Փակ շուկա, Երեւանի կրկես, Զվարթնոց օդանավակայանի հին շենք, Արագիլ ռեստորան, Զվարթնոց կինոթատրոն, Երիտասարդականի գետնանցում, Դվին հյուրանոց, Երիտասարդական պալատ. ԽՍՀՄ-ից ժառանգված պատմություն, որի յուրաքանչյուր էջ ուղակի կամ անուղղակի կերպով կապ ունի երեւանցիների կյանքի հետ, բայց այսօր առկա է որպես հիշողության պատառիկ:
Հայկ Բիանջյանն արդեն 7 տարի է՝ ֆոտոխցիկից հետեւում է երեւանյան ԽՍՀՄ-ի քանդվող հիշողությանը, ինչն ամբողջացրել է «Ciao USSR» նախագծում: Ժամանակին հայտնի, իսկ այսօր արդեն լքված կամ գոյություն չունեցող շենքերի լուսանկարները, այնտեղ գտնված իրերն ու քանդվող հիշողության պատմությունը հեղինակը կներկայացնի մարտի 28-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում (Իսահակյան 38) բացվող «Ciao USSR» ցուցահանդեսում: Ցուցահանդեսը կբացվի ժամը 15:00-ին եւ կգործի մինչեւ ապրիլի 19-ը:
Հայկ Բիանջյանը Մեդիամաքսին պատմել է նախագծի ստեղծման մասին ու կիսվել է իր հիշողություններով:
Փակ շուկան, կիրակնօրյա գնումներն ու խաբող մսավաճառը
Փակ շուկան առաջին հերթին պապիկիս է հիշեցնում, ում հետ ամեն կիրակի գնումների էինք գնում: Կարեւոր գնումը միսն էր, որն առնելուց հետո տատիկս միշտ ասում էր, թե էլի խաբել ու հետը ոսկոր են խառնել: Իսկապես, մսավաճառը, որին «ղասաբ» էին ասում, միշտ հարմարացնում ու փափուկ մսի հետ մի կտոր ոսկոր էր գցում տոպրակի մեջ:
Շուկա գնալը ոչ միայն գնումների անհրաժեշտությունից էր բխում, այլեւ քաղաքի անցուդարձի մասին տեղեկանալուց: Իրականում այն սովորականից էլ կարող էր թանկ լինել, սակայն շատերն այնտեղ գնում էին այսպես կոչված «պրեստիժ»-ի համար:
Ես գանգուր ու դեղին մազեր ունեի, այնքան էինք գնացել, որ դեմքս մարդիկ ֆիքսել էին: Մի օր, երբ պապիկիս հետ քայլում էինք շուկայի մեջով, մի տղա մազերս խառնելով գլուխս շոյեց ու հարցրեց՝ «Արա կյաժո, ո՞նց ես է»: Հիշում եմ զարմացած հայացքս, թե որտեղի՞ց էր ինձ ճանաչում:
Շուկայի հետ անցավ մեր մանկությունը: Արդեն մեծ տարիքում շատ վաճառողների հիշում էի, ու թեւ շուկան այնքան էլ լավ վիճակում չէր, միեւնույն է, այն հարազատ վայր էր: 2010-ին իմացա, որ շուկան գնել է Գագիկ Ծառուկյանը, հետո ասեցին վաճառել է Սամվել Ալեքսանյանին ու նա էլ որոշել է այնտեղ սահադաշտ սարքել: Որոշ ժամանակ անցավ, ոչ մի փոփոխություն չկար, մտածեցի՝ փոշմանել են: Հետո էլ լուր տարածվեց, որ 2011-ի դեկտեմբերի 31-ին շուկան պետք է փակվի: Դեկտեմբերի 31-ին՝ երեկոյան 6-ի կողմերը գնացի շուկա, արդեն ճամպրուկային տրամադրություն էր: Վաճառողներին ասել էին, որ դա վերջին օրն է: Որոշեցի ավելի ուշ էլ գնալ: Մի անգամ էլ ժամը 8-ին գնացի: Արդեն ահավոր վիճակ էր. մի քանի վաճառող էր մնացել, շուրջբոլորը բնամթերքից մնացած աղբ էր, արկղեր ու դրանց արանքում վազող կատուներ: Ասես ուրվականներ լինեին…
«Տատիկի վերջին չերերը»,- բղավում էր շատերին հայտնի չիր վաճառող տղան, ում կանանց մի խումբ մոտեցավ, պարզվեց՝ արգենտինահայեր են: Նրանք էլ դարձան Փակ շուկայի վերջին հաճախորդները:
2012-ի հունվարի 10-ին զանգ ստացա, որ շուկան քանդում են: Տեղ հասա, ետնամուտքից, բեռնատարի մոտով, թաքուն ներս մտա: Զարմանքից քար էի կտրել. հայտնի ջրավազան արդեն չկար, շուկան քանդվում էր: Հազիվ էի հասցրել երկու կադր նկարել, ինձ նկատեցին…այդ նկարներն էլ մեծ աղմուկ բարձրացրեցին: Մայիսի վերջին էլ աղմուկ բարձրացավ, որ կամարներն են քանդում: Հետո եւս երկու անգամ հաջողվեց ներս մտնել:
Լուսանկարը` Հայկ Բիանջյան
Այս նախագծի իմաստը անտարբերության դեմ պայքարն է. այսօր շուկան են քանդում, վաղը՝ քո տունը: Հիմա ունենք միանգամայն այլ կառույց, չկա պատմական շուկան, չկա այն կոլորիտն ու մշակույթը, որ կար առաջ: Այնտեղ անգամ գրադարան է եղել, ինչն այսօր անհնար է գտնել որեւէ շուկայում: Շուկայի ձայնը կտրվեց…
Երեւանի կրկես. Այստեղ անգամ մեծերն են եղել, որ մանկություն վերադառնան
Կրկեսի հետ կապված շատ մանկական հիշողություններ ու լուսանկարներ ունեմ: Շատ ենք գնացել, դիմացի ձիուկների հետ գրեթե ամեն տարի նկարվել: Ճիշտ է, շատ մանրամասներ չեմ հիշում, փոքր եմ եղել, բայց կրկեսի ֆենոմենն ուրիշ էր : Այստեղ անգամ մեծերն էին գնում, որ մանկություն վերադառնան:
Լուսանկարը` Հայկ Բիանջյան
Երբ իմացա, որ կրկեսի շենքը փակել են ու պատրասում են քանդել, որոշեցի գնալ նկարելու, թեւ երկու օր անց Գերմանիա պետք է մեկնեի: Տնօրինությունից թույլտվություն վերցրի վերջին անգամ այն նկարելու համար ու անցա գործի: Որոշ ժամանակ անց ասացին, որ գմբեթը պետք է պայթեցնեն: Բայց հետաքրքիր կադրը գմբեթի պայթեցումից հետո էր: Վերին հատվածը պոկվել ու ընկել էր արենայի վրա: Որոշ ժամանակ հետո եղավ նաեւ շենքի պայթեցումը:
Լուսանկարը` Հայկ Բիանջյան
Նախքան պայթեցումը կրկեսում մի մեծ կապույտ արկղ էի տեսել, որի պարունակությունն ինձ շատ էր հետաքրքրում, բայց չէի համարձակվում բացել:
Երբ կրկեսի շենքն արդեն քանդել էին, մի օր կրկին գնացի այնտեղ: Քարի բեկորներին մոտենալով տեսա, որ այդ արկղը կոտրված մի կողմ է ընկած: Հարցրեցի՝ ինչ-որ մեկին պե՞տք է, պարզվեց՝ ոչ: Մոտակա խանութից մի քանի մեծ տոպրակ գնեցի ու կապույտ արկղի պարունակությունն այդ տոպրակներով տեղափոխեցի մեքենայիս բեռնախցիկ: Երկար ժամանակ տանը մշակեցի դրանք. ձյան ու անձրեւի պատճառով խոնավացել էին: Բայց շատ հետաքրքիր արխիվ ձեռք բերեցի: Այնտեղ ԽՍՀՄ տարիներից պահպանված ալբոմներ, պատվոգրեր ու նկարներ են, որոնք հետագայում կարող ենք ցուցահանդեսի տեսքով ներկայացնել: Այդ նկարներից ու ալբոմներից կարելի է բավական մեծ պատկերացում կազմել հայկական կրկեսի ու դրա ճանաչվածության մասին:
Շենքերը քանդելուց հետո սովորաբար հետեւում եմ, թե ուր են տանում շինարարական աղբն ու քարերը, կրկեսի դեպքում էլ այդպես արեցի: Ուղղությունը Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ էր, հասա տեղ ու «ոգեւորված» նկարում էի, թե ինչպես են կրկեսի՝ արդեն աղբ դարձած քարերը թափում այնտեղ, երբ մի մեծ քար ընկավ ոտքիս: Հիշում, եմ այդ օրը Փակ շուկայում էլ նկարահանման պետք է գնայի, բայց ոտքս այնքան էր ուռել, որ մեքենայից չկարողացա դուրս գալ:
Զվարթնոց օդանավակայան. Այն դեռ կարող ենք փրկել
Զվարթնոց օդանավակայանի շենքը սովետական մոդեռնիստական արվեստի լավագույն նմուշն է: Կարծում եմ, այս շենքի հետ կապված ամեն մարդ իր հիշողությունն ունի: Այն մի քանի տարի առաջ եմ նկարել, տխուր վիճակում էր: Հիմա շենքի վրա մութ ամպեր են կուտակվել: Հուսամ, որ այն եւս Փակ շուկայի ճակատագիրը չի ունենա: Շարքի մյուս հերոսների հետ այս շենքի առավելությունն այն է, որ դեռ հնարավոր է փրկել…
Լուսանկարը` Հայկ Բիանջյան
Արագիլ ռեստորան. Երեւանի լքված սիմվոլներից մեկը
Արագիլ ռեստորանը Երեւանի լքված սիմվոլներից է: Հիշում եմ, երբ փոքր էինք, Անգլիայից մեզ մոտ հյուրեր էին եկել, ընտանիքով նրանց հետ գնացինք Արագիլ ռեստորան՝ պաղպաղակ ուտելու: Փոքր եղբայրս պաղպաղակը թափել էր մեր հյուրի վրա: Հորս զայրացած դեմքը ֆիքսվել է անգամ այդ օրվա լուսանկարներում:
Լուսանկարը` Հայկ Բիանջյան
Արագիլը նկարեցի վերջերս, որի հետ կապված հետաքրքիր պատմություն եղավ: Շենքի նկուղն ու սրահները շատ մութ ու առեղծվածային էին: Երբ առաջին անգամ ներս մտա ու հիացած բացահայտում էի այն, քաղաքացիական հագուստով երկու մարդ եկան ու պահանջեցին դուրս գալ այնտեղից: Նախ` մտածեցի ավազակներ են եւ միտք ունեն ֆոտոխցիկը վերցնել ինձանից, մի քիչ բանակցելուց հետո համոզեցի, որ նախ իրենք դուրս գան շենքից, ապա ես: Դրսում պարզվեց, որ ոստիկանության աշխատակիցներ են, որոնք էլ ինձ էին ավազակի տեղ դրել: Հետո շատ ծիծաղեցինք. ստացվեց ես իրենցից եմ վախեցել, իրենք՝ ինձանից:
Լուսանկարը` Հայկ Բիանջյան
Զվարթնոց կինոթատրոն. Պիոներական վզկապը՝ «Փոքրիկ Վերան» նայելու դիմաց
Դպրոցական տարիներին դասից փախչելու հիմնական պատճառներից մեկը կինո գնալն էր: Հիշում եմ, «Փոքրիկ Վերան» էին ցուցադրում, ընկերներս նախապես մտել էին ներս, ես մի փոքր ուշ հասա, դռնապանը թույլ չէր տալիս մտնել: Ստիպված պիոներական վզկապս զոհեցի՝ իբր պայուսակս պետք է ներսից վերցնեմ ու դուրս գամ:
Երբ իմացա, որ շենքը վաճառվել է եւ նոր տերը շինարարական աշխատանքներ է իրականացնում, գնացի նկարելու: Բավական հետաքրքիր անակնկալ էր ինձ սպասվում: Կինոմեխանիկի սենյակում ֆիլմերի ժապավեններ գտա, որոնք շինարարները պատրաստվում էին որպես աղբ թափել: Խնդրեցի վերցնել դրանք: Կրկին ինձ շատ հարազատ դարձած դեղին տոպրակներից գնեցի ու ժապավենները տեղափոխեցի մեքենայի մեջ: Որպես էքսպոնատ՝ դրանք էլ կներկայացնեմ ցուցահանդեսի ժամանակ: Հիմա այս շենքը կրկին վաճառքի է հանված:
Երիտասարդականի գետնանցում. Ուսանողական տարիների հիշողությունը
Ուսանողական տարիներին ամանորյա նվերները հիմնականում գնում էի երիտասարդականի գետնանցումից: Ժամանակին այնտեղ եւս հայտնի սրճարան ու թեյարան է եղել, իսկ կառույցը մի շարք մրցանակների է արժանացել: Ցավոք, այս կառույցն իր լավագույն տարիներին չեմ տեսել: Երիտասարդականի գետնանցման իրական արժեքը հասկացա, երբ Ռուբեն Արեւշատյանն ինձ տրամադրեց իր ծնողների արխիվը, ովքեր եղել են կառույցի ճարտարապետները: Քանդելուց առաջ եմ եղել պահեստներում, որտեղ ԽՍՀՄ տարիներից մնացած իրեր գտա, ու կտորի խանութների սովետական մանեկեններ:
Լուսանկարը` Հայկ Բիանջյան
Գուցե նոր տիպն ավելի ժամանակակից լինի, սակայն հնի հետ եւս շատ հիշողություններ պատմության գիրկն անցան:
Դվին հյուրանոց. Քաղաքի «լավ տղերքի» հավաքատեղին
Դվին հյուրանոցի առեղծվածն ինձ համար բացվեց այն ժամանակ, երբ հետաքրքրությանս հագուրդ տալով ռիսկի դիմեցի ու մտա լքված հյուրանոցի փակ դռներից ներս: Եվ, ինչպես ասում են, դժվարը մեկ անգամ ռիսկի դիմելն էր…
Լուսանկարը` Հայկ Բիանջյան
Դվինը սովետական միության տարիներին համարվել է լավագույն հյուրանոցներից մեկը, որտեղ միշտ հյուրընկալվել են մեծ թվով զբոսաշրջիկների: Շատ հայտնի է եղել հյուրանոցի ռեստորանն ու արտարժույթով գործող բարը: Այն քաղաքի «լավ տղերքի» հավաքատեղին է եղել: Շատ հետաքրքիր իրեր եմ գտել հյուրանոցի մառաններում: Երբ առաջին անգամ մտա այնտեղ, տպավորություն էր, թե ինչ-որ մեկը հյուրանոցի ողջ պատմությունը թողել էր այնտեղ ու, դուռը կողպելով, հեռացել:
Երիտասարդության պալատ. Պատանեկության առաջին «փարթին»
Երիտասարդության պալատ կամ «Կուկուռուզ» հիմնականում գնում էինք սրճարանի համար: Հիշում եմ, մի անգամ դասընկերներով դասից փախել էինք ու, մեզ մեծ երեւակայելով, գնացել այնտեղ՝ փարթիի: Այդ օրը, երեւի առաջին անգամ, օղի խմեցինք: Ուսանողական տարիներին էլ եմ եղել այնտեղ, ներկայացումներ դիտել:
Լուսանկարը` Հայկ Բիանջյան
Այնտեղ էր նաեւ նորապսակների պալատը, որտեղից լուսանկար կլինի ամեն երեւանցու ընտանեկան ալբոմում՝ որեւէ ծանոթ-բարեկամի հարսանիքից: 2005-ին նկարեցի այն, երբ առաջին կռունկը երեւաց պալատի գլխին:
Անցած տարի էլ ջրավազանի կամարներն էին քանդում: Ասում էին՝ նախագիծ կա, որն այդպես էլ կյանքի չկոչվեց:
32 տարի անց նույն վայրում՝ շատ քիչ նմանությամբ
2002-ին Երեւանում էր լուսանկարիչ Յուրի Կոզիրեւը եւ ֆոտոխմբագիր Անդրեյ Պոլիխանովը, ովքեր ծանոթ լինելով իմ նախագծին եւ տեսնելով Երեւանի կենտրոնում արված իմ մանկության լուսանկարներից, առաջարկեցին նույն վայրում ինձ նկարել:
Արդյունքում ունեցանք ֆոտոպատմություն՝ 32 տարի անց նույն վայրում, որտեղ ներկայի եւ անցյալի միջեւ շատ քիչ նմանություն կտեսնեք: Այդ պատմությունից էլ 6 լուսանկար տեղ կգտնի շարքում:
Ciao USSR…
Սա իմ ցուցահանդեսը չէ. սա Երեւանը սիրող երեւանցիների ցուցահանդեսն է, որտեղ ամեն մարդ կտեսնի իրեն:
Լուսանկարը` Հայկ Բիանջյանի անձնական արխիվից
Էքսկավատորի ձայնը լսելիս արդեն սարսափում եմ. գիտեմ, որ էլի մի շենք պետք է հիշողության գիրկն անցնի: Ու ցավալի է, որ երեւույթը շարունակվում է: Ֆոտոխցիկդ ամեն անգամ նույն տհաճ հաջորդականությունն է ֆիքսում՝ քանդվող շենք, որպես աղբակույտ դիզվող քարի բեկորներ: Իսկ տեղում կառուցվողները հնի հետ որեւէ աղերս, սովորաբար, չեն ունենում:
P.S. Հուսամ, որ մի օր այս հավաքածուն կվերադառնա Երեւանին՝ արդեն թանգարանի տեսքով:
Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Հայկ Բիանջյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: