Ադրբեջանը Ֆրանսիային եւ Կանադային «օբյեկտիվ լինելու» կոչ է արել - Mediamax.am

3143 դիտում

Ադրբեջանը Ֆրանսիային եւ Կանադային «օբյեկտիվ լինելու» կոչ է արել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր մեկնաբանել է Ֆրանսիայի եւ Կանադայի արտաքին գործերի նախարարությունների կոչերը՝ բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին:

«Մենք հրավիրում ենք Կանադայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների ուշադրությունը այն փաստին, որ հայկական կողմը մինչ օրս չի կատարել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված, ինչպես նաեւ եռակողմ հայտարարություններով ստանձնած իր պարտավորությունները:

 

Հավանաբար, երկու երկրներն էլ տեղյակ են, որ Հայաստանը դեռ տեղեկություն չի տրամադրել 1991-1994 թվականների պատերազմի ընթացքում անհայտ կորած 4 հազար ադրբեջանցիների մասին, ինչպես նաեւ հրաժարվել է Ղարաբաղում տեղադրված ականների քարտեզները տրամադրելուց», - ասում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան։

 

Իր խոսքերով, «եթե Ֆրանսիայի եւ Կանադայի արտաքին գործերի նախարարությունները ցանկանում են օբյեկտիվ, այլ ոչ թե միակողմանի մոտեցում ցուցաբերել, ապա պետք է կոչ անեն Հայաստանին կատարել միջազգային հումանիտար իրավունքով ստանձնած պարտավորությունները եւ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են կայուն խաղաղությունը տարածաշրջանում»:

 

«Հակառակ դեպքում դա լրջորեն կխաթարի ադրբեջանական հասարակության վստահությունը այդ երկրների նկատմամբ», - ասել է Աբդուլաեւան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին