Ֆոն դեր Լայենը ազդարարել է Հայաստանի աջակցելու ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառումը - Mediamax.am

1346 դիտում

Ֆոն դեր Լայենը ազդարարել է Հայաստանի աջակցելու ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառումը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։

Այդ մասին ասվում է այսօր Գրանադայում Փաշինյանի եւ Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ։

 

Փաստաթղթում, մասնավորապես, ասված է․

 

«Մենք կրկին դատապարտեցինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և վերահաստատեցինք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը և այն գիտակցումը, որ Հայաստանի տարածքը ներառում է 29,800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 քառակուսի կմ: Մենք նաև ընդգծեցինք, որ տարածաշրջանային կապի օղակների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

 

Հայաստանն ու ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և հավատարիմ են կանոնների վրա հիմնված միջազգային կարգին:

 

Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված։

 

Մենք հանձնառու ենք առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։

 

Ինչպես քննարկել ենք այս շաբաթվա սկզբին, մեր անմիջական ուշադրության կենտրոնում է Հայաստան փախած Ղարաբաղի ավելի քան 100,000 հայերի մարդասիրական կարիքները հոգալը: Մենք քննարկել ենք, թե ինչպես ապահովել ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության և այլ անհապաղ աջակցության առավելագույն արդյունավետությունը, որը կկազմի 10,45 միլիոն եվրո։

 

Նախագահ ֆոն դեր Լայենը նաև հայտարարեց, որ Հանձնաժողովը մոբիլիզացնում է ֆինանսավորում՝ իր տարեկան ծրագրից 15 միլիոն եվրո Հայաստանին հատկացնելու համար՝ որպես բյուջետային աջակցություն։ Սա Հայաստանի կառավարությանը թույլ կտա լուծել հրատապ սոցիալ-տնտեսական կարիքները և աջակցել սննդամթերքի և վառելիքի ձեռքբերմանը:

 

Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և Ներդրումային Պլանը (EIP) նախատեսում է մինչև 2,6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքային և այլ նախագծերում ներդրումների համար։ Հանձնաժողովը և Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը կարևոր ծրագրեր իրականացնելու համար։ Հանձնաժողովը նաև կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է` Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Հանձնաժողովը նաև կավելացնի տեխնիկական աջակցությունը Հայաստանին, մասնավորապես օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին