7 հարց ու պատասխան ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման մասին - Mediamax.am

exclusive
7553 դիտում

7 հարց ու պատասխան ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


2024թ. ապրիլին նախատեսված Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը ակտիվորեն մեկնաբանվում է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ դրա սահմաններից դուրս: Ներկայացնում ենք այս պահին հասանելի տեղեկատվությունը:

1.    Ե՞րբ է առաջին անգամ հայտնի դարձել նախապատրաստվող հանդիպման մասին:

2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած հանդիպման հանդիպման արդյունքներով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն էին ընդունել, որում, մասնավորապես, ասված էր.

«Նախագահ Ֆոն դեր Լայենը տեղեկացրել է Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին»։

Համատեղ հայտարարության մեջ նաեւ ասված էր.

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


«Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և Ներդրումային Պլանը (EIP) նախատեսում է մինչև 2,6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքային և այլ նախագծերում ներդրումների համար։ Հանձնաժողովը և Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը կարևոր ծրագրեր իրականացնելու համար»։

2.    Փաշինյանի ո՞ր հայտարարությունն են հաճախ մեջբերում նրա թիմակիցները եւ արեւմտյան գործընկերները:

2023 թվականի հոկտեմբեր 17-ին ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր.

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Փաշինյանը նաեւ հիշեցրել էր, որ «նախագահ ֆոն դեր Լայենի հետ մեր համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված»»:

3.    Ի՞նչ էր ասել ամերիկյան կողմը:
 
2023 թվականի նոյեմբերի 15-ին ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենն ասել էր, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը ցանկանում են ապահովել Հայաստանի մերձեցումը անդրատլանտյան դաշնակիցների հետ եւ մշակում են դա ապահովելու սխեման։

«Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել մեր եւ Հայաստանի հետ՝ Հայաստանը մեր համայնքին ավելի մերձեցնելու նպատակով։ Ես դա քննարկել եմ մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետի հետ, եւ մենք պարզում ենք, թե դա ինչպես կարող է լինել:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը՝ առաջարկը, որը ԵՄ-ն կարող է անել առեւտրային նախապատվությունների, տնտեսական համագործակցության եւ միասնական շուկա մուտք գործելու առումով, աներեւակայելի կարեւոր է: Մենք կարող ենք օգնել այդ հարցում»,- ասել էր Օ՛Բրայենը։
 
4.    Ի՞նչ են ասում Մոսկվայում:

2024 թվականի մարտի 28-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ «ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում»:

«Նման իրադարձություններն անհանգստացնում են Ռուսաստանին, քանի որ ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչներն ուղղակիորեն ասում են մեր գործընկերներին, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է: Նրանք դա ասում են ուղիղ, բաց տեքստով»,- ասել էր ռուս դիվանագետը:

Մարիա Զախարովան նշել է, որ ողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը «վերածվում է հավաքական Արեւմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որը լիովին հակասում էն հայ ժողովրդի հիմնարար շահերին»:

5.    Ի՞նչ են ասում Բաքվում:

2024 թվականի մարտի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել էր, որ «շուրջ 30 տարի լինելով զինված ագրեսիայի, օկուպացիայի եւ էթնիկ զտումների զոհ՝ Ադրբեջանը երբեք նման անվերապահ աջակցություն չի ստացել ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից»։

«Մտահոգության մեկ այլ պատճառ է Ֆրանսիայի գլխավորած արշավը՝ ուղղված Հայաստանի ռազմականացմանը, որը ներառում է նոր խոստումներ՝ ավելացնելու ռազմական մատակարարումները, ներառյալ մահաբեր եւ հարձակողական զինատեսակները: ԵՄ անդամ մեկ այլ երկիր՝ Հունաստանը, վերջերս հայտարարություններ է արել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու մասին։ Բացի այդ, Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրերը եւ հաղորդագրություններն այն մասին, որ ապրիլի 5-ի հանդիպումը ներառում է ռազմական բաղադրիչ, լրացուցիչ անհանգստության պատճառ են դառնում եւ խաթարում են տարածաշրջանում խաղաղության կառուցելու ջանքերը», - ասել էր ադրբեջանցի դիվանագետը:

6.    Ինչպիսի՞ն էր Հայաստանի արձագանքը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը 2024 մարտի 28-ին ասել էր.

«Հանդիպումն արժեքավոր հնարավորություն է քննարկելու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ակնկալում ենք բովանդակային քննարկումներ ունենալ մեր միջև առկա քաղաքական երկխոսության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում Հայաստանի կարողությունների զարգացման, Հայաստանի առջեւ ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ։ Որեւէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն և արհեստածին են»։

7.    Ինչպիսի՞ն էր ԱՄՆ արձագանքը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը ապրիլի 1-ին ասել էր, որ Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը «նվիրված է Հայաստանի բարեփոխումներին, ժողովրդավարությանը, տնտեսությանը եւ դիմակայունությանը»։

«Հանդիպման թեման խաղաղ գործընթացը չէ։ Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Հայաստանի հանդիպումն է՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցությունը եւ Հայաստանի քաղաքական բարեփոխումներին աջակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը: Դա տարածաշրջանային հանդիպում չէ»։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին