Վերադարձի անհնարինությունը՝ Վահագն Գրիգորյանի «Ոստանի վերջին ճամփորդությունը» գրքում - Mediamax.am

exclusive
8026 դիտում

Վերադարձի անհնարինությունը՝ Վահագն Գրիգորյանի «Ոստանի վերջին ճամփորդությունը» գրքում


Վահագն Գրիգորյանը
Վահագն Գրիգորյանը

Լուսանկարը` Անտարես

Լուսանկարը` Անտարես


Ողջ կյանքն օտար ափերում վատնած Ոստանը ոտքով բռնում է հայրենիքի ճամփան: Կհասնի՞ նա տուն, կիրականացնի՞ իր վերջին ցանկությունը։Այս մասին է Վահագն Գրիգորյանի «Ոստանի վերջին ճամփորդությունը» վիպակը։  Լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։

-Այս վիպակը գրել եք հետխորհրդային շրջանում, երբ արտագաղթն ահագնացող չափերի էր հասնում։ Թեեւ արտագաղթը, հայրենիքի կարոտը, ինքնության կորուստը մշտակա խնդիրներ են։

-Անսպասելի էր, որ արտագաղթ, ընդ որում, զանգվածային արտագաղթ կսկսվի ԽՍՀՄ-ի փլուզումից եւ Հայաստանի անկախության հռչակումից հետո։ Հայի երազանք անկախ պետականություն եւ... արտագաղթ։ Թվում էր, թե Սփյուռքից (դասական Սփյուռքից, որ հիմնականում գոյացել էր որպես Մեծ Եղեռնի հետեւանք) կսկսվի ակտիվ ներգաղթ, նույնիսկ եթե ոչ այնպիսին, ինչպիսին եղավ, երբ ստեղծվեց Իսրայել պետությունը՝ շուրջ 200-300 հազար բնակչությամբ, հետագայում հասնելով ավելի քան ինը միլիոնի։


Մեր արտագաղթն, ընդ որում, հիմնականում դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, բալթյան հանրապետություններ, անսպասելի էր, բայց սպասելի՝ իր հետեւանքներով։ Դառն հետեւանքներ ոչ միայն հանրապետության համար, այլեւ հանուն լավ կյանքի արտագաղթածների, որոնք հայտնվելու էին, ինչպես դուք նշեցիք՝ հայրենիքի կարոտի, ինքնության կորստի ճիրաններում։ Մշտական, ցավալի խնդիրներ։

-Ինչպե՞ս են դրանք դրսեւորվում։

-Առաջին սերնդի արտագաղթածները, այսպես թե այնպես, կապված են Հայաստանին: Ի վերջո, մանկությունը, երիտասարդությունը Հայաստանում են անցկացրել, մինչեւ վերջ էլ փորձում են պահպանել իրենց ազգային ինքնությունը։ Նրանց երեխաներն ուրիշ միջավայրում են մեծանում, այլ մշակույթի կրողներ դառնում։ Էլ չեմ խոսում երրորդ սերնդի մասին, որոնք արդեն սոսկ հայկական արմատների աղոտ հիշողություն ունեն։

-Այս գրքում ներկայացված է առաջի՞ն սերնդի հայի ողբերգությունը։

-Այո, այստեղ աշխատում ես, ապրում, բայց հոգեհարազատություն չկա, այս երկրից ոչինչ չես ստանում, նրանց ուրախությունները, տոները քեզ հետ կապ չունեն, քեզ չեն հետաքրքրում, դու չես ապրում այդ երկրի կյանքով։ Ինչո՞ւ են համայնքներ ստեղծվում, որովհետեւ հոգեկան բավարարվածությունը միայն հայկական շրջապատում է լինում։ Թախիծը, որ տեսել եմ Հայաստանում ծնված, օտարության մեջ ծերացած տարեցների աչքերում, եւ իմ անձնական մտորումները պատճառ դարձան այս գրքի ստեղծման համար։

Լուսանկարը` Անտարես


Ինչպե՞ս է Ոստանը մեկնաբանում իր ճամփա ընկնելը, իր որոշումը․

«Իր ապրած կյա՛նքն իրեն թույլ չտվեց ուրիշ ճանապարհով Հայաստան գնա։ Օտարության երեսուն տարիները հուշեցին՝ պիտի գնա մեղանչելով։ Թքածը լիզելով։
Շնորհակալություն նրան (տղերքից ո՞ր մեկն էր), ով էն երեկո էն շնից խոսեց։ Ոնց որ իր սրտից խոսեր։ Հանկարծ ու միանգամից ինքը հասկացավ այսքան տարի իր արածը ու ի՛նչ պիտի անի հիմա։ Մարդը, իհարկե, ազատ պետք է լինի, բայց գոնե մի թռչունի չափ լինի, իսկ թռչունները, որ թռչուն են, որ ձմեռելու համար ու կերի ետեւից ընկած կարող են թռչել ուր ուզեն, աշխարհը շուռ էլ գա, թեւակոտոր լինել ու ընկնել էլ լինի, գալիս բույն են դնում հարազատ հարկի տակ։ Քանի դեռ գործերը լավ էին, քանի դեռ ճպուռի պես թռվռալու տեղ ուներ, ժամանակ չկար իր ներսը նայելու, երբ կոտրած տաշտակի առաջ կանգնեց, երբ սիրտը բացելու եւ ուղեղը շարժելու անհրաժեշտություն ծագեց, ազնվորեն ինքն իր հետ զրուցելու փոխարեն գլուխը ջայլամի նման թաղեց ավազների մեջ, թարսվեց ինքն իր հետ, սկսեց խմել ու նեղանալ աշխարհից։ Աշխարհն էստեղ մեղք չունի, ամեն ինչ մարդու միջից է, ճակատագիր էլ չկա, ամեն մարդ ինքն է իր բախտի տերը, ինքն է քար գցում իր բախտին, ուրեմն, թող ինքն էլ քարը վերցնի իր ճանապարհից։ Ի՜նչ լավ եղավ, գրում էր, որ էդ շնից խոսեցիք։ Ուղղակի փրկեցիք, ոնց որ երկինք պատռվեր, հրեշտակ իջներ, ասեր՝ Ոստան, ահա ճանապարհդ, գնա առանց աչք ճպելու»։

-Ոստանի ճամփորդությունը, սակայն, այդպես էլ չի ավարտվում։

-Եթե նույնիսկ ավարտվեր, արդյունքը նույնն էր լինելու: Ողջ կյանքը, լավագույն տարիները նա վատնել է հեռուներում: Ո՛չ ընտանիք ունի, ո՛չ տուն։ Վերանայում է արժեքները, հիշում է, որ հայրենիքում ինքը լրիվ ուրիշ մարդ էր։ Բայց արդեն ուշ է, եւ պատահական չէ, որ վերադառնում է՝ սոսկալով վերադարձից, իր կամքից անկախ շարունակ ուղիղ ճանապարհից դեսուդեն շեղվելով:
Վահագն Գրիգորյանը Վահագն Գրիգորյանը

Լուսանկարը` Անտարես


Գրքում պատմվում է երկու տարում Հունգարիայից Ֆրանսիա հասած եւ իր տունը գտած շան պատմությունը (որն, ի դեպ,  իրական է)։ Ոստանը մտածում է՝ մի շան չափ չկա՞նք։ Շունը չորս երկրի սահման կտրի, չորս երկիր ոտի տակ տա, տուն հասնի, ինքը չկարողանա՞։ Եվ հետիոտն է ճանապարհ ընկնում՝ որպես պատիժ, ապաշխարում։ Ամեն հայի մեջ էլ, որ լքել է Հայաստանը, մեղքի այդ զգացողությունը կա, թեեւ, իհարկե, բոլորը չէ, որ խոստովանում են դա։

«-Ոստանը,- ասացի,- Հայաստանի ճամփին ընկավ։
-Բոլորս ենք,- ասաց,- Հայաստանի ճամփին ընկնելու»։

Ստացվում է՝ վիպակի հերոսները ողջ կյանքում Հայաստանի ճանապարհի՞ն են։

-Նրանք Հայաստանի ճանապարհին են մտովի։ Գրքի վերջում այս պատմությունը պատմողը, որ Համայնքի կողմից ուղարկվել էր Ոստանին գտնելու, փրկելու, եւ որը նույնպես չի հասնում Հայաստան, ցավով արձանագրում է. «Հետո ինքնաթիռը կտրվեց գետնից։ Եվ տարավ այնտեղ, որտեղ ձմեռները երկար են, ամառները՝ կարճ, որտեղ ցերեկը շունչ քաշելու ժամանակ չկա, իսկ գիշերները շնչում են երկնային դրախտի
կարոտով»։

-Հավատո՞ւմ եք մեկ ուրիշ սցենարի՝ Ոստանի վերադարձին։

-Մեր պատմությունը, Հայաստանի ու հայության ներկա վիճակը լավատեսության տեղ քիչ են թողնում, բայց հոռետեսությունն էլ տեղին չէ։ Ժամանակն է, որ համայն հայությունը ոչ թե զանազան «փրկիչների» փեշը բռնի, այլ զինվի ու առաջնորդվի ազգային խորքային գաղափարախոսությամբ։

-Նկատել եմ, որ Ձեր գրքերը մեկը մյուսին լրացնում են, հաջորդում։

-Տվյալ դեպքում, այո, «Ոստանի վերջին ճամփորդությունը» դրեց «Ազատ հայը» վեպի հիմքերը։ Այս դեպքում արտագաղթողը երիտասարդ է։ Որպեսզի խուսափի զինվորական ծառայությունից, ճողոպրում է Հայաստանից։ Օտար հողում ինչերի՜ միջով ասես որ չի անցնում, ճգնում վերջին ստրուկի պես, ընդ որում՝ լռելյայն, քանզի քո երկիրը չի, չես կարող ձայնդ բարձրացնել, մնում է բոլոր նվաստացումները հանդուրժել՝ մինչեւ քիչ թե շատ ոտքի կանգնես։ Ահա այսպես են ազատ հայ դառնում։ Ազատ հայ, այսինքն՝ հայության բոլոր հոգսերից գլուխն ազատած, արտերկրում քիչ թե շատ բարեկեցիկ կյանք վարող հայ։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին