«Վաշտի աղջիկները»՝ Արեւիկ Դինարյան - Mediamax.am

exclusive
2948 դիտում

«Վաշտի աղջիկները»՝ Արեւիկ Դինարյան


Արեւիկ Դինարյանը
Արեւիկ Դինարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեւիկ Դինարյանը
Արեւիկ Դինարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Վաշտի աղջիկները» հատուկ նախագիծը: Նախագծի 2-րդ մասի հերոսուհիները Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիայի ռազմական ինստիտուտի կուրսանտներն են:

Այսօրվա հերոսը կուրսանտ Արեւիկ Դինարյանն է:

Սպարապետի կերպարից ոգեշնչված

Արեւիկը 19 տարեկան է: Ծնունդով Գյումրիից է: Սովորում է կապի միջոցների շահագործման ֆակուլտետի առաջին կուրսում: Մանկուց է որոշել ռազմական գործով զբաղվել, սիրել ու հետաքրքրվել է ռազմական տեխնիկայով, ինչի վրա մեծ ազդեցություն է թողել հայոց ռազմարվեստի պատմությունը: Սակայն, ինչպես ինքն է պատմում, մասնագիտության համար որոշիչ դեր է ունեցել սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքն ու նրա գործունեությունն ուսումնասիրելու հանգամանքը:

«Նա ինձ համար դարձավ հերոսի կերպար: Փորձեցի իր ուղին շարունակել, ինչու չէ՝ ապացուցելու համար, որ աղջիկը եւս կարող է այս համակարգում լինել»:

Մանկական երազանքը՝ նպատակ

Ընտանիքին սկզբում զարմացրել է զինվորական դառնալու նրա որոշումը: Քանի որ այն կայացրել էր վաղ տարիքում, բարեկամները թերահավատորեն էին մոտենում՝ կարծելով, որ ավելի հասուն տարիքում կհրաժարվի այդ մտքից:

«Հետագայում, տեսնելով, որ հաստատուն եմ այս հարցում, եւ մանկական երազանքս արդեն նպատակ է դարձել, ընտրանքիս չխանգարեց ինձ գնալ այդ ճանապարհով: Իհարկե, մայրս մինչ օրս դեմ է իմ որոշմանը, բայց համեստորեն լռում է»:

Արեւիկը պատմում է, որ սկզբում ցանկացել է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտոհրաձգային բաժինը, որն ավելի հոգեհարազատ է իրեն, սակայն ծնողների խորհրդով ընտրել է այս ոլորտը՝ հաշվի առնելով, որ սա համեմատաբար ավելի թեթեւ է աղջկա համար:

Հասարակության կարծիքի մասին

Ճիշտ է, շատերը կարծում են, որ համազգեստն աղջկա համար չէ, սակայն Արեւիկը փորձում է մի կողմ թողնելով ճանապարհին հնչող կարծիքները՝ առաջ շարժվել:

Արեւիկ Դինարյանը Արեւիկ Դինարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Դեռ պատմությունից կարող ենք տեսնել, որ ցանկացած կռվի մասնակցել են ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք՝ ուս ուսի տված պայքարելով հայրենիքի համար: Հայրենիքի սահմանների պաշտպանության եւ անձեռնմխելիության գործում կարեւոր չէ կին թե տղամարդ լինելը: Միաժամանակ չեմ մոռանում, որ առաջին հերթին կին եմ, որը միշտ պետք է կոկիկ ու պահանջկոտ լինի ինքն իր նկատմամբ»:

Արեւիկն ասում է, որ իր միակ առաջնահերթությունն այս պահին մասնագիտության մեջ կայանալն է: Խոսելով ինստիտուտում անցկացրած ամիսների մասին՝ նա նշում է, որ դրանք բավական քիչ են զինվորական դառնալու համար, սակայն ազդեցիկ՝  աշխարհընկալման ու բնավորության փոփոխության հարցում:

«Այս ընթացքում ինքս իմ մեջ կամային հատկանիշների ամրացում նկատեցի: Ես պետք է հասնեմ իմ նպատակներին՝ անկախ նրանից՝ հասարակությունը դե՞մ է, թե՞ կողմ»:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին