«Վաշտի աղջիկները»` Նարինե Մուրադյան - Mediamax.am

exclusive
4327 դիտում

«Վաշտի աղջիկները»` Նարինե Մուրադյան


Նարինե Մուրադյանը
Նարինե Մուրադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Մուրադյանը
Նարինե Մուրադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Մուրադյանը
Նարինե Մուրադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է ներկայացնել «Վաշտի աղջիկները» հատուկ նախագիծը: Նախագծի 2-րդ մասի հերոսուհիները Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիայի ռազմական ինստիտուտի կուրսանտներն են: Այսօրվա հերոսը կուրսանտ Նարինե Մուրադյանն է: 

«Ուզում եմ կոտրել կարծրատիպերը»

Նարինե Մուրադյանը 17 տարեկան է: Սովորում է Հակաօդային պաշտպանության ֆակուլտետի (ՀՕՊ) 1-ին կուրսում:

Ծնվել է Գյումրիում: Ռազմական գործը որպես մասնագիտություն ընտրելու քայլը, հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց բացի, այլ պատճառ էլ ունի.

«Ուզում եմ կոտրել կարծրատիպերը, թե հայ աղջիկը բանակում տեղ չունի, պետք է միայն իր ընտանիքի կողքին լինի»:

Չնայած բանակի հանդեպ սերը մանկուց է եղել՝ մասնագիտության ընտրության որոշումը մեր հերոսի համար հապճեպ ու անսպասելի էր: Մոտ մեկ շաբաթում ընտրել է ուսման վայրն ու անհրաժեշտ հայտը ներկայացրել զինվորական կոմիսարիատ:

«Ծնողներիս համար որոշումս անընդունելի է»

Մասնագիտության ընտրության հարցում Նարինեի որոշումը ծնողների համար այնքան էլ ուրախալի չի եղել: Ասում է՝ հատկապես Շիրակի մարզում նահապետական կարգերը դեռ պահպանվում են. շատերի համար աղջկա՝ բանակում ծառայելն ընդունելի չէ:

Նարինե Մուրադյանը Նարինե Մուրադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ծնողներիս համար որոշումս մինչ օրս անընդունելի է: Բայց նրա համար, որ հետագայում չմեղադրեմ նրանց, թե իրենց քայլով ազդել են իմ կյանքի ընթացքի վրա, դեմ չկանգնեցին: Համազգեստով ինձ առաջին անգամ տեսնելիս գուցե եւ հպարտություն զգացին, սակայն նրանց համար հաճելի չէ, երբ այդ համազգեստն աղջիկն է կրում»:

Նարինեն պատմում է, որ իր ընտրությունը հաճելի չէ նաեւ քրոջ ու եղբոր համար, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսումն ավարտելուց հետո իրենց քույրը հայրենիքի պաշտպան է դառնալու, զիջումների են գնացել:

Չմոռանալ կանացիության, լավ մայր ու զավակ լինելու մասին

Դասապատրաստությունից ու տարատեսակ զբաղվածությունից բացի, Նարինեն չի մոռանում իր կանացիության մասին:

«Աղջիկը կարող է տղաներից շատ ավելի լավ ծառայել, սակայն, կրելով այս համազգեստը, երբեք չպետք է մոռանա իր սեռի մասին, այն մասին, որ պետք է լինել նաեւ ընտանիքի լավ մայր եւ լավ զավակ: Կարծում եմ՝ ամեն ինչ հնարավոր է համատեղել»:

Նարինեն հույս ունի, որ կյանքն իրեն անակնկալ չի մատուցի, եւ ինքը կկարողանա իր ընտրած բարդ մասնագիտությունը համատեղել ընտանեկան կյանքի հետ:
Նարինե Մուրադյանը Նարինե Մուրադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Բայց գիտակցում եմ, որ, նախքան սպա լինելը, ես հայ աղջիկ եմ, իսկ յուրաքանչյուր հայ աղջկա պարտքը հայրենիքի համար զավակ ծնելն է»:

Նարինեն կարծում է, որ կինը բանակում կարեւոր դեր ունի եւ հույս հայտնում, որ մի օր զինվորական ծառայությունը պարտադիր կլինի նաեւ աղջիկների համար: 

Ընկալումների ու փոփոխությունների մասին…

Ռազմական ինստիտուտում անցկացրած մի քանի ամիսը շատ բան է փոխել մեր հերոսի կյանքում: Ասում է՝ հիմա ավելի շատ է գնահատում հայրենիքը, գիտակցում բանակի դերը՝ հայրենիքի սահմանների պաշտպանության եւ ամրապնդման հարցում:

«Ի սկզբանե ուզում էի մեխանիկ դառնալ՝ ռազմական ինքնաթիռի տեխնիկ, սակայն աղջիկների համար այդ բաժնում ընդունելություն չկար, ընտրեցի ՀՕՊ-ը, ինչի համար շատ ուրախ եմ: Այն իմ խառնվածքին ավելի համապատասխան է»: 

Նարինեն ու նրա համակուրսեցի աղջիկները երեկոյան ճաշից հետո տուն են գնում, իսկ առավոտյան ժամը 8-ին լինում ինստիտուտում, որտեղ սկսվում է դասերով ու վարժություններով հագեցած օրը:

Ազատ ժամանակ մեր հերոսը շատ քիչ է ունենում: Դասապատրաստությունից զատ նաեւ գրքեր է կարդում: Ապագայի մասին խոսելիս մի պահ կանգ է առնում ու նշում. «Հրամանատարի դիրքում ինձ դեռ չեմ պատկերացնում…»:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին