակություն գոյություն չունի

 

Ռազմական գործում դժվարությունները շատ են: Սկսնակի համար հատկապես բարդ է  օրվա կարգացուցակին հարմարվելը:

 

«Երբ արդեն կրում ես համազգեստիդ տված պատասխանատվությունն ու պատիվը, դժվարությունները հօդս են ցնդում: Զինվորականի համար միջակություն գոյություն չունի. պետք է լինես լավագույնը: Ամեն անգամ նայելով հայելուն` հպարտությամբ եմ լցվում, հոգիս փառավորվում է անգամ անծանոթի ժպիտից. այն ստիպում է գիտակցել, որ նպատակիդ կայացման ճանապարհին ես»:

 

Մարիամ Վարդանյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս
/>

Մարիամն ու վաշտի մյուս կուրսանտ աղջիկները բնակվում են զորանոցից դուրս` առանձին կացարաններում: Օրն այստեղ միանգամայն տարբեր է քաղաքացիական կյանքից: Կուրսանտների ամեն մի վայրկյանը հաշվված է: Աղջիկներն օրը սկսում են վերկացով` առավոտյան ժամը 6:00-ին, որին հաջորդում են ֆիզիկական պատրաստվածությունը, դասերը, ինքնապատրաստությունը... Օրն ավարտվում է 22:30-ին` երեկոյան անվանականչից եւ զինվորական զբոսանքից հետո:

 

«Երբեւէ ինձ այսքան աղջիկ չեմ զգացել, որքան այստեղ…»

 

«Քաղաքացիական կյանքից ու հագուստից զինվորականին անցումը սկզբում բավական անսովոր էր: Պետք էր միանգամից մի կողմ դնել աղջկական սովորություններն ու աքսեսուարները` մտնելով նոր կերպարի մեջ: Հիմա արդեն ինձ ավելի ներդաշնակ եմ զգում զինվորական համազգեստով, քան քաղաքացիական հագուստով»:

 

Ընտանիքի կազմելու եւ այն զինվորական գործի հետ համադրելու բարդության մասին Մարիամին շատ են հարցնում: Պատասխանը մեկն է` «յուրաքանչյուր տղայի պետք է հաճելի լինի իր կողքին ունենալ հայրենիքի պաշտպանության գիտակցումը կրող կին»:

 

Մարիամ Վարդանյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս
/>

Հարյուրավոր տղաների հետ սովորելու եւ ծառայելու դժվարությունների մասին հարցը եւս հստակ պատասխան ունի.

 

«Միգուցե փոքր-ինչ կոպիտ հնչի, բայց երբեւէ ինձ այսքան աղջիկ չեմ զգացել, որքան ծառայության տարիներին: Այսքան տղաների մեջ յոթ աղջիկներս միանգամից աչքի ենք ընկնում, ինչը ստիպում է ավելի ցայտուն արտահայտել աղջկական կոռեկտությունն ու կոկիկությունը` այդպիսով դրական ազդեցություն գործելով նաեւ տղաների պահվածքի վրա»:

 

Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին