Փիթեր Թաբիչի. Աշակերտներին հույս տալն իսկապես ոգեւորիչ է - Mediamax.am

exclusive
49373 դիտում

Փիթեր Թաբիչի. Աշակերտներին հույս տալն իսկապես ոգեւորիչ է

Փիթեր Թաբիչին
Փիթեր Թաբիչին

Լուսանկարը` Daniel Irungu/EPA/MAXPPP

Լուսանկարը`


«We are brothers and sisters, we are one family»։ 19-ամյա քենիացի Թերեզիան  «Կրթություն բոլորի համար» (Teach for all) միջազգային ցանցի համաժաղովի 450 մասնակիցներին առաջարկում է միանալ իր երգին, որ սովորել է խաղաղության խմբակում։ Հոկտեմբերին Թերեզիան Հայաստան էր եկել իր բնագիտական առարկաների ուսուցչի՝ Փիթեր Թաբիչիի հետ, որը 2019 Global Teacher Prize-ի դափնեկիրն է՝ աշխարհի լավագույն ուսուցիչը։

 

Նա դասավանդել է մասնավոր դպրոցում, հետո տեղափոխվել աֆրիկյան հեռավոր գյուղ, որտեղ ուսուցիչների մեծ պակաս կա։ Այստեղ աշակերտներից շատերը կարիքավոր ընտանիքներից են կամ որբ, դպրոց հասնելու համար նրանք օրական մի քանի կիլոմետր քայլում են։ Իր աշխատավարձի 80 տոկոսը Փիթերը տալիս է դպրոցի ու աշակերտների կարիքների համար։

 

Ասում է, որ ուսուցչի համար ամենակարեւորը աշակերտների կարողություններին, ներուժին հավատալն է, դրանք զարգացնելը։ Թաբիչիի աշակերտները հաղթել են ազգային եւ միջազգային գիտական մրցույթներում, արժանացել Մեծ Բրիտանիայի Քիմիայի թագավորական ընկերության մրցանակին (The Royal Society of Chemistry):

 

37-ամյա ուսուցիչը կամավոր աղքատություն ու մերձավորի հանդեպ սեր քարոզող Ֆրանցիսկյան միաբանության անդամ է։ Հավատում է, որ ամեն մեկն այս կյանքում  առանձնահատուկ դեր ու կարողություններ ունի, եւ որ ստանում ես՝ տալով ու երջանկանում՝ ուրիշներին երջանկացնելով։

 

Մեդիամաքսը զրուցել է աշխարհի լավագույն ուսուցչի հետ։

 

- Ի՞նչ փոխեց  2019 Global Teacher Prize-ը Ձեր, աշակերտների ու Ձեր համայնքի կյանքում։

 

- Չեմ կարող ասել, թե մրցանակն ինչ նշանակություն ունեցավ ինձ համար, բայց կասեմ, թե ինչ փոխեց ուրիշների կյանքում։ Այն ոգեշնչել է իմ աշակերտներին, գործընկերներին եւ ամբողջ համայնքին։ Նրանք այնքան հպարտ են ու երջանիկ ու ինձ այնքան ճանաչված են դարձնում, որ հաճախ նույնիսկ սկսել եմ անհարմար զգալ (ծիծաղում է-Մեդիամաքս)։  

 

Գիտեմ, որ այսպես իրենց ուրախությունն են արտահայտում։ Իմ համայնքը, իսկապես, փոխել է իր պատկերացումները կրթության եւ աղջիկներին կրթելու կարեւորության մասին։ Օրինակ, Թերեզիան կարողացել է փոխել մարդկանց վերաբերմունքը կրթության, կրթված աղջիկների, կրթության մեջ ներդրում կատարելու, ուսման եւ համատեղ աշխատանքի կարեւորության մասին։ Թերեզիան եւ մյուսները շատ մարտահրավերներ են հաղթահարում, եւ միասին աշխատելն ու լուծումներ գտնելը մեզ համար իսկապես կարեւոր է։

Փիթեր Թաբիչին Փիթեր Թաբիչին

Լուսանկարը` El Intra

Այս մրցանակը մոտիվացրել է մեր դպրոցի ուսուցիչներին, նրանք հասկացել են, որ ամեն ինչ ու  նաեւ՝ դասավանդումը, տարբեր մոտեցումներ են պահանջում, որ պարտադիր չէ կառչած մնալ դասավանդման ավանդական մեթոդներին, որ բոլորս ինքնակրթվելու, վերապատրաստվելու կարիք ունենք։ Դա մեզ հնարավորություն կընձեռի աշակերտներին տալ ավելին։ Փոփոխություններ բերելու համար պետք է աշխատենք մարդկանց հետ։ Փոփոխությունները սկսվում են մտքից։ 

 

- Մի բան է՝ ամեն օր մտնել դպրոց ու գիտելիքներ տալ աշակերտներին, այլ բան՝ սոցիալական դժվար պայմաններում ապրող երեխաներին բացատրել կրթության կարեւորությունը, նրանց առջեւ դռներ բացել։ Ինչպե՞ս եք կարողանում մոտիվացնել, ոգեշնչել Ձեր աշակերտներին։

 

- Նախեւառաջ, երիտասարդները չգիտեն, որ դպրոց գնալու կարիք ունեն։ Նրանք կարծում են, որ պարտադրված են հաճախել դպրոց, քանի որ ծնողներն են այդպես ասել։ Անհրաժեշտ է երեխաներին տեսանելի դարձնել կրթության դերը։ Դրան հասնելու ուղիներից մեկը գործնական աշխատանքն է։ Աշակերտները կարող են գտնել գրքի եւ իրականության միջեւ կապը, անել մի բան, որը կաշխատի։ Նրանք կհասկանան կրթության դերը, դասարանում սովորածի կարեւորությունը, կկարողանան այդ գիտելիքները կիրառել կյանքում։ Պետք է գտնել այնպիսի ոգեւորիչ ուղիներ, որ այս երիտասարդները հասկանան՝ դպրոցում լինելն իրենց համար պարզապես անհրաժեշտություն է։  

 

Ինձ համար աշակերտների հետ կապ հաստատելու ամենահետաքրքիր ձեւերից մեկը դասարանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն է։ Ի տարբերություն միջազգային դպրոցների՝ մենք չունենք սարքավորումներ, բայց ինձ միշտ կարելի է տեսնել նոթբուքով ու պրոեկտորով։ Որպես ուսուցիչ կամ կրթության բնագավառում աշխատող մարդ՝ պարտավոր ես աշակերտի համար գտնել գիտելիքը մատուցելու եւ կրթությունը սիրելու հետաքրքիր ուղիներ եւ օգնել վայելել կրթության ընձեռած հնարավորությունները։ Նաեւ պետք է նրանց սովորեցնենք աշխատել միասին։ Եթե աշակերտները միասին հանդիպեն մարտահրավերների, միասին էլ կկարողանան հաղթահարել դրանք,  քննարկել ու կիսվել։ Պետք է զարգացնենք նրանց՝ միասին աշխատելու կարողությունը։ 

 

Բացի այդ, ամենակարեւորը շրջապատի աջակցությունն ստանալն է։ Խոսքը թիմային աշխատանքի, համագործակցության մասին է։ Պատահում է, որ աշխատանքիդ ընթացքում դժվարությունների ես հանդիպում, իսկ մարդիկ քեզ չեն օգնում, բայց երբ հասկանում են, թե ինչ ես անում, անմիջապես գալիս են օգնության։ Մեր դպրոցի անձնակազմը, ուսուցիչներն ինձ շատ են աջակցում։

 

- Պատահո՞ւմ է, որ ծնողները թույլ չեն տալ երեխաներին գալ դպրոց՝ նախընտրելով, որ նրանք զբաղվեն տնային գործերով։

 

- Երբեմն ծնողները կարծում են, որ երեխաները պետք է գնան դպրոց բազային գիտելիքներ ստանալու համար. հենց սովորեցիր կարդալ ու գրել, դա բավարար է գումար աշխատելու համար։ Բայց խոսքը ոչ միայն կարդալու եւ գրելու, այլեւ երեխաներին այդ հնարավորությունն ընձեռելու մասին է։ Դպրոցում այնքան բան կա սովորելու, իմանալու՝ ինչպես համագործակցել, աշխատել միասին։ Ծնողների այս մտածելակերպը պայմանավորված է այն միջավայրով, որում նրանք մեծացել են։ Շատ անելիք կա այդ մտածելակերպը փոխելու, կրթության արժեքը բացահայտելու համար։

 

- Պատմեք Ձեր աշակերտների, նրանց հաջողությունների մասին, ինչո՞վ են զբաղվում դպրոցն ավարտելուց հետո։

 

- Դպրոցն ավարտելուց հետո աշակերտները դասընթացների են հաճախում, ինչպես Թերեզիան։ Նա քննությունները հանձնել է բարձր գնահատականներով եւ կկարողանա ընդունվել համալսարան: Թերեզիան ուզում է զբաղվել գիտությամբ, վերադառնալ գյուղ եւ ստացած գիտելիքներով օգնել իր համայնքին։ Ունենք աշակերտներ, որոնք սովորում են մանկավարժություն, համակարգիչ, գիտություն։ Կան նաեւ ցածր առաջադիմությամբ աշակերտներ, որոնց եւս օգնում ենք հասկանալ կրթության կարեւորությունը, կողմնորոշվել մասնագիտության հարցում, օրինակ, կազմակերպում ենք արհեստների ուսուցում։ Ոմանք կարող են դառնալ մեխանիկ եւ, այսպիսով, առնվազն զբաղմունք ունենալ։

 

Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ աշակերտներն օգտագործում են իրենց տաղանդները, ցանկանում ենք նրանց ցույց տալ, որ դպրոցն ավարտելուց հետո միակ ճանապարհը թմրադեղերը չեն։ Կան հնարավորությունները զարգացնելու ուղիներ։ Մենք պարտավոր ենք լուսավորել, աջակցել նրանց։   

Փիթեր Թաբիչին Փիթեր Թաբիչին

Լուսանկարը` World Economic Forum

Ամենակարեւորը, իհարկե, հասարակությանն ինտեգրվելն է, խաղաղության հաստատմանը նպաստելը եւ մարտահրավերներին դիմակայելը, օրինակ, երբ կա ջրի խնդիր։ Փորձում ենք աշակերտներին գիտելիքներ տալ այս խնդիրների մասին, որ դպրոցն ավարտելուց հետո կարողանան հեշտությամբ հաղթահարել դրանք, օգնում ենք դառնալ ստեղծագործ անհատներ։ Երբ վերադառնան գյուղ, այդ խնդիրները նրանց այլեւս այդքան չեն ընկճի, քանի որ զինված կլինեն այդ մարտահրավերները դիմակայելու համար անհրաժեշտ գիտելիքներով։

 

- Խնդրում եմ, պատմեք Ձեր երկու՝ խաղաղության եւ գիտական խմբակների մասին։

 

- Ես սիրում եմ աշակերտների հետ աշխատել խմբակների միջոցով, որովհետեւ մտնում ես դասարան ոչ միայն սովորեցնելու համար, այլ փնտրում ես նյութը ներկայացնելու գործնական ճանապարհներ։ Եթե չես գտնում այդ հետաքրքիր ձեւը, դասն աշակերտների համար անիմաստ է դառնում, հաճույք չեն ստանում դրանից։ Այդ է պատճառը, որ հիմնել ենք գիտական, խաղաղության խմբակներ, երիտասարդ քրիստոնյաների շարժում։ 

 

Խաղաղության խմբակի շրջանակում աշակերտների զբաղվածությունը բազմազան է։ Օրինակ, քննարկումներ են կազմակերպում գենդերային հավասարության, կոնֆլիկտների կառավարման, արդարության մասին, ներկայացումներ են բեմադրում, դերախաղեր անում, երգում, վազքի մրցումեր անցկացնում։ 

 

Այս ամենը թույլ է տալիս երեխաներին մոռանալ ընտանիքում ունեցած դժվարությունները, տրավմաները։ Դրանք մոռացվում են, երբ երեխաները խաղում են, ակտիվ են եւ երջանիկ։ Նրանց առջեւ, ինչպես գրքում, նոր գլուխ է բացվում։ Երեխաները հասկանում են, որ նախաբանը կարդալուց հետո կարեւոր է իմանալ, որ գրքում կան նաեւ այլ՝ հետաքրքիր գլուխներ։ Նրանց հույս տալը իսկապես ոգեւորիչ է։ 

 

Գիտական խմբակը եւս օգնում է աշակերտներին աշխատել միասին, բայց նաեւ զարգացնում է խնդիրները լուծելու եւ հաղորդակցվելու հմտությունները, հետազոտություններ անելու կարողությունը։ Հասարակությունում մենք այնքան դժվարությունների ենք առերեսվում, որ եթե չլինեն այս հմտություններին տիրապետող մարդիկ, խնդիրները չեն լուծվի։ Սա է պատճառը, որ մենք այդքան աջակցում ենք գիտական ակումբի աշակերտներին։ Նրանք հետազոտություններ են կատարում, գիտական հոդվածներ կարդում, ձեռքի տակ եղած նյութերից տարբեր սարքերի նախատիպեր պատրաստում։ 

 

- Իսկ ինչ՞ն է Ձեզ ոգեշնչում կատարել այս ոչ հեշտ աշխատանքը, որտեղի՞ց եք ստանում այդ ուժը։

 

- Պետք է կարողանաս ինքդ քեզ մոտիվացնել եւ ամեն վայրկյան չսպասես պարգեւների կամ շնորհակալության խոսքերի։ Այդ ուժը պետք է սրտումդ գտնես, եւ այն կփոխի մտածելակերպդ։ Բայց մենք կարիք ունենք նաեւ մարդկանցից ստանալու այդ մոտիվացիան, լուսավորությունը։ Ինձ ոգեշնչում են հաջողության պատմությունները Քենիայում, Աֆրիկայում, որտեղ մարդիկ այնքան հզոր գործեր են անում։ Հավատքը եւս ինձ համար ոգեշնչման կարեւոր աղբյուր է։

Փիթեր Թաբիչին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փիթեր Թաբիչին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` Whitehouse.gov

Ես հավատում եմ, որ մենք բոլորս մեկ ընտանիք ենք եւ պետք է աջակցենք իրար։ Մենք բոլորս քույրեր ու եղբայրներ ենք, մենք բոլորս մեկ ենք։ Իմ հավատքը հիմնված է Ֆրանցիսկյան միաբանության ուսմունքի վրա։ Որպես միաբանության անդամ՝ մենք գիտենք՝ ինչ է խոնարհությունը, գիտենք եղբայրական սիրո մասին։ Այն ամենում, ինչ անում եմ, հավատքի դերակատարություն շատ մեծ է, այն ինձ շատ է ոգեշնչում։ Ինձ ուժ են տալիս նաեւ այն մարտահրավերները, որոնք ես հաղթահարել եմ, եւ որոնց այսօր առերեսվում են իմ աշակերտները։ Շատ կարեւոր էր նաեւ մարդկանց, ընտանիքիս աջակցությունը։ Հայրս ուսուցիչ է, նա օգնեց ինձ հաղթահարել դժվար իրավիճակները։ Այդ փորձառությունն է ոգեշնչում ինձ։ Երբ առերեսվում ես մարտահրավերների, երբ լինում են դժվար պահեր, պետք է հիշել՝ միշտ կա ելք։ Պետք է լավատես լինես։

 

- Ո՞րն է Ձեր վերջնանպատակը։ Ո՞ր դեպքում կարող եք ասել՝ այս փուլում ես ավարտեցի իմ առաքելությունը։

 

- Ես հավատում եմ, որ բոլորս շատ անելիք ունենք։ Ամեն օր կյանքը մեզ ընձեռում է նոր փորձառություն, այդ պատճառով երբեք չես կարող ասել, թե հասել ես գագաթնակետին։ Յուրաքանչյուր օր հնարավորություն է՝ նոր բան սովորելու եւ ավելին անելու՝ հասարակությանը հզորացնելու, ոգեշնչելու, ինքդ քեզ երջանկացնելու, եւ որ ավելի կարեւոր է՝ ուրիշներին երջանկացնելու համար։ Հիմա, երբ 2019 Global Teacher Prize-ի դափնեկիր եմ ու նաեւ այլ պարգեւների եմ արժանացել, ցանկանում եմ իմ «ձայնն» օգտագործելով՝ ուժ տալ մարդկանց, հատկապես նրանց, որոնք ապրում են անապահով շրջաններում, նրանց հավատացնել, որ կարող են հաղթահարել դժվարությունները: Իմ դիրքն ինձ հնարավորություն է տալիս օգնելու մարդկանց։ Սա հենց այն է, ինչին ես ձգտում եմ:

 

Բայց ես չեմ ուզում ասել, թե հասել եմ գագաթնակետին։ Չեմ կարծում, թե կգա ժամանակ, երբ ձեռքերս ծալած կնստեմ ու կասեմ․«Ամեն ինչ արել եմ, հիմա կարող եմ քնել»։ Քանի դեռ ողջ եմ, ես այնքան բան ունեմ անելու, եւ դա ինձ շատ է երջանկացնում։ Երբ տեսնում եմ, որ աղքատության մեջ ապրող երեխաները համալսարան են ընդունվում, ինչպես Թերեզիան, երբ տեսնում եմ, թե ինչպես են ժպտում, ուրախանում, կիսվում այլ աշակերտների հետ, հասկանում եմ, որ սա է երջանկությունը։ Խոսքը ոչ թե անձնական ձեռքբերումների կամ հարստության, այլ ուրիշներին հզորացնելու, սեփական տաղանդներն օգտագործելով՝ հասարակությանը ոգեշնչելու, ավելին տալու մասին է։ Սա երկար ճանապարհորդություն է: Եվ սա է պատճառը, որ չեմ ցանկանում ասել, թե այլեւս անելիք չունեմ։ 

 

Փիթեր Թաբիչիի հետ զրուցել է Լուսինե Ղարիբյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին