Վահագն Գրիգորյանի «Թռչունի հոգին». ավելի բարձր, քան մարդը - Mediamax.am

exclusive
2103 դիտում

Վահագն Գրիգորյանի «Թռչունի հոգին». ավելի բարձր, քան մարդը


Վահագն Գրիգորյանը
Վահագն Գրիգորյանը
Վահագն Գրիգորյանը
Վահագն Գրիգորյանը

Վահագն Գրիգորյանի «Թռչունի հոգին» վիպակի (2001) հերոսը՝ Վաղինակը, խանութ գնալու եւ գալու արանքում փախնում է տնից տանիք, որը, ասում էր, այսուհետ իր կացարանն է լինելու։ «Թռչում էի, ասում է, Վաղարշակ, ոչ միայն տարածության, այլեւ ժամանակի մեջ, թռչելուս ընթացքում էլ մեր քաղաքը փոխվում էր, այնպես որ՝ մինչեւ կենտրոն կհասնեի, դարձել էր այսօրվանը»։ «Թռչունի հոգին» վիպակն ընթերցողին է ներկայացնում «Անտարես» հրատարակչությունը։

 

-Պարոն Գրիգորյան, կարո՞ղ ենք ասել, որ «Թռչունի հոգին» անկախության շրջանի այլաբանական պատկերումն է։

 

-Այո, կարելի է ասել։ Շատ բարդ ժամանակներ էին։ Հիմա ինձ դժվար է ասել՝ ինչպես եմ ես գնացել այլաբանության։ Ես տեսել էի Խորհրդային շրջանը, 88-ի Ղարաբաղյան շարժման ոգեւորության տարիները, ապա քաղաքական ու հասարակական մտքի անկումը։ «Թռչունի հոգին» երեւի ծագեց այն մտայնությունից, որ սպանիչ, ճղճիմ միջավայրից մարդն ուզում է (եւ, ընդհանրապես, պե՛տք է կարողանա) բարձր լինել։ Մի տարօրինակ բան կասեմ. ես հիացած չեմ խորհրդային շրջանով, բայց այն ժամանակ կային որոշակի օրենքներ, կանոններ, որ պահպանվում էին։ Անկախության շրջանում քաոս էր տիրում։ Հիշում եմ՝ «Գրական թերթի» խմբագիրն ասաց՝ մի բան գրի այս տարիների մասին։ Ես, որ վերջին անգամ բանաստեղծություն գրել էի քսան տարի առաջ, պոեմ գրեցի։ Տվեցի՝ կարդա, մտքովս չէր անցնում, որ կտպագրի։ «Գրական թերթը» լույս տեսավ, ամբողջ մի էջ իմ պոեմն էր։ Հիմքում ա՛յ, այն ժամանակվա քաոսն էր, ու մարդը՝ քաոսի մեջ։

 

-Այն, ինչ տեսնում ենք Ձեր վիպակում, կարող էր պատահել ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ։ Այս առումով՝ ժամանակից դուրս չէ՞ «Թռչունի հոգին»։

 

-Իհարկե բոլոր ժամանակներում էլ նման վիճակներ լինում են, բայց պետք է խոստովանեմ, որ շատ որոշակի ժամանակների ու մարդկային հարաբերությունների մասին եմ գրել։ Այդ տարիներին տիրող բարոյահոգեբանական անկումն ինձ վրա շատ էր ազդում։ Ընկերներիցս մեկը շուն էր պահում, երբ հավաքվում էինք, բերում էր իր հետ։ Շունը պառկում էր սեղանի տակ ու գլուխն անգամ չէր հանում՝ ուտելիք խնդրելու։ Կյանքի վերջում շանը կապել էին Զանգվի ձորում, որ սատկի, քանի որ քնեցնելու համար 3000 դրամ պետք է վճարեին։ Բարոյական ի՞նչ նահանջ պիտի ապրես՝ այդպես վարվելու համար մի արարածի հետ, որ 8 տարի քո ընկերն է եղել։

 

-Դուք նաեւ քննադատում եք անտեր շներին սատկացնողներին, մարդկանց «ուտողներին», գիրքը կաթսայի մեջ եփողներին... Այս ամենի մասին գրում եք հումորով, որ տանելի՞ դառնա ծանր, տխուր իրականությունը։

 

-Ինքնըստինքյան է ստացվում։ Շատ գրաքննադատներ են նկատել, որ ռեալիստական սուր թեմաներից անցնում եմ հումորի, հետո նորից վերադառնում ռեալականությանը։

 

-Մարդկանց համեմատում եք ոչխարների հոտի հետ, մանավանդ, երբ խոսում եք հանրահավաքների մասին։ Գրքի վերջում էլ նույն այդ մարդիկ թռչող հերոսին թողնում, հեռանում են... «Ոչխարը ոնց է սկսում մեկի հետեւից գնալ, իրար հետեւից սկսեցին գնալ»։

 

-Ոչխարը անմեղ, անպաշտպան, դժբախտ արած է, բայց երբ մարդն է իջնում այդ մակարդակին, ինքն իրեն անպաշտպան վիճակում դնում, դա է ողբերգությունը։ Միտինգների ժամանակ կանգնում են, լսում, թե ինչ են լցնում իրենց ուղեղը։

 

Ու դրանից հետո ոչինչ չեն անելու, ոչ լսելու են՝ ինչ են պահանջում, գնան անեն, ոչ հակառակվելու են։ Ես Արցախյան շարժման ժամանակ էլ եմ այդ պատկերը տեսել։ Կարծում են՝ իրենցով շարժումն առաջ է գնում, բայց այդ մասնակցությունն իրականում օգտագործում է նա, ով կազմակերպում է միջոցառումն ու ճառեր է ասում։

 

-«Մի մեծ տերություն, ասում է, թող գա մեզ տիրություն անի, մենք իր համար կաշխատենք, ինքը մեզ հաց կտա»։ «Քսան տարեկան տղաս, ասում եմ, անկախության համար կյանք տա, դու երկիրն ուրիշին նվիրես»։ Թվում է՝ այսօրվա մասին եք գրել։ Ի՞նչն է փոխվել քաղաքական առումով, հասարակական, բարոյական։

 

-Ես առավոտից երեկո Վիլնյուսում հետեւում էի հայաստանյան իրադարձություններին, կարդում էի, լսում, ոչ ուտել էի ուզում, ոչ քնել։ Հիմա Երեւանում քայլում եմ, թվում է՝ ոչինչ չի պատահել, մարդիկ անհոգ զբոսնում են, առեւտուր անում, չես նկատի, որ Հայաստանն այսօր ողբերգական վիճակում է։ Իսկ այն ժամանակ նկատվում էր։ Չգիտեմ՝ անտարբերությո՞ւն է, թե՞ ժողովուրդը հասկացել է, որ իրենից ոչինչ կախված չէ, ինչ-որ մեծ տերությունները որոշեն, այն էլ կանեն։

 

-Այսօր թռչելու կարիք ավելի կա գուցե։

 

-Հիմա ավելի ահավոր վիճակ է։ «Պողոս-Պետրոսի» նախաբանում խոստովանել եմ, որ լավատեսությունս կաղում է, բայց հիմա ուզում եմ լավատես լինել։ Երեք չափանիշ եմ դնում, թե ինչ է մեզ սպասվում՝ վատ, շատ վատ եւ ծայրահեղ վատ։ Գոնե վատով ավարտենք, ծայրահեղ վատ չլինի, երբ արդեն ոչ մի հույս չկա։ Ես հիմա մի էսսեի վրա եմ աշխատում, վերլուծական հոգեբանության հիմնադիր Կարլ Գուստավ Յունգից մեջբերում եմ արել։ Նա ասում է․ «Մարդը խենթացած կենդանի է: Այդ խենթությունից երկու ելք կա. կա՛մ նա պետք է նորից կենդանի դառնա, կա՛մ ավելի բարձր, քան մարդն է»: Կենդանի դժվար է նորից դառնալ, պետք է դառնալ ավելի բարձր, քան մարդը։ Մանավանդ հիմա, երբ արհեստական բանականություն է ստեղծվում, ընդ որում, այնպիսին, որ «հիվանդանալու» դեպքում ինքն իրեն կվերականգնի։

 

-Համամի՞տ եք Բորխեսին, որ մենք շարունակ քնած ենք։ «Դու ոչ թե արթնացել ես, այլ նախորդ երազն ես տեսնում...»։

 

-Երեւի իրոք մի երազից արթնանում ես մյուսի մեջ։ Արթնանալը, տվյալ դեպքում՝ մարդու փոխվելը, նորովի ապրելը, շատ քիչ է լինում։ Օրը մարեց, հանգեց, առավոտյան արթնանում ենք՝ նույն գործերով, այսինքն՝ նույն երազը շարունակվում է։ Իմ օրինակով էլ գիտեմ. շատ բան եմ որոշել, բայց մյուս օրը չեմ արթնացել, էլի երազով գնում եմ նույն ճանապարհով։ Երբեմն հաջողվում է արթնանալ, երբեմն՝ ոչ։

 

-Վահագն Գրիգորյանը կա՞ վեպում, ոչ միայն այն պատճառով, որ գլխավոր հերոսը գրող է։

 

-Երեւի ակամայից բոլոր գրքերում էլ հեղինակն ինչ-որ չափով կա։ Շուտով կվերահրատարակվի «Ոստանի վերջին ճամփորդությունը», այնտեղի գրողի մասին էլ գրելիս՝ ինձ եմ նկատի ունեցել։ Տվյալ դեպքում Վաղինակի մեջ եմ ինձ ավելի շատ զգում, բայց Վաղարշակի մեջ էլ եմ զգում։

 

-Թռչելու ցանկությո՞ւնն էլ Ձերն է։

 

-(Ծիծաղում է-Ա.Ս.): Ես սիրում էի բարձր տեղերում կանգնել։ Սեւանում ցատկահարթակի ծայրամասում կանգնում նայում էի, մի օր էլ ոտքս սայթաքեց՝ ընկա։

Վահագն Գրիգորյանը Վահագն Գրիգորյանը

 

Մի անգամ էլ այդպես ջրավազանն եմ ընկել՝ հինգ մետր բարձրությունից։ Այ, հիմա հիշեցի, փոքր ժամանակ 5-րդ հարկի պատուհանից մի ոտքս դուրս հանած՝ ներքեւ եմ նայել, ինձ զգուշորեն մոտեցել, հետ են քաշել։ Մաման դա պատմեց այն ժամանակ, երբ նույն բանը տղաս արեց մեր տան չորրորդ հարկի պատուհանից։

 

-Գրքի վերջում Վաղարշակը տղային ասում է՝ թե ախպորդ նման չեղար (ավագ որդին կյանքը հայրենիքին էր տվել), գուցե սրանով (գրքով) թռչել սովորես իմ ընկեր Վաղինակի նման։ Օրինակելի կերպարնե՞ր են ազատամարտիկն ու իրականությանը չհարմարվող մտավորականը։

 

-Նա հավատում է, որ Վաղինակը իսկապես թռչում է, թեեւ Վաղինակը առայժմ միայն երազներում է թռչում։ Ավագ որդին «ավելի վերեւ» է թռել։ Ուզում է, որ փոքր տղան չմնա իր վիճակում, նման չլինի գրքի մյուս հերոսներին, բարձր լինի այդ ամենից։

 

-Եթե ամփոփենք՝ թռչելը փախո՞ւստ է, փրկությո՞ւն, թե՞ ինքնասպանություն։

 

-Կեցության ճղճիմ հարցերից, խնդիրներից մտքով, հոգով, գործով վեր լինել է։ Վաղինակը ինքնասպանություն չի գործում։ Նա թռչում է, այո, թռչում է, թեկուզ եւ այդ թռիչքը մահով ավարտվի։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին